ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Քարի դարը մոլորակում ավարտվեց ո՛չ այն պատճառով, որ քարը վերջացավ»

«Քարի դարը մոլորակում  ավարտվեց ո՛չ այն  պատճառով, որ քարը վերջացավ»
17.10.2014 | 00:44

Նավթի գների կանխատեսվող (մասնավորապես մեր թերթի կողմից) և, ամենայն հավանականությամբ, կայուն անկման պայմաններում ստեպ-ստեպ հաղորդումներ են երևում, որոնք, ակնհայտորեն, «ածխաջրածնային տնտեսություններին» լավատեսություն չեն ներշնչում։ Այսպես, հայտնի է դարձել, որ Ռոքֆելլեր եղբայրների անչափ հարուստ բարեգործական հիմնադրամը (նրա հաշիվներին կուտակվել է համարյա 860 մլն դոլար) մտադիր է մոտ ապագայում հրաժարվել ներդրումային այն նախագծերից, որոնք այս կամ այն կերպ առնչվում են նավթի ճյուղի հետ։ Հիմա նա հետաքրքրվում է այլընտրանքային կամ «կանաչ» էներգետիկայի հարցերով։ Զավեշտալին այն է, որ այդ բանը հայտարարում են միլիարդատերերի նշանավոր ընտանիքի ժառանգները, որոնք իրենց հսկայական կարողությունը կուտակել են հենց «սև ոսկու» շնորհիվ։ Եվ չէ՞ որ հենց Ջոն Ռոքֆելլերն էր, որ հեռավոր 1870 թվականին հիմնեց «Standard Oil» նավթային ընկերությունը և անուղղակիորեն (առանց որևէ գաղտնիության) դրեց բոլոր ժամանակակից աղետների հիմքերը՝ բնապահպանականից մինչև ահաբեկչական։ Ի դեպ, Ռոքֆելլերների հիմնադրամի տնօրեն Սթիվեն Հայնցը հայտարարել է. «Մենք համոզված ենք, որ եթե նա (Ռոքֆելլերը) այսօր ողջ լիներ, ապա լինելով պատասխանատվության զգացում ունեցող գործարար, հոգ տանելով ապագայի մասին, նա կդադարեցներ օգտակար հանածոների հետ առնչություն ունեցող բիզնեսը և փողը կներդներ էներգիայի վերականգնվող աղբյուրներում», իսկ Վալերի Ռոքֆելլեր-ՈՒեյնը՝ «այն» Ռոքֆելլերի նախանախանախածոռնուհին, որը հիմնադրամի վարչության անդամ է, հայտարարել է. «Առողջ մոլորակի պահպանումը մեր բարոյական պարտքն է»։ Եվ էլի մեկ բան, որ պակաս հատկանշական չէ. Ռոքֆելլերներն իրենց այս նոր հրապուրանքում միայնակ չեն, կան էլի 180 ընկերություններ ու մասնավոր անձինք՝ մոտ 51 մլրդ դոլար ընդհանուր ներդրումային գումարով, որոնք որոշում են ընդունել այլևս միջոցներ չներդնել վառելիքի հանածո տեսակների մեջ։ Ավելին, ընթացիկ տարվա սկզբից «այլընտրանքային էներգետիկայում» կատարվող ներդրումներն աշխարհում կրկնապատկվել են։
Եվս մեկ տեղեկություն, որն ապացուցում է, որ մեր կողմից հաճախակի մեջբերվող ասացվածքը՝ «Քարի դարը մոլորակում ավարտվեց ո՛չ այն պատճառով, որ քարը վերջացավ», այսօր ոչ միայն առանձնակիորեն օրախնդիր է, այլև լիովին համահունչ է նավթի շուկաների անկմանը։ Չինաստանում՝ աշխարհի խոշորագույն նավթ ու գազ սպառող երկրում, Զարգացման և բարեփոխումների ազգային հանձնաժողովը հավանություն է տվել 160 մլրդ յուան (մոտ 25 մլրդ դոլար) ընդհանուր ծավալով ներդրումներով չորս ատոմային էլեկտրակայանների շինարարությանը։ Բացի այդ, առափնյա Թայշան քաղաքում՝ Հոնկոնգից 150 կմ հեռու, չինացի շինարարները ձեռնամուխ են լինում երկու ամենաարդիական ռեակտորի շինարարությանը, և դրանցից յուրաքանչյուրը կարտադրի կրկնապատիկ ավելի էլեկտրաէներգիա, քան աշխարհի սովորական ռեակտորները։ Ավելին, Չինաստանում այսօրվա դրությամբ կառուցվում է տարբեր հզորությամբ 28 ռեակտոր, ինչը շատ ավելի էժան է, քան մոլորակի ցանկացած այլ երկրում. դա կազմում է աշխարհի բոլոր «ատոմային նորակառույցների» 40 %-ը։ Եվ հավելումն այն բանի, որ այս պահին Չինաստանն ունի շահագործման մեջ գտնվող 17 միջուկային ռեակտոր։ Ի դեպ, Չինաստանում ատոմակայանները համարում են «կանաչ էներգետիկայի» օբյեկտներ և կարծում են, որ դրանց շինարարության պարագայում առանց «ֆեն-շույ» ավանդույթի անհնար է յոլա գնալ, այն է՝ «կողքին պետք է անպայման կենդանի ջուր լինի»։
Որոշ փորձագետներ, իհարկե չինացի, վախենում են, որ նման մոտեցումը կարող է հանգեցնել ճյուղի «գերխտացման»։ Նրանց կարծիքով, մեծ քանակությամբ ռեակտորների շատ արագ գործարկումը կարող է սպառնալիքի տակ դնել միջուկային էներգետիկայի երկարաժամկետ առողջ զարգացումը։ Բայց, ինչպես երևում է, Չինաստանում այդ վախը չունեն։
Բայց չէ՞ որ երկար ժամանակ աշխարհում ատոմային էներգետիկայի զարգացման հիմնական շարժիչ ուժը Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան էին, որոշ առումով էլ՝ Ռուսաստանը, բայց բնավ ոչ Չինաստանը։ Ի՞նչ է, ուրեմն, տեղի ունեցել։ Ինչո՞ւ է հենց ՉԺՀ-ն սկսել ատոմակայանների ակտիվ շինարարությունը ոչ միայն իր մոտ, այլև աշխարհում։ Պետք է նկատել, որ այն պայմաններում, երբ Ֆուկուսիմայի աղետից հետո ատոմային էներգետիկայի զարգացումը որոշ երկրներում մի տեսակ արգելանքի տակ դրվեց, Չինաստանի իշխանությունները, ընդհակառակը, որոշեցին, որ եթե նոր կոշտ պահանջներ սահմանվեն ատոմակայանների անվտանգության նկատմամբ, վթարներից կարելի է խուսափել, և բնավ էլ հարկ չկա հրաժարվելու ատոմային էներգետիկայից։ Եվ արեցին։ ՉԺՀ նախարարների կաբինետը մի շարք օրենքներ ու կանոնադրություններ մշակեց երկրում ատոմային էներգետիկայի զարգացման վերաբերյալ, իսկ գիտնականները սկսեցին նոր մոտեցումներ որոնել։ Ի դեպ, մասնագետների կարծիքով, անվտանգության նոր չափանիշների վերաբերյալ չինացի գիտնականների մշակումներն են հենց ամբողջ աշխարհում ատոմային էներգետիկայի վերելքի հիմք հանդիսանում։ Եվ պատահական չէ, որ վերջին ժամանակներս հենց Պեկինն է իր ցուցադրական տեմպերով ներխուժել նաև ատոմային էներգետիկայի համաշխարհային շուկա։ Նա սկսել է ակտիվորեն համագործակցել Ֆրանսիայի, Բրիտանիայի, Ռուսաստանի հետ, հաճախ ասպարեզ գալով ինովացիոն նախագծերով (ինչ ասես արժեր լողացող ատոմակայանների «նավատորմ» կառուցելու և շահագործելու «Ռոսատոմին» Չինաստանի արած առաջարկը)։ Այնպես որ, ինչպես նշում են փորձագետները, Չինաստանը շուտով կարող է շատ վտանգավոր մրցակից դառնալ ատոմակայաններ կառուցող շատ երկրների համար։ Ընդ որում, Պեկինը, շատ հաճախ, ինչպես, օրինակ, Թուրքիայում, պատրաստ է շինարարությունն ապահովելու արժանավայել ֆինանսավորմամբ, բայց և պատրաստ է տրամադրելու իր տեխնոլոգիաները, անգամ ամենաարդիականները՝ ատոմակայանի շինարարության և շահագործման համար։
Իսկ դրանք, այդ թվում՝ «ոչ ստանդարտ» գիտական մշակումները, չինացի ատոմագետների պահեստում քիչ չեն արդեն։ ՈՒղղություններից մեկի՝ թորիումի օգտագործման մասին ատոմային էներգետիկայում, մենք ձեզ արդեն առիթ ունեցել ենք պատմելու։ Հիշեցնենք, թորիումը ծանր ռադիոակտիվ մետաղ է (անվանումը ստացել է ի պատիվ սկանդինավյան ամպրոպի աստված Թորի), որի մեկ տոննան արտադրում է նույնքան էներգիա, որքան արտադրում են 200 տոննա ուրանը կամ երեքուկես միլիոն տոննա ածուխը։ Թորիումի ընդհանուր պաշարները երկրակեղևում երեք անգամ, գուցե և ավելի, գերազանցում են ուրանի պաշարները (որոշ երկրներում, օրինակ, ԱՄՆ-ում, առաջ այդ մետաղը տոննաներով հորում էին, համարելով կողմնական մնացուկներ այլ, ավելի օգտակար ապարներ արդյունահանելիս)։ Համարվում էր, որ, որպես ատոմակայանների վառելիք, թորիումի օգտագործումը ծայրաստիճան շահավետ է. նախ, այն տարածված է և հեշտ է արդյունահանելը, երկրորդ, ռեակտորների աշխատանքի արդյունքում չինական պլուտոնիում չի առանձնանում, և երրորդ, անվերահսկելի շղթայական ռեակցիայի վտանգ չկա։ Այնպես որ, անգամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն (ԱտԷՄիԳ) է արդեն խոստովանել, որ ապագան թորիումինն է, թեև այդ հրաշք ռեակտորը (այն նաև անվանում են «էներգիայի բազմապատկիչ») բնավ էլ չինացիները չեն հայտնագործել, այն ստեղծել է իտալացի նշանավոր ֆիզիկոս Կառլո Ռուբիան։ Իր հայտնագործությունների համար մեծ գիտնականը 1984 թվականին արժանացավ ֆիզիկայի Նոբելյան մրցանակի։ Ժամանակին Ռուբիայի արտոնագիրը (պատենտ) գնել էր նորվեգական «Aker Solution» ընկերությունը, մտադիր էր առաջին նման ռեակտորը կառուցել Մեծ Բրիտանիայում, սակայն, կորցնելով ֆինանսների հույսը, իր ջանքերն ուղղեց Չինաստանի կողմը, որտեղ մարդկանց մտքերն ու դրամապանակները բաց են ամենայն նորի համար։ Հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Իսրայելում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և այլ երկրներում։ Այսպես, Հնդկաստանում դեռ 2012 թ. սկսվել է աշխարհի առաջին փորձառական թորիումային ռեակտորի շինարարությունը (300 ՄՎտ հզորությամբ)։ Ակնկալվում է, որ այն կգործարկվի 2016 թ.։ Բայց միայն Չինաստանում է այսօրվա դրությամբ թորիումային էներգետիկան դրվել պետական լայն հիմքի վրա։ Չինաստանի կառավարությունը թորիումային ռեակտորի մշակումն սկսել է 2013 թ.։ Սկզբնապես դա նախատեսվում էր անել 25 տարում, սակայն օրերս հայտնի դարձավ, որ չինական իշխանությունները հույս ունեն նոր ռեակտորները շահագործման հանձնել արդեն 3-4 տարի հետո։ Այս տարի Շանհայում ստեղծվեց առաջին ընդլայնված գիտահետազոտական կենտրոնը, որն աշխատում է թորիումի աղերի հալվածքով աշխատող արդյունաբերական ռեակտորի ստեղծման վրա։ Դատելով «Վեն Խուեյ Բաո» թերթում հրապարակված նյութերից, Չինաստանը կարող է անցնել շատ երկրներից և շահել «թորիումյան մրցավազքը»։ Ըստ այդ հրապարակումների, 2020 թ. երկրում նման ատոմակայանների ընդհանուր հզորությունը կհասնի 40 ԳՎտ-ի, իսկ 2050 թ. այն կհասցվի 260 ԳՎտ-ի և ավելի։ Դա նշանակում է, որ առաջիկա 40 տարում Չինաստանում ատոմային էներգիայի արտադրությունն այսօրվա համեմատությամբ կավելանա 20 անգամ։ Բացի այդ, Չինաստանի գիտությունների ակադեմիայի վերջերս կայացած ամենամյա խորհրդաժողովում նշվեց, որ քանի դեռ աշխարհը գտնվում է միջուկային ռեակտորների նոր սերնդի մշակման, թորիումի ու ռեակտորների հետազոտման փուլում, Չինաստանն իր հսկայական հետազոտություններով կարող է ստանալ մտավոր սեփականության բոլոր իրավունքները, իսկ մնացած պետությունները տեխնոլոգիական կախման մեջ կընկնեն նրանից։
Այսպիսով, չինացիները նպատակադրվել են թորիումային տեխնոլոգիայի և հալված աղերի տեխնոլոգիայի ասպարեզում առաջատար դառնալ, և ինչպես մենք արդեն սովորել ենք՝ այդ նպատակին անպայման կհասնեն։
Իսկ մեզ մնում է միայն հաջողություն մաղթել նրանց։ Չէ՞ որ, ի վերջո, նրանք բարիք են գործում ոչ միայն իրենց, այլև ամբողջ մարդկության համար։ ՈՒ հնարավոր է (ավելորդ չէ երազել), որ մեզ, այնուամենայնիվ, կհաջողվի այս դարն ապրել հանգիստ և խղճուկ ռեսուրսների պատճառով չոչնչացնել ո՛չ մեզ, ո՛չ մեր մոլորակը։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 3278

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ