Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:
-1919-ին Թուրքիայի ռազմական տրիբունալում սկսվեց երիտթուրքերի դատավարությունը, ինչպե՞ս և ինչո՞ւ դա հնարավոր դարձավ:
-Այո, 1919-ի ապրիլի 27-ին ռազմական տրիբունալը սկսեց երիտթուրքերի կուսակցության պարագլուխների ու նախարարների դատավարությունը: Բայց մեկ օր հետո՝ մայիսի 28-ին, անգլիական հրամանատարությունը, ամբաստանյալների մի մասին անսպասելիորեն Մալթա կղզի աքսորելով, ընդհատեց դատաքննությունը։ Դատերը շարունակվեցին մինչև հունիսի 26-ը, դատավճիռը հրապարակվեց 1919-ի հուլիսի 5-ին, և անհասկանալիորեն մոռացության մատնվեցին անգլիացիների` Մալթա աքսորած հանցագործները։
-ՈՒզում եք ասել՝ իրականում անգլիացինե՞րը սկսեցին ու ավարտեցին դատավարությունը:
-Եկեք քննենք 2 հարց, որ հրապարակայնության տեսանկյունից արժանի խորությամբ չեն ուսումնասիրվել դժբախտաբար: Կարծում եմ նաև, որ հասարակությունը կամ անտեղյակ է բոլոր դեպքերի մասին, կամ մասամբ, մակերեսային մակարդակով է տեղյակ: Օրինակ՝ ի՞նչ գիտենք Կ. Պոլսում երիտթուրքերի կուսակցության պարագլուխների ու նախարարների դատավարության ընթացքում հեռակա կարգով դատի տրված մեղադրյալ, 1914-1917 թվականների միջև իթթիհադական կառավարության փոստի և հեռագրատան նախարար, հայազգի Օսկան էֆենդիի մասին: Ո՞վ էր նա, երիտթուրքերի՝ հայերին ցեղասպանության ենթարկելու «գաղտնի» որոշման մասին ի՞նչ գիտեր, ինչքա՞նը գիտեր և ինչպե՞ս կարելի էր նման գազանաբարո ծրագրի բարեհաջող իրականացմանն ամենաանհրաժեշտ, այդ ժամանակների համար հեռահաղորդակցության միակ միջոցը հանդիսացող փոստային կայսերական մի ամբողջ համակարգ վստահել հայի: Օսկան էֆենդի Մարտիկյանի մասին, բացի նրա` Թալեաթի ամենամտերիմներից ու մեկ էլ մինչև 1909 թ. ստեղծված «Ազատ և Ընդունված Որմնադիրների Մասոնական Մեծ Օթյակի» հիմնադիր անդամը հանդիսանալուց դեռ շատ առաջ էլ Ֆրանսիական Մեծ Արևելքի «Վերիթաս» ֆրանկմասոնական օթյակի երևելիներից լինելու առթիվ կիսատ-պռատ տեղեկություններից, որևէ այլ բան չգիտենք իրականում։ Պաշտոնաթող լինելուց հետո նա փախել է Եվրոպա, բայց հայտնի չէ՝ ինչ վախճան է ունեցել: Նրան հեռակա դատապարտած դատավարության նյութերում ևս իր մասին տեղեկություններ չկան։ Երկրորդ դեպքը վերաբերում է երիտթուրքերի պարագլուխների՝ հայերի ցեղասպանության կազմակերպման և իրագործման անմիջական պատասխանատուների Կ. Պոլսից փախուստի կազմակերպմանը։ Ո՞վ, ինչպե՞ս օգնեց նրանց փախչելով խույս տալու արդարադատությունից։ Թալեաթի գլխավորած կառավարությունը հրաժարական տվեց 1918 թ. հոկտեմբերի 7-ին։ Կ. Պոլսում իշխանության բերվեցին մարդիկ, ովքեր պետք է հաշտության եզրեր գտնեին Անտանտի տերությունների հետ։ 1918 թ. հոկտեմբերի 30-ին նոր կառավարությունը Անտանտի երկրների հետ ստորագրեց Մուդրոսի զինադադարը։ Նոր իշխանություններն առժամանակ որդեգրեցին երիտթուրքական ռեժիմի ղեկավարներին դատապարտելու դիրքը, ուստի դատավարությունը ծրագրված խաղի մասն էր: 1919 թ. հունվարին Կ. Պոլսում սկսվեց իթթիհադականների դատավարությունը։ Երիտթուրք ղեկավարներին ներկայացված էր երկու մեղադրանք՝ պատերազմի մեջ Օսմանյան պետության ներքաշման և հայ ժողովրդի բնաջնջման։ Քննադատության, բողոքի և դատապարտման մթնոլորտում, որ տիրում էր միջազգային հանրության շրջանում, մահվան դատավճիռն անխուսափելի էր թվում։ ՈՒստի նրանց փախուստի դիմելուց բացի այլ ելք չէր մնում։ Եվ քանի որ կատարված հանցագործություններում ամենամեծ մեղսակցությունն ընկնում էր Գերմանիայի վրա, նրանք էլ կազմակերպեցին փախուստը։ Քսան-երեսունական թվականներին այս մասին պատմող մի քանի հոդված և գիրք է լույս տեսել, որտեղ մանրամասն նկարագրված են իթթիհադականների փախուստի կազմակերպիչ գերմանացի դիվանագետների ու զինվորականների՝ հատուկ հանձնարարությամբ գործողությունները։ Այդ վկայություններից էլ իմանում ենք, որ այս կարևոր հանձնարարությունը գերմանական միջերկրածովյան նավատորմի շտաբից ծովակալ Հերման Բալթցերին (1888-1967 թթ.) է վստահվել։ Բալթցերը Մուդրոսի զինադադարից հետո էլ Կ. Պոլսում լինելով, դեռևս Օսմանյան պետության տարածքում գտնվող գերմանական զինվորական անձնակազմի Գերմանիա վերադարձն էր կազմակերպում։ 1933 թ. պաշտոնաթող լինելուց հետո իր հիշողություններում նա ամենայն մանրամասնությամբ պատմում է, թե պատերազմի ավարտին ինչպես անձամբ ձեռնարկեց իրենց դաշնակիցը եղած երկրի ղեկավարության ամենակարևոր անձանց Կ. Պոլսից Սևաստոպոլ փախուստի կազմակերպումը։ Նրա հանձնարարությամբ գերմանական մի ականակիր նրանց մեկ օրում հասցրել է Սևաստոպոլ, որտեղ իրենց դիմավորող ծովային կորպուսի հրամանատար Ալբերտ Հոֆմանը թաթարական առագաստանավով նրանց ուղարկում է Նովոռոսիյսկ։ Այնտեղից էլ ճանապարհ են ընկնում Գերմանիա։ Ասեմ նաև, որ բացի ծովակալ Բալթցերից, Սևաստոպոլյան կորպուսի հրամանատար Ալբերտ Հոֆմանը ևս 1925 թ. իր հիշողություններն է տպագրել։
Այս ամենում մեզ հետաքրքրողը գերմանական ծովային ուժերի սպայակույտի այս կամ այն ներկայացուցչի հրատարակած դետեկտիվ հուշապատումները չեն, այլ 1917 թ. հոկտեմբերից, այսինքն` մեկ տարուց էլ ավելի ժամանակ Ռուսաստանում Լենինի գլխավորությամբ իշխանության եկած բոլշևիկյան կառավարության, իրենց հարազատ բառապաշարով ասած՝ գերմանական իմպերիալիզմի դաշնակից, հանցակից, մեղսակից, մարդկության դեմ հանցագործություն կատարած հայասպան Էնվեր, Թալեաթ և Ջեմալ փաշաներին ցուցաբերած բարյացակամությունը։ 1917 թվականի դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի ժողովրդական կոմիսարների խորհուրդը «Թուրքահայաստանի մասին» դեկրետ էր ընդունել, ճանաչելով Արևմտյան Հայաստանի ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ այդ տարածքում պետություն ստեղծելը։ Իրականում բոլշևիկները ոչ միայն որևէ քայլ չէին արել իրենց ընդունած դեկրետը կենսագործելու ուղղությամբ, այլև 1918 թվականի մարտի 3¬ին Բրեստ-Լիտովսկում կնքված պայմանագրով Լենինի կառավարությունը թուրքերին էր թողել ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Կարսի մարզը, որը մինչ այդ Արևելյան Հայաստանի կազմում էր։ Բոլշևիկյան Ռուսաստանի թե լենինյան և թե դրան հաջորդած շրջանում կենտրոնական իշխանությունների անմիջական օգնությամբ ու զորակցությամբ էր նաև հետիթթիհադական ժամանակներում գլուխ բարձրացրել քեմալական շարժումը։ Երիտթուրքերի անխտիր բոլոր պարագլուխները մշտապես կապի մեջ են եղել ու սատարել իրենց նախկին կուսակից ընկերոջը՝ Մուստաֆա Քեմալին։ Թալեաթը, որ 1918 թ. նոյեմբերի կեսերից Գերմանիայում էր հաստատվել, գերմանացիների տված հատուկ անձնագրով ուղևորություններ էր կատարում Շվեյցարիա, Հոլանդիա, Դանիա, Իտալիա, Շվեդիա, և փորձում համախմբել իր համախոհներին քեմալականներին սատարելու նպատակով։ Երբ 1921 թ. մարտին հայազգի վրիժառու Սողոմոն Թեհլերյանը սպանեց Թալեաթին, Անկարայում լույս տեսնող քեմալիստ-ազգայնական «Ենի Գյուն» թերթը ողբում էր նրա մահը, և Թուրքիայի Հանրապետությունում Թալեաթը մինչ օրս էլ հիշվում է որպես ազգային հերոս։ Փաստված է նաև, որ Ջեմալ փաշան նամակագրական կապ է ունեցել Քեմալի հետ։ 1922 թ. հուլիսի 25-ին, հենց նրա հետ համաձայնեցված ծրագրի՝ երկիր վերադարձի ճանապարհին է նա Թիֆլիսում սպանվում հայ վրիժառուներ Պետրոս Տեր-Պողոսյանի և Արտաշես Գևորգյանի ձեռքով։ Իսկ Էնվեր փաշան բավականին ակտիվ գործունեություն էր ծավալել թե Եվրոպայում, թե Միջին Ասիայում և Անդրկովկասում։ Բազմաթիվ փաստեր վկայում են Էնվերի ակտիվության մասին` քեմալիստ ազգայնականների գործողություններին ներազդելու, նրանց հետ համագործակցություն ձևավորելու, խորհրդա-թուրքական հարաբերություններում ակտիվ դեր ստանձնելու առումով։ Հենց Էնվերն էր ապահովում սպաների, մասնագետների, զենքի, ռազմամթերքի, դեղորայքի հայթայթումը և առաքումը Անկարայի կառավարությանը։ 1920-ին նա մասնակցում է Բաքվում կայացած` Արևելքի ժողովուրդների համագումարին։ 1921-ի հոկտեմբերին նա անցել է Բուխարա, գլխավորելով բասմաչներին և սրբազան պատերազմ հայտարարել Խորհրդային Ռուսաստանին։ 1922-ի մայիսի 19-ին Էնվեր փաշան վերջնագիր էր ներկայացրել Մոսկվային` ճանաչելու Բուխարայի, Խիվայի, Թուրքեստանի անկախությունը (վերջնագիրը տպագրել է «Իզվեստիան»)։ Էնվերը սպանվում է 1922 թ. հայազգի սպա Հակոբ Մելքումյանի գլխավորած զորքերի հետ կռվում, հենց արցախցի մեր հայրենակցի ձեռքով, օգոստոսի 4-ին Աֆղանստան անցնելու փորձ կատարելիս։
-Գործնականում թե Անգլիան, թե Գերմանիան, թե Ռուսաստանը շարունակում էին գործել հայերի դե՞մ:
-Երիտթուրքերի կուսակցության պարագլուխների ու նախարարների դատավարությունը սկսվել էր 1919 թ. ապրիլի 27-ին, մեկ օր հետո՝ մայիսի 28-ին, անգլիական հրամանատարությունը ամբաստանյալներից նախ 77, հետո 11 ու ևս 57, ընդհանուր հաշվով 145 հոգու Մալթա կղզի աքսորելով ընդհատեց դատաքննությունը։ Դատերը (13 նիստ) շարունակվեցին մինչև հունիսի 26-ը, դատավճիռը հրապարակվեց 1919 թ. հուլիսի 5-ին։ Մալթա աքսորված իթթիհադական ղեկավար գործիչների ամբողջ խումբը Անկարայում տեղակայված Ազգային մեծ ժողովի քեմալական կառավարության ձեռքում գտնվող անգլիացի ռազմագերիների հետ փոխանակվեց 1921 թ. նոյեմբերի 1-ին։ Մոտ երկու տարի տևած աքսորի ժամանակ նրանցից 15-ը մահացել, 20-ը փախուստի էին դիմել, երկիր վերադարձածները հետագայում գրեթե ողջ կազմով համախմբվեցին Մուստաֆա Քեմալի իշխանության շուրջ։ Ներկա «Թուրքիայի Հանրապետություն» կոչված վարչական տարածքը հենց Մալթա աքսորվածների, այսինքն` հայերի ցեղասպանության անմիջական ծրագրող և իրականացնող արյունարբու իթթիհադականներից մեկ օրում քեմալական դարձած մարդասպանների հիմնադրած երկիրն է։ Եվ հենց այս հանգամանքն իսկ ապացուցում է ՄԱԿ-ում 1948 թ. ընդունված կոնվենցիայի հիմքով անժամանցելի միակ հանցագործություն ճանաչված ցեղասպանության հանցանքում իրենց՝ 1923 թ. հոկտեմբերի 29-ին անկախ պետական միավոր հռչակածների, Օսմանյան կայսրության երիտթուրքական իշխանությունների իրավահաջորդ հանդիսանալու անհերքելի փաստը։ Մալթա աքսորված իթթիհադականների կենսագրության մութ էջերի և նրանց միմյանց և միջազգային գաղտնի կազմակերպությունների հետ ունեցած անհավանական թվացող կապերի առթիվ դեռ լուրջ ասելիքներ կան, որոնք անտեղյակ հայ հասարակության համար կարող են և ցնցող լինել:
(շարունակելի)
Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ