ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Զուգահեռ սադրանքների տրամաբանությունը

Զուգահեռ սադրանքների տրամաբանությունը
15.11.2015 | 18:00

ՈՒրբաթ, ավելի ճիշտ՝ ժամային գոտու երկժամյա տարբերության պատճառով շաբաթ օրվա լրահոսի կենտրոնում Փարիզի ահաբեկչություններն են, իսկ ահաբեկչությունը, ինչպես ահաբեկիչը, հայրենիք չունի և ուղղված է կյանքի ու ազատության դեմ՝ որտեղ էլ, երբ էլ լինի: Այս իրադարձությունները ներքին ու արտաքին լրատվական դաշտում ստվերեցին մինչ այդ քննարկվող թեմաները՝ նախ ՄԻԱԿ-ի նախագահ Լևոն Մարտիրոսյանի հայտարարությունը. «Մենք չենք ժխտում, որ ինչ-որ մի պահի կարող է կոմպրոմիսային լուծում գտնվել, այդ թվում նաև ազատագրված որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելով՝ կայուն և երաշխավորված անվտանգություն ապահովելով Ղարաբաղի բնակչության համար և Ղարաբաղի կարգավիճակը հստակեցնելով»: Թեպետ նա «մենք» ասելով նկատի էր ունեցել հայկական կողմը, բայց շատ արագ «հայկական կողմը» իշխանության տարբեր ներկայացուցիչների շուրթերով հաստատեց, որ «մենք»-ը միայն Լևոն Մարտիրոսյանն է, նման հարց չի քննարկվել և ազատագրված տարածքները հանձնելու հարց չի կարող լինել: Լևոն Մարտիրոսյանը, սակայն, ոչ դավաճան է, ոչ սադրիչ՝ նա ասել է, ինչ ասում են Մադրիդյան սկզբունքները: Պարզապես նրա հայտարարությունը համընկավ դեպքերի զարգացման այն հարթության հետ, որտեղ հատվում էին մի քանի իրադարձություններ՝ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, ՌԴ արտգործնախարարի այցը Երևան և ռուսական «Կոմերսանտի» բացահայտումները, խաղաղապահներ սահմանին տեղակայելու շրջանառվող լուրերը: Հետևանքը եղավ ձնագնդի էֆեկտը՝ Լևոն Մարտիրոսյանի՝ հասարակական կարծիքի վայրկենական ուսումնասիրության տեստը դարձավ ազգային-ազատագրական ոգով ելույթների պատճառ, իսկ նա՝ քննադատության թիրախ: Եթե սա փոքր ու հետևանքների առումով անվտանգ սադրանք էր ճշմարտության բարձրաձայնման տեսքով, անհասկանալի և վտանգավոր էր Մոսկվայում Արցախի օրերի բացման առիթով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը, որ այդպես էլ ոչ հաստատվեց, ոչ ժխտվեց: Ռեգնում գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովի հարցին՝ «Հնարավո՞ր է Ստեփանակերտի օդանավակայանը աջակցի Ռուսաստանին՝ Միջին և Մերձավոր Արևելքում հակաահաբեկչական կոալիցիային», Բ. Սահակյանն ասել է կամ չի ասել, որ հարցը պատրաստ են քննարկել, երբ օդանավակայանը հանձնվի շահագործման:

Նրա այս պատասխանը տասնյակ որակումներ ստացավ՝ անպատասխանատու,
վտանգավոր, անիրատեսական, անիմաստ, պարտադրված, հակաPR, քարոզչական, ռուսական կողմին դուր գալու համար ասված, օդանավակայանը շահագործելու հրավեր, ադրբեջանական կողմին ուղղված և այլն, և այլն:
Տրամաբանական էր, որ ԼՂՀ նախագահը կամ նրա մամլո քարտուղարը պարզաբանեին խնդրահարույց պատասխանը և ներկայացնեին այդ պատասխանի հիմնավորումները, բայց մամուլի հրապարակումներին որևէ արձագանք չհետևեց: ՈՒ դա արդեն հիմք է եզրակացնելու, որ հայտարարությունը հետևանք էր կասկածելի հաջողություն խոստացող PR տեխնոլոգիայի, երբ ասվում է աղմկահարույց ինչ-որ միտք, որը տվյալ իրադարձությունը դարձնում է օրվա լրահոսի առաջին եռյակի թեմա: Իսկ հետո՞: Նման տեխնոլոգիաներ իրենց կարող են թույլ տալ փորձագետները, բայց ոչ նախագահները, թեկուզ չճանաչված պետության, որովհետև PR-ը անցնում է ու մնում է նախագահի տեսակետը: ՈՒ իսկապես դառնում է հակաPR: Ի՞նչ է մտածել Արցախի նախագահը, որ հնարավոր է համարել Ստեփանակերտի օդանավակայանը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ներգրավելը: Ո՞ր երկրի ինքնաթիռները Ստեփանակերտից ո՞ր երկիր կարող են թռչել: Ադրբեջա՞նն են գրոհելու: Թե՞ Իրանը: Թուրքիա՞ն: Հասնելու են Սիրիա՞: Աշխարհագրական ու ռազմական նպատակահարմարության տեսակետից Ստեփանակերտի օդանավակայանը լավագույն տարբերակը չէ: Թեկուզ հարցից անորոշ է մնում, թե «միջազգային ահաբեկչության» դեմ պայքարողը ո՞ր երկիրն է, պարզ է, որ Ռուսաստանը ինքն իրեն նկատի ուներ, ու պատասխանը ևս ռուսական ինքնաթիռների թռիչքն է ենթադրում: Իսկ դա ինքնաբերաբար նշանակում է Ստեփանակերտը ահաբեկիչների թիրախ դարձնել՝ ադրբեջանցիներն արդեն քչություն են անում Բակո Սահակյանին: ՈՒ հարց է դառնում՝ իսկապե՞ս Ղարաբաղը դեմ է ռուս խաղաղապահների տեղակայմանը, թե հնարավոր համարելով՝ պայմաններ է ուզում առաջադրել: Թեման՝ գուցե, բայց կոնկրետ օդանավակայանի օգտագործման հարցը հազիվ թե Ստեփանակերտը Հայաստանի հետ քննարկած լինի: Բնական է, որ Սիրիայում հազարավոր հայրենակիցներ ունեցող Երևանը չէր կարող իրեն թույլ տալ ԻՊ-ի դեմ այդպիսի պայքարի համաձայնություն: Իսլամիստները կարող են ոչ Ստեփանակերտ, ոչ Երևան չհասնել (կարող են և հասնել՝ Փարիզը ապացույց), բայց նրանք շատ լավ գիտեն Սիրիայի ու Իրաքի հայաբնակ տարածքների տեղը:
Բակո Սահակյանը նույն ասուլիսում պատասխանել է տասնյակ այլ հարցերի, բայց ոչ մեկը այսքան ուշադրության չարժանացավ: Մինչդեռ շատ ավելի կարևոր էր Ղարաբաղի բանակցությունների սեղան վերադառնալու անհրաժեշտությունն արձանագրելը, քան Ստեփանակերտի օդանավակայանի անգործությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Համարել, որ անհաջող պատասխան էր սադրիչ հարցի՞ և ժամանակի մեջ կմոռացվի՞: Այո, եթե չհիշեն և չօգտագործեն նրանք, ովքեր հարցը տվել ու պատասխանը ստացել են: Իսկ նրանք չեն մոռանա և պատեհ պահին կվերադառնան գաղափարին, որ իրենց իրավիճակ խառնելու կամ փոխելու հնարավորություն է տալիս՝ ԼՂՀ նախագահի «շնորհիվ»: ՈՒրեմն՝ ինչո՞ւ են հնարավոր դառնում նման սադրիչ հայտարարությունները, հարցերն ու պատասխանները՝ խոսքի ազատությո՞ւն է, թե՞ գաղջ մթնոլորտ:

Դիտվել է՝ 1324

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ