ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ասող չկա, որովհետև լսող չկա, իսկ լսող չկա, որովհետև ասող չկա

Ասող չկա, որովհետև լսող չկա, իսկ լսող չկա, որովհետև ասող չկա
29.05.2015 | 12:26

Երեկ Հայաստանի առաջին Հանրապետության տոնն էր: Գուցե ինձ թվաց, բայց այս տարի տոնը առանձնահատուկ նշվեց՝ քաղաքներով, մարզերով, երգ ու պարի պետական կարգավորումով: Ոչ Օբաման, ոչ Պուտինը չշնորհավորեցին, ինչպես Ադրբեջանին, բայց ամեն ինչ արժեր Հայաստանի Հանրապետության նախագահի ուղերձը: Պաշտոնական ուղերձները քաղաքականության մեջ հատուկ ժանր են, որ Հայաստանում հազվադեպ են իրենց նպատակին ծառայում՝ մնալով օրացուցային և իրադեպային: Պաշտոնական տոներով, հիշատակի օրերով սկսվում են ու ավարտվում, մինչդեռ ուղերձը ոչ թե արձանագրային պիտի լինի՝ պատասխանելով ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ եղավ և ինչո՞ւ եմ ես անդրադառնում հարցերին, այլ պիտի նաև վերաբերմունք, ամփոփում, կոչ, ուղենիշ պարունակի, որպեսզի կոնկրետ հասցեատեր ունենա, ոչ թե ընդհանրությանն ուղղվի ու լողա անհայտ օվկիանոսում: ՀՀ նախագահի այս տարվա ուղերձը ցնցող էր: Առաջին անգամ բուռն ցանկություն ունեցա, ինչ գին էլ լինի, տոմս առնել ու գնալ այն Հայաստանը, որի մասին նա խոսում էր: Եթե միայն գտնեմ այն կայարանը, որտեղից հնարավոր է մեկնել այդ երկիր:

Մենք սովորել ենք հանդիսավորությանը, դա մեզ հմայում է գուցե, գուցե մեջներս ենթագիտակցական կարոտ կա պաթետիկ ու հուզիչ խոսքերի, գուցե այդ պահերին հավատում ենք, որ հենց այդպես է, ու մեզ լավ ենք զգում, որ այդքան լավն ենք: Բայց ի՞նչ են տալիս կեղծ պաթոսն ու հանգած հուզականությունը: Խոսք է, պիտի ասվի՞: Ինչո՞ւ չի ասվում անկեղծ խոսք, իրականությանը համարժեք խոսք, որ և ասողը հավատա, և նա, ում ասվում է: Հին դիլեմա է՝ ասող չկա, որովհետև լսող չկա, իսկ լսող չկա, որովհետև ասող չկա:
Ինչո՞վ է «Մայիսի 28-ն անկասկած մեր պատմության ամենապայծառ էջերը զարդարում»: Թիֆլիս-Երևան գնացքում հռչակված անկախությա՞մբ, որին նույնիսկ հռչակողները դեմ էին և հարկադրված էին հռչակել, որովհետև Անդրկովկասյան սեյմը ինքնալուծարվել էր, անկախացել էր Վրաստանը, անկախացել էր Ադրբեջանը, ու հասկանալի չէր՝ ի՞նչ է անում Հայաստանն ու ընդհանրապես ո՞րն է ու ի՞նչ սահմաններով այդ երկիրը: Իրո՞ք «սեփական ուժերով ապրելու իր իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ էր և դարավոր ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ», որքանո՞վ էր այդ սկիզբը փայլուն՝ օր օրի պակասող տարածքներո՞վ: Կա՞ն հայերենում փայլուն-ից բացի ուրիշ բառեր, որ բնորոշեն դաժան ու դժվար պայմանները՝ գաղթականներին, սովը, պատերազմը, տիֆը, անորոշությունը, թե հենց «փայլունի» իմաստը դա է, որ այդ ամենը կար, բայց հակառակ այդ ամենի՝ մենք էլ կայինք:
Չեմ ուզում պարբերություն առ պարբերություն կասկածի տակ առնել ուղերձը: Առավել ևս՝ կա փաստը, որ հիմա ինչ էլ ասվի կամ չասվի, առաջին հանրապետությունը եղել է ու եղել են հաղթանակները Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում: Վանից, Կարսից, Էրզրումից հետո: Եղել են, որ հիմա կանք մենք: ՈՒ դա է գլխավորը: ՈՒ եթե, չցանկանալով հանդերձ, գրում եմ այս տողերը, գրում եմ, որ մեկ, երկու, տասը կարդացողները մտածեն՝ ի՞նչ է եղել իրականում, ինչո՞ւ է եղել ու գոնե հիմա՝ ինչո՞ւ ենք գերադասում գեղեցիկ, պաթետիկ, շռայլ խոսքերով պարուրվել, բայց չմոտենալ ճշմարտությանը, որը դառն է, բայց մերն է: Պատմությունը չես փոխի: Պատմության հետ չես վիճի: Պատմությունը պիտի հասկանաս: ՈՒ՝ պիտի զգաս: Որովհետև քոնն է քո մաշկի նման: Իսկ երբ դառնում է պատյան, արդեն ոչ թե պատմություն է, այլ՝ բառակույտ, որ պատեհ առիթներով բարձրաձայնվում է, որ հաջորդ պահին մեռնի, որովհետև հաջորդ պահն էլ իր բառակույտն ունի:
ՈՒ այդ բառակույտի մեջ արդեն նույնիսկ զարմանալի չէ, որ «Մայիսի 28-ը հայերի փրկության, վերապրումի և վերածնունդի մեկնարկի օրն է: Իհարկե, անկախության հռչակմամբ մեր փորձությունները չավարտվեցին, նոր փորձություններ սկսվեցին, բայց դրանց մենք արդեն դիմակայում էինք որպես պետականորեն կազմակերպված ազգ»: ՈՒ նույնիսկ անիմաստ է հարցնել, թե ի՞նչ եղավ այդ դիմակայումը՝ «պետականորեն կազմակերպված ազգի» հաղթանա՞կն էր, թե՞ պարտությունը դեկտեմբերի երկուսին Կարմիր բանակի մուտքը Հայաստան: ՈՒ եթե ոչ հենց երեկ՝ Սարդարապատում, որտե՞ղ և ե՞րբ պիտի հնչեին Սիլիկյանի, Փիրումյանների, Դրոյի, Բաղրամյանի, Բակունցի, հետագայում Անթիլիասում կաթողիկոս դարձած Գարեգինի, Ջահանգիր աղայի և այլոց անունները, որ Սարդարապատում կասեցրին Գալիպոլիում հաղթանակ տարած թուրքական բանակին: Ասելիքը ծով է…
Եվ արդեն բացարձակապես անհեթեթ է դառնում հարցը, իսկապե՞ս
«1. Հայաստանը համայն հայության հայրենիքն է։
2. Հայաստանում իշխում են հանրապետական կարգեր և ժողովրդավարական արժեհամակարգ։
3. Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է»։
Այդ «ժողովրդավարական համակարգի՞» արգասիքն է անցյալի ու ներկայի ընկալման իրականությանը բացարձակ անհամարժեքությունը, թե՞ սոցիալական պետության, որտեղ ամեն ինչ պրոբլեմ է՝ սկսած հացից վերջացրած էլեկտրաէներգիայով, որտեղ աշխատանքի ու հեռանկարի բացակայությունը դառնում է արտագաղթ:
ՈՒ եթե սրանք «այն փարոսներն են, որոնցով մենք կողմնորոշվում ենք նաև այսօր, մերօրյա՝ երբեմն իսկապես փոթորկալից նավարկությունների ընթացքում», ավելի լավ է հրաժարվել փարոսից ու հանձնվել ծովի տարերքին։ Ավելի հուսալի է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երբ Հայաստանում առաջին անգամ 1991-ին, «Մայրենի» ամսագրում հրապարակում էի Գարեգին Նժդեհի «Նամակներ հայ մտավորականությանը» սքանչելի գործը, ապշել էի Նժդեհի մի նախադասությունից, որ վերջին կտոր հացը ինքը կտար ոչ թե խրամատում կռվող զինվորին, այլ ուսուցչին, որովհետև նա է արժեհամակարգ ու ապագա ստեղծողը: Ոչ միայն ապշել էի, այլև չէի հասկանում ու չէի ընդունում: Հիմա էլ չգիտեմ՝ Նժդեհն էր ճիշտ, թե ես, որ նրան չէի հավատում: Արժեհամակարգ մենք չստեղծեցինք, մենք ստեղծում ենք առայժմ կաղապար ու կարծրատիպ, որի մեջ հարմար տեղավորվում ենք ու սպասում: Աշխարհը կգա, մեզ կպահի, աշխարհը մեր հարցերը կլուծի, աշխարհը մեզ պարտք է ու մենք քրիստոնեությունն ընդունելուց սկսած՝ սպասում ենք: Քրիստոնեությունն էլ որպես պետական կրոն ոչ թե ընդունել ենք, այլ՝ հռչակել: Կարևորը՝ խրամատում զինվոր կա ու այդ զինվորի թիկունքում ենք մենք, իսկ ինքը թիկունք չունի: Փաստորեն:

Դիտվել է՝ 1868

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ