ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ով էր ուզում Մահմուդ Աբասի հրաժարականը և ինչու

Ով էր ուզում Մահմուդ Աբասի հրաժարականը և ինչու
18.09.2015 | 00:06

«Պաղեստինի Պետության» նախագահ Մահմուդ Աբասի հրաժարականի մասին օգոստոսի 22-ի հաղորդագրությունները, դատելով ըստ ամենայնի, դեռևս համարժեք ընկալում չեն գտել, եթե նկատի առնենք այդ քայլի պատճառների մասին վերջին շաբաթներս տարածված վարկածները։ Ավելին, անհայտ պատճառներով ավելի շատ հարց են տալիս. իսկ հեռացե՞լ է նա առհասարակ, այստեղ ինչ-որ պաղեստինյան «խաղ» չկա՞։ Իհարկե, արդեն հնչում են նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործում տիրող իրավիճակի զարգացման կանխատեսումներ, և այստեղ իրականում ինչ-որ «հեղափոխական ցնցումների» նախադրյալներ կան։ Բայց ինչպիսի՞։ ՈՒշադրությունը միայն հենց իր՝ Մահմուդ Աբասի (նա մնում է իբրև Պաղեստինի ազատագրման կազմակերպության՝ ՖԱԹՀ-ի նախագահ) և այդ կազմակերպության գործկոմի նախագահ Սայիբ Արիքատի հայտարարությունների վրա սևեռելն այնքան էլ ճիշտ չէր լինի։ Ինչ էլ ասելու լինեն իրենք՝ Պաղեստինի առաջնորդները, և ինչպես էլ մեկնաբանվի Աբասի հրաժարականն արտասահմանում, սկսած Իսրայելից, թե՛ Պաղեստինի պետության ղեկավարի ձեռնարկած քայլի պատճառներին (իսկ դա, այնուամենայնիվ, առայժմ, ըստ էության, մի ինչ-որ «ինքնավարություն» է, քանի որ ԱՄՆ-ն արգելել է համաշխարհային ասպարեզում Պաղեստինի ինքնիշխանության ճանաչման գործընթացը), թե՛ պաղեստինա-իսրայելական բանակցային գործընթացի զարգացման հնարավոր սցենարներին կարելի է իրավամբ խորամուխ լինել միայն այն դեպքում, եթե հիշենք, թե անցած տարիներին ով էր պահանջում Աբասի և ՖԱԹՀ շարժման հրաժարականը Պաղեստինյան հարցի լուծման լծակներից։

Նախ, հենց Իսրայելի արմատական շրջանակների կողմից էին պարբերաբար սրվում Մահմուդ Աբասի պաշտոնանկության կոչերը և նույնիսկ պահանջները։ Մի կողմից նրանց մեջ կային այնպիսիք, ովքեր, հանձին Աբասի, շարունակում էին տեսնել ոչ թե Պաղեստինի ղեկավարի, այլ «համար երկու ահաբեկիչ» ¥Յասիր Արաֆաթից հետո¤ Աբու Մազենին, և պնդում էին, որ Աբասն անկարող է բանակցային գործընթացը հասցնելու Իսրայելին անհրաժեշտ տրամաբանական ավարտի։ Մեղադրանքներ էին հնչում նաև, թե իբր Աբաս Աբու Մազենը Գազայի հատվածում դիտավորյալ «խաղի մեջ է մտցրել» ՀԱՄԱՍ արմատական խմբավորումը, անձամբ ինքն է հրահանգներ տալիս համասականներին՝ երբ ակտիվանալ և հարվածներ հասցնել իսրայելական տարածքներին և այլն։ Բայց, երկրորդ, Աբասի հրաժարականը պահանջում էին նաև շատ պաղեստինյան կազմակերպություններ։ ՀԱՄԱՍ-ը, ըստ էության, չէր ճանաչում Աբասի լիազորությունները, չնայած 2013 թ. հունվարին Պաղեստինի նախկին ղեկավարը հրապարակավ հաշտության քայլ ձեռնարկեց. ՖԱԹՀ-ի հոբելյանին նվիրված ճառում Աբասը հարգեց ինչպես ՖԱԹՀ-ի, այնպես էլ ՀԱՄԱՍ-ի և այլ կազմակերպությունների «նահատակների», այդ թվում այնպիսի վիճելի և ահաբեկչության մեջ մեղադրվող անհատների հիշատակը, ինչպիսիք են Հաջ Ամին ալ Հուսեյնին, Իզզ ադ Դին ա Քասամը և այլք։ Բայց չէ՞ որ, բացի ՀԱՄԱՍ-ից, Աբասը Պաղեստինի ներսում ուներ և ունի հակառակորդներ՝ երկու սուննիական և երկու... շիական կազմակերպություններ։
Սուննիականները, իհարկե, «Մահմեդական եղբայրների» բազայի վրա բուծված, այսպես կոչված, «Պաղեստինյան իսլամական ջիհադն» է, ինչպես նաև... հենց ՖԱԹՀ-ի ընդերքում ծվարած «Ալ Աքսի նվիրյալների բրիգադ» ռազմական կազմակերպությունը։ Աբասի օրոք ՖԱԹՀ-ը պառակտումներ ունեցավ, և նույնիսկ Աբասի այնպիսի հավատարիմ կողմնակից, ինչպիսին է պաղեստինցի նշանավոր իրավապաշտպան Հանան Աշրաուին, 2006-ին ստեղծեց իր կուսակցությունը ¥պայմանականորեն անվանենք «Երրորդ ուղի»¤ և հենց ՀԱՄԱՍ-ի հետ Աբասի կոնֆլիկտի պատճառով կանխատեսեց, որ Աբասին ոչ մի կերպ չի հաջողվի պահպանել իշխանությունը։
Շիականների հարցն ավելի բարդ էր. համենայն դեպս, դժվար է գլխի ընկնել՝ իրոք գոյություն ունի՞ այնպիսի երևույթ, ինչպիսին պաղեստինյան «Հըզբոլլահն» է, թե՞ դա որոշակի նպատակներ հետապնդող «տեղեկատվական արտահոսք» էր։ Եթե դեռևս 2001-03 թթ. հաղորդվում էր Թուրքիայում ընդհատակյա «Հըզբոլլահի» առկայության մասին, ապա ի՞նչ հիմքով բացառել այդ կուսակցությունը Պաղեստինում, հաշվի առնելով Պաղեստինի, ինչպես նաև Երուսաղեմի մահմեդական մասի ազատագրման հարցում Իրանի ունեցած ծայրաստիճան շահագրգռվածությունն ու հետևողականությունը։ Համենայն դեպս, Պաղեստինում «Հըզբոլլահի» հաստատվելու մասին առաջին լուրերն սկսեցին ստացվել հենց այն ժամանակ, երբ Սիրիային ստիպեցին դուրս բերել իր զորքերը Լիբանանից։ Իսկ 2006 թվականից, ինչպես գրել է իսրայելական «Jerusalem Post»-ը, Պաղեստինի անվտանգության ծառայություններն սկսել էին հետաքննել նախկինում անհայտ «Շիական գերագույն խորհուրդ» արմատական խմբավորման ի հայտ գալու հանգամանքները. այդ կազմակերպությունը գլխավորում էր Մուհամմեդ Ղավանմեհը, ով նախկինում «Իսլամական ջիհադ» խմբավորման ղեկավար Ֆաթի Շիքակի մերձավոր կողմնակիցներից էր։ Ընդ որում, ՀԱՄԱՍ-ի ղեկավարներն այն ժամանակ խոր անհանգստություն էին արտահայտում նոր արմատական խմբի ի հայտ գալու փաստի առթիվ և ասում, որ մտադիր են մանրամասնորեն հետաքննել, թե ով է կանգնած նրա թիկունքին։ Սակայն արդեն 2015-ին, կարելի է ասել, այդպես էլ չպարզեցին։ Օրինակ, անգամ այն ժամանակ, երբ Սիրիայի դեմ վարձկանական ագրեսիայի սկզբին ՀԱՄԱՍ-ը վճռել էր խզել հարաբերությունները Իրանի հետ և գերմերձեցել էր Սաուդյան Արաբիայի, Քաթարի համապատասխան կենտրոնների և այն ժամանակ Կահիրեում իշխանության եկած եգիպտական «Մահմեդական եղբայրների» հետ, Գազայի հատվածում նախընտրում էին լռություն պահպանել այն հարցում, թե ինչ է կատարվում տեղի «Հըզբոլլահի» և «Շիական գերագույն խորհրդի» ներսում և ինչ են նրանք, ընդհանուր առմամբ, վերահսկում Պաղեստինում։ 2014-ին ՀԱՄԱՍ-ը, ըստ էության, վերականգնեց հարաբերությունները Թեհրանի հետ՝ հեռու մնալով քաթարցիներից ու սաուդցիներից (այդ ժամանակ Կահիրեում էլ իշխանություն փոխվեց), և պարզ դարձավ, որ համասականները կնախընտրեն «չհիշել» ոչ հեռու անցյալի իրենց երկյուղները։
Երևի տեղին է հարց տալ. Աբասի հանկարծակի հրաժարականը կապվա՞ծ է, արդյոք, հենց այն բանի հետ, որ Իսրայելն առայժմ չի հասել այն բանին, որ ԱՄՆ-ը օրակարգի հարց դարձնի Իրանի հետ պատերազմը, և այն բանի հետ, որ առայժմ իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրան-«վեցյակ» բազմամյա բանակցությունների բոլոր կողմերը շարունակում են հույսեր կապել Վիեննայի համաձայնագրերի իրականացման հետ։ Թե՞ գործ ունենք ինչ-որ, բացառված չէ, իրանա-պաղեստինյան համատեղ ծրագրի հետ, որի նպատակն է Իսրայելին և ԱՄՆ-ին ստիպել լիարժեք ու լայնամասշտաբ բանակցություններ սկսել հենց վերը թվարկված պաղեստինյան արմատական կազմակերպությունների հետ, սկսած ՀԱՄԱՍ-ից։ Չէ՞ որ, ինչպես օգոստոսի 21-ին հաղորդեց համաարաբական «Al-Arabiya» թերթը, վերջին տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսային խոսակցություն է տեղի ունեցել Աբասի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև։ Թե իրականում ինչ են նրանք խոսել, դժվար է ասել, սակայն օգոստոսի 22-23-ին իսրայելական ռազմաօդային ուժերը փորձեցին գրոհել Սիրիայի վրա՝ Էլ-Կունեյտրայի շրջանում, իսկ սիրիացիները հանգիստ խփում էին իսրայելական ավիամիջոցները։ ՈՒրեմն Աբասը պարզապես նախազգուշացրել է Նեթանյահուին. այսուհետ խաղաղության կամ պատերազմի ամբողջ պատասխանատվությունը լիովին ընկնում է Թել Ավիվի վրա, ոչ թե Ռամալլահի, քանի որ, ասենք, «ՖԱԹՀ-ը զզվել է ՀԱՄԱՍ-ին զսպելուց», և այլն։
Ավելին, օգոստոսի 23-ին Աբասն իրոք հայտարարեց Իրան այցելելու մտադրության մասին։ Որոշ տվյալների համաձայն, այցը նախատեսված էր 2015 թ. նոյեմբերին։ ՖԱԹՀ-ի առաջնորդը վերջին անգամ Թեհրան էր այցելել երեք տարի առաջ, երբ Իրանը բախվեց ամերիկա-եվրոպական դաժան պատժամիջոցներին։ «Այնտեղ մեզ ճանաչում են»,- ակնարկել էր Աբասը, Իրանն անվանելով «կարևոր դերակատար Մերձավոր Արևելքի քաղաքական ասպարեզում»։ Պաղեստինի նախկին ղեկավարը ոչ մի նոր բան չէր ասել, սակայն հստակորեն ցույց էր տվել, թե ում հետ Իսրայելը գործ կունենա, եթե Թել Ավիվը (իմա՝ նաև Վաշինգտոնը) հրաժարվի ՀԱՄԱՍ-ի հետ բանակցելուց։ Եվ, ի դեպ, օգոստոսի 23-ին, ինչպես նշում է մեկ այլ համաարաբական թերթ՝ «Al-Araby Al Jedeed»-ը, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հալեդ Մաշալը հայտարարել է, որ Իսրայելը բանակցությունների գիծ է բացել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հետ, նպատակ ունենալով քննության առնել նոր փոխանակային գործարքի հնարավորությունը (խոսքը Գազայի հատվածում եթովպացի հայրենադարձի կորստյան, ինչպես նաև իսրայելցի զինծառայողներ Օրոն Շաուլի և Ադար Գոլդինի դիակների մասին է, որոնք առևանգվել էին անցած տարվա «Անխորտակելի ժայռ» գործողության ժամանակ)։ Ճիշտ է, Թել Ավիվը դա ժխտում է, բայց, ինչպես ասում են, «առանց կրակի ծուխ չի լինում»...
Այսպիսով, առայժմ Աբասի հրաժարականի շուրջ երկու ուրվագիծ է պատկերվում։ Առաջինը տանում է հույժ ներպաղեստինյան համախմբման հավանականության և Իսրայելին կոշտ օրակարգի առաջադրման, որը հավաստանշում է, որ պաղեստինցիները հեռանում են Արաբական թերակղզու սուննի արմատականներից և աջակցություն ակնկալում Իրանից։ Այդ դեպքում «տարածաշրջանային հեղափոխությունը» Պաղեստինում կարող է նշանակել, որ կա՛մ Իսրայելը կապիտուլյացիայի է ենթարկվում, կա՛մ, առաջվա նման, կտրականապես մերժում է բանակցությունները ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան մյուս արմատականների հետ։ Իսկ երկրորդն ավելի բարդ է։ Ի վեջո, չի կարելի բացառել, որ Աբասը ձայնակցում է Իսրայելին ու ԱՄՆ-ին՝ Իրանն ինչ-որ տարածաշրջանային պատերազմի մեջ ուղղակիորեն ներքաշելու նրանց փորձերում, քանի որ Թել Ավիվին ու Վաշինգտոնին դա չհաջողվեց ո՛չ Սիրիայում, ո՛չ Եմենում, ո՛չ Սաուդյան Արաբիայում։
Որպեսզի հայ ընթերցողին հասկանալի լինի, թե ինչու է հանկարծ անհրաժեշտ հետևել նաև Պաղեստինում տիրող իրադարձությունների զարգացմանը՝ Աբաս-Աբու Մազենի հրաժարականից հետո, պարզապես հիշեցնենք. հենց պաղեստինա-իսրայելական խնդրի կարգավորված չլինելու պատճառով են պարբերաբար առճակատումներ բռնկում Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ։ Դա նշանակում է, որ կուլիսներում խոսվում է նաև ժամանակակից Իսրայելի հայ համայնքի ճակատագրի մասին։ Այնուհետև՝ Պաղեստինում տիրող իրավիճակի ամբողջ անհստակությունն է ստեղծել այն նույն սև մթնոլորտը, որի պայմաններում երկար տարիներ գոյատևում են Լիբանանի հայերը, իսկ վերջին չորս տարում այդ ճահիճն է նետել նաև Սիրիայի հայերին։ Վերջապես, եթե ճիշտ է գուշակությունը, թե Ռամալլահի օգոստոսյան վերջին իրադարձությունների հետևում թաքնված է, այնուամենայնիվ, Իրանի հետ Արևմուտքի և Իսրայելի հարաբերությունների խնդիրը, ապա իրավիճակի հանգուցալուծումը քիչ կարևորություն չունի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։ Ի վերջո, լարվածությունը սրվում է նաև իրանա-թուրքական հարաբերություններում, ինչը, ամենայն հավանականությամբ, նույնպես առանց Արևմուտքի ու Իսրայելի կուլիսային ջանքերի չի եղել։ Ասենք, թուրքերի լկտիությունը տարածաշրջանում վաղուց զզվեցրել է թե՛ հենց Իրանին, թե՛ նրա թիկունքում թաքնվող Ռուսաստանին ու Չինաստանին։ Իսկ առայժմ Սիրիայում չի հանդարտվում պատերազմն ընդդեմ օտարերկրյա վարձկանների, որոնք ֆինանսավորվում են Արևմուտքի, Իսրայելի, Թուրքիայի և այլոց կողմից, իսկ Իսրայելը հանկարծ սկսել է խոսել լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության դեմ «երրորդ պատերազմի» մոտ լինելու մասին։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2951

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ