ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Օրակարգում քաղաքական աշունն է

Օրակարգում քաղաքական աշունն է
09.09.2014 | 00:33

60-ամյա Ռոբերտ Քոչարյանին ու Չինաստանը «գրավող» Գագիկ Ծառուկյանին, քաղաքական դաշտի ընդհանրական լռության մեջ, Սերժ Սարգսյանը տվեց նույնքան ընդհանրական պատասխան. եթե աշունը թեժ է լինելու, թե՛ կրակը, թե՛ կրակմարիչը իմ ձեռքում են: Արտաքին քաղաքական ու ներքին քաղաքական հարցերում: Գուցե հարկադրական էր պատասխանը. անգամ անորոշությունը քաղաքականություն դարձրած Սերժ Սարգսյանը հարկ եղած պահին կարող է խախտել իր տաբուները և ասել` ով ով է ու ով որտեղ պետք է լինի: Համենայն դեպս` քանի դեռ ինքն է նախագահը: ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի նիստը կայացավ կառավարության նիստերի մեծ դահլիճում, օրակարգում քաղաքական աշունն էր, որ տասնյակ ՀՀԿ-ականներ հոլովեցին ու խոնարհեցին` կուսակցությանն ու նրա առաջնորդին իրենց հավատարմությունը հավաստելու համար: Ոմանք` սրտանց, ոմանք` հարկադրված, ոմանք` սովորույթի ուժով:
Գլխավորը, իհարկե, ՀՀԿ նախագահի խոսքն էր, իսկ նա ազդարարեց քաղաքական նոր ու ավելի ակտիվ շրջան` քաղաքական նոր սեզոն` պահանջելով ամառային պասիվ ամիսներից հետո վերականգնել ակտիվ աշխատանքային միջավայրը: Նա ոչ լավ, ոչ վատ գնահատեց խորհրդարանական խմբակցության աշխատանքը, բարձր գնահատեց բոլոր և առաջին հերթին ՀՀԿ պատգամավորների ակտիվությունը հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին, երբ սահմաններում լարվածություն կար. «Հիմա մենք պետք է գործենք քառապատիկ ավելի ծավալով ու ջանքով: Ես, առաջին հերթին, դիմում եմ մեր պատգամավորներին և շեշտում, որ այսօրվանից ձեր բոլոր անձնական կամ ոչ անձնական խնդիրներն ու ծրագրերը դնում եք մի կողմ, մղում երկրորդ պլան: Ամենագլխավոր խնդիրը պատգամավորի համար օրենսդրական գործունեությունն է, մնացած բոլոր խնդիրները, այդ թվում` նաև անձնական, ես հասկանում եմ, բոլորս էլ մարդ արարած ենք, բոլորս էլ հարցեր, խնդիրներ ենք ունենում, բայց այն իրավիճակում, որն այսօր ստեղծվել է, օրենսդիր գործունեությունը ես համարում եմ ձեր կարևորագույն խնդիրը: Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի են: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը»: Իհարկե, այս կետը ՕԵԿ-ը կարող է իր դերի գնահատական համարել, բայց պատգամավորների խորհրդարան` ինչպես կռվի դաշտ գնալը, «Ձեր խրամատը խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին` մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են» բանաձևը որքան էլ հնչեղ, նշանակում է` քվեարկություններից բացակայեք, ինձ հետ գործ ունեք: Իսկ որտե՞ղ է Գալուստ Սահակյանը: Կամ` Գագիկ Ծառուկյանը, այս նստաշրջանում քանի՞ «պաշտոնական այց» կկատարի նա ԱԺ` իմանալով, որ «եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի»:
Երկրորդ կարևոր խնդիր որակվեցին սահմանադրական բարեփոխումները, որոնց շուրջ, պարզվեց, մասնագիտական հանձնաժողովը լայն հանրային քննարկումներ է ծավալել հանրության և մասնագիտական շրջանակների հետ, հանձնաժողովի անդամներն այցելել են հանրապետության բոլոր մարզեր և ներկայացրել բարեփոխումների հայեցակարգի նախագծի հիմնադրույթները: Պարզվեց նաև, որ հանրային քննարկումների արդյունքները հաշվի առնելով` հանձնաժողովը ավարտելու է հայեցակարգի վրա աշխատանքը և մինչև հոկտեմբերի 15-ը ներկայացնելու է նախագահի հաստատմանը: Սերժ Սարգսյանը կուսակիցներին կոչեց քննարկումներ ծավալելու, քանի որ հայեցակարգի ներկայացումից հետո պետք է սկսվեն քաղաքական լայն կոնսուլտացիաներ:

Նա դեմ է «ժամանակը չէ» պատրվակը փաստարկ դարձնելով` քննարկումներից հրաժարվելուն ու չի հասկանում սահմանադրական բարեփոխումներին ընդդիմացողներին: Վերջ: Փաստորեն Հայաստանի քաղաքական օրակարգում հարցերը շատ հստակ են. գնանք, թե չգնանք Եվրասիական միություն (որի մասին նախագահի ելույթում խոսուն լռություն էր), ՆԱՏՕ-ն մնում է ՆԱՏՕ (գոհ չենք, դժգոհ էլ չենք Նյուպորտից), հանրահավաքվեք, ֆիլմերում նկարվեք, ձեզ հարցրեք, ձեզ պատասխանեք, 1-ից մինչև 12-ը միասին հաշվեք, ՀՀԿ-ն գնում է դեպի սահմանադրական բարեփոխումներ (ՀՅԴ-ն եկավ, կոալիցիա կկազմենք, չեկավ, մենակ էլ վատ չենք կառավարում), ու` աշունը սկսեցինք մենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Իր մարտյան լավատեսությունից Սերժ Սարգսյանը ձերբազատվե՞լ է, թե՞ այլ պատճառներ կային Հովիկ Աբրահամյանի ամառային տիտանական աշխատանքն ընդամենը «կառավարությունը որդեգրել է բավականին ակտիվ գործելակերպ, աշխատում է բաց, հրապարակային և արձագանքում է բոլոր հրատապ խնդիրներին» որակելու համար: Սա նախազգուշացում է, որ ամրապնդվեց «մեր խորհրդի, խորհրդարանական մեր խմբակցության յուրաքանչյուր անդամ պետք է ամեն օր աշխատանքի գա այն մտադրությամբ, որ պետք է անպայման օգնի կառավարությանը, որ իր հնարավորությունների սահմաններում պարտավոր է օժանդակել կառավարության գործունեությանը, նպաստել որևէ ծրագրի իրականացմանը, հանդես գա որևէ նոր լավ նախաձեռնությամբ» հրահանգով, «հակառակ պարագայում, մենք լավ արդյունքներ ունենալ չենք կարող»: ՈՒրեմն` կառավարությունը չունի անհրաժեշտ ծրագրերն ու նախաձեռնությունները: Իսկ Հովիկ Աբրահամյանի անպարագիծ հավա՞տը կառավարության աներկբա հաջողության հանդեպ: Արդյո՞ք սա նշանակում է, որ 13-րդ վարչապետի ժամանակը անսահման չէ, ինչպես ինքը ցանկանում է: Բարի աշուն ձեզ:

Դիտվել է՝ 1279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ