ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

«ՈՒղերձ» ապշերոնցիներին. «Մի՛ խառնվեք իրար, ձեր պարտության ժամը մոտ է, բայց դեռ չի եկել»

«ՈՒղերձ» ապշերոնցիներին. «Մի՛ խառնվեք իրար, ձեր պարտության ժամը մոտ է, բայց դեռ չի եկել»
14.11.2015 | 11:38

Զարմանալի հաղորդագրություններ են ստացվում նոյեմբերի 8-ից. կովկասթաթարական վայ-զինվորները, սրանց տեսեք, «կալանավորել են» 1942 թ. ծնված մի տարեց հայուհու՝ ոմն Լուսինե Ղուկասի Աբովյանի, Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի բնակչուհու։ Իբր այդ տարեց կինը կիրակի օրը «խախտել է սահմանը Ղազախի շրջանի կողմում», մի բան էլ «կալանավորվել է առաջնագծում» (խելագա՞ր է, ինչ է, ողջամիտ մարդը ինչպե՞ս կգնա ուղիղ առաջնագիծ)։ Բայց, պնդում է Կովկասի թաթարների պաշտպանության նախարարությունը, ամեն ինչ կարգին է. «Հայաստանի կալանավորված քաղաքացու հետ վարվում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և համապատասխան արարողություններից հետո նա կհանձնվի հակընդդեմ կողմին»։
Մենք չենք մոռացել, թե Կովկասի թաթարները ինչ վիճակում վերադարձրին ծեր «դիվերսանտին»... Եվ գերությունից վերադառնալուց հետո կարճ ժամանակ անց 77-ամյա Մամիկոն Խոջոյանը (գյուղ Վերին Կարմիր աղբյուր) մահացավ... Կամ կովկասթաթարների մոտ գերության մեջ ինչպես «հանկարծամահ» եղավ մեկ այլ «դիվերսանտ»՝ սահմանամերձ գյուղերից մեկի հովիվ Մանվել Սարիբեկյանը։ Կամ գերության մեջ բացահայտորեն սպանված Կարեն Պետրոսյանը, ով «ամեն ինչ կարող էր լինել, միայն ոչ «դիվերսանտ»։ Ի դեպ, տարաբախտ ծերունի Խոջոյանի ընտանիքը կատարվածի առիթով դիմել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարան (ԵՄԻԴ), տեսնենք, թե ինչ արժե այդքան գովաբանված «արևմտյան ժողովրդավարությունը»։ Դե, իսկ Լուսինե Աբովյանի հարազատներն ու մերձավորները պետք է պատրաստ լինեն, ավաղ, ամեն ելքի։ Այսպիսին են «կրտսեր թուրքերի» գազանաբարո բարքերը։ Ասենք, դրանց երևակայությունը հազիվ այդքան էլ հերիքում է, որ մի նողկալի բան մոգոնեն ադրբեջանական ասկյարների ճանկն ընկած ցանկացած հայի կամ հայուհու գլխին։
Ի՞նչն է այդքան նյարդայնացնում ապշերոնյան վարչախմբին, որը, թվում է, նոյեմբերի 1-ին հերթական անգամ ցույց տվեց Խանի ընտանիքի ուժն ու հաստատակամությունը։ Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը պնդում է, որ նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակամիջոցում Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմը ադրբեջանական կողմից խախտվել է մոտ 700 անգամ, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի վրա տարբեր զինատեսակներից արձակվել է ավելի քան 10 հազար կրակոց, այդ թվում` 60 մմ և 82 մմ տրամաչափի ականանետներից։ Այսինքն, խորհրդարանական ընտրություններից հետո ընկած ժամանակամիջոցում կովկասյան թաթարներն ակտիվացրել են գնդակոծություններն ու այլ զինված սադրանքները։ Թեկուզ և՝ նախորդ շաբաթվա համեմատ։ Այսպես, հոկտեմբերի 25-31-ին Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 400 անգամ, պաշտպանության բանակի դիրքերի վրա տարբեր հրաձգային զինատեսակներից, այդ թվում 60 մմ տրամաչափի ականանետներից, արձակվել է ավելի քան 8 հազար կրակոց։ «Պաշտպանության բանակի զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի ագրեսիվ գործողություններին և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել մարտական դիրքերի հուսալի պաշտպանության կազմակերպման համար»,- հաղորդել է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Առայժմ կարելի է ենթադրել, որ Բաքվի ղեկավարությանն ինչ-որ բան ձեռնտու չէ կարգավորման գործում ներկայումս տիրող իրավիճակում։ Հնարավոր է՝ նաև տարածաշրջանում տիրող իրավիճակում։ Բայց եթե Արցախում ռազմական սադրանքների ակտիվացումը մի տեսակ սովորական բան է դարձել, ապա սահմանային գոտում ծեր կանանց առևանգումը աներևակայելի բան է։ Ինչո՞ւ առևանգում։ Որովհետև, բոլոր վերապահումներով հանդերձ, դժվար է հավատալ, որ ինչ-որ քաղաքացի բռնել ու գնացել է ադրբեջանական բանակի առաջավոր դիրքեր, առավել ևս Նոյեմբերյանի և Ղազախի շրջանների միջև անցնող սահմանային գիծ։ Տեղանքն այդ կողմերում այնքան էլ կտրտված չէ, որ նա գնար բացարձակապես աննկատ հայկական կողմից, առավել ևս՝ ադրբեջանական։ Մի խոսքով, նախօրոք կարելի էր ջանքեր գործադրել, որ տարեց կինը ոչ միայն չհասներ առաջնագիծ, այլև, այսպես ասած, չկարողանար հատել (թող որ պայմանականորեն գծված) սահմանը։ Եթե, իհարկե, ապրիորի չենթադրենք, որ քաղաքացի Աբովյանը տառապում է նույն հոգեկան հիվանդությամբ, ինչ հանգուցյալ Խոջոյանը և կովկասյան թաթարներին «հյուր գնալու» պահին կարող էր լինել անմեղսունակ վիճակում։
Չի կարելի բացառել, որ ապշերոնցիների նյարդերի հետ խաղացած լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները։ Նոյեմբերի 4-ին Փարիզում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական ոււ ժողովրդավարության հարցերի կոմիտեի նիստը։ Օրակարգում ընդգրկված էր նաև Մեծ Բրիտանիայից այդ կոմիտեի անդամ Ռոբերտ ՈՒոլտերի պատրաստած զեկույցի նախագիծը՝ «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերտառությամբ։ Այս զեկույցը նախագծային է համարվում, որովհետև այն դեռ պետք է հաստատեն 2016 թ.՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում։ Այդուամենայնիվ, այդ փաստաթղթի թեզիսները փորձագետներն ու քաղգործիչները տարբեր կերպ են մեկնաբանում։ Սակայն անզեն աչքով էլ երևում է, որ դրանք խիստ հակահայկական են։ Այսպես, ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան և ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան կարծում է, թե Արցախի խնդրի առնչությամբ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը վկայում է, որ «եվրոպական այդ կառույցը խորապես հասկանում է այդ հակամարտության հետ կապված հարցերի ամբողջ համալիրը», քանի որ «քաղաքական հարցերի կոմիտեն իր ցանկությունն է հայտնել, որպեսզի Եվրոպայի խորհուրդն ավելի ակտիվ դիրք գրավի ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու հարցում, որոնք նպատակամղված են Մինսկի խմբի կողմից յոթ տարի առաջ ներկայացված մադրիդյան սկզբունքների հիմքի վրա հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնության ձեռքբերմանը»։ Բացի այդ, բանաձևը կոչ է անում «սահմանել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ իրավական կարգավիճակ,- շեշտում է Բրայզան։- Այդ գործոնները, շփման գծում երկու կողմից էլ զինված բախումներն անմիջապես դադարեցնելու կոչերի հետ մեկտեղ, ընդգծում են Հելսինկյան հռչակագրի երեք առանցքային տարրերը, որոնց վրա պետք է հիմնված լինի հակամարտության ցանկացած լուծում. պետությունների տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և ուժի չգործադրում»։
Մտադիր չեմ հազարերորդ անգամ ապացուցել Բրայզայի ադրբեջանամետությունը, մտադիր չեմ նաև ապացուցել անգլիացի ՈՒոլտերի բացահայտ կողմնակալությունը (կաշառքը մութ տեղում լույս է տալիս)։ Երևանի և Ստեփանակերտի շատ լրատվամիջոցներում արդեն ենթադրություններ են հնչեցրել, որ միստր ՈՒոլտերը, երևի, չի խուսափել Ապշերոնի «խավիարային դիվանագիտության» բարեհմա ազդեցությունից։ Ամեն ինչի մասին խոսում է ԵԽԽՎ պաշտոնական կայքի հետևյալ նախադասությունը. «Խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել Հայաստանի զինված ուժերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, ինչպես նաև ճանաչել այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը՝ Մինսկի գործընթացի շրջանակներում»։ Սակայն սրանք էլ են տխրահռչակ «Մադրիդյան սկզբունքներում» շարադրված պայմանական «Ճանապարհային քարտեզի» պատառներ, թեև կովկասյան թաթարների կողմից չպատվիրակված խելքը գլխին մարդիկ պետք է հիշեին, որ այդ հարցը շղարշված է նաև «մադրիդյան սկզբունքների»՝ կարգավորման քաղաքական մասին առնչվող 3-4-րդ կետերի կատարման անհրաժեշտության «խավարով»։ Իսկ այնտեղ առաջադիմություն չկա և չի եղել. ես ինչ-որ չեմ հիշում, որ Բաքուն կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից որևէ մեկը գոնե մեկ անգամ հստակորեն հայտարարած լինեն, թե Արցախի ժողովրդի կամքի արտահայտումը տեղի կունենա այսինչ ժամանակ և այս-այս տարածքային սահմաններում։ Եվ քանի դեռ այս կետը չի իրականացել, Ադրբեջանը կարող է միայն լեզվին տալ և կաշառել եվրաժողովրդավարներին, հատկապես Անգլիայից և Շվեդիայից (հիշենք եվրապատգամավոր Յորան Լինդբլանդին)։
Խնդիրն այն է, որ ԵԽԽՎ-ի հերթական անմտությանը շտապ արձագանքեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Վերապահություն անելով, թե արտահայտում է ընդհանուր դիրքորոշումը, ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը եվրապատգամավորներին մեղադրեց ոչ կառուցողական մոտեցման մեջ, իսկ եթե խորամուխ լինենք՝ նաև սադրանք հրահրելու։ Էլ ի՞նչ անուն տաս, եթե ԵԱՀԿ ՄԽ-ն ԵԽԽՎ-ին ուղղակիորեն մատնացույց է անում, որ վերջինիս գործողությունները կարող են վնաս հասցնել կարգավորման գործին։ Ահա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևակերպումը. «ԵԽԽՎ-ն և մյուս միջազգային կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևեր կամ հաշվետվություններ ընդունելուց առաջ պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ»։ Հետևություն. ո՛չ ՈՒոլտերը, ո՛չ ԵԽԽՎ-ում նրա «ունկնդիրները» չեն խորհրդակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այսինքն՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ։ Ահա այդ նպատակով «մեյդան էր իջել» Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, «հոլովելով» հատկապես ՈՒոռլիքի անունը։ Նա բացահայտորեն հասկանալ տվեց, որ Բաքվին ձեռնտու չէ առհասարակ ամբողջ ԵԱՀԿ ՄԽ-ն. իբր, «այսօրվա դրությամբ կատարված աշխատանքը հավասար է զրոյի», «հակամարտության կարգավորման գործում ավանդ ներդնելու ձգտող միջազգային մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունների անցկացումը ոչ մի իմաստ չունի»։ Ընդ որում նա չէր բացառում, որ «Ջեյմս ՈՒոռլիքը Հայաստանի զավթման քաղաքականության շարունակմանը միտված ծրագրի բաղկացուցիչ մաս է», և նրան խորհուրդ տվեց «հիմք ընդունել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի, ԵԽԽՎ-ի, Չմիանալու շարժման, Իսլամական համագործակցության կազմակերպության և այլ կառույցների ընդունած համապատասխան փաստաթղթերը, ինչպես նաև խորհրդակցել այդ կառույցների հետ»։
Հնարավոր է, որ պարոն Հաջիևը 90-ականներին չի աշխատել ԱԳՆ-ում, այլապես հաստատ կիմանար, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը չեն կատարվել, որովհետև ինքը՝ Ադրբեջանը, դրանք բազմիցս խախտել է, 93-ի ամռանն այդ հանրապետությունում հեղաշրջում կատարվեց և վերականգնվեց խանական ընտանիքի իշխանությունը։ Անմտություն է այս իրավիճակում ինչ-որ բան խորհուրդ տալը և՝ ոչ միայն ՈՒոռլիքին։
Քսու հայտարարությամբ է հանդես եկել նաև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը։ Նրա կարծիքով, նման խորհրդակցություններ, իբր, անցկացվել են, և «թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե՛ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ծանոթ են այդ հարցին»։ «Կարծում եմ, որ պարոն ՈՒոռլիքը և Մինսկի խմբի մյուս համանախագահները նախ իրենք պետք է հետաքրքրվեն աշխարհում և միջազգային կազմակերպություններում տեղի ունեցող գործընթացներով,- ասում է Սեիդովը։- Նրանք պետք է հրաժարվեն հարցի քննարկման 20 տարվա ընթացքում ոչ մի արդյունք չտված քաղաքականությունից»։ Ակնհայտ է, որ Բաքուն դասականորեն ինտրիգներ է հրահրում, հակադրելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և Կասպրշիկի դիրքորոշումները, քանի որ միայն վերջինս է իր հայտարարությամբ ընդունակ կա՛մ հաստատելու, կա՛մ հերքելու Սեիդովի փաստարկները։ Բացի այդ, խոսելով փակ քաղաքականության մեթոդների մասին, որոնք իրոք ԵԱՀԿ ՄԽ-ն օգտագործում է բանակցային գործընթացում, Բաքուն կարող էր առաջինը հրապարակայնացնել բանակցությունների մանրամասները։ Եվ քանի որ նման բան չկա, ապա ճիշտ է ԵԱՀԿ ՄԽ-ն, որը համարում է, թե ԵԽԽՎ բանաձևն անհարկի լարվածություն է մտցնում և խնդիրներ առաջացնում։
Իսկ մենք պարզապես հիշեցնենք թե՛ հաջիևներին ու սեիդովներին, թե՛ բրայզաներին. ԵԱՀԿ-ին և, համապատասխանաբար, ԵԱՀԿ ՄԽ-ին բանակցություններում միջնորդ մանդատը տվել է հենց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, և այդ մանդատը չի ենթադրում միջնորդությանը ինչ-որ ԵԽԽՎ-ի, Եվրոպայի խորհրդի կամ մեկ ուրիշի մասնակցություն։ Եթե ինչ-որ մեկի մտքով անցել էր վիճարկել այդ մանդատը, ապա, ամենայն հավանականությամբ, նա ստիպված է, ոչ ավելի, ոչ պակաս, ճանաչել Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը, որպեսզի Ստեփանակերտի հետ պայմանավորվածություն ձեռք բերի հաշտության բանակցությունների ձևաչափի վերանայման շուրջ. չէ՞ որ հակամարտության բոլոր երեք կողմերի համաձայնությամբ միայն, ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ սկսած 1992 թվականից, կարող է փոփոխվել ՄԱԿ-ի ԱԽ-ի տված մանդատը։ Իսկ առայժմ կովկասյան թաթարները շարունակում են գերության մեջ պահել Հայաստանի տարեց քաղաքացուհուն և... Ասենք հնարավոր է, որ, այնուամենայնիվ, շուտ կգիտակցեն իրենց անմտությունը և այս հոդվածի հրապարակման օրը տիկին Աբովյանն արդեն տուն վերադարձած կլինի։ Այլ հարց է, թե ինչ վիճակում կվերադառնա։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2023

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ