Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:
-Մուստաֆա Քեմալի ստեղծած Թուրքիան կայո՞ւն պետություն էր:
-1923-ի ուշ աշնանը ստեղծված Թուրքիայի Հանրապետության առաջին 15 տարիներին քաղաքական-ռազմական իրավիճակն անընդհատ անհանգիստ և անկայուն է եղել։ Այդ տարիների ժամանակագրությունը պահպանել է Մուստաֆա Քեմալի դեմ ծրագրված մի քանի մահափորձեր:
-Թուրքե՞րը, թե՞ այլազգիներն էին նախաձեռնողը:
-Մինչ օրս էլ առեղծված մնացած մահափորձերի մեջ հայազգիներին մեղադրեցին ու նրանց սպանեցին: Առաջինը պետք է տեղի ունենար 1925-ի մայիսի 5-ին՝ Մանուկ Մանուկյան անունով հայորդու ձեռամբ. նա ապրիլին Հունաստանի Սալոնիկ քաղաքից Անկարա ուղևորվելիս գնացքի մեջ կալանավորվեց՝ պետության ղեկավարի դեմ մահափորձի ծրագրման մեղադրանքով և կախաղան բարձրացվեց: Երկու տարի անց՝ 1927-ի սեպտեմբերի 14-ին Մարջան Ալթունյան անունով համայնավար մի հայ իր երկու ընկերների հետ, 1919-ից հետո առաջին անգամ Կ. Պոլիս ոտք դրած Մուստաֆա Քեմալի դեմ Բերա թաղամասի հայապատկան Թոքաթլյան պանդոկում մահափորձի նախօրեին ոստիկանների հետ զինված բախման ժամանակ սպանվել է, խմբից ողջ մնացածները ձերբակալվել են։ Ըստ այդ ժամանակվա Մեծ Բրիտանիայի դեսպանի՝ չիրականացված ահաբեկչության համար հայերին մեղադրել են թուրքական իշխանությունների՝ արևմտյան պետությունների հետ սերտ հարաբերություններ հաստատելուց մտահոգված խորհրդային կառավարության և 3-րդ Կոմինտերնի հանձնարարությունը կատարելու մեջ։ Դա վկայել է նաև Թուրքիայի Հանրապետությունում ԱՄՆ առաջին դեսպան Ժոզեֆ Գրյուն իր «Անհանգիստ ժամանակներ» հուշագրությունում։ Մահափորձերի շարքից վերջինը վերաբերում է Ավստրիայի գաղտնի սպասարկությունների արխիվի մի տեղեկության, որ 1933-ին իբր երկու թուրք և մեկ հայ ծրագրել են նախ սպանել արտաքին գործերի նախարար Թևֆիկ Ռյուշտյու Արասին, իսկ նրա թաղման ժամանակ՝ Մուստաֆա Քեմալին։ Հավաստի է տեղեկությունը, թե ոչ, հայտնի չէ:
-Միայն մահափորձերո՞վ էին ուզում խարխլել իշխանությունը, թե՞ ավելի լուրջ քայլեր էլ են եղել:
-Եղել են հակապետական շատ ավելի կազմակերպված, մասսայական զինված ապստամբություններ:
-Նախկին իշխանությո՞ւնն էր փորձում նորին տապալել:
-Ապստամբությունները շարունակական էին՝ 1925, 1926, 1927, 1929-1930, մասնակի դերակատարություն են ունեցել նաև հայերը: Ամենակարևորներն են 1925-ին Շեյխ Սայիդի առաջնորդած ու խնուսցի հայ Արտաշես Մուրադյանի (Մասիս սարի շրջակա տարածքներում) «Զիլան բեգ» կեղծանունով առաջնորդներից մեկը եղած Արարատի զույգ ապստամբությունները, որ Անկարայի իշխանությունները դաժանորեն ճնշեցին:
-Ինչո՞ւ էին ապստամբում, ի՞նչ էին ուզում:
-Մուստաֆա Քեմալը սկսել էր բարեփոխումներ, որոնցից առաջինը խալիֆության վերացումն էր, որի դեմ Արևմտյան Հայաստանի Խարբերդ, Բինգյոլ, Տիգրանակերտ քաղաքները ապստամբեցին՝ 1925-ի փետրվարի 13-ից մինչև մարտի 31-ը Զազա անունով, ծնունդով բալուցի բարձրագույն հոգևորական Շեյխ Սայիդի գլխավորությամբ: Այս դեպքում ևս կազմակերպման համար մեղադրվողներից էր մեր հայրենակից, դերսիմցի Գևորգ Հալաջյանը, որ Կ. Պոլսում ձերբակալվեց, Խարբերդում դատվեց ու կախաղանի դատապարտվելով՝ 15 տարվա շղթայակիր բանտարկության ենթարկվեց։ Մինչև փախուստի դիմելը թուրքական բանտերում նրա անցկացրած չորս տարիների հուշագրությունների 1932-ին Բոստոնում «Թափառական» կեղծանունով տպագրված «Դեպի կախաղան» գրքում կան 1928-ին իրենց բնակավայրերում ապրող 128 հազար հայության թվաքանակի ուշագրավ տվյալներ, որ նա ստացել է բանտում՝ զազա, թուրքմեն, քուրդ, թուրք բանտարկյալների իրենց տոհմային աշիրեթների ավագանու շնորհիվ։ Նրանցից յուրաքանչյուրն իրենց բնակավայրերում ապրել շարունակող հայության մասին գրավոր տվյալներ է հաղորդել, որոնք Գ. Հալաջյանը Խորհրդային Հայաստանի իշխանություններին է փոխանցել, առաջարկելով նրանց Արևելյան Հայաստան տեղափոխման հարցերով զբաղվել։ Նա, իր գտնված Սեբաստիայի բանտից կարողացել է կազմակերպել և ղեկավարել սեբաստահայության ցեղասպանությունից մազապուրծ բեկորներին՝ նրանց երեխաների համար գաղտնի հայկական դպրոց բացել, արտերկրից միջոցներ է հայթայթել և թուրքերի, քրդերի մոտ պահվող հարյուրավոր հայուհիների փրկելով հարեմներից, դուրս է բերել երկրից և ճանապարհել Սիրիա կամ այլ երկրներ: Նրա գիրքը պարտավոր է կարդալ յուրաքանչյուր հայ՝ ճանաչելու հայի անաղարտ տեսակը: Պետք է իմանալ նաև մեր մի այլ հայրենակցի հայանպաստ քայլերի մասին. ծնունդով լոռեցի Դանիել (Դանուշ) Ալեքսանդրի Շահվերդյանը 1921 և 1924-1928 թվականներին եղել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առևտրական ներկայացուցիչը Թուրքիայի Հանրապետությունում։ Շահվերդյանը մեծ ավանդ է ունեցել ցեղասպանության պատճառով իր հայրենի բնօրրանից տարագրված հայության հայրենադարձության կազմակերպման գործում։ Դանիել Շահվերդյանը 1928-1929 թթ. ՀԽՍՀ Կարմիր Խաչի ներկայացուցիչն է եղել Անգլիայում, Գերմանիայում և Բելգիայում։ Հ. Մելիքսեթյանի «Արևմտահայերի բռնագաղթը և սփյուռքահայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան» գրքում հայրենազուրկ հայության ներգաղթի պատմությունն ամենայն մանրամասնությամբ նկարագրված է։
-Ինչպե՞ս էին հայերը հարմարվում նոր իշխանությանը:
-Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հայության վիճակը օրավուր ծանրանում ու անտանելի էր դառնում։ 1924-ի հունվարի 24-ին «Դեղագործների մասին» օրենքով դեղատուն բացելու իրավասությունը կապվում է բացառապես «թուրք լինելու» հետ: Այդ օրվանից մինչ այդ հիշյալ մասնագիտությամբ ապրող հայերի ու հույների հատուկ արտոնագրերը չեղյալ են դառնում, և նրանք ստիպված դադարեցնում են գործունեությունը։ Օրվա հացի հարցին դեմ հանդիման մնացած հազարավոր մարդիկ ստիպված են լինում լքել իրենց հազարամյա ծննդավայրը՝ ընդմիշտ հեռանալով սեփական հայրենիքից։ 1924 թ. մարտի 3-ին ընդունված «Կրթության միավորման մասին» օրենքի համաձայն` նախ ամենուր գործող ֆրանսիական և իտալական դպրոցները փակելուց հետո, սահմանափակումներ են մտցնում Լոզանի պայմանագրի համաձայն կարգավիճակով փոքրամասնություն համարվող հույների և հայերի դպրոցների շենքերը վերանորոգելու, ընդարձակելու և նոր շենքեր կառուցելու հարցում: Ազգային կրթության նախարարությունը սկսում է իր հսկողության տակ վերցնել դպրոցական բոլոր ծրագրերը: 1924-ի ապրիլի 3-ին ընդունված «Փաստաբանության մասին» օրենքով մոտ հազար փաստաբան կրկնակի որակավորման քննություն հանձնեց, նրանց կեսի՝ մեծ մասամբ հույների ու հայերի, փաստաբանական արտոնագիրը չեղարկվեց: Անգործ մնացած հայ փաստաբանների ապագա ճակատագրի մասին կարելի է կռահել միայն:
1926-ի ապրիլի 22-ին ընդունված օրենքի համաձայն` ստիպված էին առևտրական գրագրությունները միայն թուրքերեն վարել, և վարչական ապարատում աշխատող ու թուրքերենին չտիրապետող ոչ մուսուլմաններին սկսեցին աշխատանքից ազատել: Աշխատանքից ազատվեցին 8 հազար հայեր և հույներ: 1926-ի օգոստոսի 1-ին հայտարարվեց, թե պետությունն իրավունք ունի բռնագրավել ոչ մուսուլմանների` նախքան 1924-ի օգոստոսի 23-ը, այսինքն` Լոզանի պայմանագրի ուժի մեջ մտնելը, ձեռք բերած ողջ ունեցվածքը: Եվ այսպես շարունակ… 1923-1938 թվականների քեմալական իշխանության 15-ամյա շրջանում հայությունը բնականաբար գտնվում էր հետեղեռնյան ծանրագույն հոգեվիճակում և ֆիզիկապես գոյատևելու ելքեր էր որոնում: Ինչքան էլ Լոզանի դաշնագրում ամրագրված մի շարք կետերով ու ենթակետերով քեմալական պետությանը հարկադրվել էր մեղմ և զգուշավոր վերաբերմունք ցուցաբերել ոչ մուսուլման ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ, նրանք վարվում էին ինչպես իրենց ձեռնտու էր:
Թուրքիայի Սահմանադրության 42-րդ հոդվածով կրոնական և ազգային փոքրամասնությունների դպրոցներում որպես մայրենի լեզու պետք է դասավանդվեր թուրքերենը: Թուրքերեն էին դասավանդվում նաև Թուրքիայի պատմություն, մշակույթ և աշխարհագրություն առարկաները: Մայրենի լեզվով կարող էին դասավանդվել քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն և այլ առարկաներ, սակայն դրանք ևս սկսեցին թուրքերեն դասավանդվել: Սեփական պատմության, մշակույթի աշխարհագրության և նման առարկաների մայրենի լեզվով դասավանդումը, որ փոքրիշատե կարող էր հայ կամ հույն երեխային կապել սեփական արմատներին, արգելվեց: Թուրքիայի Հանրապետության տարբեր շրջաններում համատարած սկսվեցին «Հայրենակից, թուրքերեն խոսիր» ակցիաները, որոնց նպատակը հատկապես հայ և հույն ազգաբնակչության լեզվամշակութային ձուլումն էր: Հայերի և հույների ուսումնական հաստատություններում մի նորություն ևս մտցվեց. փոքրամասնություններին պատկանող բոլոր դպրոցներում փոխտնօրենները պարտադիր պետք է մուսուլման թուրքեր լինեին, որոնք օժտված էին մեծ լիազորություններով: Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածում նշված է, որ պահպանվում են միջազգային պայմանագրերի բոլոր կետերը։ Իսկ 37-րդ հոդվածում արձանագրված է, որ «Թուրքիայի Հանրապետությունը պարտավոր է պահպանել 38-44-րդ հոդվածները և երբևէ փոփոխություններ չկատարել», սակայն հայությունն իր կենսափորձով կարող է վկայել դրանց մեծ մասի անընդհատ խախտումն ու մնացածների միմիայն թղթի վրա գրված լինելը:
-Բացի ազգային փոքրամասնությունների ձուլումից՝ ի՞նչ էր անում Մուստաֆա Քեմալը թուրքերի ու Թուրքիայի Հանրապետության համար:
-Մուստաֆա Քեմալն ուզում էր ստեղծել աշխարհիկ, ժամանակակից պետություն: 1924-ին վերացվեց խալիֆությունը, վերակառուցվեցին պետական վարչամեքենան ու արդարադատության համակարգը, հոգևոր իշխանությունն անջատվեց պետությունից, դպրոցը` հոգևոր իշխանությունից, արաբատառ այբուբենը փոխարինվեց լատինականով, տիտղոսները՝ ազգանուններով: 1926-ին ընդունվեց նոր քաղաքացիական օրենսգիրքը, որով երկիրն անցավ կառավարման աշխարհիկ համակարգի: Երկրի պետական լեզու համարվող թուրքերենի հետ լրջագույն խնդիր էր առաջացել, ու անհաղթահարելի համարվող թնջուկի լուծման համար Մուստաֆա Քեմալը դիմեց ոլորտի լավագույն մասնագետ գիտնականի՝ հայ մեծահամբավ լեզվագետ ու լեզվաբան Հակոբ Մարթայանին (1895-1979 թթ.), ում առաջարկով էլ 1934-ին ազգանունների մասին օրենքի ընդունումից հետո վերցրեց Աթաթուրք ազգանունը։ Նրանք 1916-ից միմյանց ծանոթ են եղել, Մուստաֆա Քեմալը նրան Սոֆիայի համալսարանից Անկարա աշխատանքի հրավիրեց և 1932-ին նախաձեռնեց «Թուրքական լեզվագիտական ընկերության» ստեղծումը, որի առաջին նախագահ նշանակված Հակոբ Մարթայանն իր ամբողջ կյանքում զբաղվեց թուրքերենը մաքրելու և ժամանակակից լեզվի վերածելու հարցերով։ Ճակատագրի հեգնանքն էր հաստատ, ցեղասպանության զոհերից մեկի, իր մայրենի լեզու հայերենի օգտագործումն ու զարգացումը սահմանափակելու ուղղությամբ ամեն ինչ անող «Թուրքիայի Հանրապետության» համար ժամանակակից լեզու ստեղծելու և նվիրելու առաքելությունը։
(շարունակելի)
Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ