ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Իրանական գազը, ռուսական գազը և Հայաստանը

Իրանական գազը, ռուսական գազը և Հայաստանը
15.07.2014 | 00:33

Այսօր անհրաժեշտ է հերքել Հայաստանի արևմտամետ շրջանակների ևս մի առասպել, թե շուտով ԱՄՆ-ը և Իրանը գործակցելու են և համատեղ «ջարդեն Ռուսաստանին»: Մեր երկիրը գազային վառելիքով ապահովելու առնչությամբ այդ շրջանակները պնդում են, որ, իբր, Իրանի գազը էժան է ռուսականից և ԱՄՆ-ի «հրամանով» Իրանը պատրաստ է Հայաստանին շատ էժան գազ մատակարարել: Եվ, դարձյալ ԱՄՆ-ի հրահանգով, Իրանը վերածվելու է Ռուսաստանի հզոր մրցակցի ու համարյա թե հակառակորդի գազի ոլորտում: Ասեմ, որ ես ո՛չ Իրանի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ ԱՄՆ-ի քաղաքացի չեմ: Հետևաբար, անտարբեր եմ այդ երկրների շահերի նկատմամբ, եթե չեն համընկնում հայ ժողովրդի ազգային շահերի հետ: Պարզապես բոլորն աչքեր ունեն ու տեսնում են հայերի դեմ ԱՄՆ-ի իրական քաղաքականության հետևանքները Իրաքում, Սիրիայում: Մենք պարտավոր չենք ձևացնել, որ ԱՄՆ-ի որոշակի շրջանակներ չեն արգելակում ու նույնիսկ արգելում Թուրքիայում հայերի ցեղասպանության համաշխարհային ճանաչումը: Իսկ ԱՄՆ-ի ու Իսրայելի այսօրվա շահագրգռությունը Իրաքի մասնատմամբ ու անկախ Իրաքյան Քրդստանի հռչակմամբ հարված է Հայաստանի ու հայերի արմատական շահերին: Գազը` գազ, բայց մեր շահերը պետք է տարբերենք ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի շահերից:
Առաջին առասպելը հերքելը հեշտ է: Գազի գինը շատերի պրոբլեմն է: Խոշոր գնորդներից Իրանը գազ է մատակարարում Թուրքիային ու Չինաստանին: Ռուսաստանը, նվազագույնը 40%-ով, ձևավորում է ԵՄ անդամների գազի պաշարները, գազ է մատակարարում ԱՊՀ երկրներին, Թուրքիային, շուտով նաև Չինաստանին: Հայաստան ռուսական գազը մատակարարվում է սահմանին 189 դոլար 1000 խորանարդ մետրի համար: Պարզվեց, որ նույնիսկ Թուրքիային ռուսներն ավելի էժան գնով են գազ վաճառում, քան իրանցիները: 2014-ի ապրիլի 16-ին իրանական թերթերը գրել են. «Իրանը ցանկանում է, որ Թուրքիայի գազի շուկայում իր մասնաբաժինը հավասար լինի Ռուսաստանին, իսկ Թուրքիան ընդգծում է, որ դրա համար իրանական գազի գինը պետք է համադրելի լինի ռուսական գազի գնի հետ: Այս պահին Թուրքիան Ռուսաստանից գազ ստանում է մոտավորապես 2,5-3 անգամ ավելի, քան Իրանից»: Թեհրանը այդպես էլ զիջումների չգնաց, և մինչև այսօր Թուրքիային գազ վաճառում է 1000 խորանարդ մետրը 500 դոլարով: Թուրքերը միշտ օրինակ են բերում Հայաստանը, որ Իրանից գազ գնում էր 1000 խորանարդ մետրը 230 դոլարով: Թուրքերը նշում էին, որ հիմա իբր «բանակցություններ են վարվում», որ Իրանը նվազեցնի գազի գինը Հայաստանի համար: «Այսինքն, Թուրքիան նույն ծավալով գազի դիմաց Իրանին հինգ անգամ ավելի շատ է վճարում»,- հունիսի 11-ին տրտնջում էր թուրքական «Սաբահը»: Հետո՞ ինչ: Իրանի գազը էժա՞ն է ռուսականից: Դա կարող է պնդել միայն նա, ում համար 189-ը ավելի է 230-ից: Ռուսաստանը Արևմուտքին էլ գազն ավելի էժան է վաճառում, քան Իրանը: ԵՄ-ի համար 1000 խորանարդ մետր գազի գինը տատանվում է 385-400 դոլարի միջակայքում: Այնուհանդերձ, թուրքերը ստիպված են մեծացնել իրանական գազի ներմուծման ծավալները` տարեցտարի ավելանում է գազի սպառումը: Չինաստանի հետ բանակցություններում իրանցիները քննարկում են 1000 խորանարդ մետրին 300-400 դոլար գինը: Կարծես թե դարձյալ 189-ից պակաս չէ: Ինչո՞ւ: Թուրքիան գործնականում նույնն է, ինչ ԵՄ-ն: Դեռ 1964-ի դեկտեմբերի 1-ին թուրքերը ստորագրել են Անկարայի պայմանագիրը ԵՄ-ի հետ ասոցացման մասին: Պարզ է, թե ինչու գազի գինը անխուսափելիորեն բարձրանալու է և՛ ՈՒկրաինայի, և՛ ցանկացած երկրի համար, որ կմտնի այդ լծի տակ: Լավ կլինի, որ Հայաստանի արևմտամետ ուժերը սովորեն ճիշտ խոսել սեփական ժողովրդի հետ հանապազօրյա խնդիրների մասին` առանց խաբեության: Կույրն էլ կտեսնի, որ ռուսական գազից էժանը համաշխարհային շուկայում չկա, թեպետ ռուսներն ընդունում են, որ 1000 խորանարդ մետր գազի ինքնարժեքը Ռուսաստանում 30-40 դոլար է: Կապիտալի՞զմ էիք ուզում` ստացեք: Ռուսաստանի ու Իրանի տարբերությունը ԵՄ երկրների համար գազի գնի սահմանման մեջ այդքան էլ էական չէ` 100-120 դոլար 1000 խորանարդ մետրի համար: ՈՒրեմն` ո՞ւմ գազն է տնտեսապես ավելի ձեռնտու Հայաստանին:
Երկրորդ առասպելը հերքելն ավելի դժվար է: Հազիվ թե արևմտամետները Հայաստանում հասկանում են, թե ինչ են ուզում: Ակնհայտորեն` Հայաստանի քաղաքացիների ավելի աղքատացումն ու սնանկացումը: Որքան բարձր է գազի գինը, այնքան վատ սպառողների համար: Սա աքսիոմ է: 2014-ի ապրիլին Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մուհամեդ Ռեզա Նեմատզադեն գերմանական «Handelsblatt» թերթին ասել է, որ Իրանը ցանկանում է ավելի մեծ դեր խաղալ գազի համաշխարհային շուկայում, բայց չի ցանկանում լինել Ռուսաստանի մրցակիցը. «Մենք չենք ցանկանում մրցակցել Ռուսաստանի հետ: Մենք գիտենք, որ եվրոպացիների գազի պահանջարկը ավելի ու ավելի մեծանում է և ուզում ենք ստանալ շուկայի մեր մասը: ԻԻՀ-ն կարող է դառնալ Եվրոպայի հուսալի և երկարաժամկետ գործընկեր: Մենք ունենք էներգակիրների պաշարներ ու համագործակցության ծրագրեր»: Եվրոպա գազ մատակարարել Իրանը պատրաստվում է ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի տարածքով:
Հուլիսի 9-ին թերթերը հաղորդել են, որ Իրանի ազգային գազային ընկերությունը համագործակցության հուշագիր է ստորագրել ռուսական երկու ընկերությունների հետ Իրանում ներդրումների ու ինֆրակառույցների, այդ թվում` գազատարների կառուցման վերաբերյալ` տեղեկացրել է ԻԻՀ նավթի փոխնախարար Համիդ Ռեզա Իրաքին: Նա ասել է, որ Համաշխարհային նավթային կոնգրեսի շրջանակներում Մոսկվայում բանակցել են իրանական ու երկու ռուսական ընկերություններ և գազային ոլորտում համագործակցությունը զարգացնելու ցանկություն են հայտնել: Առաջիկայում ռուսական պատվիրակությունը կմեկնի Իրան` տեղում ծանոթանալու նախագծերին: Նրա խոսքով` Իրանի ու Ռուսաստանի ղեկավարությունը շահագրգիռ է համագործակցության զարգացմամբ և երկու երկրների հետագա մերձեցման քաղաքական կամք կա` իբրև աշխարհի խոշորագույն գազային տերություններ: Ռուսաստանի դեսպանը Թեհրանում ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան հանդես է գալիս Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների դեմ: Ռուսաստանը շահագրգռված է Իրանի հետ էներգետիկ ոլորտում փոխշահավետ համագործակցության մեջ, այդ թվում` նավթի ու գազի:
Ես հիշատակեցի իրանցի պաշտոնյաների տեսակետները: Յուրաքանչյուրն իրավունք ունի անձամբ որոշել, թե ում հավատալ: Բայց չհավատալ Իրանի ներկայացուցիչներին, որ հարցազրույց են տվել գերմանական ԶԼՄ-ներին, անհեթեթ է: Նույնիսկ աշխարհի շուկաներում իր գազային ներկայությունը մեծացնելու ցանկությամբ հանդերձ Իրանը հասկացնում է, որ արդեն համաձայնության է եկել ռուսների հետ գազային «աշխարհի բաժանման» հարցում: Հույս ունեմ, որ Հայաստանում Մոհամադ Ռեզա Նեմատզադեի ու Համիդ Ռեզա Իրաքիի տեսակետներին ծանոթանալուց հետո ոչ մի միամիտ չի մնա, որ հավատա արևմտամետների պնդումներին «շուտափույթ գազային պատերազմի մասին» Իրանի ու Ռուսաստանի միջև:
Ի՞նչն է հավանական գազային ոլորտում Թեհրանի ու Մոսկվայի միջև: Թեհրանից պատժամիջոցների հանման ժամանակը անխուսափելիորեն մոտենում է վեցյակի ու Իրանի բանակցություններին զուգընթաց: Իրանը բացահայտ պահանջում է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կապիտուլյացիան պատժամիջոցների հարցում: Շուտով Իրանի մայրաքաղաքը կարող է ուխտագնացության վայր դառնալ ամբողջ աշխարհի քաղաքական լոբբիստների համար, երկիրն արագորեն կհեղեղեն արտասահմանյան ներդրումները: Արևմտյան ընկերությունները սպասում են իրենց շանսին և շուտով կստանան: Մինչդեռ Ռուսաստանը երկար տարիներ եզակի հնարավորություն է ունեցել, գործնականում առանց մրցակցության, լավ տեղավորվել իրանյան շուկայի ամենաշահավետ հատվածներում, բայց իրականում չի օգտագործել իր հնարավորությունը: Վերջին իրադարձություններից դատելով` Մոսկվան գուցե դեռ հասցնի ցատկել հեռացող գնացքի վերջին վագոն: Իրանին հիմա օդի պես անհրաժեշտ է ազատվել պատժամիջոցներից, ներդրումներ ու նոր տեխնոլոգիաներ են պետք: Իրանի գործոնը չափազանց կարևոր է Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար ոչ միայն քաղաքական տեսակետից: Իրանը կարող է փրկօղակ դառնալ այդ երկրների ծերացող տնտեսությունների համար, իսկ աշխարհաքաղաքական տեսակետից Իրանը գերզենք է, որ Արևմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ կցանկանար օգտագործել Ռուսաստանի դեմ բոլոր առումներով: Արևմտյան ընկերություններն ու քաղաքական լոբբիստները կարող են ստանալ Իրանի տնտեսության նորացման ու զարգացման պայմանագրեր, նախ և առաջ գերշահութաբեր ոլորտներում` էներգետիկայում, նավթագազային, նավթաքիմիական սեկտորներում: Նավթագազային ոլորտի մարգարիտ կարող է դառնալ «Հարավային Պարս» նախագիծը` խոշորագույն գազային ու գազակոնդենսատային հանքավայր Պարսից ծոցի շելֆում: Իմանալով արևմտյան և ասիական գործարար շրջանակների գործելու արագությունը, Ռուսաստանը, շուտափույթ պետք է ձեռնամուխ լինի Իրանի տարողունակ ու հեռանկարային շուկայում ռուսական պետական ու մասնավոր ընկերությունների մասնակցության քննարկմանը, ընդ որում պետք է սկսի հզոր լոբբինգից երկու պետությունների բարձրագույն քաղաքական ղեկավարության մեջ: «Հարավային Պարսը» կարող է դառնալ ռուս-իրանական համագործակցության փորձնական ծրագիր, որը կնպաստի Ռուսաստան-Իրան գազային առանցքի ստեղծմանը: Այն առանցքի, որ 2000-ական թթ. սկզբին ԱՄՆ-ի հրահանգով կասեցրեց Կատարը: Այդ առանցքը կարող է թելադրել իր պայմանները գազի համաշխարհային շուկայում, հաշվի առնելով, որ գազ արտահանող երկրների ֆորումը, Դոհայի իր գրասենյակով, ցույց է տվել իր չկայացածությունը և չի դարձել այն մեխանիզմը, որով Մոսկվան ու Թեհրանը կարող էին լուծել իրենց գազային խնդիրները, ներառյալ կապույտ վառելիքի գնագոյացումն ու շահագործման քվոտավորումը:
«Հարավային Պարսը» հյուսիսային (իրանական) մասն է գազի հանքավայրի, որ գտնվում է Պարսից ծոցում, Կատարից հյուսիս-արևելք: 1990-ին բացված «Հարավային Պարսը» համեմատաբար հեշտ հասանելի հանքավայր է, որովհետև ափին մոտ է և մեծ խորության վրա չէ, հետևաբար ինքնարժեքը ցածր է: Շահագործման օպերատորը Իրանի ազգային նավթային ընկերությունն է (NIOC), շահագործմանը մասնակցում են ռուսական «Գազպրոմը», իտալական ENI-ն և ֆրանսիական Total-ը: Գազը «Հարավային Պարսից» գազամուղով հասնում է Ասալուե: «Հարավային Պարսի» ընդհանուր մակերեսը 3700 քառակուսի կիլոմետր է, պարունակում է գազի համաշխարհային պաշարների 8%-ը և Իրանի ընդհանուր պաշարների 50% տոկոսը: ԻԻՀ կառավարությունը «Հարավային Պարսը» բաժանել է 28 հատվածի: 2012-ին գազի հանույթը կազմել է 100 միլիարդ խորանարդ մետր: Նավթի հանույթը տարեկան 5,5 միլիոն տոննա է: «Հարավային Պարսի» պաշարները գնահատվում են 14,2 տրիլիոն խորանարդ մետր գազ և 2,7 միլիարդ տոննա նավթ (18 միլիարդ բարել):
2010-ին «Հյուսիսային Պարսի» 16 հազար հեկտար ունեցող տնտեսական գոտին միացվեց «Հարավային Պարսի» 30 հազար հեկտարանոց տնտեսական գոտուն: «Հյուսիսային Պարսի» գոտում կառուցվելու են նվազագույնը յոթ գազազտիչ գործարաններ, գազամաքրման և հեղուկ բնական գազարտադրման սարքավորումներ և նավակայաններ գազի արտահանման համար: «Հյուսիսային Պարսի» գազի հիմնական պաշարները գտնվում են Բորդյուն Դիր շրջանում` Բուշեր նահանգի հարավում: Ըստ նախագծի` գազազտիչ կայանները կկառուցվեն Դիրում, Դեշտիում ու Թանգեստանում: «Հարավային Պարսի» շահագործման, գազազտման կայանները կառուցվում ու արդեն շահագործվում են Ասալուե շրջանում` Բուշերից 280 կիլոմետր հարավ:
2013-ի մարտին Իրանի նավթի նոր նախարար Բիժան Նամդար Զանգանը «Հարավային Պարսի» շահագործման երեք հրահանգ իջեցրեց, որոնց համաձայն կապալառուները նախ պետք է ավարտեն 12, 15, 16, 17 և 18 հատվածների շահագործումը: Նախարարն ընդգծում էր, որ եթե ծովային հանքավայրերը, գազատարները և հորատման սարքերը սկսեն գործել մինչև ձմեռ, նախարարությունը հնարավորություն կունենա «Հարավային Պարսի» գազը մշակել հին «Bidbolandե»-ներով և «Fajr-e-Jam»-երով: Բայց նախագիծը իրականացնելիս դժվարություններ առաջացան: «Mehr News» գործակալությունը հաղորդեց, որ «Հարավային Պարսի» շահագործումը կա՛մ դադարեցվել է, կա՛մ շատ դանդաղել ֆինանսական պատճառներով: Անցած երեք տարիներին այդ հանքավայրում կատարվել է 46 միլիարդ դոլարի ներդրում: Իրանի ազգային նավթային ընկերության պաշտոնատարների կարծիքով` 2013 թ. նախագծին պետք է լրացուցիչ հատկացվեր 16-17 միլիարդ դոլար: 2014-ի մարտին Բիժան Զանգանը հրահանգեց նախագծել և կառուցել 8 ոչ մեծ նավթավերամշակման գործարան «Հարավային Պարս» հանքավայրի «Պարս» հատուկ տնտեսական գոտում, նախագիծը իրականացնելու են մասնավոր ներդրողները: ՈՒթ գործարանները պետք է կառուցվեն երկու տարում, յուրաքանչյուրում ծրագրվում է վերամշակել օրական մոտավորապես 60 հազար բարել գազային կոնդենսատ: Գործարաններն արտադրելու են նաև նավթամթերքներ` դիզվառելիք ու բենզին:
Դեռ 2009-ին հայտարարվեց, որ «Գազպրոմը» կարող է մասնակցել հեղուկ բնական գազի արտադրությանը «Հարավային Պարս» նախագծի շրջանակներում: ՌԴ այն ժամանակվա էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոյի խոսքով` դա նախատեսված էր նավթագազային ոլորտում փոխըմբռնման հուշագրով, որ ստորագրվել էր Իրանի նախարար Գոլամհոսեյն Նոզարիի հետ Վիեննայում: Հեղուկ գազի հզորությունների ստեղծումը «Հարավային Պարսի» շահագործման փուլերից մեկն է: Փաստաթղթով նախատեսված է, որ «Գազպրոմը» կարող է թուրքմենական գազը հասցնել Իրանի հյուսիս, այդ մատակարարումները կփոխհատուցվեն «Գազպրոմին» Իրանի հարավային հանքավայրերից գազի հատկացումներով Պարսից ծոցի երկրներ: «Գազպրոմը» 1997-ից մասնակցում էր «Հարավային Պարսի» երկրորդ և երրորդ հատվածների շահագործմանը: 2008-ի հուլիսի 13-ին «Գազպրոմը» և Իրանի ազգային նավթային ընկերությունը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին: Հյուսիսային Իրանը էներգառեսուրսների պակաս ունի, և այդ խնդիրը միայնակ լուծելը երկրի համար դժվար է, քանի որ գազը արդյունահանվում է հարավում, իսկ հյուսիս հասցնող գազատարներ չկան: «Գազպրոմի» համար թուրքմենական գազը փոխադրելը դժվար չէ, քանի որ կոնցեռնն արդեն այդ գազը գնելու պայմանավորվածություն ունի: Բացի այդ, կոնցեռնը կարող է լրացնել Իրանին գազի վաճառքի ծավալը Ադրբեջանից: Նույնիսկ եթե գնային պայմաններն այնպիսին լինեն, որ «Գազպրոմը» փող չաշխատի սվոպային գործարքներից, Իրանի հետ այդ ոլորտում համագործակցության ամրապնդումը կարևոր գործոն է, որ հետագայում կարող է և՛ Իրանին, և՛ կոնցեռնին շոշափելի օգուտներ բերել: Սակայն ներկա պայմաններում, երբ ԱՄՆ-ը և ԵՄ-ի նրա դաշնակիցները Պարսից ծոցի արաբ պահպանողական միապետությունների հետ սկսել են պայքարը գազի համաշխարհային շուկայի վերաբաժանման համար, որպեսզի նվազեցնեն Ռուսաստանի դերը կապույտ վառելիքը Եվրոպա մատակարարելու գործում և զսպեն Իրանի գազային հանքավայրերի արագ շահագործումը, Մոսկվան և Թեհրանը պետք է վերանայեն իրենց տեսակետները գազային փոխգործակցության հարցերում, որպեսզի պաշտպանեն իրենց ազգային շահերը և պահպանեն էներգետիկ անվտանգությունը: Արժի մտածել` ինչպես արագացնել «Հարավային Պարսի» շահագործումը և սկսել գազի արտահանումը նոր հեռանկարային շուկաներ, օրինակ` Հնդկաստան, որտեղ 2020 թ. կպահանջվի նվազագույնը 50 միլիարդ խորանարդ մետր կապույտ վառելիք: Դեռ կան Պակիստանը, Բանգլադեշը, Շրի Լանկան և Հարավ-արևելյան Ասիայի երկրները վիթխարի բնակչությամբ, նաև Հարավային Չինաստանը, որի գազային շուկայում առայժմ գերիշխող դիրք ունեն Կատարը, Ավստրալիան և Ինդոնեզիան, հավելեք Ճապոնիայի և երկու Կորեաների շուկաները: Ուստի նպատակահարմար է վերանայել «Հարավային Պարս» նախագիծը` ստեղծելով համապատասխան միջազգային կոնցեռն Իրանի առաջատար դերով և ռուսական օպերատորների` «Գազպրոմի», «НОВАТЭК»-ի, «Стройтрансгаз»-ի մասնակցությամբ, չինական պետական կորպորացիաների և այն եվրոպական ընկերությունների ներգրավումով, որոնք ունեն գազային ոլորտում ամենաառաջադեմ տեխնոլոգիաները: Այդ նպատակին միանգամայն հարմար է ֆրանսիական «Տոտալը», որ գործում է առանց ԱՄՆ-ին նայելու և արդեն համագործակցում է «НОВАТЭК»-ի հետ «Ямал-СПГ» նախագծով: «Աշխարհ» գազամուղը, որ կառուցում է Իրանը (ներառում է Աֆղանստանը, Հնդկաստանը, ունի Չինաստան ելքի հեռանկար) նույնպես կարող է դառնալ Իրանի ու Ռուսաստանի համատեղ պայքարի կարևորագույն տարր ընդդեմ ԱՄՆ-ի:
Գազարդյունահանման հզորություններ կառուցել Պարսից ծոցի ափամերձ տարածքում, «Հարավային Պարսին» մոտիկ, անվտանգ չէ տեղափոխման առումով, որովհետև ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիայի օգնությամբ, միշտ կարող է իր նավատորմով փակել Հորմուզի նեղուցը: Այդ պատճառով նպատակահարմար կլիներ գազատարը հասցնել Չաբահար նավահանգիստ, Օմանի նեղուցի ափերին` պակիստանյան սահմանից ոչ հեռու և այնտեղ կառուցել գազի հեղուկացման համալիրը: Փաստորեն, Հնդկական օվկիանոսի ափին, որտեղից շատ մոտ են Պակիստանը, Հնդկաստանը, և ուղիղ ճանապարհ կա դեպի Հարավարևելյան Ասիայի երկրներ, Հարավային Չինաստան, Ճապոնիա, Կորեա: Իմաստ ունի նաև ստեղծել համատեղ ռուս-իրանական գազատար սեփական նավատորմ մինչև 25-30 նավ` գազը տեղափոխելու համար: Համարժեք ֆինանսական ռեսուրսների առկայությամբ «Հարավային Պարս» նախագիծը` տարեկան 25-30 միլիոն տոննա գազարտադրությամբ, հնարավոր է իրականացնել առավելագույնը 5-7 տարում, եթե Մոսկվան ու Թեհրանը քաղաքական կամք դրսևորեն:
Իրանի համար լիովին արդարացված է Ռուսաստանին այս նախագծին միացնելը: «Հարավային Պարսի» գազը լիովին կբավարարի դրան, առավել ևս եթե Ռուսաստանը իր մատակարարումներով փոխհատուցի հյուսիսային Իրանի էներգահզորությունների պահանջները: Ռուս-իրանական հարավային միջանցքի նախագծին զուգահեռ Թեհրանի ու Մոսկվայի համագործակցությունը «Հարավային Պարսում» կարող է արմատապես փոխել գազի համաշխարհային շուկայի իրավիճակը, որին Վաշինգտոնը պարտադրում է իր հեգեմոնիան, և ապահովել Ռուսաստանի ու Իրանի առաջատար դիրքերը, ներառելով գնագոյացումը և կարգավորելով մատակարարումների ծավալներն ու աշխարհագրությունը: Իրանական կողմի` Համիդ Ռեզա Իրաքիի, հուլիսի 9-ի հայտարարությունը հավելյալ վկայությունն է այն իրողության, որ Թեհրանն ու Մոսկվան արդեն աշխատում են այդ ուղղությամբ: Այնպես որ, Հայաստանը կարող է սպասելիքներ ունենալ տարածաշրջանում իր երկու խոշոր գործընկերներից:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ