Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Երկրակեղևում կայունություն չկա

Երկրակեղևում  կայունություն չկա
31.03.2015 | 00:44

Ինչո՞ւ են երկրաշարժեր լինում, հրաբուխներ ժայթքում, կղզիներ անհետանում ու առաջանում: Այո, կայունություն չկա երկրակեղևում: Ոչ մի տեղ կայունություն չկա՝ ոչ երկրի խորքում, ոչ երկրի վրա, ոչ երկրի ներսում, ոչ երկրից դուրս: Ի՞նչ անես: Արևի վրա կայունություն չկա. մեկ խավարում է, մեկ պայթում է, մեկ քամիներ է անում տիեզերքով մեկ: Ի՞նչ անես: Լուսնի վրա էլ հույս դնելու չէ, շատ էլ Երկրի արբանյակն է, մեկ՝ տեղատվություն, մեկ՝ մակընթացություն, մեկ կիսվում է, մեկ լրիվանում: Ի՞նչ անես: Ո՞Ւմ հավատաս: Ո՞Ւր գնաս: Չկա, կայունություն չկա:
Աշխարհի ամենակայուն երկիրը Հայաստանն է՝ շատ կայուն համագործակցում է: Բոլորի հետ, ով չի մերժում: Հին հայկական ավանդույթ է՝ իմ բարեկամի բարեկամը իմ բարեկամն է, իմ թշնամու թշնամին իմ թշնամին է, բայց ես ոչ բարեկամ ունեմ, ոչ թշնամի: Ես կայուն եմ իմ անկայունության մեջ:
Անցյալ շաբաթ Հայաստանը պիտի լիներ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, իբրև Հարավկովկասյան տարածաշրջանի ամենահզոր պետությունը, որ պարտավորվել է պայմանագրով ապահովել Չինաստանի անկախությունն ու անվտանգությունը: Որ պարտավորվել է Չինաստանի հետ «Մետաքսի մեծ ճանապարհը» կառուցել: Որ պարտավորվել է Չինաստանի հետ հանցագործություններ կանխարգելել ու բացահայտել: Իսկ աշխարհը չգիտես ինչու՝ զբաղված էր Ալպերում կործանված ինքնաթիռով ու նրա երկրորդ օդաչուով, Եմենով, Իրանով, բայց ոչ Հայաստանով: ՀՀ նախագահը պետական այցով մեկնեց ՉԺՀ ու մի քանի օրում գրավեց Չինաստանը՝ տնտեսապես, ֆինանսապես, քաղաքականապես, բոլոր պես-երով: Չեմ թվարկի հուշագրերը, համաձայնագրերը, հռչակագրերը, պատկերացրեք, որ առավոտյան արթնանում եք հայ-չինական համագործակցության շրջանակներում ձեզ մատուցված մի բաժակ սքանչելի թեյով, երեկոն ավարտում եք նույն շրջանակում՝ չինական ժենշենի թուրմով: Իսկ ամբողջ օրը, ինչի հետ էլ շփվեք՝ շփվում եք հայ-չինական նոր համագործակցությանը՝ սկսած հագուստից, կոշիկից՝ ավարտած ատոմային էլեկտրաէներգիայով, սուշիի ու յուանի մասին չեմ ասում: Եթե, իհարկե, կատարվեն բոլոր համաձայնագրերը, հուշագրերը, հռչակագրերը: Ինչու պիտի չկատարվե՞ն, եթե երկու պետությունների ջերմ, բարեկամական և փոխադարձ վստահության վերաբերմունքը համապատասխանում է երկու երկրների և ժողովուրդների արմատական և երկարաժամկետ շահերին, նպաստում է համատեղ զարգացմանն ու բարգավաճմանը: Հարցեր կա՞ն: Չկան: Ի՞նչ հարցեր, երբ Պեկինի Տյանանմին հրապարակը եղբայրանում է Երևանի Հանրապետության հրապարակի հետ: Երբ Երևանը չճանաչելով չի ճանաչում Թայվանի անկախությունը, Պեկինը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն։ Երբ Երևանն ու Պեկինը աջակցելու են միմյանց ջանքերին` ուղղված պետական անկախության, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության ամրապնդմանը, սոցիալ-քաղաքական կայունության ապահովմանը և ազգային տնտեսության զարգացմանը։ ՈՒ ինչպե՞ս է մինչև հիմա Չինաստանն առանց Հայաստանի ապրել: Առանց Հայաստանին վարկավորելու, առանց առևտուր անելու Հայաստանի հետ, առանց Հայաստանի կառավարության, կուսակցությունների ու հասարակական միավորումների հետ կապերի, առանց կապիտալ ու տեխնոլոգիաներ ներմուծելու, առևտրաներդրումային մթնոլորտ բարելավելու: Առանց հայկական գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, առողջապահության, ենթակառուցվածքների զարգացման: Փաստորեն չինացիք մինչև անցած շաբաթ սխալ են ապրել ու սխալ են զարգացել: Հավելեք՝ կրթության, մշակույթի, գիտության և տեխնիկայի, շրջակա միջավայրի պահպանման, ԶԼՄ-ների, սպորտի, զբոսաշրջության և այլ բնագավառներում համագործակցությունը:

Միայն Հայաստանն էր պակասում Չինաստանին, որ կարողանա կատարելագործել ՄԱԿ-ի Կանոնադրությունը, պայքարի միջազգային ահաբեկչության դեմ, փողերի լվացման, թմրանյութերի անօրինական շրջանառության և անդրազգային կազմակերպված հանցավորության: Իջեք կարուսելից, դուք ուրիշի երազն եք տեսնում, չընկնելու համար դուք կառչել եք ուրիշի փայտե ձիուկին, նա ձեզ ոչ մի տեղ չի տանելու, նա ձեզ պտտելու է նույն շրջագծով: Նա կարուսելի ձի է: Էներգետիկա, տրանսպորտ, քիմիական արդյունաբերություն, կրթություն, գիտություն, մշակույթ, գյուղատնտեսություն, ավիացիա, զբոսաշրջություն, ենթակառուցվածքների զարգացում, առևտրատնտեսական հարաբերություններ, ապրանքաշրջանառություն, Հայաստանից Չինաստան արտահանման մեծացում, Հայաստանի տնտեսության մեջ չինական ներդրումների ներգրավում և համատեղ ծրագրեր, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի, Հայաստանն ու Իրանը միացնող երկաթուղու, Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ծրագրերին չինական ընկերությունների մասնակցություն: Իջեք ձիուց, ընդամենը փայտե ձիուկ է, կարուսելը խաղ է, մանկական խաղ: Չինացիք իմաստուն ժողովուրդ են, բայց Հայաստանի Հանրապետությունը շփոթել են ուրիշ պետության հետ: Չինաստանի պես երկրի հետ համագործակցության նման համաձայնագրեր կնքելուց հետո Հայաստանում առնվազն պիտի հեղափոխություն լինի մտածողության, տնտեսության կառուցվածքի ու տնտեսավարման տրամաբանության մեջ: Չինական ներդրումները չեն հոսելու Հայաստան հեշտ ու հանգիստ, չինացիք գիտեն յուանի գինը և յուանը ծախսելու ձևերը, նրանք մանրակրկիտ ուսումնասիրելու են ամեն ինչ, հետո նոր միայն որևէ ծրագիր սկսեն: ՈՒ հեռանալու են դեռ չեկած, եթե իրենց որոնած պայմանները չլինեն: Իսկ նրանք ամեն տեղ օրենք են որոնում և աշխատում են օրենքի դաշտում՝ փոխադարձ շահավետության հիման վրա: Եթե հաջողվի այս ծրագրերի գոնե կեսը կյանքի կոչել, Հայաստանի Հանրապետությանը իսկապես սպառնում է ինքնիշխան պետություն դառնալու հեռանկարը՝ տնտեսական ու քաղաքական, ռազմական, ու՝ ընդհանրապես: Սերժ Սարգսյանը կառուցում է հայկական Չինական պատը: Պեկինի ինչի՞ն է պետք Հայաստանը, որ իր ողջ բնակչությամբ Չինաստանի մայրաքաղաքի արվարձաններից մեկը հազիվ բնակեցնի: Չգայթակղվեք, թե Հայաստանը վերջապես սկսում է ինքնուրույն ինչ-որ գործ, ծրագիր, որտեղ Ռուսաստանը փայաբաժին չունի ու չի խանգարելու՝ իբրև ռազմավարական գործընկեր: Չգայթակղվեք, թե Հայաստանը մասն է դառնում չինական մեծ ծրագրի, որը Հայաստանով ու Հարավկովկասյան տարածաշրջանով շարժվում է առաջ: «Մետաքսի ճանապարհի» վերականգնումն էլ Հայաստանը դարձնում է կապող օղակ: Որ՝ ժամանակի մեջ խաղաղությունը տարածաշրջանում դառնում է պարտադիր պայման, որքան էլ Ադրբեջանն աղմկի, Թուրքիան ընդմիշտ կարող է սահմանը փակ պահել, խնդիր չէ, նույնիսկ Ռուսաստանը այլևս դադարում է Հայաստանի համար միակն ու անփոխարինելին լինել սկսած ատոմակայանից մինչև զենքի վաճառք։ Եթե համաձայնագրերին հավելվեր ևս մեկը, որով Հայաստանում հիմնվեր չինական գյուղ, մի քանի տարում կլուծվեր նաև ժողովրդագրական խնդիրը, մի քիչ շեղաչք կդառնայինք, բայց դա տեխնիկական մանրուք է: Իջեք ձիուց, սպիտակ է, բայց ձեր ձին չէ:
Ձեր երկրի նախագահը իր պետական այցը զարմանահրաշ երկիր եզրափակեց Ասիայի Բոաոյի համաժողովին ուղղված ելույթով ու համարձակ ասաց, որ Հայաստանը Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող երկիր է, հազարամյակներ կապող օղակ է եղել երկու աշխարհամասերի միջև, միաձուլել արևելյան և արևմտյան արժեքները, որ Հայաստանն այսօր գրավիչ երկիր է գործարար միջավայրի տեսանկյունից, որ կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն` չկիրառելով գրեթե որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, որ երաշխավորված է օրենքով: Բայց դուք գիտեք, որ այդպես չէ, դուք գիտեք, որ օրենքները՝ օրենքներ, բիզնեսը լուրջ գործ է, օտարներին մոտ չի թողնում: Դուք գիտեք՝ ինչքան դժվար է ապրել խաչմերուկում՝ աջից ու ձախից գալիս են ու գալիս, իսկ դուք գնում եք, որովհետև ոչ աշխատանք ունեք, ոչ հավատում եք, որ կունենաք: Որովհետև համաձայնագրերը՝ համաձայնագրեր, միջպետական հարաբերությունները՝ միջպետական հարաբերություններ, բաց ի՞նչ է փոխվում կոնկրետ ձեր կյանքում, երբ Սերժ Սարգսյանը ձեզ համար չինական պարիսպ է կառուցում: Այսօր Հայաստանն ազատ առևտրի համաձայնագրեր ունի 250 միլիոն բնակչություն ունեցող ԱՊՀ բոլոր երկրների հետ, ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանն ազատ մուտք ունի 170-միլիոնանոց միասնական շուկա, հումքի անմաքս ներմուծման իրավունք ԵԱՏՄ և 750 ապրանքատեսակի համար ներմուծման արտոնյալ պայմաններ՝ երրորդ երկրներից:
Հայաստանն ունի ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի հետ արտոնությունների համակարգ՝ զրոյական կամ ցածր մաքսատուրքեր են գործում հայկական ծագմամբ ապրանքներն այս երկրներ արտահանելիս: ՈՒ ի՞նչ: Ի՞նչ է արտահանվում ԵՄ, ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Ճապոնիա և Նորվեգիա: Թեթև արդյունաբերությո՞ւնն է գործում, հեղեղում ենք այդ երկրների շուկաները մեր անկրկնելի արտադրանքով, սնո՞ւնդ ենք արտահանում, շինանյո՞ւթ, հաստոցնե՞ր, թե՞ միայն ու միայն հումք:
Հայաստանը պատրա՞ստ է դառնալ ասիացի գործարարների շահերի կենտրոն: Ինչո՞վ: Ինչո՞ւ պիտի չինական և ասիական խոշոր ընկերությունները Հայաստանում տարածաշրջանային գլխամասային կենտրոններ հիմնեն: Էժան աշխատուժի՞ պատճառով միայն: Թե՞ այդ ամենը շատ հեռու հեռանկար է՝ երբ «Մետաքսի ճանապարհը» գործի: Ինչպե՞ս Հայաստանում զարգանա զբոսաշրջությունը, երբ ինֆրակառույցները թերզարգացած են, երբ ինչպես Զատիկի թարխուն, հենց մի առիթ է լինում, հյուրանոցները բարձրացնում են գները, ավիաընկերությունները՝ տոմսերի գները: Մենեջմենթ հասկացությունը Հայաստանում սկսվում ու ավարտվում է գներով: Համագործակցությունը իսկապես զարգացման ճանապարհ է, Պեկինում կնքված բոլոր համաձայնագրերը իսկապես հիանալի շանսեր կարող են տալ Հայաստանի տնտեսությանը՝ զարգացման ու նոր հեռանկարների, բայց միայն պայմանների առկայությամբ: Թղթի վրա են մնալու այդ համաձայնագրերը, ինչպես տասնյակ այլ համաձայնագրեր, որովհետև Հայաստանում չկա ամենագլխավորը՝ պետականության ընկալումը, պատասխանատվությունը պետականության զարգացման համար: Որովհետև չկա ընդհանրական շահի գիտակցությունը, փոխարենը գերզարգացած է սեփական շահի գիտակցությունը: Օրենքները գործում են ընտրովի, ազատ շուկան չի կայանում, մոնոպոլիաներն են կառավարում՝ իշխանության թեթև, երբեմն էլ ծանր, ձեռքի տակ: Սի Ձինպինը ոչինչ չի կորցնի, եթե համաձայնագրերը չկատարվեն, նույնիսկ Սերժ Սարգսյանը ոչինչ չի կորցնի՝ նա արել է իր գործը՝ ելույթ է ունեցել, համաձայնագիր է կնքել, հանդիպել է, հրավիրել է, երկիր է ներկայացրել, ու՝ վերադարձել է: ՈՒ եթե վերադարձից հետո շարունակելու է նույնը, ոչինչ չի փոխվելու: Հայաստանն այլևս չունի ներքին ռեսուրսներ, կրճատված տրանսֆերտները ստիպում են մի օր Արևմուտք, մի օր Արևելք նետվել՝ փող գտնելու, բայց փողով երկիր չեն պահում: Փողը ինչպես գալիս, այնպես գնում է, եթե տնտեսություն չի զարգանում, արտադրություն չկա, երկիրը չի կարող սպասարկման ոլորտի կարգավիճակով ապրել ու զբոսաշրջիկների հույսին զարգանալ, եթե նույնիսկ նրանք ամբողջ աշխարհով մեկ խելագարվեն ու նետվեն Հայաստան՝ Գառնիում հեթանոսություն, Գեղարդում քրիստոնեություն, Սևանում լողալ սովորելու համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էլ Հիսուսի կողը խոցած սուրբ Գեղարդով ապաքինվեն: Երկրին պետք է արդյունաբերություն, արտադրություն, աշխատատեղ, մնացածը ֆիկցիա է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Երկրակեղևում, ինչպես Հայաստանում, կայուն անկայունություն է: Մինչև ե՞րբ կդիմանանք:

Դիտվել է՝ 1394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ