ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Պատմությունը «եթե»-ներ չի սիրում»

«Պատմությունը «եթե»-ներ չի սիրում»
12.06.2015 | 13:57

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատեսի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Մենք արդեն խոսել ենք, թե պատերազմից Ռուսաստանի դուրս գալն ինչպես անդրադարձավ ռազմաճակատում ուժերի հարաբերության վրա, իսկ ի՞նչ էին անում հայ քաղաքական կուսակցությունները:
-«Պատմությունը «եթե»-ներ չի սիրում» թևավոր դարձած խոսքը հաճախ ենք մեր ազգի գլխից անպակաս աղետները թվարկելիս հիշատակում: Ռուսաստանում կատարված բոլշևիկյան հեղաշրջման արդյունքում հայկական սպասումների առնչությամբ բացահայտ կործանարար հետևանքներին անդրադառնալիս՝ մեզ այս իրողությունը հիշեցնող հար և նման օրինակներից մեկն էլ հայկական քաղաքական երկու կազմակերպությունների իրարից խիստ տարբերվող գործունեություններն են, երկու կարևոր «եթե»-ներից երկուսն էլ նրանց համագումարներին են վերաբերում:
Երիտթուրքերի կատարած հեղաշրջումից ընդամենը մեկ տարի անց` 1909-ի ապրիլին, թուրք ազգայնամոլ տարրերը հայկական Կիլիկիայի Ադանա քաղաքում ամբոխին գրգռեցին հայերի դեմ: Մի քանի օր անց իրավիճակին միջամտեց նաև թուրքական բանակը: Կոտորածը Ադանայից տարածվեց Կիլիկիայի հայաբնակ այլ վայրեր` Մարաշից մինչև Քեսաբ: Որոշ բնակավայրերում հայերը դիմեցին ինքնապաշտպանության և կարողացան փրկվել: Կոտորածը դադարեց միայն մեկ ամիս հետո, երբ հայերն արդեն շուրջ 30000 զոհ էին տվել: Երիտթուրքերի հեղաշրջումը ոգևորությամբ ընդունած հայերի մեջ առաջացան լուրջ կասկած և հուսախաբություն: Ադանայի ողբերգությանը հետևեցին առաջին և երկրորդ բալկանյան պատերազմները. առաջինը՝ 1912-ի հոկտեմբերից մինչև 1913-ի մայիսը, երկրորդը` 1913-ի հունիսից մինչև օգոստոս, որ մղվում էին Բալկանյան դաշինքի և Օսմանյան կայսրության միջև: Դրանք հանգեցրին Բալկաններում և ողջ Եվրոպայում միջազգային հարաբերությունների սրմանն ու արագացրին Առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծումը:
-Պատերազմի անխուսափելիության գիտակցությունը կա՞ր հայ քաղաքական շրջանակներում:
-Առաջին բալկանյան պատերազմում օսմանյան Թուրքիայի պարտությունն արդեն հող էր նախապատրաստել Հայկական հարցի նոր արծարծման համար, որի արդյունքում Արևմտյան Հայաստանի բարեփոխումների հարցը հայ հասարակական շրջանների և ռուսական կառավարության գործուն մասնակցության շնորհիվ դարձել էր միջազգային դիվանագիտության քննարկման առարկա:
-Կուսակցություններն ինչպե՞ս էին գնահատում նոր հնարավորությունները:
-1914 թ. հուլիսին Էրզրումում կայացավ երիտթուրքերի մշտական և լավագույն դաշնակից Հայ հեղափոխական դաշնակցության համագումարը: Այդ ժամանակ արդեն զգացվում էր մոտալուտ պատերազմի շունչը, և դաշնակցությունը համագումար էր հրավիրել` որոշելու իրենց դիրքորոշումը պատերազմ ծագելու դեպքում: Երիտթուրքերի ղեկավարությունը համագումար ուղարկեց իր երկու ներկայացուցիչներին` Նաջի բեյին և «Թեշքիլաթը Մահսուսայի» նախագահ Բեհաէդդին Շաքիրին: Նրանք ամենակարևոր դիրքերն ունեին կուսակցության ղեկավարության մեջ: Հանդես գալով համագումարում` նրանք «Միասնություն և առաջադիմություն» կուսակցության անունից հայերին ներկայացրին հետևյալ պահանջները. առաջին` համագումարը պետք է ողջ հայության անունից հայտարարի, որ թե՛ Օսմանյան կայսրության, թե՛ Ռուսաստանի հայերը հավատարիմ կլինեն Օսմանյան կայսրությանը պատերազմի դեպքում, երկրորդ` հայերից կազմակերպել ջոկատներ ռուսների դեմ կռվելու համար, և երրորդ` խռովություն բարձրացնել Կովկասում և ռուսական բանակի թիկունքում: Նրանք միաժամանակ հայտարարեցին, որ «...եթե հայերը նման դիրք գրավեն, պատերազմից հետո հայերին իրավունք կտրվի ստեղծելու իրենց անկախ պետությունը Օսմանյան կայսրության և Ռուսաստանի հայկական որոշ տարածքների վրա»:
-Որքանո՞վ էին իրականանալի այդ պահանջները:
-Համագումարը, ի պատասխան երիտթուրքական ղեկավարության պահանջների, հայտարարեց, որ պատերազմի դեպքում Օսմանյան կայսրության և Ռուսական կայսրության հայերը կհայտնվեն տարբեր ճամբարներում, քանի որ նրանք տարբեր պետությունների հպատակներ են և հավատարիմ են նրանց: Իսկ ինչ վերաբերում է Կովկասում խռովություն բարձրացնելուն, համագումարի ընդունած որոշման մեջ ընդգծվեց, որ «...համագումարը չի կարող խոսել Ռուսաստանի հայերի անունից, որոնք մեկ այլ պետության հպատակներ են»: Դրա հետ մեկտեղ, համագումարը հստակ իր որոշման մեջ հայտարարեց. «...Եթե թուրքական կառավարությունը որոշի պատերազմի մեջ մտնել, ապա հայերը Օսմանյան կայսրությունում կկատարեն այն պարտականությունները, որ կդրվեն նրանց վրա` որպես թուրքահպատակների` ծառայել հայրենիքին բանակում, պաշտպանել երկիրը, ինչպես կայսրության մյուս հպատակները»: Նման որոշման ընդունումը հայերի համար նշանակում էր եղբայրասպան պատերազմ` նկատի ունենալով, որ Ռուսաստանի հայերը նույնպես կկատարեին իրենց վրա դրված պարտականությունները:
-Դա անխուսափելի՞ որոշում էր, թե՞ կար այլ ելք:
-Երիտթուրքերի ներկայացուցիչները դժգոհ մնացին համագումարի որոշումներից. Բեհաէդդին Շաքիրը` Հայոց ցեղասպանության ամենագործուն կազմակերպիչներից և դահիճներից մեկը, համագումարում զայրացած բացականչեց. «Դա դավաճանություն է»:
-Բայց ի՞նչ էր Բեհաէդդին Շաքիրն ակնկալում:
-Բեհաէդդին Շաքիրը՝ տարիներ շարունակ երիտթուրքերի հետ ձեռք ձեռքի տված գործող դաշնակցականներից ակնկալում էր ավելին և, ցավոք, կարճ ժամանակից Առաջին աշխարհամարտում ներգրավված Օսմանյան կայսրության հպատակ հայության ողբերգական ճակատագրի առթիվ պետական-պաշտոնական դիրքորոշման համար ևս հիմք հանդիսացավ:
-Իսկ հնչակյան կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ուներ:
-Տրամագծորեն հակառակ: 1913 թ. Ռումինիայի Կոնստանցա քաղաքում տեղի է ունենում սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության 7-րդ համագումարը, որի ընթացքում կուսակցականներն իրենց անհանգստությունն են հայտնում երիտթուրքերի վարած հայակործան քաղաքականության վերաբերյալ, ընդգծվում է Միացյալ Անկախ Հայաստանի կազմավորման անհրաժեշտությունը։ Համագումարում ձևակերպվում է կուսակցության երկու հիմնական նպատակ: Կուսակցությունը, ինչպես նշված է նախնական ծրագրում, կարող է ծավալել օրինական ու հակաօրինական գործունեություն, այդ պատճառով էլ կրկին կվերածվի գաղտնի կազմակերպության։


-Ի՞նչ էին հնչակները ծրագրում, որ գաղտնի կազմակերպության վերածվելու խնդիր էր դրվում:
-Կազմակերպել ու մահապատժի ենթարկել իթթիհադական կուսակցության ղեկավարներին, ովքեր 1909 թ. նախաձեռնել էին Ադանայի կոտորածը, այսինքն՝ այն մարդկանց, ովքեր այդ ժամանակ ծրագրում էին հայ ժողովրդի ոչնչացումը։
Համագումարում կայացված որոշումների մասին, դժբախտաբար, մի լրտեսի միջոցով իմանում է օսմանյան կառավարությունը: 1914-ի հունիսի վերջին հնչակյան կուսակցության հիմնադիր անդամները, կենտրոնական մարմինների ղեկավարները, Կոստանդնուպոլսում ապրող անդամները, այդ թվում՝ Փարամազը, ձերբակալվում են: Նրանք մեղադրվում էին 1913-ի սեպտեմբերի 17-ին Ռումինիայի Կոնստանցա քաղաքում անցկացված ՍԴՀԿ 7-րդ համագումարում երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավար Թալեաթ փաշայի դեմ մահափորձի ծրագիր մշակելու համար: Մինչև տարեվերջ ձերբակալվում է 140 հնչակ։ Երկու տարի բանտերում պահելուց ու բազմաթիվ փորձությունների ենթարկելուց հետո 20 ղեկավար հնչակների դատում են: Դատավարության 5-րդ նիստն ամբողջությամբ վերաբերում էր ՍԴՀԿ-ի կողմից ինքնավար Հայաստան ստեղծելու ծրագրի քննարկմանը։ Ընթերցվում է Թալեաթի ծավալուն ամբաստանագիրը, որտեղ Թալեաթը հայ ժողովրդին ներկայացնում էր անհավատարիմ, ապերախտ և դավադիր ժողովուրդ, որը հնչակյան կուսակցության առաջնորդությամբ ձգտում էր կործանել թուրքական պետությունը։ Նրանց դատապարտում են կախաղանի։ 1915-ի հունիսի 15-ին Կ. Պոլսի Բայազետ հրապարակում Փարամազն ու նրա 19 ընկերները կախաղան են բարձրացվում: Կախաղան բարձրացված հնչակյանների անուններն էին՝ Փարամազ հեղափոխական անունով հայտնի Մատթեոս Սարգսյան, Դոկտոր Պէննէ (Պետրոս Թորոսյան¤, Արամ Աչըգպաշյան, Գեղամ Վանիկյան, Մուրատ Զաքարյան, Երուանդ Թօփուզյան, Յակոբ Պասմաճյան, Սմբատ Գլընճյան, Ռուբէն Կարապետյան, Արմենակ Համբարձումյան, Աբրահամ Մուրատյան, Հրանդ Եկավյան, Գառնիկ Պօյաճյան, Հովհաննէս Տեր-Ղազարյան, Մկրտիչ Երեցյան, Երեմիա Մանուկյան, Թովմաս Թովմասյան, Գարեգին Պողոսյան, Մինաս Քէշիշյան և Պողոս Պողոսյան: Հնչակյան կուսակցության երկու այլ ակտիվիստներ` Ստեփան Սապահ Գյուլյանն ու Վարազդատը, մահվան են դատապարտվել հեռակա։
-Եթե դավաճանություն չլիներ, հնչակները կարո՞ղ էին հաջողության հասնել:
-Ինձ թվում է` պարզ է՝ ի՞նչ կլիներ, եթե հնչակյանների համագումարում ընդունված որոշման համաձայն կարելի լիներ «Կազմակերպել ու մահապատժի ենթարկել իթթիհադական կուսակցության ղեկավարներին» հարցի պատասխանը, սակայն «ինչո՞ւ» և «ինչպե՞ս»-ների գնահատման ժամանակ «եթե»-ներով առաջնորդվելու հնարավորություն չունենալով՝ իրերի վիճակը պետք է գնահատել ըստ եղելության:
Դեռևս 1908-ին Փարիզում երիտթուրքերը հնչակյան պատասխանատուներին մի քանի անգամ առաջարկեցին դաշինք կազմել իրենց հետ, սակայն պատասխանը հստակ էր` մերժում: ՍԴՀԿ Կոնստանցայի համագումարի օրակարգում իրականում միայն մի հարց կար` երիտթուրք ղեկավարների մահապատիժ, որը, ցավոք, չիրականացավ Արթուր Եասյանի կամ, իսկական անունով, Արշավիր Սահակյանի դավաճանության պատճառով: Քսան հոգու կանգնեցրին դատաստանի առջև, ու կախաղանները ճոճվեցին հայ ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանության հետ միաժամանակ։ Եթե հնչակյան քսան ղեկավարների վճիռն իրականանար, Հայոց ցեղասպանություն չէր լինի: Առանց Թալեաթ-Էնվեր-Ջեմալի ցեղասպան ոճրագործներն ուղղակի ի վիճակի չէին լինի նման հրեշավոր ծրագիր իրականացնելու: Ահավոր եղան մեր կորուստները, բայց չսպառվեցինք, ինչը ծրագիրն էր ոսոխի, ցեղասպանության մնացորդ վերապրող հայությունը սնվեց իր մարտիրոսների ավանդած՝ ազգի, հայության ու արդար ապագայի հավատամքով։


(շարունակելի)
Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 4314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ