ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

24-րդը

24-րդը
21.09.2015 | 22:37

Հայաստանի Հանրապետության անկախության տոնն է այսօր: 24-րդը: 1991-ից սկսած: ՈՒմ համար՝ ինչպես, 24 տոներից ես հիշում եմ ամենայն մանրամասներով 8-րդը՝ 1999-ի սեպտեմբերի 21-ը: Գուցե որովհետև այդ օրը երկինքն ամենակապույտն էր, տեղացած անձրևն ամենավարարն էր, անձրևի մեջ արև կար, արևի մեջ՝ անձրև: Չգիտեմ: Բայց այլևս երբեք Հանրապետության հրապարակում ռազմական շքերթից հետո չտեսա վազվզող երեխաների, որ հավաքում էին զինվորների ճտքակոշիկներից պոկված նալերը՝ համարելով թալիսման: Այլևս երբեք Հանրապետության հրապարակում չտեսա Վարչապետ, որ Անկախության օրը երջանկությունից լաց էր լինում ու չէր ամաչում իր արցունքներից: Այլևս երբեք Հայաստանի Հանրապետությունում անկախությունն այդքան տեսանելի ու շոշափելի չէր: Դար էինք փակում: Հազարամյակ: ՈՒ՝ երջանիկ էինք, որ կանք ու մեր երկիրը կա, ու լինելու է ավելին՝ մեր ու մեր երկրի կյանքում: Նոր դարում: Նոր հազարամյակում: Գնա ու գնա: Դու ես քո երկրի թալիսմանը ու քո երկիրն է քո ամեն ինչը:
Հետո եղավ 9-րդը, 10-րդը, 20-րդը, 21-րդը, հիմա՝ 24-րդը: ՈՒմ համար չգիտեմ ինչպես, ինձ վաղուց թվում է, որ իմ թալիսմանը կորցրել եմ:
Հայաստանի Հանրապետության երեք նախագահները այսօր էլ կան: Անկախության տոնին, սակայն, նրանք երկիրը իրենց համար բաժանում են մասերի ու ամեն մեկն իր մասում է տոնում: Առաջինն այսօր խոսեց ու ասաց, որ նոր Սահմանադրությունը քանդում է պետության հիմքերը ու բարեփոխումներն ավանտյուրա են: Որ ՀԱԿ-ը միացել է «Ոչ»-ի ճակատին և պայքարելու է, որ «գաղջ մթնոլորտը շուտով ցնդելու է», որ ՄԱԿ-ում գրանցված պետություններից վերջին 70 տարում ոչ մի պետություն ինքնիշխանությունը չի կորցրել, Հայաստանը նույնպես ինքնիշխանությունը չի կորցնելու։ Ճիշտ էր, ճիշտ չէր, այս մի օրը բոլորովին կարևոր չէ, տոն էր այսօր ու տոնը պիտի տոնվեր: Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը իր «պարկեշտ պարտնյորների հետ» շարունակում է պայքարը, ու դա նույն պայքարն է «մինչև վերջ»-ի շարքից:
Երկրորդն այսօր լռեց, գուցե երկրում չէր, գուցե երկրում էր, բայց նա էլ մնաց Հայաստանի իր մասում ու չասաց՝ տոնդ շնորհավոր, Հայաստան, ես տասը տարի քո նախագահն եմ եղել, լավ-վատ, տասը տարին հիշելու ժամանակ է: Բայց Ռոբերտ Քոչարյանը ոչ հիշեց, ոչ հիշեցրեց:
Երրորդը ի պաշտոնե շնորհավորանքներ ստացավ ԱՄՆ-ից ՌԴ, պարգևատրեց, կոչումներ ու աստիճաններ շնորհեց ու մեծ ընդունելություն արեց, որ շնորհավորի ու ուղերձ հղի առ երկիրն ու մարդիկ: ՈՒրախ էր, տխուր էր, չգիտեմ: Զբաղված էր: Ոչ մի ուղերձ առանձնապես ինձ չի հետաքրքրում, պաշտոնական խոսքեր չեմ սիրում, բայց այս ուղերձը երբեք պաշտոնական չեմ համարել, որովհետև Հայաստանի Հանրապետության Անկախության օրն ինձ համար անձնական տոն է: ՈՒ Սերժ Սարգսյանի ուղերձը կարդացի՝ ոչ կարդալու համար, ուզում էի ՀՀ շարքային քաղաքացուն՝ ինձ, ուղղված շնորհավորանք գտնել: Հասկացա, որ նա էլ իրեն այսօր զգացել է ՀՀ շարքային քաղաքացի, բայց՝ առաջինը, որ շնորհավորանք ստանալուց բացի պարտավոր է շնորհավորել: Պարտավոր է: ՈՒ պարտավորությունից ելնելով՝ թերթել է «հայ ժողովրդի հազարամյա ընթացքի օրացույցը»: Շնորհակալություն, որ ոչ էջ առ էջ: Այլ՝ դեպքից դեպք: Հասկացա, որ նա էլ իրեն մենակ է զգում ու մենակությունից է ասում՝ «Մենք ենք մեր ճակատագրի տերը, ու մերն է մեր նախնիների ժառանգությունը։ Մենք ենք մեր զավակների անամպ առավոտների երաշխավորն ու մեր ծնողների խաղաղ մայրամուտի գրավականը։ Մենք` և ոչ այլ ոք»։ Հասկացա, որ ինձ նման առանձնապես ունեցածից գոհ չէ ու այդ պատճառով է ասում. «Մեր միասնության ամենաքաղցր պտուղը, անկասկած, անկախության մերօրյա հպարտ ու գեղեցիկ սերունդն է»: Հասկացա, որ ինձ նման լիքը պարտավորություններ ունի, լիքը ասելիք, բայց ուղիղ ասել չի ուզում ու ասում է.
«Անկախության կանչին մեր միասնական ու հնչեղ արձագանքը, մեր «Այո»-ն հրաշք գործեց։ Ծնեց անկոտրում այն զինվորին, ում այսօր սառնասիրտ վարձկանից ու զոմբիացված հրոսակից բաժանում է ընդամենը 100 քայլ։ Այն զինվորին, ով գիտի, սակայն, որ իր եղբայրների ու քույրերի, հայրերի ու մայրերի անդորրն ու խաղաղ քունը, գոյությունն իսկ անէությունից բաժանում է հենց այդ 100 քայլը։ Այն զինվորին, ով արկածախնդիր հարևանին այդ 100 քայլը հաղթահարելու ամեն մի փորձի դիմաց ստիպում է վճարել, շատ թանկ վճարել»։ Հասկացա, որ ինձ նման լիքը սպասելիքներ ունի ու անգամ տոնի օրը չի կարող իրեն թույլ տալ պաշտոնը մոռանալու շքեղությունը, որ շարքային հայ լինելու երջանկությունը իր երջանկությունը չէ: Հասկացա, որ հարկադրված է այս օրն էլ քարոզել ու դա լավ կյանքից չէ հաստատ.
«Սահմանադրական բարեփոխումների այս կարևոր փուլում ընտրության առջև կանգնած մեր հայաստանցիները պիտի ականջալուր լինեն Սեպտեմբերի 21-ի հենց այս խորհրդին։ Ինչպիսին էլ լինի քո որոշումը, սիրելի հայրենակից, հիշիր, որ քո վճռից կախված է ոչ միայն քո, այլև զավակներիդ ապագան, ոչ այնքան քո, որքան սերունդներիդ ապահովությունն ու բարեկեցությունը։ Թող ընտրության խաչմերուկում հաստատակամ կամ դեռ տարակուսած մեր հայրենակիցների որոշումը լուսավորեն Սեպտեմբերի 21-ի՝ մեր ապագայի խավարը ցրող ճառագայթները։
Իշխանության հակակշիռների զարգացման, իրավունքի և պատասխանատվության հավասարակշռման վճռորոշ դարպասների առջև` վստահ եմ, պիտի կարողանանք քաջություն ունենալ ընդառաջ գնալու փոփոխություններին, անսալու ժամանակի հրամայականին ու դուրս գալու նորի հանդեպ վախի ճիրաններից։ Հանուն սերունդների։ Հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի»: Կարդացի ու քանի որ վաղուց ոչ մի խաչմերուկում չեմ, առաջ գնացի՝ վստահ, որ ապագայի խավար չկա, կան ապագան խավար տեսնողներ, իսկ ես նրանցից չեմ:
Իսկ հետո, հավարտ ընթերցումի, հասկացա, որ իզուր էլ այդքան լուրջ եմ՝ «Սեպտեմբերի 21-ը մեր հավատի, մեր համոզմունքների ու մեր վստահության խորհրդանիշն է»։ Խորհրդանիշը, բայց, փաստորեն, ոչ հավատը, համոզմունքն ու վստահությունը: Իսկ խորհրդանիշներին պետք է վերաբերվել ինչպես խորհրդանիշների՝ պահել պահարանում ու հանել իրենց օրն ու ժամին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Սա Հայաստանն է ու վե՞րջ: Ոչ, միանում եմ Անուշ Սեդրակյանին՝ սա Հայաստանն է ու ոչ մի վերջ, միայն սկիզբ: Բայց սկիզբը սկսել է պետք: Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնը:

Դիտվել է՝ 1182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ