ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կանգնեցված ժամացույցի ժամանակը

Կանգնեցված ժամացույցի ժամանակը
14.10.2014 | 00:46

Եվրամիությանը, ներեցեք, Եվրասիական միությանը անդամակցեցինք, տարեկան հանրահավաքն արեցինք: Մի օրում: Գնում ենք վաստակած հանգստի: 2014-ի քաղաքական տարին ավարտվեց: Իշխանության համար՝ ԵՏՄ-ին անդամակցելով: Ոչիշխանության համար՝ հանրահավաքով: Ընդդիմության տարին չէր էլ սկսվել: 2014-ի տնտեսական տարին էլ ավարտվեց: Տարեսկզբի վարչապետ Տիգրան Սարգսյանի համար` դեսպանությամբ ԱՄՆ-ում: Ներկա վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար ԱՄՆ այցով, որտեղից վերադառնալով՝ պիտի հաշվեկշռի բյուջեի մուտքերն ու ելքերը, ըստ այդմ՝ իր քաղաքական հավակնությունների հետագա ընթացքը: Հայաստանի Հանրապետության համար՝ անկախության վերասերմամբ՝ երկու նախագահների ձեռքով միաժամանակ. գործողը Հայաստանի մայրաքաղաքը Մոսկվան «դարձրեց», հիմնադիրը համաձայն է նրա հետ արտաքին քաղաքականության մեջ: ՀՀ սովորական քաղաքացիների համար 2014-ը սովորական տարի էր, որ մի մասի համար անցավ Հայաստանում, մի մասի համար դարձավ Հայաստանից հեռանալու ժամանակ: Եթե քաղաքական իմաստով 2014-ը խորհրդանշական իմաստ ունի, այն տարին է, որից հետո մինչև ընտրություններ մնում է երեք-չորս տարի: Մեկ էլ՝ այն տարին է, երբ շրջանառության մեջ դրվեց սահմանադրական բարեփոխումների գաղափարը՝ հայեցակարգի տեսքով: Մենք սկսել ենք 2015-ը, նույնիսկ եթե չենք զգում: Օրացուցային տարին պայմանական է: Գործնականում՝ քաղաքական 2015-ը սկսվեց հոկտեմբերի 10-ին` Մինսկից, որտեղ սահմանվեցին ՀՀ նոր սահմանները: Տնտեսական 2015-ը ձևավորվում է Հանրապետության հրապարակում, որտեղ կառավարությունը կազմում է բյուջեի նախագիծը և պատրաստվում ներկայացնել Բաղրամյան 19-ի, հետո էլ 26-ի հաստատմանը: Ամեն ինչ ճիշտ է: Ամեն ինչ ծրագրված: Ոչ մի անակնկալ: 2015-ն էլ կանցնի 2014-ի նման: Ապրիլ-մայիսին պատմահոգեբանական, բայց ոչ քաղաքական ապոգեյով, Ցեղասպանության 100-ամյակից հետո՝ հանգիստ:
Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը ցույց տվեց, որն է իշխանության ուժը: Ընդդիմության բացակայությունը: Հոկտեմբերի 10-ին ոչիշխանական ուժերը հավաքեցին կրիտիկական զանգված: ՈՒ` տուն ուղարկեցին: Դա անկախ Հայաստանի անխախտ ավանդույթներից է, որ ձևավորում է ընտրություններում պարբերաբար հաղթող, հետո գեղեցիկ հեռացող ընդդիմությունը: Ովքե՞ր էին հարթակում: Եռյակը քառյակ դարձրած Ստեփան Դեմիրճյանը ¥ճիշտ է, Ռուբիկ Հակոբյանը հետո տրտնջաց, որ եռյակը մնում է եռյակ ու ՀԺԿ-ի միանալու քննարկում չի եղել¤, որ 2003-ին գնաց թեյելու, ժողովրդին թողնելով Մատենադարանի հարթակում մենակ: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ 2007-ին վերադարձավ մեծ քաղաքականություն, շարժում ձևավորեց, որ 2008-ին Ազատության հրապարակից հեռանա ու Ալեքսանդր Մյասնիկյանի հետ ժողովրդին մենակ թողնի, որովհետև կրակում էին: Րաֆֆի Հովհաննիսյանը, որ իր աստեղային ժամն ապրեց ընդամենը բարևելով ու 2013-ին ժողովրդին տուն ուղարկեց, իսկ ինքը նախ գնաց աղոթելու, հետո Մոսկվա՝ հաղթանակ բերելու: Գագիկ Ծառուկյանը, որ երկու անգամ խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն չդարձավ իր ԲՀԿ-ով, որ 2013-ին հրաժարվեց նախագահական պայքարից, որ հանրահավաքի նախորդ օրը ռուսական թերթում հրաժարվում էր իշխանափոխությունից, իսկ երեկոյան ասուլիսում՝ համաձայնում նախագահ առաջադրվել՝ «Վայ, մամա ջան» ռեմարկից հետո ¥ճիշտ է, տեղնուտեղը ՀԱԿ-ը Արամ Մանուկյանի շուրթերով շտապեց ասել, որ եռյակում հարցը չի քննարկվել¤, բայց հայտնի չէ՝ ո՞ր ընտրություններում: Ի՞նչ էին նրանք խոստանում մինչև հոկտեմբերի 10-ը:

Անձամբ՝ ոչինչ, լռում էին: Հանրապետության մարզերի հանրահավաքներում նրանց կուսակիցները իշխանափոխության խնդիր էին դնում ու խնդրում Երևան գալ՝ թիկունք լինել, որովհետև եթե գան, եթե կրիտիկական զանգված հավաքվի, իրավիճակ կփոխվի: Շուրջօրյա հանրահավաքներն էլ չէին բացառում, նստացույցն էլ: Իշխանությունն էլ արդեն համարյա հրաժարական էր տվել՝ մի քանի օրվա հանրահավաքից հետո: Հոկտեմբերի 10-ին իշխանափոխության ուրվականը կարճ ժամանակով թևածեց Ազատության հրապարակում ու հեռացավ՝ հասկանալով, որ ո՛չ իր տեղն է, ո՛չ իր ժամանակը:
Ի՞նչ ասաց ոչիշխանական եռյակը առաջին դեմքերի մակարդակով:
Գագիկ Ծառուկյանը, որ, հրապարակում այդքան մարդ տեսնելով, իր առաքելությունը համարում էր ավարտված, ասաց. «Ես այսօր այստեղ եմ, ձեզ հետ եմ, ձեր կողքին կանգնած եմ և շատ հպարտ եմ»: Հետո հավելեց. «Ես այսօր այստեղ հատուկ ելույթ չեմ ունենալու, ելույթ են ունենալու իմ գործընկերները` ես նրանց ուշադիր լսելու եմ: Ես ելույթ եմ ունենալու հաջորդ հանրահավաքին, և այն բոլոր հարցերը, ինչին որ դուք սպասում եք` ասելու եմ այդ բոլորը»: Այսքանը: Տպավորիչ է, չէ՞: Հատկապես՝ հայերեն: Բայց այն վառոդի քուղն է, որ, իբր, կարող է հաջորդ հանրահավաքին պայթել՝ ելույթի տեսքով, ուրեմն, նորից կրիտիկական զանգված է պետք:
Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջեց իշխանափոխություն՝ համարելով, որ գործող «նախագահի ցանկացած քայլ առոչինչ է». «Հինգ տարի առաջ այս օրը նա ստորագրել տվեց այն արձանագրությունները, որոնք հակապետական էին, հակասահմանադրական, և շարունակությունն էին 21 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի: Հոկտեմբերի 10-ին՝ հինգ տարի առաջ: Անցյալ տարի պետական հանցագործությամբ նա գողացավ ոչ թե իմ քվեն, այլ ժողովրդի ձայնը, արհամարհելով ժողովրդի կամքը հերթական անգամ: Այսօր, առանց որևէ լեգիտիմության կան իրավակարգության, առոչինչ իր ստորագրությունը դրեց մի փաստաթղթի վրա, որը վաճառում է Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը: Իր ցանկացած քայլ՝ արտաքին, թե ներքին, առոչինչ է, և ժողովուրդը չի ընդունում»: Իրավատեր Րաֆֆի Հովհաննիսյանից բացի, ԵՏՄ-ին անդամակցության համաձայնագիրը որևէ մեկին չհետաքրքրեց: Նրան նյարդայնացրեց, որ իր ելույթը զուգահեռվում է «Հիմա, հիմա» կոչերով ու ընդհատեց խոսքը՝ խորհրդակցելու Լևոն Տեր-Պետրոսյանի ու Գագիկ Ծառուկյանի հետ: Այլևս չխոսեց:
Լևոն Տեր-Պետրոսյանը կարդաց իր հանրահավաքային կյանքի ամենակարճ դասախոսությունը՝ ավանդաբար «որոշ հստակեցումներ» արեց առ այն, որ քառյակը նորից քառյակ է, որ Ռոբերտ Քոչարյանը և ՕԵԿ-ը իրենց հետ առնչություն չունեն, ու անցավ «շարժման» խնդիրներին։ Պարզվեց՝ «Կենտրոնանալով բացառապես սեփական ուժերով մեր երկրի ներքին հարցերը լուծելու վրա, շարժումն իր առջև աշխարհաքաղաքական կողմնորոշումների խնդիր չի դնում և առաջիկա զանգվածային միջոցառումների ընթացքում ամենևին չի պատրաստվում անդրադառնալ այդ թեմային։ Իրականում Հայաստանի քաղաքական օրակարգում այդպիսի խնդիր գոյություն էլ չունի, որովհետև, ինչպես նշել եմ իմ ելույթներից մեկում, Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը այլևս անշրջելի իրողություն է (1.03.2014. Ա. Ա.)։ Իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»։ Ի՞նչ մտածեց Րաֆֆի Հովհաննիսյանը, հայտնի չէ: Ի՞նչ է մտածում Լևոն Տեր-Պետրոսյանը այս հայտարարություններն անելիս, պարզ է, նա չի կարող կտրել ո՛չ իր, ո՛չ «շարժման» ոսկելարը Ռուսաստանից: Նա սեփական սխալներից չի սովորում ու հերքում է սխալվելու հնարավորությունը: Առաջին նախագահը ակնհայտորեն չի ընդունում, որ ներքին ու արտաքին քաղաքականություն չկա, կա պետության քաղաքականություն, որ պայմանականորեն ներքինի ու արտաքինի է բաժանվում, և ներքինն ու արտաքինը միմյանց հակասել չեն կարող, ու «անշրջելի իրողության» պարագայում այլևս անհեթեթ է «կենտրոնանալ բացառապես սեփական ուժերով մեր երկրի ներքին հարցերը լուծելու վրա»: Այլևս լուծողներ կան, ու կլուծեն՝ առանց եռյակ-քառյակին հարցնելու: Լևոն Տեր-Պետրոսյանը նաև միանգամայն հստակ գծագրեց մարտադաշտի դասավորությունը. Քառյակ, իշխանություն, կրիտիկական զանգված: Հրահանգ 1. «Տիրապետելով լիարժեք տեղեկատվության և ելնելով նպատակահարմարությունից, Քառյակի ղեկավարությունն է սահմանում շարժման ընթացքի արագությունը և հանրային միջոցառումների ժամանակացույցը»։ Հրահանգ 2՝ զանգվածին. «Ձեզանից ակնկալվում է լիովին վստահել Քառյակին և ըմբռնումով մոտենալ նրա կայացրած որոշումներին, որովհետև առանց փոխադարձ վստահության, մեր ձեռնարկած լրջագույն գործը չի կարող հաջողությամբ պսակվել»։ Հրահանգ 3՝ իշխանություններին. «Վարչախմբից այլևս սպասելիք չունենալով, այսուհետև մենք նրան պահանջներ կամ փոխզիջումային առաջարկներ, առավել ևս վերջնագրեր չենք ներկայացնելու։ Մեր ծրագրերն ու նպատակները հստակ են, ուստի երկխոսության և փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից։ Եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք, իսկ եթե ոչ, ապա, գործող նախագահի օրինակով, դրանք կուղարկենք գրողի ծոցը»:
Հաջորդ հանրահավաքը կկայանա հոկտեմբերի 24-ին: Մինչ երևանյան հանրահավաքը իշխանափոխության բազում սցենարներ ծոցագրպաններում ունեցող ոչիշխանականները Երևանում հասկացան, որ «ճանապարհային քարտեզ» չունեն: Վերջ: Նրանք հարթակ՝ հրապարակ նետեցին իրենց հակասությունները ու հանրահավաքն ավարտեցին կենտրոնում պտտվելով՝ Բաղրամյան պողոտան նրանց չհետաքրքրեց, թեպետ խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրությունների նպատակակետը Բաղրամյանն է:
Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի ելույթի խոստումի ու Րաֆֆի Հովհաննիսյանի անավարտ ելույթի համապատկերում մնաց միակն ու աննմանը՝ հոդաբաշխ խոսքի ու «շարժման» գաղափարական կազմակերպչի փառապսակով: Եթե հանրահավաքի նպատակը դա էր, ոչինչ, մի քիչ լավ, մի քիչ վատ, ստացվեց: Նախկին փայլը չկա, բայց համեմատության մեջ տանելի է: Այդպես էլ անհասկանալի մնաց՝ ինչո՞ւ հիմնադիր նախագահը խնայեց Գագիկ Ծառուկյանի համեստությունն ու նրան կողքին ունենալով՝ չփառաբանեց նրան ու նրա ԲՀԿ-ն, որ նույնպես ավանդույթ է՝ հանրահավաքային ու հոդվածային: Ի՞նչ տարբերություն ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի միջև մարտի 1-ը հնարավոր դարձնելու առումով, որ նախկինում մեղադրված ԲՀԿ-ն այլևս անմեղ է ճանաչվում, իսկ ՕԵԿ-ին ուղարկում են միայնակ նավարկության: Իզուր, նրանք էլ արդեն շատ հարուստ են. ապացույց՝ սեփական Հ3 հեռուստաընկերությունը: Վերջապես՝ ո՞վ է հավատալու, որ Ռոբերտ Քոչարյանը հեշտ ու հանգիստ Գագիկ Ծառուկյանին ասելու է՝ լավ, գնա, հիմա էլ դու նախագահ դարձիր, ինչքան մեզ վրա փողերդ ծախսեցիր՝ ծախսեցիր, քեզ վրա ծախսիր: Եթե անգամ Լևոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան երկյակից «Ո՞վ է հաջորդը» խաղը շարունակի նորը, ոչ թե առաջինը: Թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Գագիկ Ծառուկյանը լավ սովորել են նույն դասը՝ իրենց մի լավ կխնդրեն, կխնդրեն, ու իրենք կհամաձայնեն: Ո՞վ: Իհարկե՝ ժողովուրդը: Նույն այդ կրիտիկական զանգվածը, որին շարունակ տուն են ճանապարհում, իսկ նա՝ արհամարհելով՝ վերադառնում է ու վերադառնում, որովհետև ոչ թե ոչիշխանության հետ է, այլ իշխանության դեմ: Նույն ժողովուրդը, որին, եթե հիշում եք, Ռոբերտ Քոչարյանն ասում էր՝ «Իմ կուսակցությունը»: Իսկ պատկերացնո՞ւմ եք տարբերակ, որ Հովիկ Աբրահամյանն էլ չձգի վարչապետության ծանր բեռը ու համալրի ոչիշխանականների կուռ շարքերը՝ ավելի հարմար ժամանակ պահանջելով իշխանափոխություն, բայց՝ իր իշխանության գալու համար: Ի՜նչ փառավոր օրեր են մեզ սպասում: Իսկ ի՞նչ կապ ուներ ՀՀ պետական դրոշը, որի ֆոնին էին ելույթ ունենում հոկտեմբերի 10-ին հանրահավաք հրավիրածները: Իսկ սահմանադրական բարեփոխումնե՞րը, իսկ 12 կետե՞րը, որ կոչված էին բոլորիս փրկելու: Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է՝ հասարակությանը ձանձրացնելու կարիք չկա, հետո էլ՝ արժի՞ «մանր-մունր հարցերով զբաղվել», երբ հրամայված է սպասել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Իսկ գուցե իրոք՝ սահմանադրական բարեփոխումների իշխանության նախաձեռնությունը Կրեմլի հետ համաձայնեցված չէր, ու պետք էր ոչիշխանական հանրահավաք՝ նախաձեռնությունից հրաժարում պարտադրելու համար: Բոլոր դեպքերում,ոչիշխանությունը մինչև նոր հրահանգ կանգնեցրեց իր ժամացույցը, բայց անգամ փչացած ժամացույցն օրը երկու անգամ ցույց է տալիս ճիշտ ժամանակը: Ակամա, բայց՝ ճիշտ:

Դիտվել է՝ 1266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ