1915-23 թթ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն արդեն հետևում է, և ամենատարբեր երկրներ ու անձինք աստիճանաբար իմաստավորում են թե՛ բուն այդ տարելիցը, թե՛ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի Հայաստանում և ամբողջ աշխարհում տեղի ունեցած միջոցառումները, թե՛ այս ամենի հետևանքները։ Ի դեպ, մարդկության դեմ այդ հանցագործության միջազգային ճանաչման գործն էլ է շարունակվում. ահա Բելգիայում որոշել են օրենք ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին, իսկ Լյուքսեմբուրգը ճանաչել է Ցեղասպանությունը։ Ահա Բարաք Օբամայի վարչակազմի մի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ էլ` ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ (իհարկե, առանց Ցեղասպանության պաշտոնական ճանաչման), օգտվելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ամերիկայում գտնվելու հանգամանքից, մասնակցեցին համապատասխան արարողությանը։ Իսկ Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն էլ հայցով դիմել է Թուրքիային, պահանջելով վերադարձնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը պատկանած գույքն ու շինությունները։ Կյանքը շարունակվում է, ուրեմն պայքարն էլ է շարունակվում։
Ապշեցուցիչ է Թուրքիայի արձագանքը։ Թուրքիայի նախագահ Էրդողանը լուրջ դերասանություն է անում` «նեղացած» ձևանալով թե՛ Ռուսաստանից, թե՛ Եվրոպայից։ Նա հրապարակայնորեն հրաժարվեց մայիսի 9-ին Մոսկվա մեկնելուց` մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի առթիվ կայանալիք հանդիսություններին. թուրքն ասես մոռացել է, որ իր նախնիները ձևական չեզոքության պարագայում իրականում պատրաստվում էին ԽՍՀՄ-ի դեմ պատերազմի մեջ մտնելու Գերմանիայի կողմից ու մտադիր էին օկուպացնել ամբողջ Անդրկովկասը (այդ թվում, իհարկե, Հայաստանը)։ Ահա թուրքերը բարձրաձայնում են այն «գաղափարը», թե պատրաստ են Ռուսաստանից հետ կանչելու իրենց դեսպանին։ Զարմանալի է, բայց փաստ. երևանյան որոշ լրատվամիջոցներ, որոնք սնվում են Արևմուտքի ձեռքից, համառորեն շարունակում են քարոզել այն տեսակետը, թե իբր ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը և նրա երևանյան հայտարարությունները «Մոսկվայի թուրքամետ գործողություններ» էին։ Իսկ ինչ կասեք այն կապակցությամբ, որ թուրքերը, ԱՄՆ-ի օրհնությամբ, շարունակում են մարդասպանների ավազակախմբեր ուղարկել Սիրիա, ու հիմա սպառնալիք է կախված Հալեպի ամբողջ հայկական համայնքի գլխին։ Երևի Երևանի լրատվամիջոցների արևմտամետ խամաճիկների համար Հալեպի ու ամբողջ Սիրիայի հայերը այն հայերը չե՞ն...
Իսկ այ թուրքերը, իրոք, ժամանակավորապես Լյուքսեմբուրգից հետ են կանչել իրենց դեսպանին։ Իսկ երկա՞ր «կդիմանա» Անկարան։ Օրինակ, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչեցին Ֆրանսիան, Բելգիան և Նիդերլանդները, այնքան էլ չէ, ամենաշատը մեկ-մեկուկես տարի։ Բայց 1915-23 թթ. Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար մեր ժողովրդի ու նրա իսկական բարեկամների պայքարը, ավա՜ղ, սոսկ ծխածածկույթ է այն լուրջ իրադարձությունների ու կուլիսային բանակցությունների համար, որ ծավալվում են ռազմավարական բնույթի էլ ավելի գլոբալ գործընթացների շուրջ։ Մի կողմից` ևս մի երկու ապացույց այն բանի, որ Ռուսաստանի ու Չինաստանի գործընկերությունը սպառնում է վերաճելու լիիրավ դաշնակցային հարաբերության։ Զուր չէ, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հավաստեց Պեկինի պատրաստակամությունը` Մոսկվայի հետ մեկտեղ ոչ ոքի թույլ չտալու հետին թվով այլ կերպ մեկնաբանել Երկրորդ համաշխարհային պատերազմի էությունն ու արդյունքները, հանդես գալու պատմության կեղծման և աղավաղման դեմ, և ավելի քան 40 համաձայնագիր կնքեց Ռուսաստանի հետ։ Դրանցից առանձնացնենք համատեղ հայտարարությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և «Մետաքսի ճանապարհ» նախագծի (Չինաստանի նախագիծ) տնտեսական գոտու զուգակցման ուղղությամբ համագործակցության մասին։ Ռուսաստանն ու Չինաստանը ազատ առևտրի գոտու ստեղծումը երկարաժամկետ նպատակ են համարում։ «ԵԱՏՄ և «Մետաքսի ճանապարհ» նախագծերի զուգակցումը նշանակում է բարձրանալ գործընկերության նոր մակարդակի և, ըստ էության, ընդհանուր տնտեսական գործընկերություն է ենթադրում մայր ցամաքում»,- պայմանավորվածությունն այսպես է մեկնաբանել Ռուսաստանի առաջնորդը։ Պուտինը նշել է, որ բանակցություններում առանձնակի ուշադրություն է նվիրվել այս թեմային։ «ԵԱՏՄ-ի և «Մետաքսի գոտու» նախագծերը կարող են ներդաշնակորեն համալրել իրար»,- համոզված է Ռուսաստանի նախագահը։ Առանձնացվում է նաև Մոսկվա-Կազան երկաթուղային ճեպուղու (ԵՃ) կառուցման հուշագիրը։ «Մոսկվա-Կազան» ԵՃ-ի շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 1,068 տրիլիոն ռուբլի։ «Մոսկվա-Կազան» ճանապարհահատվածը ապագայում կդառնա Մոսկվա-Պեկին ճեպուղու, որի շինարարության արժեքը գնահատվում է 7 տրիլիոն ռուբլի, և «Մետաքսի ճանապարհ» նախագծի մաս։ Չինացի ներդրողներն առաջ պատրաստակամություն էին հայտնում «Մոսկվա-Կազան» ԵՃ-ի շինարարության մեջ ներդնել 250 մլրդ ռուբլի` որպես վարկ, և 52 մլրդ ռուբլի էլ` որպես նախագծային ընկերության անդամավճար։ Վերջապես, ազգային արժույթներով առևտրի անցնելու և ավիաշինության ասպարեզում համագործակցելու փաստաթղթերի մասին։
Ակամա հիշում ես, որ դեռ ապրիլի կեսերին, Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեղհանը, ընդ որում` գտնվելով Մոսկվայում, Ռուսաստանին, Չինաստանին ու Հնդկաստանին բացահայտորեն կոչ արեց Իրանի հետ համատեղ հակազդել ՆԱՏՕ-ի ծրագրերին` ՀՀՊ համակարգերի ծավալման առումով և Արևմուտքի մյուս քայքայիչ գործողություններին։ «Ես կցանկանայի պաշտպանել Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի և Ռուսաստանի միջև բազմակողմանի պաշտպանական համագործակցության զարգացման գաղափարը, նպատակ ունենալով զսպել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք և Եվրոպայում տեղակայել հակահրթիռային վահան»,- հայտարարեց Իրանի նախարարը Մոսկվայի միջազգային անվտանգության համաժողովում։ Իսկ մի քանի ժամ հետո Դեղհանը հայտարարեց, որ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կարող են երեքով բանակցություններ վարել համատեղ պաշտպանական համակարգի շուրջ։ «Մենք քննարկեցինք տարածաշրջանային անվտանգության որոշ կողմեր։ Առաջարկվեց անցկացնել Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի եռակողմ հանդիպում»,- ասաց Իրանի նախարարը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպումից հետո։ Մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված ռուս-չինական փաստաթղթերի հետ միասին, Շոյգուի և Դեղհանի ապրիլյան նախաձեռնությունը խոսում է Եվրասիայի առաջատար տերությունների ռազմավարական հայեցակարգերի հստակ ուղղվածության մասին։ Եվ այդ տերություններից երկուսը Հայաստանի հարևաններն են։
Հիմա գազի մասին։ Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, Ռուսաստանն արդեն որոշել է Հայաստանի համար նվազեցնել բնական գազի գինը։ Թե դա ինչ կտա մեր երկրի սպառողին, կախված է Հայաստանի իշխանություններից։ Մինչդեռ թե՛ Եվրամիությանը, թե՛ ՈՒկրաինային Վ. Պուտինի վերջնագիրը նորից է հնչել։ Ռուսաստանն ՈՒկրաինային գազ կտա ճիշտ այնքան, որքան հարևան պետությունը դրա համար կվճարի մեկ ամիս առաջ։ Պուտինն ընդգծել է նաև, որ որպեսզի 2015-16 թթ. աշնան-ձմռան շրջանում Եվրոպայի համար տարանցում ապահովվի, հարկավոր է ՈՒկրաինայի ստորգետնյա ամբարներում կուտակել 4-5 մլրդ դոլարի գազ։ ՈՒ եթե այդ միլիարդները չվճարեն, ապա Եվրոպան գալիք աշնանից կմնա առանց գազի։ Ռուսաստանը կարող է պահանջել նաև, որ ՈՒկրաինան լրիվ վճարի պարտքերը։ Դրանք կազմում են 16,6 մլրդ դոլար։ Բայց Առևտրի համաշխարհային կազմակերպության արբիտրաժ շատ ավելի մեծ գումարի հայց կներկայացվի` ավելի քան 23 մլրդ դոլարի։ Սակայն Վ. Պուտինից Թուրքիայի «նեղացածության» կապակցությամբ տարբեր լրատվամիջոցներում լուրերի ու բամբասանքների ձևով «տեղեկություններ» են թափանցել այն մասին, թե, իբր, հիմա Անկարան պատրաստ է լսելու ԱՄՆ-ի ու Եվրամիության պահանջները և հրաժարվելու «Թուրքական հոսք» գազային նախագծից։ «Գազի հարցը» և Անդրկասպյան, Անդրանատոլիական և Անդրադրիատիկ գազանախագծերի շուրջ ԱՄՆ-ի ու ամերիկացիների մի շարք գործընկերների վերսկսած աղմուկը, համենայն դեպս, առանձին թեմա է և առանձնակի քննարկում է պահանջում, և մենք մայիսի ընթացքում կանդրադառնանք դրան։ Իսկ առայժմ նշենք մի կարևոր բան. մայիսի 8-ին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարեց, որ կորպորացիան որոշում է ընդունել սկսել «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի շինարարությունը։ Եվ, իբր, հենց մայիսի 8-ից աշխատանքներ են ընթանում ծովային հատվածի շինարարության մեկնարկը նախապատրաստելու և համախմբելու ուղղությամբ։ Դրանից առաջ` մայիսի 7-ին, տեղի էին ունեցել բանակցություններ «Գազպրոմի» ղեկավարի և Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի միջև, որոնց ընթացքում, ինչպես հաղորդվել է, անհրաժեշտ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Անցած ամիսներին (2014 թ. դեկտեմբերից` «Հարավային հոսք» նախագծից հրաժարվելու մասին Պուտինի հիշարժան հայտարարությունից հետո) բանակցությունները շատ ծանր ընթացք են ունեցել, երկու կողմերի համար էլ կորուստներով։ Թուրքական կողմը առավելագույն զեղչեր է պոկել, միաժամանակ գերավճարելով ընթացիկ մատակարարումների գծով։ «Գազպրոմը» փողեր է կորցնում խողովակաշար նավի պարապուրդի պատճառով։ Երկու օր առաջ «Գազպրոմը» զեղչեր տրամադրեց թուրքական մասնավոր ընկերություններին, սակայն հիմնական ներմուծողի` պետական «Botas»-ի, համար զեղչի եզրափակիչ չափն առայժմ հայտնի չէ։
«Թուրքական հոսքով» գազի մատակարարումները պետք է սկսվեն 2016 թ. դեկտեմբերին։ Հաշվի առնելով «Հարավային հոսքի» հաշվարկները, այս տողերն ավելի քան իրատեսական են։ Հիշեցնենք, որ հաշվարկները ներառում են ռուսական տարածքում եղած պատրաստի ենթակառուցվածքը, «Հարավային հոսքի» համար արված խողովակների պաշարը, ծովային ուղեհատվածի այն մասի նախագծային աշխատանքները, որտեղ այն համընկնում է պլանավորված «Հարավային հոսքի» ուղեգծին։ Միաժամանակ հասկանալի է, որ առայժմ խոսքը վերաբերում է գազամուղի մեկ ճյուղի գցմանը (15,75 մլրդ խմ)։ Այդ գազը առավելապես կգնա թուրք սպառողներին, փոխարինելով այն ծավալներին, որ նրանք ստանում էին շրջանցիկ ուղիով` ՈՒկրաինական ԳՏՀ-Ռումինիա-Բուլղարիա գազատար համակարգով։ Անցած տարի «Գազպրոմը» Թուրքիային 27,4 մլրդ խմ գազ էր մատակարարել երկու երթուղով` «Երկնագույն հոսք» ուղիղ ծովային գազամուղով (16 մլրդ խմ կարողությամբ) և ՈՒկր-ԳՏՀ-ի մասնակցությամբ շրջանցիկ ցամաքային երթուղով։
Հարկ է նշել հետևյալը. հաշվի առնելով, որ հարավային միջանցքի շրջանակներում արդեն զգալի ներդրումներ են կատարվել, «Թուրքական հոսքի» նույնիսկ մեկ ճյուղը, որ գազը մատակարարում է միայն Թուրքիային, բարձրշահութաբեր նախագիծ է։ Եվրոպական տարածքով գազամուղի ցամաքային շարունակության հարցում դեռ որոշակիություն չկա։ Մայիսի 7-ին, երբ հաղորդումներ երևացին, թե Թուրքիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, իսկ Հունաստանին կարող է գազամուղի շինարարության համար ռուսական վարկ տրամադրվել, Սերբիայի (նոր երթուղով հնարավոր տարանցող) ղեկավար Տոմիսլավ Նիկոլիչը, իբր, հանկարծ հայտարարել է, թե Բելգրադում անհնար են համարում Սերբիայի տարածքով «Թուրքական հոսք» գազամուղի անցկացումը։ Այդ հայտարարությունը արդյոք սերբական ղեկավարության արտքաղաքական գերակայությունների փոփոխման հետևա՞նք է, թե՞ իր տարածքում ենթակառուցվածքի շինարարության համար նույնպես վարկ ստանալու ակնարկ, առայժմ պարզ չէ։ Սակայն արդեն մայիսի 8-ին Տ. Նիկոլիչի աշխատակազմը հերքեց իր ղեկավարի հայտարարությունը, թե, իբր, «նախագահին ճիշտ չեք հասկացել»։ Բայց այս դրվագն էլ, ինչպես այն տարօրինակ հաղորդումները, թե, իբր, ԱՄՆ-ի համապատասխան կառույցներն ու «կենտրոնները» Սերբիայում և հարավսլավական նախկին Մակեդոնիայի Հանրապետությունում «հեղափոխության պատվեր» են ստացել, միայն ընդգծում են, թե որքան է աճել թե՛ Չինաստանի հետ Ռուսաստանի դաշինքի ռազմավարական արժեքը, թե՛ Իրանի պատրաստակամությունը` եվրասիական գործընկերների հետ խոսելու Արևմուտքին համատեղ դիմակայության մասին։ Եվ Հայաստանի իշխանություններն ու քաղաքական բոլոր ուժերը պետք է հաշվի նստեն վերոշարադրյալ աշխարհաքաղաքական իրողությունների հետ։ Ասենք, իրողությունների հետ պետք է հաշվի նստեն հայ հասարակության բոլոր գիտակից ու ողջախոհ անդամները, իսկ եթե մենք չցանկանանք տեսնել և ընդունել իրողությունները, ապա, ավաղ, այդ իրողություններն իրենք մեզ կստիպեն հաշվի նստել իրենց հետ։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ