Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Անկախության սերնդի ուղիղ գիծը

Անկախության սերնդի ուղիղ գիծը
26.06.2015 | 00:44

Մինչև օգոստոսի 1-ը ժամանակ կա էլեկտրաէներգիայի սակագինը չեղարկելու համար, բայց ոչ ամառային գիշերները Ազատության հրապարակում կամ Բաղրամյանի մատույցներում անցկացնելու: Գիշերները, իհարկե, տաք են, սառը ցնցուղը խնդիր չէ: Առավել ևս, որ «Ինչքան ջրում են, այնքան շատանում ենք», բայց կան և ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ջոկատներ և, դատելով ռուսական անթաքույց հիստերիկ արձագանքից, Կրեմլում կարող են հիշել ՀԱՊԿ պայմանագրի այդ կետը: Երևանում իսկապես թեժ ամառ է: Տարօրինակ է՝ ոչ ոք չէր ծրագրում, որ հունիսի վերջը՝ Խեցգետնի ամառը 2015-ին Հայաստանում կլինի այսպիսին: Ծրագիր հիմա էլ չկա, որ նույնպես տարօրինակ է: Կա խնդիր՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-երի առաջարկով բարձրացրել է էլեկտրաէներգիայի գինը, ու դա սպառողը չի ընդունում: Չի ընդունում սպառողների այն մասը, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կոչով դուրս է եկել փողոց:
Ի՞նչ ունենք հայտնի իրադարձություններից հետո:
1. «Ո՛չ թալանին» նախաձեռնություն, որը եղել ու մնում է քաղաքացիական, բարձրացնում է սոցիալական հարց, պաշտպանում է սպառողների իրավունքները, բայց չունի գոնե ինքնակառավարվող մաս և պատկերացում, թե ինչ է անելու: Իսկ դա նշանակում է, որ բոլոր կողմերից ենթակա է ազդեցության, և երիտասարդական մաքսիմալիզմը բավական չէ որոշումներ ընդունելու, չպառակտվելու համար:
2. Բողոքի առաջին գիշերը Հայաստանում կրկնվեց անցյալից լավ հայտնի սցենարը՝ ոստիկաններով, ջրցանով, անհայտ ծագման անձանցով, բռնություններով ու բերման ենթարկվածներով, և խաղաղ նստացույցն անպաշտպան էր ոստիկանների առաջ:
3. Բողոքի երկրորդ օրը սցենարը փոխվեց՝ մի քանի ժամում բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին, հանրահավաքը շարունակվեց, Ազատության հրապարակից հասավ նախկին դիրքեր ու հաստատվեց, բայց ոչ մի քայլ առաջ չանցավ:
4. Նախաձեռնության անդամները առաջին օրը մերժեցին ՀՀ նախագահի հանդիպման հրավերը՝ պնդելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման չեղարկումը, հետագա օրերին հաստատուն մնացին իրենց որոշման մեջ՝ առանց գործողությունների ծրագրի:
5. Բողոքի երկրորդ օրը, ավելի ճիշտ` գիշերը, ազգային-հայրենասիրական պոռթկումով պողոտա եկան պատգամավորները՝ կենդանի պատնեշ դառնալու ոստիկանների ու ցուցարարների միջև: Եթե առաջին գիշերը դա վտանգավոր էր՝ կարող էին ջրվել ու ծեծվել, երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը գնալու է Բրյուսել ու այցը ավելի չեն «փչացնի» ոստիկանության ձեռքով, պատգամավորները հերոսների նման անքուն գիշեր անցկացրին բարիկադների վրա: Վաղուց ձևավորվել է մի շերտ, որ միշտ մեջտեղում է՝ ոչ իշխանության հետ, ոչ ժողովրդի, կամ և իշխանության հետ, և ժողովրդի: Բայց դա գործնական հնարավորություն է շահել երկու կողմերից, չանելով ոչինչ: Քամելեոնի սինդրոմ՝ Նապոլեոնի հավակնություններով:
6. Նույն գիշերը ցուցարարներին միացան իշխանական շոու բիզնեսմենները՝ նույն նպատակով, բայց նաև եզակի մտավորականներ ու հոգևորականներ՝ ոչ իբրև «պատնեշ», այլ՝ անպատնեշ, մարդկային շփումի համար:

7. Պարզվեց, որ Հայաստանում կա իսկապես նոր որակի ոստիկանություն, որը, ըստ ավանդույթի, արագ վերադառնում է հին որակներին, և կա ոստիկանապետ, որ կարողանում է ոչ միայն աղոթել, այլև ներողություն խնդրել: Հայաստանում կա Ազգային ժողով, որի պատգամավորները հանուն ժողովրդի պատրաստ են ամեն ինչի, եթե բխում է իրենց շահերից: Հայաստանում չկան նախարարներ ու կառավարություն, չկա վարչապետ: Խնդրին առնչվող որևէ նախարար Բաղրամյան պողոտա չեկավ: Արմեն Աշոտյանը միակ բացառությունն էր, որ ներկայացնում էր ԵԺԿ անդամ ՀՀԿ-ին: Էներգետիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարներն իրենց այս օրերին տեսան ամեն տեղ, բայց ոչ Բաղրամյան պողոտայում: Երևանի քարտեզից Բաղրամյանը ջնջել է վարչապետը: Ո՞վ, եթե ոչ Հովիկ Աբրահամյանը, առաջինը պետք է նետվեր բարիկադների վրա՝ հավատարիմ բաց ու հրապարակային աշխատանքի իր որդեգրած ոճին և ի շարունակումն սոցիալական բողոքները անձնական հմայքով մարելու քաղաքականությանը: Ո՞վ, եթե ոչ Հովիկ Աբրահամյանը, պարտավոր էր հանդիպել ցուցարարներին ու փորձել համատեղ լուծում գտնել: Թեկուզ այն պատճառով, որ էլեկտրաէներգիայի թանկացմանը հաջորդող թանկացումները ավելացնելու են իր գլխավորած կառավարության սոցիալական բեռը, աղքատության մակարդակը և բոլոր այն խնդիրները, որ կառավարման համակարգում լուծում են կառավարությունն ու վարչապետը: Բայց Հովիկ Աբրահամյանն իբրև վարչապետ ունի և փայլուն՝ միջպետական ու իրավական մակարդակով, լուծում է մեկ խնդիր՝ ԵԱՏՄ տարածք, ավելի կոնկրետ՝ Ռուսաստան, ապրանքների փոխարեն արտահանել էժան աշխատուժ, որն էլ Հայաստան է ներմուծում ֆինանսներ՝ տրանսֆերտի տեսքով: Ճիշտ է՝ վերջերս չի ստացվում, աշխատանք չկա՝ փող չկա: ՈՒ դա ևս պիտի վարչապետին թելադրեր վերանայել իր տեսակետները և կառավարության խնդիր համարեր աշխատատեղերի ստեղծումը Հայաստանում, թեպետ պաշտոնը ստանձնելուց հետո խորհրդարանում հայտարարեց, որ կառավարության խնդիրը չէ աշխատատեղեր ստեղծելը: Վերջապես՝ Բաղրամյանի տեղը հիշելով՝ Հովիկ Աբրահամյանը կարող էր ոչ պաշտոնական, ավելի կարևոր խնդիր լուծել՝ նախագահին ցույց տալ, թե ինչպես է նետվում թեժ կետեր՝ կանխելու նրան սպառնացող «վտանգը»: Հովիկ Աբրահամյանը գերադասեց հանդիպել… Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ: Հանդիպումը վաղուց էր ծրագրված ու թեմային չէր նվիրված, թեպետ, պարզ է, որ թեման էլ է շոշափվել:
8. Երևանում ու մարզերում ծավալվող իրադարձություններում իր մեղքն ու դերը չտեսավ ոչ միայն Ռոբերտ Նազարյանը, այլև ՀԷՑ-ի կառավարիչը: Եվգենի Բիբինի պարագան պարզ է՝ նա օտար է, ու նրանից ոչ ոք ոչինչ չի ուզում: Հարցի շուրջ տնտեսագիտական հիմնավորումներ անող հանձնաժողովը ու ոչնչից չվախեցող Ռոբերտ Նազարյանը կարող են հարցը փակուղուց հանել, եթե հանձնաժողովը վերանայի իր որոշումը: Բնականաբար, դա միայն իրավականորեն է լինելու Ռոբերտ Նազարյանի սխրանքը, այդ սխրանքը գործվելու է նախագահականում ¥եթե գործվի¤ և հետևանք է լինելու Բաղրամյան փողոցում քաղաքացիական շարժման պայքարի, որը դեռ չի վերաճել քաղաքականի:
9. Երեքշաբթի մենք Երևանում տեղյակ չէինք, բայց Մոսկվայից ու Կիևից իմացանք, որ Հայաստանում սկսվել է Մայդան: Հաջորդող օրերին ռուսական հեռուստաալիքները սահմռկեցուցիչ դեպքեր պատմեցին Երևանի կենտրոնում ծավալվող «գունավոր հեղափոխության» մասին, որտեղ դանակներով, կաստետներով, երկաթե ձողերով (շնորհակալություն, որ ոչ «մոլոտովյան կոկտեյլներով» զինված, քաղաքական պահանջներ դնող, եռագույն դրոշով փաթաթված, դիմակներ կրող ամբոխը հարձակվել է ոստիկանների վրա, նրանք էլ հարկադրված են եղել իրենք իրենց ջրաշիթերով պաշտպանել: Նույնքան օպերատիվ տեղեկացանք, որ Մայդանի հեղինակը Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունն է (շնորհակալություն, որ ամիսներ առաջ Երևան եկած Վիկտորյա Նուլանդին և ոստիկանների վրա երկաթե ձողերով «հարձակվող ցուցարարներին» մոնտաժ չէին արել): Կրկնվեց հունվարյան պատկերը՝ երբ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության հաջորդ օրը դարձյալ Մոսկվայից իմացանք, որ Գյումրիում ու Երևանում պահանջել ենք Գյումրիի ռուսական ռազմաբազան փակել ու հակառուսական ցույցեր ենք անում, երբ ոչ ոք Պերմյակովի տեղը չգիտեր: Իսկ հետո «իմացանք», որ կատարվածը ահաբեկչություն էր, որ ծրագրել էին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները, թեպետ մինչ օրս էլ չգիտենք՝ իրականում ինչ ու ինչու է եղել: Ռուսական լրատվամիջոցները ամեն տեղ Մայդան են որոնում և լինի-չլինի՝ ուզում են հաստատել, նրանց իմացած աշխարհում կան միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, որ այսօր թշնամի են իրար, ուրեմն որտեղ, ինչ էլ լինի, չի կարող կապ չունենալ կամ Ռուսաստանի, կամ ԱՄՆ-ի հետ, ավելի ճիշտ՝ ԱՄՆ-ի հետ՝ Ռուսաստանի դեմ: Միայն մի քանի ռուս լրագրողներ անհրաժեշտ համարեցին ներողություն խնդրել Հայաստանից ու հայերից՝ իրենց գործընկերների համար, բայց նրանց էլ չէր հետաքրքրում՝ ռուսական ընկերությունը իր կառավարման ընթացքում հայկական էլեկտրացանցերն ինչո՞ւ է հասցրել սնանկացման:
10. ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի դեսպանատները, ԵՄ գրասենյակը իրենց մտահոգությունը հայտնեցին հունիսի 23-ի առավոտյան ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, լրագրողների նկատմամբ բռնությունների վերաբերյալ, ՌԴ դեսպանը հաջորդ օրը, Կրեմլի արձագանքից հետո, հիշեց, որ «Այս իրավիճակը պետք է կարգավորվի բացառապես իրավական դաշտում: Այլ տարբերակներ չեն կարող լինել» ու «Հայաստանը կարող է զարգանալ միայն կայունության պայմաններում»: Գուցե Եվգենի Բիբինի՞ն ասեր:
Խեցգետնի ամառը միշտ լի է անակնկալներով: Ի՞նչ ուրիշ անակնկալներ կարող են լինել: Բազում: Իսկ ի՞նչ ելքեր ունենք:
1. Բաղրամյան պողոտայում փակված երթևեկը չի կարող երկար տևել, ոստիկանները կվերադառնան առաջին գիշերվա սցենարին, երբ հրահանգ լինի:
2. «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը սքանչելի է իբրև քաղաքացիների նախաձեռնություն, որը ճիշտ իր գործով է զբաղված՝ նախաձեռնել է քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Նրանց գործը չէ ելքեր առաջարկելը: Ստեղծված իրավիճակում մենք նրանցից ենք սպասում ելքեր գտնելը, որովհետև նախագահն առաջարկում է իրեն հանդիպել, ԱԺ-ն իր մեջ ուժ գտավ Բիբինին հանդիպել ու բերման ենթարկվածների ազատ արձակումը երաշխավորել, վարչապետը ոչինչ չի առաջարկում: Այսինքն՝ պետական կառույցները հարցի լուծումը փաստացի թողել են սպառողներին:
3. Իրավիճակն ունի միայն մեկ հանգուցալուծում՝ ՀԷՑ-երը պետք է պետականացվեն, որից հետո միջազգային մրցույթով վաճառվեն: Միայն այդ պարագայում երաշխիքներ կլինեն, որ էլեկտրաէներգիայի սակագինը ամեն տարի չի բարձրանալու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Այսօր Բաղրամյան պողոտայում անկախության սերունդն է, որը պարտվել չգիտի, որովհետև մեզ նման փորձառու ու խելամիտ չէ, և գիտի, որ երկու կետերը միացնող ամենակարճ ճանապարհը ուղիղ գիծն է՝ ազատ, անկախ Հայաստան:

Դիտվել է՝ 1154

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ