ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հնգաթև աստղի անհավասարաչափ շարժումները

Հնգաթև աստղի անհավասարաչափ շարժումները
24.07.2015 | 00:36

Մինչ Հայաստանում խաղում ենք հին ու նոր Սահմանադրություն, տարածաշրջանում իրավիճակ է փոխվում: Եվ փոխվում է՝ ակնհայտ արագություն հավաքելով:

Հունիսի 7-ի նախագահական ընտրություններից հետո Թուրքիան չի կարողանում կառավարություն ձևավորել: Մերթընդմերթ հայտարարություններ են հնչում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին: Վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուն պաշտոնապես ու ոչ պաշտոնապես հանդիպում է խորհրդարան մտած քաղաքական ուժերի հետ ու քննարկումների առանցքում եղած միակ հարցը՝ կոալիցիայի ու կառավարության կազմավորումը, համաձայնության տարբերակ չի ձևավորում: «Առաջադիմություն և զարգացում» կուսակցության իշխանական տասնամյակները Թուրքիայում ստեղծել են ներքաղաքական այնպիսի իրավիճակ, որ խորհրդարան մտած քաղաքական ուժերը միմյանց հետ ընդհանուր հայտարարի գալու հենման կետեր չեն գտնում: Նույնիսկ «Գորշ գայլերը» չեն ցանկանում դաշինք կազմել Էրդողանի կուսակցության հետ, ուր մնաց քրդամետ ուժերը: Իշխանության վերադառնալու հայտ ներկայացրեց նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ պայմանով, որ Էրդողանը չի խառնվի կառավարության գործերին, բայց դա նույնքան անհնար է, որքան Ռեջեփ Թայիբ Էրդողանն իրենից բացի ուրիշ մեկին տեսնի Թուրքիայի հույս ու ապավեն: Համենայն դեպս, ԱԶԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններից չի խուսափում: Տրամաբանական է, որ հունիսին ԱԶԿ-ին խորհրդարանական մեծամասնությունից զրկած ընտրողները երկու ամիս հետո ևս մեծամասնության մանդատ չտան Ահմեդ Դավութօղլուի գլխավորած քաղաքական ուժին, բայց Էրդողանի հաշվարկը գործնական է՝ գիտակից թուրք ընտրողը համոզվեց, որ մյուս քաղաքական ուժերն անհուսալի են, ու կվերադառնա ԱԶԿ-ի գիրկը: Թուրքիայի համար արտաքին քաղաքական գլխացավանք է դառնում Թեհրանը: Անկարայի համար անհարկի պահի են պատժամիջոցները վերացվում: Սառեցված 100 միլիարդ դոլարը և առևտրի էմբարգոյի վերացումը Իրանի տնտեսությունը հանելու են տարածաշրջանի առաջատարի դիրքեր, քաղաքական առումով ևս Իրանը մրցակից է Անկարային, քանի կա սուննիների ու շիաների պայքարը: Պատահական չէ, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին զանգահարել էր Թուրքիայի նախագահին՝ «մխիթարելու», որ ամեն ինչ անհույս չէ, երկու մեծ տերությունների «պատասխանատվությունն է մեծանում»: Իրանը՝ Իրան, բայց չեն ստացվում և Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունները, համենայն դեպս՝ «Թուրքական հոսքի» հարցում, որ այդպես էլ պարզ չէ՝ հոսելո՞ւ է, թե՞ ոչ: Բաքուն էլ իր պարտիան խաղաց Անկարայի դեմ՝ ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են միավորել ջանքերը «Հարավային գազային միջանցքի» զարգացման ուղղությամբ:
Հավելեք Անկարայի խնդիրները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ հարաբերությունների հարցում: Առերես Անկարան պայքարում է ահաբեկչության դեմ ու ահաբեկչության դեմ պայքարող երկրի համար շատ տարօրինակ վարքագիծ է դրսևորում՝ իր տարածքը տարանցիկ ճանապարհ դարձնելով ու աջակցելով նրանց, բայց իրավիճակ է փոխվում Իրանի հետ համաձայնագրից հետո՝ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում երկուսն էլ հայտարարում են, որ պիտի փակեն ահաբեկիչների մուտքը Սիրիա:
Թեժ ու դժվար է Բաքվի ամառը: Եվրոպական խաղերից Բաքուն չստացավ ցանկացածը: Ավելին՝ Եվրոպական խաղերից առաջ ու ընթացքում եվրոպական հանրությունը Բաքվին ցույց է տալիս տարածաշրջանում իր տեղը՝ ժողովրդավարության առումով: ԵՄ-Թուրքիա հարաբերությունները Ռիգայի գագաթնաժողովից առաջ էլ հարթ չէին, պատահական չէ, որ Իլհամ Ալիևը Ռիգա չգնաց: Պատահական չէ, որ Էլմար Մամեդյարովը հրաժարվում էր ստորագրել գագաթնաժողովի հռչակագիրը, փոխարենը ԵՄ-Ադրբեջան նոր հարաբերությունների փաթեթ էր առաջարկում ԵՄ ղեկավարությանը:

Բաքվի համար նավթի ու գազի վաճառքի խնդիրը դժվարանում է, երբ շուկա է մտնում Թեհրանը: Ադրբեջանի բնական պաշարները կորցնում են տարածաշրջանային ակտուալությունը: Բացի տնտեսականից` Բաքուն Թեհրանի հետ ունի քաղաքական խնդիր, Թեհրանը դեմ է իր հյուսիսային սահմանին արտատարածաշրջանային ռազմական ուժերի տեղակայմանը: Կտրուկ քննադատելով Բրյուսելին ու Ստրասբուրգին, սպառնալով ԵԽԽՎ-ից էլ դուրս գալ՝ Ալիևը նախընտրում է շանտաժը՝ ես ժողովրդավար չեմ, ես ձեր չափանիշներին չեմ համապատասխանում, կընկերանամ Ռուսաստանի հետ: Պատահակա՞ն է, որ Սերգեյ Լավրովի ու Էլմար Մամեդյարովի Մոսկվայում հանդիպումից հետո Բաքուն սկսեց ակտիվ հրետակոծել հայկական դիրքերը: Հուլիսի 17-ին Մոսկվայում համատեղ մամլո ասուլիսում Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ պետք է ինտենսիվացնել հակամարտության կարգավորման գործընթացի բանակցությունները: Ադրբեջանն ինտենսիվացնում է կրակը: ՈՒրեմն՝ ի՞նչ է իրականում ասել Լավրովը, ու ի՞նչ է հասկացել Մամեդյարովը: Փոքրիկ պատերազմը տարածաշրջանում ո՞ւմ շահերից է բխում՝ ո՞վ է հրահրում և ո՞վ է կանխում:
Զուգահեռ լարվեցին ռուս-վրացական հարաբերությունները, երբ ռուս սահմանապահները սահմանի գիծն առաջ տարան՝ մոտենալով գազատարին: Երկու կողմերից հնչած հայտարարությունները վկայում են, որ Մոսկվան կայուն անկայունության իր խաղը տարածաշրջանում փորձում է շարունակել նաև Վրաստանի հաշվին: Համենայն դեպս, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարեց, թե ռազմավարական համբերությունը կօգնի Վրաստանին՝ հասնել իր տարածքների վերադարձին. «Մենք չենք ընդունում և չենք հաշտվի մեր տարածքների բռնազավթման հետ և անպայման կվերամիավորենք մեր երկիրը»։
Բաստիլի գրավման պատմական օրը՝ հուլիսի 14-ին, Թեհրանը Վիեննայում գրավեց իր «Բաստիլը»՝ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալով Արևմուտքի հետ: Տոնախմբությունը Թեհրանում վկայում է, որ Իրանի ժողովուրդը պաշտպանում է Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու Հասան Ռուհանիի նախագահության հետ սկսված քաղաքականությունը: Պատժամիջոցների աստիճանական վերացումը ոչ միայն Թեհրանի ու տարածաշրջանի, համաշխարհային տնտեսության առաջ է նոր հնարավորություններ բացում: Իրանն ունի նավթ ու գազ, բայց ներդրումների սուր անհրաժեշտություն՝ արդիականացնելու իր տեխնոլոգիաները: Հոռետեսները պնդում են, որ իրականում ոչինչ չի փոխվել՝ պատժամիջոցները վերացվելու են աստիճանական ու տարիների ընթացքում, համաձայնագիրը այնքան կայուն չէ, որքան կցանկանար Իրանը, ոչ մի երաշխիք, որ Արևմուտքը չի փոխի մտադրությունը, որ հրեաները հաջողության չեն հասնի Կոնգրեսում, որ Իրանն իրոք կկատարի համաձայնագիրը՝ հիմք ընդունելով Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Համենեիի հայտարարությունը, որ ԱՄՆ-ի հետ դիմակայությունը, միևնույն է, շարունակվում է և այլն, և այլն: Բայց նրանք հաշվի չեն առնում դիվանագիտական նրբությունները՝ քանի դեռ ԱՄՆ-ի Կոնգրեսը չի հաստատել համաձայնագիրը, Թեհրանը իշխանության բոլոր մակարդակներով չի հայտարարի, որ փոխում է քաղաքական կուրսը: Դա սեփական լծակները պահպանելու պարտադիր անհրաժեշտություն է: Իրանը չափազանց բարդ ու կենսական նշանակության խաղի մեջ է, որ հանուն հոռետեսների իրական ու կեղծ մտահոգությունները փարատելու բացահայտի խաղաքարտերը: Արևմուտքը իսկապես ունի Իրանի կարիքը, Իրանն էլ՝ Արևմուտքի, սա գործընթաց է, որտեղ Թեհրանը փոխարինում է Մոսկվային, բայց ոչ հրապարակային հայտարարություններով, այլ աստիճանական քայլերով ու տնտեսական ասպարեզում: Թեհրանը, ինչպես Բաքուն, առճակատման չի գնա Մոսկվայի հետ, բայց դեմ չի լինի մեծացնել իր նավթի ու գազի արտահանման ծավալները Ռուսաստանի արտահանման նվազման հաշվին: Թեհրանը լավ հասկանում է, թե որքան երերուն է իրավիճակը տարածաշրջանում ու իր շահերից ելնելով՝ գերխնդիրը տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանումն է, որ վերանան ներդրումների ռիսկերը, որ լիարժեք տնտեսական միջազգային ծրագրերին չխանգարեն քաղաքական ու ռազմական խնդիրները: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, Իրաքը, Սիրիան, Լիբիան, Եմենը լիուլի բավարար են, որ Իրանը նոր «ճակատ» բացելուն դեմ լինի: Այս ամառը տարածաշրջանի քաղաքական քարտեզը փոխելու ժամանակը չէ, բայց աշխարհաքաղաքական մթնոլորտն ու զարգացումների տրամաբանությունը փոխվում են: Ավարտին է մոտենում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնավարման ժամկետը: Նախագահ ընտրվելու առաջին տարում խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած Բարաք Օբաման Սպիտակ տան հաջորդ տիրոջը արտաքին քաղաքական ասպարեզում վատ ժառանգություն չի թողնում: Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին գլխավոր հարցն էր՝ կպատերազմե՞ն ԱՄՆ-ը և Իրանը, թե՞ ոչ: Հասան Ռուհանիի նախագահության շրջանի գլխավոր հարցն է՝ ե՞րբ Իրանի տնտեսությունը կվերադառնա նախապատժամիջոցային դիրքեր: Բարաք Օբամային հաջողվեց հասնել Իրանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Բազմամյա հակամարտության հաղթահարման ևս մեկ օրինակ էր Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, որ խզվել էր Կուբայում հեղափոխությունից հետո: Երկու մայր ցամաքներում մեկական հարց լուծած Բարաք Օբաման հանգիստ կարող է հեռանալ Սպիտակ տնից՝ իր հաջորդին թողնելով Մերձավոր Արևելքի խնդիրներն ու Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը: Ոչ միայն ԱՄՆ-ում, ԵՄ-ում էլ գիտեն, որ հնարավոր չէ տարածաշրջանի գերտերության առաջ դռները կիսաբացել միայն՝ փոփոխությունները պետք է լիարժեք լինեն: Եվ այս հարթության մեջ հաջորդ լուծելիք հարցը դառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Միանշանակ՝ ո՛չ ռազմական ճանապարհով: Սա գլխավոր պայմանն է, որ պնդում է Արևմուտքը, մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը, որ տարածաշրջանը համարում է իր կենսական շահերի դաշտ, խաղաղության ու զարգացման համապատկերում տեսնում է իր դերի անխուսափելի նվազում ու իր՝ իբրև արբիտրի անհրաժեշտության վերացում: Ոչինչ այնքան վտանգավոր չէ, որքան վառոդի տակառը կայծակի ժամանակ: Ռուսաստանը վառոդի տակառը տարածաշրջանում ստեղծել է՝ զենքի վաճառքով ու քաղաքական ճանապարհով, իսկ կայծակը կարող է և՛ պատահաբար խփել, և՛ ուղղորդված: Եթե ԱՄՆ-ը հերթական շրջափուլում ստանձնում է Մինսկի խմբում նախաձեռնությունը, առաջին խնդիրը խաղաղությունն է, երկրորդը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը, երրորդը՝ տարածաշրջանի բոլոր պետությունների համար համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման նպաստավոր պայմաններ ստեղծելը: Շարունակելո՞ւ է Երևանը Թեհրանի հետ ռուսերեն խոսել ու համաձայնեցնել իր քայլերը Մոսկվայի հետ բոլոր հարցերում, տարածաշրջանը մնալու է կայծակի հարվածի ենթակա պայթուցիկ տակառ: Մոսկվան գերադասելու է իր ազդեցության գոտում պահել Արևմուտքին կիսապատերազմ հայտարարած Բաքվին ու փորձելու է կասեցնել Իրանի առաջընթացը: Սա բարդ ու դժվար խաղ է, որտեղ հայտնիները անհայտ են, իսկ անհայտները՝ անկանխատեսելի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իսկ մենք Սահմանադրություն ենք փոխում ու հարցերի հարցն ենք մեխել՝ գնո՞ւմ է, մնո՞ւմ է Սերժ Սարգսյանը, կարծես նա խորհրդանշում է ոչ միայն իշխանությունը, այլև Հայաստանն ու հավերժությունը միաժամանակ: Դա նվազագույնը ախտորոշում է Հայաստանի քաղաքական ասպարեզի համար, որ չի տարբերում իր կաշին ու երկրի մաշկը: Ախտորոշում է հասարակության համար, որ ապրում է կրիայի պես պատյանի մեջ ու Բաղրամյան պողոտայի աղճատված ընկալում ունի: Ախտորոշում է իշխանության համար, իր առաքելությունը վերածել ներքաղաքական պայքարի՝ ով է գնում, ով է մնում: Տարածաշրջանի մեր երկնքում մենք չենք ուզում ոչինչ տեսնել:

Դիտվել է՝ 1531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ