ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ռուսաստան-Իրան. Ինչ զենիթահրթիռային համակարգեր են ներմուծվելու տարածաշրջանային աշխարհաքաղաքականություն և երբ

Ռուսաստան-Իրան. Ինչ զենիթահրթիռային համակարգեր են  ներմուծվելու տարածաշրջանային աշխարհաքաղաքականություն և երբ
26.06.2015 | 00:50

Քանի դեռ Երևանում զարգանում են ոչ միանշանակ իրադարձություններ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ, աշխարհում տեղի են ունենում շատ ավելի բազմանշանակ իրադարձություններ: Բայց մեր հասարակության ուշադրությունը սկզբում հմտորեն շեղեցին հենց այդ սադրանքով, հիմա շեղում են, բնականաբար, բողոքի գործողություններով ու մնացյալ հետևանքներով: Վերջապես «երգեց» Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը. սխեման նույնն է՝ «անհանգստություն ցուցարարների դեմ կիրառված անհամաչափ ուժի պատճառով»: Ահա մեր երկրի «մայդանացման» սկիզբը: Ո՞վ է մեղավոր, ո՞վ՝ ճիշտ, ո՞վ կլինի մեր տեղական «Յանուկովիչը», իսկ ո՞վ՝ «Վալցման-Պորոշենկոն», կապրենք՝ կտեսնենք:
Իսկ Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի ու ավելի է սրվում: Երբ ապրիլի վերջին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անսպասելի կասկածի տակ դրեց ռուսական C-300 զենիթահրթիռային համակարգերի արդյունավետությունը, պարզ դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 12-ի որոշումը՝ բեկանել Մեդվեդևի հրամանագիրը, որով արգելվում էր այդ համակարգերը Իրանին մատակարարել, աշխարհաքաղաքականության մեջ դարձավ ինքնուրույն գործոն: Հատկապես հաշվի առնելով վերջին ողբերգական իրադարձությունները Եմենում, Իրաքում, Սիրիայում և սուննի արմատականների՝ մարդկության դեմ գործած հանցագործությունների շղթան, «տարօրինակ» ձևափոխությունները քրդական հարցի ներսում և այլն: Համաշխարհային հանրությունը տեսնում է, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում հեռու է կայունությունից ու խաղաղվելուց, իզուր չեն ազդեցիկ միջազգային կազմակերպություններից նախազգուշացումներ հնչում, որ սիրիական Թադմորի, Պալմիրա հնադարյան քաղաք-թանգարանի կործանումն ու կողոպուտը կգնահատվեն իբրև ռազմական հանցագործություններ: Ինչ բանավեճեր էլ ծավալվեն, թե ով է մասնակից ԻՊ-ի ու ալ Քաիդայի տարատեսակ հանցագործություններին, այդ զգուշացումը կառույցներին, որ օգտվում են Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Կատարի անթաքույց հովանավորությունից, առաջին անգամ է հնչում «արաբական գարնան մեթոդները» 2011-12 թթ. Սիրիայում ու Իրաքում կիրառելու փորձերից հետո:
Լուրերի համապատկերում, որ Կատարում պետական հեղաշրջման փորձ է արվել, իսկ Կատարի էմիր շեյխ Համադ բին Խալիֆա ատ-Տանին իբր անհետացել է, Իրանի իշխանությունների ու Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի փոխադարձ հավաստիացումներից, որ երկու երկրները համատեղ են դիմակայում սուննի ահաբեկիչ «հեղափոխական-դեմոկրատների» ագրեսիային, բոլոր մնացած նրբագծերը Մերձավոր Արևելքում իրականում հատուկ նշանակություն ու հնչողություն են ստանում: Հասկանալի է, որ բոլորի աչքի առաջ են Միջերկրական ծովում, Սիրիայի ափերից ոչ հեռու անցկացված ռուս-չինական համատեղ ծովային վարժանքները, որ մոտեցված էին մարտական գործողություններին, հունիսի 18-ին այդ տարածք ռուսական ռազմանավերի ևս մի խմբի մուտքը: Հիմա նաև՝ շիաների ապստամբությունը Սաուդյան Արաբիայում, Եմենի շիաների հակահարձակումները: Նաև՝ ռուսական զենքի մատակարարումները Իրաքին, որի մասին խոսեց Վլադիմիր Պուտինը Մոսկվայում շտապ Ռուսաստան ժամանած Իրաքի վարչապետ (շիա) Հայդեր ալ Աբադի հետ: Ստացվում է, որ Իրանին C-300 համակարգերի մատակարարման հարցը երկրորդ պլան է մղվում, բայց օրակարգից հանված չէ, համենայն դեպս՝ ռուս-իրանական հարաբերությունների: Երբ պարզվեց, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում, չնայած հայտարարվել էր, որ քննարկվելու են ՈՒկրաինայի ու Սիրիայի հարցերը, անդրադարձավ և իրանյան թեմային, այդ թվում՝ Թեհրանին C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարմանը, իսկ մայիսի 19-ին ու 21-ին ռուսական դեսպանատունը Դամասկոսում ենթարկվեց նպատակային հրետանային գնդակոծության, դոմինոյի բոլոր քարերը հաջորդականությամբ իրենց տեղն ընկան: Ոչ ամերիկացիների առևտուրը, ոչ Քերիի «ուլտիմատումը» Ռուսաստանի հասցեին Վաշինգտոնին ցանկալի արդյունքները չբերեցին: Դա ստիպում է անդրադառնալ ռուս ղեկավարների և Բարաք Օբամայի ապրիլյան հայտարարություններին: Ապրիլի 14-ին Սերգեյ Լավրովը բացատրեց Մոսկվայի դիրքորոշումը և ՌԴ նախագահի որոշումը որակեց «ճիշտ»՝ շեշտադրելով, որ 2010-ին Ռուսաստանը C-300-ի մատակարարման սառեցման որոշումն ընդունել է բացառապես կամավոր, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ-ն որևէ սահմանափակում չէր դնում Իրանին հակաօդային պաշտպանության միջոցների տրամադրման հարցում, և այդ քայլն արվել է «իբրև աջակցություն միջազգային միջնորդների վեցյակի ջանքերին, խթանելու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների առավելագույնս կառուցողականությունը»: Երկրորդ, համոզում էր Լավրովը, արգելքի վերացումը հնարավոր է դարձել, որովհետև Շվեյցարիայի բանակցություններում քաղաքական պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Միակ դժբախտությունը՝ բարձր մակարդակով կողմերը պայմանավորվածությունները միանգամայն տարբեր են մեկնաբանում: Երրորդ՝ հակաօդային պաշտպանության միջոցները Իրանին պետք են Եմենի իրավիճակի պատճառով: Լավրովի խոսքերի միակ տրամաբանական բացատրությունը կասկածն է, որ ՌԴ ԱԳՆ-ում վստահ են՝ սարերի հետևում չէ այն ժամանակը, երբ Իրանն ու Սաուդյան Արաբիան ուղղակի ռազմական բախման են գնալու: Սաուդցիների ջանքերը Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողովում անպայման հանդիպել և բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապացուցում են՝ ԱՄՆ-ի մարիոնետային երկրներում, ի տարբերություն Հայաստանի, շատ կոշտ են զգում տարածաշրջանային ռազմավարության փոփոխությունները ռուս-իրանական երկխոսության շարունակմամբ ու մերձեցմամբ:
Ապրիլին ԱՄՆ-ի արձագանքը դադարեց՝ շատ ավելի արագ իր դժգոհությունը հայտնեց Իսրայելը: Թել Ավիվը նույնիսկ հանդգնեց շանտաժ անել Ռուսաստանին, որ ՈՒկրաինային մահաբեր զենք կվաճառի: Այնուհանդերձ, Օբամայի հայտարարությունները զարմացնելու աստիճանի անգրագետ էին: ԱՄՆ-ի նախագահը MSNBC հեռուստաալիքով հայտարարեց, թե ռուսական հրթիռային համակարգերը չեն օգնի Իրանին թաքցնելու իր միջուկային օբյեկտները ԱՄՆ-ի գրոհներից: «Մենք պետք է այդ հեռանկարը հաշվի առնենք: Մեր ռազմական բյուջեն 600 միլիարդ դոլարից մի քիչ պակաս է, նրանցը՝ մի քիչ շատ 17 միլիարդից: Եթե նրանք ստանան հակաօդային պաշտպանության համակարգերը, անհրաժեշտության դեպքում մենք կհաղթահարենք այդ պաշտպանությունը: Նույնիսկ, եթե նրանք ստանան մի քանի զենիթահրթիռային համակարգեր, եթե հարկ լինի, մենք կկարողանանք շրջանցել ու պատժել»,- ասաց Օբաման, նշելով, որ իր ծրագրերում չկա տարածաշրջանի խնդիրները մեծ պատերազմով լուծելու մտադրությունը: Հարց է ծագում՝ ի՞նչ է հայտնի C-300-ի վերաբերյալ ռուս-իրանական պայմանագրի մասին Բարաք Օբամային, եթե նա հրապարակայնորեն իր անտեղյակությունն է ցուցահանում այդ համակարգերի հնարավորությունների առնչությամբ: Գուցե պետքարտուղար Ջոն Քերին ավելի տեղեկացված է, այդ պատճառով շտապեց Ռուսաստան՝ Մեծ հայրենականի հաղթանակի 70-ամյակից հետո: Եթե հիշենք ռուս-իրանական բանակցությունների ամբողջ էպոպեան C-300-ի մատակարարումների հարցով, բանակցությունները սկսվել են շատ ավելի վաղ, քան համապատասխան փաստաթղթերը կստորագրվեին 2007-ին: 2000-ականների սկզբներին այդ թեմայով քանիցս Մոսկվա է այցելել ԻԻՀ պաշտպանության նախկին նախարար, կոնտրծովակալ Ալի Շամխանին՝ Թեհրանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենի ներկա դիտորդը, Իրանի իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսի նավատորմի նախկին հրամանատարը: Թեհրանը C-300 ուզում էր ստանալ նախքան Մահմուդ Ահմադինեժադի նախագահությունը, դեռ Մոհամադ Խաթամիի ժամանակ, ում հիմա Արևմուտքը համարում է Իրանի «բարեփոխիչների» թևի ներկայացուցիչ: Ներկա նախագահ Հասան Ռուհանիին նույնպես Արևմուտքը կարծես թե համարում էր «բարեփոխիչների» թևից: Եվ հազիվ թե մենք պատահականությունների հետ գործ ունենք, թեպետ, անկասկած, C-300-ի մատակարարումների մասին ռուս-իրանական պայմանագիրը վերջնականապես ձևակերպվեց հենց «պահպանողական» Մահմուդ Ահմադինեժադի օրոք: Այն ժամանակ Մոսկվան ու Թեհրանը պայմանավորվեցին հինգ դիվիզիոնի (40 հրթիռներ) մատակարարման շուրջ: Հապաղման պատճառն այն էր, որ իբր սկզբում խոսքը C-300 ВМ մոդիֆիկացիայի մասին էր, սակայն Կիպրոսին C-300 ПМУ մոդիֆիկացիայի հրթիռների վաճառքից հետո իրանական կողմը որոշակի հարցեր ունեցավ ռուսական կողմին: Արդյունքում հայտարարվեց, որ Մոսկվան Թեհրանին կտրամադրի հենց C-300 ПМУ-1, այսինքն, շատ ավելի շարժունակ (ուրեմն և դժվար որսացվող) «Ֆավորիտ» համակարգեր: Սակայն 2014-ին ռուսական ռազմարդյունաբերական համալիրը պաշտոնապես հայտարարել էր, որ C-300 համակարգերն արտադրությունից հանվել են, ինչը հասկանալի էր, երբ արդեն կային C-400-ները և սկզբունքորեն պատրաստ էին C-500-ները: Պատկերացնո՞ւմ են ԱՄՆ-ի իշխանությունները C-300 ПМУ-1-երի 40 հրթիռների հարվածային ուժն ու պաշտպանական հնարավորությունները, երբ հավատացնում են իրենց նախագահին, որ ամերիկյան ավիամիջոցները կարող են «շրջանցել իրանցիների պաշտպանությունը», երբ համակարգերը հասնեն Իրան: Դժվար է դատել Բարաք Օբամայի խորհրդականների իրազեկության մասին, բայց հայտնի է, որ C-300-ները շատ չափորոշիչներով գերազանցում են ամերիկյան «Պետրիոտներին»: Խորանալով ԱՄՆ-ի տեղեկացվածության աստիճանի մեջ, մենք կարող ենք խրվել անպտուղ կասկածների հորձանուտը, օրինակ, որքան են ամերիկացիները տեղյակ ռուսական ձեռնարկությունների ու նախագծային բյուրոների մասին, որ զբաղվում են հակաօդային պաշտպանության այդ համակարգերի նախագծմամբ ու արտադրությամբ: Կամ՝ տեղեկացվա՞ծ են ՌԴ հրթիռային զորակայանների մասին, որտեղ փորձարկվում և ուսումնական կրակոցներ են կազմակերպվում C-300 ПМУ-1 հրթիռներով: Շատ ավելի կարևոր է հասկանալ, թե Ռուսաստանը ինչ է տրամադրելու (եթե տրամադրի) Իրանին, եթե իրականությանը համապատասխանում են C-300-ները արտադրությունից հանելու լուրերը: Ճշտենք, որ արտադրությունից հանելը ոչնչացնել չէ, բայց դժվար է պատկերացնել, որ կան պատրաստի արտադրանքի պահեստներ, որտեղ հատուկ Իրանի համար պահպանվել են 40 C-300 ПМУ-1-եր: 3-4 տարի առաջ ԶԼՄ-ները ակտիվ քննարկում էին հարցը, որ Իրանի համար նախատեսված C-300 ПМУ-1-ները Ռուսաստանը իբր վաճառել է Ադրբեջանին: Այդպես է թե ոչ, հիմա չէ պարզելու պահը, բայց ՌԴ իշխանությունները հստակ հայտարարեցին, որ պատրաստ են Իրանին մատակարարել այդ համակարգերը: Պուտինի հայտարարությունից մի քանի օր անց հնչեցին և «Ռոսօբորոնէքսպորտի» բացատրությունները՝ պարզվեց, որ պայմանագիրը պետք է վերակնքվի, բայց նորից C-300 կԾձ-1-երի վերաբերյալ: 2015-ին կամ նույնիսկ 2016-ին որտեղի՞ց են վերցնելու նոր C-300 ПМУ-1-եր, եթե չեն հանել արտադրությունից 2014-ին: Իհարկե, արտադրությունից հանել չի նշանակում, որ համակարգերը հանվել են ռուսական զինված ուժերի հակաօդային պաշտպանությունից: Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, որ Իրանին կմատակարարվեն ՌԴ զինված ուժերի «օգտագործման մեջ գտնվող» C-300 ПМУ-1-եր, որ բուռն քննարկում են Ռուսաստանի արևմտամետ որոշ լրատվամիջոցներ: Սակայն նրանք հաշվի չեն առնում, որ «օգտագործված» արտադրանքը ամենևին իրանցիների սրտով չի լինի, իսկ նրանք պաշտպանության և անվտանգության հարցերում բնավ էժանության հետևից չեն ընկնում և ձգտում են ձեռք բերել բացառապես նոր արտադրանք: Նրբությունը ոչ միայն այն է, որ «Ռոսօբորոնէքսպորտը» նշում էր ոչ թե հին պայմանագրի նորացման, այլ պայմանագրի վերակնքման մասին, որ ենթադրում է՝ կողմերը առաքման առարկայի մասին լրացուցիչ պայմանավորվածության կարող են հասնել: Բացի այդ, C-300-ները արտադրությունից հանելու հայտարարությունը չէր ճշտում՝ բոլո՞ր մոդիֆիկացիաներն են արտադրությունից հանվել, վերաբերո՞ւմ է այդ որոշումը հենց C-300 ПМУ-1-երին, որ անվանվում են «Ֆավորիտներ», առավել ևս C-300 ПМУ-2-ին: Դեռ 2012-ին Թեհրանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրման համալսարանի ամբիոնի վարիչ, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի անդամ, Ռուսաստանի, Միջին Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի հիմնադիր և տնօրեն, Մոսկվայում Իրանի դեսպանատանը կից մշակութային կենտրոնի նախկին տնօրեն Մեհդի Սանային իրանական Khabar գործակալությանը տված հարցազրույցում կանխատեսել էր ռուսական մատակարարումների մասին համաձայնագրի վերակնքումը. «Իրանի հետ հարաբերություններում Ռուսաստանին կարող է օգնել ինչ-որ երրորդ որոշում: Ես կառաջարկեի երկու պետություններին նոր պայմանագիր կնքել: Ռուսաստանը կարող է Իրանին տրամադրել ավելի կատարելագործված C-400 հրթիռային համակարգեր: Իրանի առարկությունները դուրս կգան, և երկու երկրների հարաբերությունները չեն տուժի»: Այսինքն, «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր, որ սկզբում ինդեքսավորվում էին իբրև C-300 ПМЗ:
C-400-ի հայտնությունը Մերձավոր Արևելքի հնարավոր ռազմական գործողությունների թատերաբեմում միայն աշխարհաքաղաքական փոփոխություն չէ, հավասար է համատիեզերական աղետի: C-300 ПМУ-1 կամ ПМУ-2-ների անորսալիության գործոնը արդեն կարող է հեղափոխականություն ներմուծել ոչ միայն հակաօդային պաշտպանության համակարգերի ու մարտական ավիացիայի ուժերի հարաբերակցության մեջ, այլև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական ուժերի վերադասավորության: Փաստորեն, Մերձավոր Արևելքի իքս ժամը մոտենում է, առավել ևս Սաուդյան Արաբիայի շիական մզկիթում տեղի ունեցած մայիսի 22-ի խոշոր ահաբեկչությունից հետո: Սպասելի է, որ Իրանը կցանկանա «իր» համակարգերը ստանալ 2015-ի տարեվերջից շատ առաջ: Արդեն հիմա բացահայտ խոսվում է, որ մինչև այս տարվա հունիսի 30-ը Արևմուտքը և Իրանը հազիվ թե վերջնական տեքստ ունենան միջուկային ծրագրի վերաբերյալ, ԱՄՆ-ում արդեն խոսում են Իրանի հետ բանակցությունների շարունակման մասին հունիսի 30-ից հետո: Տեղեկությունը, որ Թեհրանն ու Մոսկվան պատրաստվում են հետ կանչել Իրանի հայցը Ռուսաստանին՝ C-300-ը անցած տարիներին չտրամադրելու հարցով, չնայած կանխավճարին, ապացուցում է, որ Իրանը և Ռուսաստանը արդյունավետ պատրաստվում են տարածաշրջանում ու տարածաշրջանի շուրջ շատ մեծ իրադարձությունների: Հիշեցնեմ՝ սաուդցիների գերարագ մարաթոնը դեպի Սանկտ Պետերբուրգ և Վլադիմիր Պուտինի հետ նրանց բանակցությունների արդյունքները հաստատում են, որ նույնիսկ ԱՄՆ-ից խամաճիկային կախման մեջ գտնվող երկրները հիանալի պատկերացնում են տարածաշրջանում ռուս-իրանական փոխգործակցության հետևանքները: Ավաղ, մեր երկրում, իշխանությունները և ընդդիմությունը դա ոչ միայն չեն պատկերացնում, այլև չեն ցանկանում պատկերացնել: Ահա և մենք հայտնվեցինք Հայաստանի «մայդանացման» շեմին:
Այդ կամ այլ C-300-ներ Ռուսաստանից Իրան անպայման կհասնեն: Գուցե նույնիսկ C-300 ПМЗ-ներ, այսինքն՝ C-400-ներ: Դա կնշանակի ոչ միայն իրանցի հրթիռանետ կուրսանտների թվի աճ ռուսական ռազմական բուհերում, այլև ինտենսիվ ռազմական կապեր Ռուսաստանի ու Իրանի միջև, ռուս հրթիռանետների ու ռազմական հրահանգիչների հաճախակի այցեր Իրան: Գործընթացներն առավել քան լուրջ են, եթե հաշվի առնենք Վրաստանի ու Թուրքիայի ներքին վիճակի բազմանշանակությունը: Իսկ մենք Հայաստանում ամբողջ հոգով «զվարճանում» ենք՝ ի շահ Երևանում ԱՄՆ-ի դեսպանատան: Ինչպես և ՌԵ-ի տնօրեն Յակունինի սկանդալային հայտարարության դեպքում Իրան-Հայաստան երկաթուղու լինել-չլինելու մասին, մեր ժողովրդին ու մեր երկիրը հերթական անգամ «քաշելու» ու ԱՄՆ-ի «մայդանացմանը» ենթարկելու մեջ նորից հայտնվում է ռուսական անձնագրեր ունեցողների «հետքը», ասենք՝ ի դեմս ՀԷՑ-երի տնօրեն (իսկ դա «ИНТЕР РАО»-ի դուստր ձեռնարկությունն է) պարոն Բիբինի ու իր ենթակաների: Դժվար է պատկերացնել, որ ռուս բիբինները և Հայաստանի կառավարության անդամները նախապես չէին կանխատեսել, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը բնակչության բողոքը կհարուցի: Բայց դա արդեն ուրիշ խոսակցություն է, որ ուղղակի կապված չէ Իրանին ռուսական C-300/C-400-ների մատակարարման և տարածաշրջանում ռուս-իրանական գործակցության ամրապնդման հետ:

Սերգեյ
ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3869

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ