Թեև ասում են՝ քաղաքական ասպարեզում անդորր է, բայց բազմազանության պլանը կատարում ենք: Առայժմ անունների մասով: Երբևէ գուցե հասնենք բովանդակային ցուցանիշին: Մեկ ամսում ստեղծվեց երկու կուսակցություն՝ «Ալյանս» և «Քաղաքացիական պայմանագիր»: Սակավամարդ հանրահավաք արեց «Հիմնադիր խորհրդարանը»: Աշխատանքի իդեալական բաժանում է՝ հները զբաղվում են տնտեսական հարցերով, նորերն ապահովում են քաղաքական կողմը: Միասին սպասում են՝ ինչ հանգուցալուծում կստանա սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որի առանցքով էլ կկառուցեն հետագա գործունեությունը:
Մինչ այդ զբաղվում են քաղաքական ու քաղաքացիական գործերով՝ ՀԷՑ-երն ու «Նաիրիտը»: Եթե ՀԷՑ-երի հարցը առնչվում է բոլորին, «Նաիրիտը» լոկալ խնդիր է դիտվում: Մինչդեռ «Նաիրիտի» հարցը աշխատակիցների աշխատավարձի վճարման-չվճարմանը հանգեցնելը աճպարարություն է: Բուն խնդիրը վերագործարկումն է, որ կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի ու տարածաշրջանի համար: Եթե վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուզում է պատմության մեջ մտնել, «Հովհաննես առաքելիչին» նվիրված սուրբ Հովհաննես անունով եկեղեցի կառուցելուց առաջ այդ խնդիրը պիտի լուծի: Պիտի ամբողջ փորձն ու հմտությունը գործադրի ոչ թե գործարանը պահպանելու մինչև լավագույն ժամանակներ գան, Մետաքսի մեծ ճանապարհը կբացվի ու հայկական կաուչուկի համար ելքեր կստեղծվեն, այլ օր առաջ «Նաիրիտի» վերագործարկումով Հայաստանի տնտեսությանը նոր կարգավիճակ ապահովի: Ոչ ոք չի սպասում, որ «Նաիրիտը» Դյուպոնի որակի կաուչուկ է արտադրելու՝ բազմամյա պարապուրդից, հնացած տեխնոլոգիաներով, կադրերի արտահոսքով, սպառման շուկան կորցնելուց հետո, բայց պետությունը պատվախնդրություն պիտի ունենա, հավակնություն ու հեռանկար: Մեր միակ պաշտոնական ձեռքբերումը ՌԴ մեկնող միգրանտների համար բարենպաստ պայմաններ ապահովե՞լն է ¥այն էլ գործողության մեջ խիստ կասկածելի¤, փաստորեն՝ ԵԱՏՄ տարածքում Հայաստանից պահանջարկ վայելող միակ ապրանքը էժան աշխատո՞ւժն է, ոչ թե արտադրանքը: «Նաիրիտը» ոչ միայն նոր աշխատատեղեր բացելու հարցն է լուծելու, այլև տնտեսության դիվերսիֆիկացիայի, քիմիական արդյունաբերության կենդանացման: Բուհերում հերթով փակվում են քիմիայի ֆակուլտետները, դիմորդ չկա: Դիմորդ չկա, որովհետև աշխատանք չկա: Համաշխարհային բանկի աուդիտը հիմք ընդունելը իմաստ կունենար, եթե աշխարհում միայն այդ աուդիտը լիներ ու 100 տոկոսի համոզվածություն, որ աուդիտն անկախ է, կաուչուկի շուկայում նոր մրցակցի ի հայտ գալը չի կանխում: Փոքր հզորություններով, թույլ մրցակցի, բայց արտադրությունը չի կարող չզարգանալ ու առաջ չգնալ: Հեշտ է տեսական դատողություններ անել, առավել ևս դիլետանտական մակարդակում: Այդպես է, բայց այսքան տարի «Նաիրիտը» չաշխատեցնելն ավելի թանկ չի՞ նստում պետության վրա, քան աշխատեցնելը կլիներ: Թե՞ պիտի անվերջ սայթաքենք ռուսական հետքի վրա:
Նույնը ՀԷՑ-երի դեպքում: Եթե նույնիսկ աշխարհում գոյություն ունեն բնական մենաշնորհներ, և կան ոլորտներ, որտեղ մոնոպոլիաները կառավարման օպտիմալ տարբերակն են, չի նշանակում, որ ոլորտում մոնոպոլ դիրք ունեցող ընկերությունը առանց վերահսկողության աշխատելու իրավունք ունի: ՀԷՑ-երի անարդյունավետ կառավարումը կառավարիչ փոխելու պատճա՞ռ է: Այո, եթե, իհարկե, ապահովվեն նոր կառավարչի ընտրության մրցակցային զուտ տնտեսական, այլ ոչ քաղաքական պայմաններ: Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման պատմությունը չկրկնվի, «Մեծամորի» ԱԷԿ-ի՝ ռուսական հումքի ու ռուսական ներկայությունից բացի, այլ ներկայություն ոլորտում բացառելու քաղաքական կուրս չվերցվի:
Ռուսաստանը պատրաստվում է սեփական ներդրումներով հարևան Թուրքիայում ատոմակայան կառուցել, ապահովել հումքն ու աշխատակիցների մասնագիտացումը, բայց Հայաստանի մասով որոշումը գործող ԱԷԿ-ի կյանքը երկարացնելն է: Դա ոչ տնտեսական, քաղաքական որոշում է: Նոր ատոմակայանը կնվազեցնի Հայաստանի գազային կախվածությունը, նոր պահանջներ կդնի գիտության առաջ, տնտեսության մեջ փոփոխություններ կառաջացնի, բայց ո՞ւմ է դա պետք: Ո՞Ւմ է պետք Հայաստանի տնտեսության անկախացումը: Փաստացի՝ Հայաստանին էլ պետք չէ: Ներդրումներ չկան, կադրեր չկան, գլխացավանք է՝ մտնել մի խնդրի տակ, որի լուծումը անկանխատեսելի արդյունքներ է ունենալու: Մեկ էլ տեսար՝ բյուջեի կառուցվածք փոխվեց, կենսամակարդակ բարձրացավ, նոր տեխնոլոգիաներ կպահանջվեն, ուրեմն՝ նոր ներդրումներ, իսկ ԵԱՏՄ տարածքում նոր տեխնոլոգիաներն ու ներդրումները հակացուցված են, աշխատատեղեր ստեղծվեցին, նոր արտադրություններ բացելը շահավետ դարձավ, դե արի սպառման շուկա ապահովիր, մրցակցություն կա՝ ինչպես անգլիական նավերը հայկական լեռները չէին բարձրանում, այնպես էլ հայկական ապրանքները եվրոպական շուկաներ չեն գնում, Ֆրանսիային կոնյակ չես վաճառի, պարզվեց՝ Ռուսաստանին էլ օղի վաճառել չի ստացվում: Կա Ա-ից Բ հստակ գծված ճանապարհ, գլուխդ կախ գնա, դեսուդեն մի նայիր՝ Գ-ին չես հասնի, բայց գլխիդ կբամփեն: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առավելագույնը էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հարցում մի քիչ խաղեր է տալու ու հերոսաբար 17 դրամից իջեցնելու է, ասենք, 10 դրամի: Դա սխրանք է, որովհետև ՀԷՑ-ի կառավարիչը ռուսական ընկերություն է, իսկ ռուսական ընկերության հետ ի՞նչ սակագնի հիմնավորում, ի՞նչ կառավարման արդյունավետություն, ի՞նչ նոր տեխնոլոգիաներ: Ճիշտ է՝ Պուտինն իր ասուլիսում ասում էր, որ ատկատը որպես կատեգորիա պետք է վերանա, բայց ասում էր Ռուսաստանի մասին, Հայաստանն անկախ պետություն է ու անկախ էլ իրավունք ունի ատկատի: Ռոբերտ Նազարյանից ի՞նչ ենք ուզում: Հերիք է, որ Բելառուսի նախագահը «Բելառուսկալիի» շահերը պաշտպանեց ու չթողեց, որ Մոսկվան ոլորտը սեփականաշնորհի իրեն: Հերիք է, որ Ղազախստանի նախագահը խնդիր է դրել մինչև 2025-ը անգլերենը դարձնել ռուսերենին հավասար երկրորդ օտար լեզու: Ո՞Ւր մնաց հավատարմությունը ընդհանուր սկզբունքներին ու միմյանց:
Այս ամենը հետաքրքիր է, բայց ի սկզբանե հայտնի արդյունքով՝ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձը կձգձգեն մի կես տարի, դեկտեմբերին մի քիչ կվճարեն ու նոր տարվա նախօրեին հայրենի պետությունից ու կառավարությունից շնորհակալ լինելու առիթ կտան: Մնացած հարցերը կամաց-կամաց կմղվեն հետին պլան, ՀԷՑ-երի հայցը չի մերժվի, կիսով չափ կբավարարվի, որոշակի գումար կփոխհատուցվի որոշակի խավի, որը էլեկտրաէներգիայի գումարը եթե փակի, չի փակելու մյուս ծախսերը՝ էլեկտրաէներգիայի թանկացումից հետո թանկանալու են առաջին անհրաժեշտության ապրանքներն էլ, ծառայություններն էլ: Բողոքի ակցիաները «Ո՛չ թալանին» կարգախոսով հաջողություն կունենան, եթե սպառողները զանգվածաբար հասկանան, որ թալանում են իրենց, ոչ թե ապրիորի քաղաքացուն, որ դրամ-դրամ դատարկվում է իրենց գրպանը, ու՝ չստացած ծառայության և ապրանքի դիմաց: Փորձ կա, չէ՞, եզրակացություններ, մինչդեռ, չկան:
Իսկ հասարակությանը պետք է մատուցել ոչ միայն նեգատիվը, այլև պոզիտիվը: Համաչափ, քիչ-քիչ, որ չկորչի տեխնոլոգիայի օգտակար գործողության գործակիցը. եթե պոզիտիվը նեգատիվից շատ լինի, մարդիկ կարող են մտածել, որ այդպես էլ պիտի լինի: Եթե տնտեսության մեջ տնտեսական աճի հեռանկարներն ուրվագծվում են միայն կառավարության նիստերում, իսկ մարդկանց կենսամակարդակում արտահայտվելու են մեկ տասնամյակ անց, այդ ժամանակը պետք է լցնել քաղաքական գործընթացներով: Եթե չկան, պետք է ստեղծել: Շատ էր շտապում Ալիկ Ենիգոմշյանը, երբ հայտարարում էր, թե շոուն ավարտված է: Բնավ, շոուն օրենք է՝ պետք է շարունակվի, և նրանք, ովքեր շոուն ավարտելու կամ սկսելու մասին են խոսում, մասն են այդ շոուի՝ ոմանք ակամա, ոմանք գիտակից, որովհետև համակարգի դեմ իրենց պայքարը վարում են իբրև համակարգի մաս:
Շաբաթ օրը քաղաքական դաշտ մտած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանգամից հայտարարեց, որ առաջնային նպատակը 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելն է։ Հաղթականորեն: «Այսօր ստեղծվում է ոչ թե հերթական, այլ այնպիսի մի կուսակցություն, որ մտադիր չէ երկար մնալ ընդդիմության կարգավիճակում և հավակնում է տեսանելի ապագայում, ժողովրդի վստահության քվեին արժանանալով, և ժողովրդի անունից ստանձնել Հայաստանի պետական իշխանությունը»,- ավետեց Նիկոլ Փաշինյանը: Չգիտեմ՝ ով ինչ մտածեց համագումարում նրա ելույթից հետո, ես մտածեցի Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, ավելի ճիշտ՝ փորձեցի պատկերացնել նրա դեմքի արտահայտությունը և «Քաղաքացիական պայմանագրի» ու ՀԱԿ-ի համագործակցությունը: Մինչև այդ օրը և այդ օրից հետո: Եթե այդ օրը գալու է: Համարյա ստացվեց: Կան «նախադեպեր»: Բայց Նիկոլ Փաշինյանը նրանց չի կրկնի՝ նա կգնա ինքնատիպ ճանապարհով, թե ուր կհասնի, որոշումն առաջին նախագահը չի կայացնի, գուցե երկրորդը, գուցե երրորդը: Բայց չհասկացա, թե Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն են պետք Հայաստանով մեկ տարածքային կառույցները, Գագիկ Ծառուկյանի «համաժողովրդական շարժման գրասենյակները» հերիք չէի՞ն, թե՞ այս կուսակցությունը Գինեսի գիրք է մտնելու, որովհետև անդամավճարի հաշվին՝ օլիգարխի պես է գործելու՝ գրասենյակներով, տարածքներով, կուսակիցներով: Փաստորեն, երբ խմբագիրը պատգամավոր է դառնում, վերածվում է հեքիաթասացի: Կամ՝ «ինստիտուցիոնալ ընդդիմությունը» ունի ինստիտուցիոնալ առավելություններ, որ հասու չեն շարքային մահկանացուներին: Բարի երթ, առավել ևս, որ մեկնարկից հետո կարծես թե դադար հայտարարվեց՝ ծրագրերի և խոստումների մասին «Քաղաքացիական պայմանագիր»-ը կխոսի մեկ տարի հետո՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։ «Խորհրդարանական ընտրությունների արդյունքները մեզ կտան փաստարկներ հետագայի վերաբերյալ որոշում կայացնելու համար», ասաց Նիկոլ Փաշինյանը: Բայց կարող է ոչինչ էլ չլինել: Նախ՝ սահմանադրական փոփոխությունները. եթե Հայաստանն անցնի խորհրդարանական կառավարման, քիչ թե շատ քաղաքական գործիչների թիրախը լինելու է ոչ թե նախագահի, այլ վարչապետի պաշտոնը: Դա էլ գլխավորը չէ: «Հիմնադիր խորհրդարանը» մինչ այդ կարող է բոլոր հարցերը լուծած լինել՝ և «100-ամյակն առանց ռեժիմի», և արտագաղթի, և քաղաքական ուժերի միասնական ճակատ ձևավորելու, և քաղաքացիական հասարակության ակտիվ խմբերին միավորելու: Ի տարբերություն «Ալյանսի» ու «Քաղաքացիական պայմանագրի», նրանք ունեն գաղափարներ, ծրագրեր և համոզված են՝ այս տարի կկարողանան ազատվել իշխանություններից ու համախոհ քաղաքական ուժերի հետ ձևավորել ստվերային կառավարություն, հետո՝ նոր ընտրություններ ու նոր իշխանություն: Ե՞րբ: Անակնկալ է: Հայտնի է միայն, որ առանց քաղաքացիական զանգվածային անհնազանդության հնարավոր չէ ազատվել «ռեժիմից», ուստի ձևավորելու են «անհնազանդության պարտավորագիր»` բոլոր ցանկացողները կարող են միանալ ու ազատվել «անօրինական» իշխանությունների ազդեցություններից՝ իրենց «լիակատար անհնազանդությունը ցույց տալով իշխանություններին»։ Բռա՛վո:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Կամ յուրաքանչյուրն իսկապես յուրովի է գժվում, կամ շոգերը դեռ չեն եկել, բայց ոմանց վրա արդեն ազդում են: Եթե ամբողջ խնդիրը ինքնագիր տալն է, մարտի 1 ինչո՞ւ եղավ, գաղջ մթնոլորտը ինչպե՞ս չի ցրվում, ապահով Հայաստանը ո՞ւր մնաց: «Մեր խոսքը գործ է»-ն ի՞նչ եղավ: Քաղաքական ասպարեզն ինչո՞ւ է մնում կրկես, հասարակությունը՝ գերակշիռ մասով հանդիսատես: