ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գլուխ չի գալու

Գլուխ չի գալու
15.07.2014 | 00:04

Անորոշությունը, չնայած ամառվա շոգին, կախվել է հայոց երդիկից: Կարելի էր կարծել, որոշակիություն կլինի վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ՌԴ վարչապետի հետ հանդիպումից հետո, որի օրակարգը գերակայված էր մեկ հարցով` ե՞րբ է վերջապես Հայաստանն անդամակցելու Եվրասիական միությանը, և անդամակցելո՞ւ է արդյոք: Սպասվում էր երկու վարչապետների համատեղ ասուլիսը` նաև այս հարցով: Սակայն ոչ դա, ոչ էլ առաջինը չեղան: Գոնե մենք չիմացանք։ Ինչն էլ նշանակում է.
ա) անդամակցության ժամկետներն այնքան հուսադրող չեն, որ դրանց մասին հայտարարելը նպատակահարմար չի դիտվել:
բ) Եվս մեկ հանդիպում է անհրաժեշտ արդեն Սերժ Սարգսյանի ու Պուտինի մակարդակով, որպեսզի հստակություն լինի: Եթե լինի:
Կարծում ենք նաև, որ այդ ժամանակ ևս կոնկրետություն չի լինի, որովհետև խնդիրները, որոնց պատճառով Ռուսաստանը ձգձգում է Հայաստանի անդամակցությունը` վերջապես լցնելով հայոց համբերության բաժակը, երբ ի բնե համբերատար, «չխոսկան» Սերժ Սարգսյանն է անգամ դիվանագիտական ըմբոստություն դրսևորում. ՈՒրուգվայից մեսիջավորում է երկու երկրների վարչապետների հանդիպման նախօրյակին, թե` «այսպես չի լինի, մի կողմից զենք եք մատակարարում, մյուս կողմից…»:
Ընդ որում, պետք է նկատել, որ Ռուսաստանը, որն իբր պաշտոնական խողովակներով «արտահոսեցնում» է, թե այս տարվա ընթացքում անդամակցությունն անպայման տեղի կունենա, վարչապետների հանդիպման օրը միտք է «պայթեցվում» Բաքվում` թե միջազգային հանրության, թե Հայաստանի ու շահագրգիռների, բայց հատկապես` իր ու Ադրբեջանի Ռուսաստանի համար: Այն է` «ամեն բան պարզ է». մնում է Ադրբեջանը որոշի Հայաստանի հետ բլիցկրիգի ու «հաղթանակի» ամսաթիվը:
Գլուխ դնել ադրբեջանական արկածախնդրության հետ նշանակում է լուրջ ընդունել տխմարություններ դուրս տալու հարցում զսպանակներ չունեցող կողմի բարբաջանքը:
Բայց և այս մեսիջը ինքնին նշանակում էր Ռուսաստանի իրական պատասխանը «ըմբոստ» Հայաստանին, ընդ որում, օգոստոսի 6-7-ի նախաշեմին, այն է` վրացական բլիցկրիգի օրերին:
Ասել է` սա ոչ միայն տեղեկատվական, ուղեղների լվացման, այլև պլան «բ»-ի գոյության մասին է խոսում, եթե Հայաստանը չհամաձայնի ռուսական խաղաղապահների «խաղաղ» մուտքին Ղարաբաղ: Եթե Ադրբեջանը համաձայնի Եվրասիական միություն «մտցվել»: Եթե տեղի ունենա Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա ալյանսը: Բլիցկրիգով այդ եռաֆազը կէլեկտրահարի տարածաշրջանը:
Պնդենք, երկրորդենք, երրորդենք՝ այս տարածաշրջանում բլիցկրիգ անհնա՛ր է` աշխարհաքաղաքական այսպիսի դասավորության, զարգացումների և իրադրության այս պայմաններում:
Միայն մեկ դեպքում (ինչին խիստ կասկածում ենք) բլիցկրիգը հնարավոր կլինի «գլուխ բերել», եթե ԵՄ-ը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Իրանը և, վերջապես, Ռուսաստանը որոշեն-պայմանավորվեն բլիցկրիգի ժամի, վայրկյանների, տեղի, քանակի, չափի, «հոգեկան» նրբությունների հարցում:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ