ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մեր ներդրումը համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում

Մեր ներդրումը համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում
26.11.2015 | 11:45

Ընդունեք, որ անհարմար էր՝ երբ ամբողջ աշխարհը պայքարում է ահաբեկչության դեմ, Փարիզում պատանդներ են վերցնում, Լաթաքիայում ինքնաթիռ են խփում, այս ու այնտեղ զոհեր, պայթյուններ ու ձերբակալություններ են, Հայաստանը չէր կարող անմասն լինել: Ահաբեկիչն ինչ է, որ մենք չունենայինք: Չի կարելի տրենդից դուրս մնալ: Մոդա է, պետք է քամուն համընթաց քայլել: Այդպես նոյեմբերի 25-ի առավոտը, երբ ամբողջ աշխարհը իրար էր խառնված նախորդ օրը Սիրիայի ու Թուրքիայի սահմանին խփված ռուսական ինքնաթիռի պատմությամբ, Նորք-Մարաշում բացահայտվեց հայկական ահաբեկչական խումբ: Աշխատեցին բուռն ու բաց՝ բոլորս ամեն ինչ տեսանք ու իմացանք, իսկ հասկացա՞նք: Լավ, հավաքվել էին, լավ, զենքեր էին հավաքել, իսկ ի՞նչ էին անելու, ո՞ւմ դեմ էին կռվելու, քաղաքակա՞ն ակցիա էր լինելու, ահաբեկչությո՞ւն՝ ինչպես հայտնի պետության զինյալներն են անում: Նպատակը ո՞րն էր: Մենք առայժմ իմացանք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի սեփական տներից մեկում վնասազերծել են զինված մի քանի անձանց: Նաև՝ կանայք են եղել նրանց հետ: Բայց ո՞րն է այդ լուրջ և մեծ հանցագործությունը: Հետո իմացանք, որ զինաթափված ահաբեկչական խմբի մեջ սփյուռքահայեր են եղել, որ ահաբեկչական գործողություններ նախապատրաստող հանցախումբը առնչություն ունի գործող քաղաքական ուժերից մեկի հետ։ Որոշ տեղեկություններով՝ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զինամթերքով ու պայթուցիկներով: Հետո իմացանք, որ նախագահն աշխատանքային քննարկում է ունեցել Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավարների հետ: Սերժ Սարգսյանը նշել է, որ ներկա աշխարհաքաղաքական զարգացումները ստիպում են ուժեղացնել քաղաքացիների և Հայաստանում գտնվող յուրաքանչյուր անձի անվտանգության ապահովման միջոցառումները։ «Այս միջոցառումներն առաջին հերթին պետք է կրեն, անշուշտ, կանխարգելիչ բնույթ և որևէ կերպով չպիտի խաթարեն մեր երկրի բնականոն գործունեությունը ու, բնականաբար, որևէ սահմանափակում չպետք է լինի մեր քաղաքացիների համար: Այս առումով, անշուշտ, էական նշանակություն ունի բոլոր այն մարդկանց պրոֆեսիոնալիզմը, ովքեր ներգրավված են այս միջոցառումների իրականացման գործում: Ես կասկած չունեմ, մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք ունենք համապատասխան մասնագետներ, համապատասխան մարդիկ, ովքեր իրենց նվիրել են այդ գործին՝ մեր երկրում անվտանգություն ապահովելու գործին, և նրանք պատվով կկատարեն իրենց աշխատանքը»,- նշել է նախագահը: Հետո ավելացրել է՝ «Մենք տարիների քրտնաջան աշխատանքով՝ հենց նշածս մարդկանց քրտնաջան աշխատանքով, դասվել ենք աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքը, և Հայաստանը պետք է մնա աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում: Մեր երկրում չպետք է տեղի ունենա իրադարձություն, որը ինչ-որ կերպ կարող է խաթարել երկրի հեղինակությունը, իհարկե նաև այս բնագավառում»: Նույն օրը նաև իմացանք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է այն փորձերը, որոնց միջոցով իշխանությունների կողմից ուղղորդվող լրատվական աղբյուրները ձգտում են իր հետ կապել նոյեմբերի 25-ին Երևանում բացահայտված հանցավոր խմբավորումը: Ակնհայտ է, որ վարչախումբը փորձում է նման ապատեղեկատվության միջոցով մոլորեցնել ու հոգեբանորեն ճնշել մեր ժողովրդին և ապակողմնորոշել միջազգային հանրությանը: Միևնույն ժամանակ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը ժողովրդին կոչ է անում չենթարկվել հոգեբանական պատերազմի այս հերթական գրոհներին և դեկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին խաղաղ ձևով համախմբվել Ազատության հրապարակում ու տեր կանգնել իր իրավունքներին»: Թերևս մեկ օրվա համար չափազանց շատ տեղեկատվություն էր՝ հասկանալու, թե ինչ է ծրագրվել ու ինչ է կատարվում: Մի կողմից՝ Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենաապահով երկիրը ահաբեկչության տեսակետից, մյուս կողմից՝ մի քանի օր անց Հայաստանում ահաբեկչական խումբ է բացահայտվում: Չէ, իհարկե հանրաքվեից առաջ սա հասկանալի քայլ է՝ կանխելու դեկտեմբերի մեկի «համախմբումը», բայց լինելո՞ւ է այդ համախմբումը, որ այսպես կանխվի: Եթե իշխանությունը այդքան վստահ է «Այո»-ին ու «Ոչ»-ից չի տագնապում, ինչի՞ համար են այս բացահայտումները: Ինչի՞ հիմք են ստեղծում: Ի՞նչ է հաջորդելու: Նոր ձերբակալություննե՞ր ընդդիմության ու քաղաքացիական շարժումների մասնակիցների: Իսկ եթե Նորք-Մարաշում ձերբակալվածները սովորական թալանչինե՞ր են ու նպատակ են ունեցել կողոպուտի համար զինված հարձակումներ գործել այս ու այն գործարարի վրա, որ նույնպես հանցանք է ու պետք է կանխվի, բայց աշխարհաքաղաքական նպատակ չի եղել, քաղաքական նպատակ չի եղել: Պե՞տք էր վարկաբեկել սփյուռքահայերին, սիրիահայերին ու չգիտեմ էլ ո՞ւմ: Տպավորությունը թատերական ներկայացման էր՝ սերիալի սցենարով: Ակնհայտ է, որ սա առաջին արարն էր ու լինելու է շարունակություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պատկերացնո՞ւմ եք, որ Հայաստանում էլ հայտարարվի հատուկ դրություն, ինչպես Ֆրանսիայում: Կկայանա՞ հանրաքվեն այդ պայմաններում, թե՞ ոչ: Ամենայն հավանականությամբ՝ կկայանա և ««Այո»-ն գրեթե անխուսափելի կդառնա: Իսկ որ ավելի կարևոր է՝ հանրաքվեից հետո «Այո»-ից զարմացողների ու «Այո»-ի դեմ առարկողների թիվը կտրուկ կնվազի, թեպետ «Ոչ»-ը բացահայտ գերակայում է ու քարոզարշավն էլ չի համոզում, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի համար թիվ մեկ անհրաժեշտությունն է նույնիսկ այն պարագայում, երբ ՀՀԿ-ականները պատմում են, թե ինչքան վատն է, սխալ ու դաժան մեր կյանքը, ու ինչքան լավը, ճիշտ ու հրաշալի է դառնալու Սահմանադրություն փոխելուց հետո:

Դիտվել է՝ 1769

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ