Միշտ մի աղետ, մի վնաս՝ գալիս է մեզ անպակաս: Իբր ՀԷՑ-երն ու Բիբինը քիչ էին, Կրիշտիանու Ռոնալդուն քիչ էր, անցած շաբաթ ԵԽԽՎ-ն էլ ավելացավ: Եթե Բիբինը և Ռոնալդուն բացահայտ հարձակվում են՝ մեկը լրատվական, մեկը ֆուտբոլի դաշտում, ԵԽԽՎ-ն խաղաղ դիրքավորվում է՝ հարձակումից առաջ:
Հայաստան էին եկել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը: Դարասկզբից անդամակցելով ԵԽԽՎ-ին` Հայաստանը շարունակում է մնալ մոնիթորինգի տակ: Դա ողբերգություն չէ, սենսացիա չէ, աղետ չէ: Գործընթաց է: Ընթացակարգ, որով անցնում են բոլոր երկրները: Անդամակցելիս ստանձնում ենք պարտավորություններ, որոնց կատարումը վերահսկվում է, երբ ժողովրդավարական բարեփոխումները համարվեն արմատավորված ու անդառնալի, կսկսվի հետմոնիթորինգային գործընթացը, որից հետո Հայաստանը կարող է դառնալ ԵԽԽՎ լիարժեք անդամ: Կրկնում եմ՝ աղետ, սենսացիա, ձախողում չկան, կա գործընթաց, որ, բացի ամեն ինչից, ենթադրում է ժամանակ: Եվ մոնիթորինգի հանձնաժողովի նպատակն է պարզել ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Տաղտուկ գործ է՝ օրենքներ, համաձայնագրեր, կոնվենցիաներ, հանդիպումներ, երբ համազեկուցողները համարյա չեն խոսում, որովհետև եկել են լսելու ու տեսնելու: Գրեթե փաստահավաք առաքելություն: Աքսել Ֆիշերի ու Ալան Միլի հերթական այցը գրեթե ոչնչով չտարբերվեց նախորդ այցերից՝ նույն ձևաչափով հանդիպումները, նույն հարցերը, նույն պատասխանները: Համենայն դեպս՝ խորհրդարանում: Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը հանդիպել են և արտգործնախարարի ու նախագահի, և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Եթե Հայաստանի մասով չկան խնդրահարույց բացահայտումներ ու աշխարհացունց բողոքներ, խնդիր կա Ադրբեջանի մոնիթորինգի զեկույցի առնչությամբ: Ի՞նչ կապ ունի Հայաստանը:
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովին է ներկայացվել համազեկուցողներ Պեդրո Ագրամունտի և Տադեուշ Իվինսկու զեկույցը Ադրբեջանի մոնիթորինգային պարտավորությունների կատարման ընթացքի մասին: Այս օրերին, երբ Բաքուն առաջին Եվրոպական խաղերի անցկացման հետ կապված հայտնվել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում, մարզական լուրերին և Ադրբեջանի ժողովրդավարական ու տնտեսական նվաճումների քարոզչությանը գերակայում են մեղադրանքները չարդարացված ճոխության ու ծախսերի և հատկապես մամուլի ու իրավապաշտպանների նկատմամբ բռնությունների մասին: Բաքուն դարձել է թիրախ իր հակաժողովրդավարական քաղաքականությամբ: Եվրախորհրդարանում են արդեն ակցիաներ անում՝ կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպաններին ու լրագրողներին: Եվրախորհրդարանի փոխնախագահ, Կանաչների խմբակցության ներկայացուցիչ ՈՒլրիկե Լունաչեկի գլխավորությամբ պատգամավորների մի խումբ հագել է Լեյլա Ալիևայի, Խադիջա Իսմայիլովայի, Անար Մամեդլիի, Ռասուլ Ջաֆարովի, Ինթիգամ Ալիևի ու Էմին Հուսեյնովի լուսանկարներով շապիկներ: Լունաչեկը հայտարարել է, որ Եվրոպան չի կարող անտեսել քաղբանտարկյալների խնդիրը, ու կոչ է արել բանաձև ընդունել հարցի վերաբերյալ: Amnesty International-ը , Freedom House-ը, Human Right Watch-ը և Մարդու իրավունքների նորվեգական տունը համատեղ հայտարարություն էին տարածել, որով անհանգստություն էին հայտնել քաղաքացիական հասարակության դեմ իրականացվող ճնշումների առնչությամբ: Գերմանական, ֆրանսիական, անգամ անգլիական թերթերը լի են քննադատությամբ, և միակ եվրոպական կառույցը, որ Ադրբեջանի պրոբլեմների պատճառը տեսնում է Հայաստանում, ԵԽԽՎ-ն է: Ինչո՞ւ:
Պեդրո Ագրամունտը և Տադեուշ Իվինսկին ընդգծված պրոադրբեջանական դիրքորոշում ունեցող պատգամավորներ են, գերմանական հասարակական կազմակերպություններից մեկի հրապարակած «Խավիարային դիվանագիտություն» գրքում գրանցված «կնքահայրերից»:
Բնական է, որ նրանց զեկույցը չէր կարող ու չպիտի Ադրբեջանին նեղացներ և առանցքում պիտի ունենար ոչ թե եվրոպացիների տեսակետը ու եվրոպական արժեքները, որոնք եղել են, բայց արդեն գրեթե ջնջվել են ԵԽԽՎ-ի՝ իբրև միջազգային կազմակերպության կանոնադրության հիմքում: Նրանք բացահայտորեն կրկնօրինակել են Ադրբեջանի տեսակետը, իմա՝ Հայաստանի ագրեսիան է խոչընդոտում Ադրբեջանի ժողովրդավարացմանը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Սա նոր տեսակետ չէ, տասնյակ տարիներ շրջանառվում է Ադրբեջանի տարբեր մակարդակների պաշտոնյաների ելույթներում ու հարցազրույցներում, ժամանակ առ ժամանակ տարբեր խմբագրությամբ հայտնվում է ԵԽԽՎ մոնիթորինգային զեկույցներում: Իհարկե, զեկույցում կա որոշ մտահոգություն, որ Ադրբեջանը դեռ խնդիրներ ունի ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, սակայն ոչ մի կոնկրետ անուն, ոչ մի թիվ և ոչ մի պահանջ քաղաքական պատճառներով հետապնդվող գործիչներին ազատ արձակելու վերաբերյալ: Հեղինակները անգամ անթաքույց նշում են, որ զեկույցի հիմնական փաստերը և տեղեկությունները վերցրել են ադրբեջանական ԱՊԱ գործակալությունից, որը Բաքվի պաշտոնական քարոզչամեքենայի առանցքն է, և պարզ է, թե ինչը ինչպես պետք է մեկնաբաներ ու տեղեկացներ: ԵԱՀԿ գրասենյակ փակող երկիրը Ստրասբուրգում ներկայացվելու է իբրև զոհ ու ագրեսիայի օբյեկտ: Իհարկե, բավականին զվարճալի է, բայց հումորի զգացումը այս հարցով ԵԽԽՎ-ում վաղուց բթացած է այնքան, որքան ավելանում է թուրք-ադրբեջանական տանդեմի պատվիրակների թիվը, հավելեք՝ Ալբանիայի, Բոսնիա-Հերցեգովինայի պատվիրակությունները, Արևելյան Եվրոպայի ու հետխորհրդային տարածքի երկրների պատվիրակությունների համարյա կեսը, որտեղ կամ ազգությամբ թուրքեր են, կամ պատվիրակներ, որ պաշտպանում են տարածքային ամբողջականության սկզբունքը, որովհետև իրենց երկրներն էլ նման խնդիրներ ունեն: Սա գործնականում բնական դաշինք է Ադրբեջանի հետ, որ իրեն անհրաժեշտ բոլոր քայլերի դիմաց համապատասխան վճարումներ է կատարում: Մենք «խավիարային դիվանագիտության» մասին հաճախ ենք խոսում, բայց դրանից այդ դիվանագիտությունը չի նվազեցնում ոչ ծավալները, ոչ մակարդակը, ոչ լուծած խնդիրների շրջանակները: Կարող է հակադարձ հարցը ծագել՝ ինչո՞ւ Հայաստանը սեպը սեպով չի հանում՝ եթե ԵԽԽՎ պատգամավորների որոշակի քանակ կա, որ վաճառում է տեսակետը և քաղաքական գործունեությունը բարեհաջող համադրում ֆինանսականին, ինչո՞ւ Հայաստանը չի նրանց «գնում»: Աճուրդը աճուրդ է: Մենք այդքան փող չունե՞նք, թե՞ մենք սկզբունքային ենք և դեռ կուրորեն հավատում ենք, որ անխտիր բոլոր եվրոպացիները դավանում են ժողովրդավարական արժեքներ ու պատրաստ են պայքարել այդ արժեքները անխաթար պահելու ու համամարդկային առաջընթացի համար: Թե՞ մենք չենք կարող հավասարվել թուրք-ադրբեջանական ու ընդհանրապես համաեվրոպական մուսուլմանական տանդեմի «դիվանագիտական» գործելաոճին: Նրանց միավորում են ոչ թե արժեքները, այլ շահերը: Սեփական շահերի պաշտպանության տեսակետից Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը ԵԽԽՎ-ում շատ քիչ գործիքներ են մնում իրականում: Պատվիրակության ութ անդամները և գուցե քիչ թվով պատվիրակներ, որ իսկապես ունեն արժեքներ ու անարծաթ են սկզբունքորեն: Իսկ դա բացահայտ փոքրամասնություն է: Կա նաև իրավիճակային մեկ այլ գործոն՝ Եվրամիությունը, եվրոպական երկրների նախագահներն ու վարչապետերը բարձր մակարդակներով հայտարարում են, որ հարգում են ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի Հանրապետության որոշումը և որոշում կայացնելու ազատությունը, բայց ռեալ քաղաքականության մեջ այդ «հարգանքը» ինքնաբերաբար Հայաստանին վար է դասում ոչ միայն եվրաինտեգրման կուրս վերցրած երկրներից, այլև քննության առարկա է դարձնում հարցեր, որոնք գոյություն չունեն: Դա Եվրոպայի «փոքրիկ» ու չբարձրաձայնվող վրեժն է Հայաստանից, որ անցյալ տարի արտահայտվեց հայտնի զեկույցի վերնագրով, այս տարի Ադրբեջանի զեկույցում Հայաստանին մեղադրելով: Չէ, մենք, իհարկե, պարծենալու տեղ ունենք, որ «հզոր» Ադրբեջանի զարգացումը այդպես կասեցնում ենք, կարողանում ենք այդքան խեղճացնել Բաքվին՝ ոչինչ չանելով, բայց տրամաբանությունը թելադրում է պարզել՝ եթե մոնիթորինգի հանձնաժողովի խնդիրն է ստուգել՝ կատարո՞ւմ է Ադրբեջանը իր ստանձնած պարտավորությունները, թե՞ ոչ, ի՞նչ կապ ունի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Աշխարհի ոչ մի խորհրդարան չի լուծել և չի լուծում կոնֆլիկտի խնդիր, ինչո՞ւ պիտի խորհրդարանական վեհաժողովը խառնվի: Կամ՝ եթե խառնվում է, ինչո՞ւ հարց չի բարձրացվում, որ անդամակցելիս Ադրբեջանը ստանձնել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման պարտավորություն, ու ինչպե՞ս է կատարում: Զինվելով, կրակելով ու պատերազմի մասին խոսելո՞վ: Ի վերջո, եթե այս ամենին նայենք չոր հաշվեկշռով, ԵԽԽՎ բանաձևերն ունեն խորհրդատվական ու քարոզչական արժեք, իրենց ազդեցությունն են ունենում միջազգային կարծիքի և հանրության տրամադրությունների վրա: Ոչինչ ավելին: Դա քիչ չէ, բայց աշխարհի վերջը չէ: Իսկ ինչպե՞ս ենք մենք վերաբերվում ԵԽԽՎ բանաձևերին, որոշումներին ու պաշտոնյաների հայտարարություններին: Եթե մեզ համար դրական են, անտարբեր ու թերահավատ, եթե բացասական, Հայաստանում հայտարարվում է տեղեկատվական-քարոզչական հիստերիայի նվազագույնը շաբաթ, առավելագույնը՝ տասնօրյակ կամ միամսյակ: Ինչո՞ւ։ Նախ՝ հասարակությունը իր հիմնական մասով տեղյակ չէ կառույցի գործունեությանը, կանոնակարգերին, ընթացակարգերին և ցանկացած աբսուրդ ընդունում է իբրև իրականություն, եթե հայտնվում է լրատվամիջոցներում: Հետո՝ վերլուծություններին գերակշռում են տեղեկությունները, որոնք ոչ միշտ են հավաստի, հիմնականում՝ սա այս ասաց, նա այն ասաց, սա այսպես քվեարկեց, նա՝ այնպես: Իսկ դա մակերեսային մոտեցում է, հետևանքների արձանագրում, առանց պատճառները հասկանալու: Այդ սկզբունքով ստացվում է, որ բոլորն ունեն կատարվածի վերաբերյալ իրենց կարծիքը, բայց շատ քչերը պատկերացում ունեն կատարվածի մասին: Եվ երրորդ՝ որպես կանոն գործում է կողմնակալ ու վարձավճարված քարոզչության տարբերակը, եթե ընդունվել է որոշում, որը չի բխում Հայաստանի շահերից, ո՞վ է մեղավոր, իհարկե, Հայաստանի պատվիրակությունը: ՈՒրիշ ո՞վ: Լեզու չգիտեն: Լեզու գիտեն՝ խոսել չգիտեն: Խոսել գիտեն՝ ելույթ չեն ունենում: Ելույթ են ունենում՝ կարևորը չեն ասում: Կարևորն ասում են՝ մեկ է, չեն հասկանում, ու՝ այդպես: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը ներկայացնում է Հայաստանի դիրքորոշումը և պաշտպանում, բայց Հայաստանի Հանրապետության արտաքին ու ներքին քաղաքականության պատասխանատուն չէ՝ սա անմեղության կանխավարկածի պես ճշմարտություն է, որ չի ընկալվում ոչ պետական համակարգում, ոչ լրատվական դաշտում, ոչ փորձագիտական մակարդակում, ու դա չընկալողները Հայաստանում կամա-ակամա վերածվում են Ադրբեջանի ու Թուրքիայի «ներկայացուցիչների»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Իսկ ընդհանրապես ուրիշ որտե՞ղ, եթե ոչ ԵԽԽՎ-ում Ադրբեջանը կարող է առաջ մղել իր տեսակետները: Սա մի հարթակ է, որտեղ ով ինչ ուզի՝ կարող է բարձրաձայնել: Պատգամավորներն ազատ են իրենց տեսակետների մեջ: Ադրբեջանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում բացահայտորեն չի կարողանում հասնել ցանկացածին, բնական ու բանական է, որ պիտի փորձի միջազգային այլ հարթակներ օգտագործել: ՄԱԿ-ը: ԵԽԽՎ-ն: Եվրամիությունը դարպասները փակել է այս հարցում, Բաքուն Բրյուսելի համար կա իբրև էներգակիրներ ունեցող պետություն, ու՝ վերջ: Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները չեն ստացվում: Ոչ էլ՝ ԵԱՀԿ-ի, որտեղ երբ հարցը բարձրացվում է, Մինսկի խմբի առկայությամբ փակվում է: Մնում է ԵԽԽՎ-ն, ու ադրբեջանական դիվանագիտությունը փորձում է ձևակերպել իր ռևանշը եվրոպացիների ձեռքով կամ համաձայնությամբ: Պատճառները բազում են, հետևանքը՝ համարյա միշտ նույնը: Ցավալի է, բայց ողբերգություն չէ, աղետ չէ, ոչ էլ սենսացիա: