ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայաստանի կիսաբաց դուռը

Հայաստանի կիսաբաց դուռը
11.07.2014 | 00:53

Ձեզնից որևէ մեկը գիտի՞, որ Թուրքիայի Հանրապետության պաշտոնական նշանաբանն է՝ «Խաղաղություն երկրում, խաղաղություն ամբողջ աշխարհում»: 1923 թ. հոկտեմբերի 29-ին իր պատմությունը սկսած ներկա Թուրքիան տարածքով 36-րդն է աշխարհում՝ 783 562 քկմ, որի 1/3-ը ջրային մակերևույթ է, 2013-ին բնակչությունը 76 667 864 մարդ էր: 2012-ին ՀՆԱ-ն կազմել է 1,125 տրիլիոն դոլար՝ 16-րդ ցուցանիշն աշխարհում: Թուրքիայի տարածքի հիմնական մասը Անատոլիական թերակղզում է և Հայկական նախալեռներում, փոքր հատվածը՝ Բալկանյան թերակղզում` Սև ու Միջերկրական ծովերի միջև: Թուրքիան սահմանակցում է Վրաստանին, Հայաստանին, Ադրբեջանին, Իրանին, հարավում՝ Իրաքին ու Սիրիային, ծովում՝ Կիպրոսին, արևմուտքում՝ Հունաստանին ու Բուլղարիային, հյուսիսում՝ Բուլղարիային, ծովում՝ ՈՒկրաինային: Սև, Միջերկրական, Էգեյան ու Մարմարա ծովերի ջրերը ողողում են Թուրքիայի ափերը: 2000-ից Թուրքիան պաշտոնապես ԵՄ անդամության թեկնածու է, 1952-ից՝ ՆԱՏՕ-ի անդամ: Իսկ պատմությունը սկսվեց Մանազկերտի ճակատամարտով, երբ 1071-ի օգոստոսի 19-ին Ալփ-Արսլանի զորքերը պարտության մատնեցին բյուզանդացիներին ու գերեցին կայսր Ռոմանոս IV Դիոգենեսին: 1077-ին ձևավորվեց Կոնիայի սուլթանությունը, որ հետևողականորեն ընդլայնեց սահմանները Միջին Ասիայում: 1453-ին թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը և դարձրին նոր կայսրության մայրաքաղաք: Անցյալ դարը Թուրքիային դժվար տրվեց. կայսրությունը թուլացել էր և ճեղքեր էր տալիս: Փորձելով հենարան գտնել Գերմանիայում՝ Թուրքիան ներքաշվեց Առաջին համաշխարհային պատերազմի մեջ: 1914-ի հոկտեմբերի 30-ին Օսմանյան կայսրությունը պաշտոնապես հայտարարեց մասնակցությունը պատերազմին: Թուրքիայի Հանրապետությունը մինչև հիմա ժխտում է 1915 թ. հայերի ցեղասպանությունը, մինչդեռ 1915-1918 թթ. 1,5-2 միլիոն անզեն հայեր սպանվեցին, աքսորվեցին ու արտաքսվեցին պատմական հայրենիքից: 1918-ի հոկտեմբերի 30-ին կնքվեց Մուդրոսի զինադադարը, երկու տարի անց՝ Սևրի խաղաղության դաշնագիրը՝ (1920, օգոստոսի 10), որ վավերացրեց միայն Հունաստանը: Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ 1922-ի մայիսի 15-ին Թուրքիան ազատագրված էր: Լոզանի 1923-ի հուլիսի 24-ի համաձայնագրով ճանաչվեցին Թուրքիայի ներկա սահմանները, հոկտեմբերի 29-ին հռչակվեց Թուրքիայի Հանրապետությունը, և Մուստաֆա Քեմալը դարձավ առաջին նախագահը: 1932-ի մայիսի 18-ին Թուրքիան մտավ Ազգերի լիգա: 2003-ի մարտի 14-ից Թուրքիայի վարչապետն է Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Թուրքերը սուննիներ են: Թուրքիայի Հանրապետության ստեղծման պահին երկրի բնակչությունը 12 532 000 էր, 2005-ին՝ արդեն 70 միլիոնից ավելի: Թուրքիան տասնամյակներով վարել է երկրի բնակչության թուրքացման քաղաքականություն, և ազգային փոքրամասնությունների թիվը դժվար է ճիշտ հաշվարկել: Տարբեր գնահատականներով՝ Թուրքիայում ապրում են 6,5 միլիոն քրդեր, համարյա ողջ տարածքում, բայց բացարձակ մեծամասնություն են արևելքում:
Թուրքիայի ներքին քաղաքականության հիմնական խնդիրներից մեկը քրդերի պայքարն է անկախության համար: Տարածված ընկալում է Թուրքիայում, որ Արևմուտքն աջակցում է քրդերին, որպեսզի մուտք գործի քրդաբնակ շրջաններ, որտեղ նավթ կա: Թուրքական «Bugün» թերթի գնահատմամբ՝ Մերձավոր Արևելքում ցանկացած պահի կարող է ձևավորվել քրդական անկախ պետություն, և դա գիտակցում են բոլոր պետությունները: Իրաքի քրդերն ունեն անկախություն հռչակելու բոլոր հնարավորությունները՝ մասնատելով Իրաքը: Մասուդ Բարզանին հասկանում է, որ նա, ով կստեղծի անկախ ու ճանաչված Քրդստան, իրավունք կստանա անվանելու պետությունը: Քրդերի պարագայում անվանումը կարևոր է՝ որոշարկելու ազգային նույնականությունը: Եթե քրդերը հռչակեն անկախ պետություն, Արևմուտքը ոչ անմիջապես, բայց կճանաչի նոր պետությունը: Թերթի գնահատականով՝ համաձայնությունը, որին արևմտյան երկրները XIX դարում հանգել են Հունաստանի անկախության հարցում, վերաբերում է նաև քրդերին:

Սևրի պայմանագրով նախատեսվում էր քրդական ինքնավարություն ստեղծել Թուրքիայի տարածքում և հնարավոր էր համարվում Թուրքիայից անկախ քրդական պետության կազմավորում, եթե քրդերը դիմեն Ազգերի լիգա: Թերթը իսպառ «մոռանում է», որ նախ՝ Սևրի համաձայնագիրը չի վավերացվել, ապա՝ Սևրում լուծվում էր նաև հայկական հարցը:
Որ Իրաքյան Քրդստանը հասել է անկախության հռչակման, մեծ դեր ունի ԱՄՆ-ը: Իհարկե, առաջնահերթը ներպետական զարգացումներն էին, բայց Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառույցից պետության վերածվելու գործում ԱՄՆ-ի դերը նշանակալից է, ներկա Քրդստանի հիմքերը դրվել են 1990-ականներին: Իսրայելն արդեն հայտարարել է, որ ճանաչում է Քրդստանը: Սիրիաբնակ քրդերը ևս հայտարարել են իրենց ինքնավարությունը և մտադիր են անջատվել Սիրիայից:
Թուրքիան, թերևս, երկարաժամկետ հեռանկարում կճանաչի Քրդստանը: Հաշվի առնելով «Իրաքի ու Լևանտի իսլամական պետության» պես սպառնալիքները, Թուրքիայի միակ դաշնակիցը մնում են քրդերը: Թուրքական թերթը, սակայն, երկու «բայց» է բերում. առաջին՝ եթե Թուրքիան չկարողանա խաղաղ լուծել քրդական հարցը Թուրքիայում, արաբական պետություններում չի հասկացվելու Անկարայի մասնակցությունը արաբական պետության մասնատմանը: Երկրորդ՝ ի՞նչ ներգործություն կունենա նորաստեղծ Քրդստանը թուրքական վիլայեթների վրա, որ հարևանելու են այդ պետությանը: Այսինքն, ի՞նչ է կատարվելու Թուրքիայի քրդաբնակ շրջաններում, արդյո՞ք դա չի դառնալու Թուրքիայի մասնատման պատճառ՝ այս հարցը թուրքական թերթը, բնականաբար, չի բարձրացնում: Բայց հարցը կա և բավականին ռեալ է: Ռեալ է ոչ միայն Թուրքիայի համար, այլև Հայաստանի: Այն տարածքների գերակշիռ մասը, որ անվանում են Թուրքիայի քրդաբնակ շրջաններ, պատմական Հայաստանի տարածքներն են, և այդ տարածքների ճակատագիրը անմիջականորեն վերաբերում է Հայաստանի Հանրապետությանն ու հայերիս:
Բացի այն, որ հարևան Թուրքիան ժամանակակից հզոր պետություն է, որտեղ կա քրդական հարց, և որը օգոստոսին նախագահ է ընտրելու, ամենայն հավանականությամբ՝ Էրդողանին, ուրիշ ի՞նչ է մեզ հետաքրքրում ներկա Թուրքիայում: Հիմնական հարցերը երեքն են՝ Ցեղասպանության ճանաչում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանի բացում: Երեք հարցերից ո՞րը հեռանկարում կարող է լուծվել և լուծվել առաջինը: Թուրքիայից պարբերաբար լրահոսք է լինում, որ կառավարությունը Հայաստանի հետ սահմանը բացելու մտադրություն ունի, բայց լուրը հերքում է նախ Ադրբեջանը, ապա՝ Թուրքիան: Այս տարի շրջանառվող լուրերը հիմքում ունեն Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված ճնշման թուլացումը՝ Թուրքիան կցանկանա Արևմուտքին ցույց տալ, որ Երևանի հետ խնդիրներ չունի: Այդպե՞ս է: Հերքելով Taraf-ի հրապարակումը, որ սահմանը Հայաստանի հետ սեպտեմբերին բացվելու է, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է. «Թուրք-հայկական սահմանը փակվել է 1993-ին՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացիայից հետո: Սահմանի բացման հարցը օրակարգում կարող է հայտնվել Հարավային Կովկասում իրավիճակի նորմալացումից հետո»: Այնուհանդերձ, Թուրքիայի պես կազմակերպված պետությունում լրահոսքը պատահաբար չի լինում, և Taraf-ի հրապարակումը նույնքան պետական պատվեր է, որքան արտգործնախարարության հերքումն է պաշտոնական տեսակետ: Թուրքիայում միշտ էլ կա հասարակական կարծիքի ճշտման խնդիր, հատկապես նախագահական ընտրությունների նախօրեին: Ցյուրիխում 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները չվավերացրին ո՛չ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը, ո՛չ Հայաստանի Ազգային ժողովը: Մենք՝ Թուրքիայի առաջադրած նախապայմանների պատճառով: Իսկ նախապայմանները, եթե հիշում եք, թուրքական չէին, այլ ադրբեջանական՝ դուրս բերել հայկական զինուժը Ադրբեջանի «օկուպացված տարածքներից»: Անցած համարյա հինգ տարիներին հայ-թուրքական հարաբերություններում փոփոխություններ չեն եղել, ինչպես՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում: Փոխարենը, փոփոխություններ են եղել ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական, ռուս-իրանական հարաբերություններում: Գուցե աննկատ, բայց էական փոփոխություններ: Ադրբեջանն այսօր Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում, ոչ պակաս ռազմավարական են հարաբերությունները Թուրքիայի հետ: Որքան ավելի կարգավորվում ու սերտանում են Իրան-Արևմուտք-ԱՄՆ հարաբերությունները, այնքան մրցակցային են դառնում ռուս-իրանական հարաբերությունները: Հայաստանի շուրջ ստեղծվում է իրավիճակ, երբ իր բարեկամը իր թշնամու բարեկամն է դառնում ու իր բարեկամի թշնամին: Եթե հավելենք վրաց-ադրբեջանական ու վրաց-թուրքական ռազմավարական հարաբերությունները, ակնհայտ է, որ ամբողջ արտաքին ու ներքին քաղաքականությունը Մաքսային կամ Եվրասիական միությանն անդամակցությանը անցյալ սեպտեմբերից նպատակամղելը Հայաստանի համար չարդարացված շքեղություն է: Փաստորեն, Հայաստանը կամովին հրաժարվել է արտաքին քաղաքականությունից և իր իրավունքները լիազորել Ռուսաստանին, գուցե ի պատասխան ռուսական շանտաժի՝ ուզո՞ւմ եք՝ ստացեք, դե ինքներդ լուծեք: Այս մարտավարությունը իրեն կարդարացներ բացարձակ վստահության դեպքում, որ Ռուսաստանը Հայաստանի շահերին դեմ քայլեր չի անի: Իսկ Ռուսաստանն ունի իր շահերը: Ռուսական ռազմաբազայի առկայությունը Հայաստանում, որ Հայաստանը կարող էր դիտարկել իբրև Կրեմլի հակահայկական քայլերի զսպիչ գործոն, Ռուսաստանը դիտարկում է իբրև Հայաստանին զսպելու գործոն: Տեսակետների տարբերության համապատկերում Ռուսաստանը Ադրբեջանի հետ Եվրասիական միության անդամակցության առևտուր է սկսել, որտեղ վճարը Լեռնային Ղարաբաղն է: Հայաստանից շատ ավելի վաղ այդ հեռանկարը կանխելու փորձեր սկսել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, իսկ համանախագահ Ռուսաստանը խմբի ներսում անթաքույց խրամատավորվել է Ադրբեջանի տարածքում: Ստատուս քվոն, իրոք, ավելի վտանգավոր է դառնում, որովհետև իրականում ստատուս քվո չկա, կա նախագահների մակարդակով դա ընդունելու խնդիրը, որից հետո ստատուս քվոն տեղը կզիջի կա՛մ խաղաղության համաձայնագրին, կա՛մ պատերազմին, որի ժամանակ հարց է, թե ՀԱՊԿ-ը ինչպես կապահովի իր անդամի անվտանգությունը: Այս իրավիճակում առավել շահագրգիռ կողմեր են Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, որ չեն ցանկանում Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ալյանսը, և Իրանը, որ չի ցանկանում իր սահմանին ռուսական զորքեր տեսնել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իրաքյան Քրդստանում կամ Թուրքիայում քրդական պետության ձևավորումից մինչև հայ-իրանական հարաբերություններ մեկ ամբողջություն են, մենք այդ ամբողջության մեջ գերխնդիր ենք տեսնում անդամակցությունը ԵՏՄ-ին, որ մեկ հարվածով կոչված է լուծելու ռազմական անվտանգության ու տնտեսական ապահովման խնդիրը: Կոչված է, բայց չի լուծում: Եթե ՀՀ ԱԺ-ն վավերացնում է հայ-թուրքական արձանագրությունները, Անկարան կորցնում է իր կարևոր զենքը դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու համար, դա նոր ու շահեկան իրավիճակ է՝ աշխարհին ապացուցելու՝ ում զինանշանին ինչ է գրված, և ով ինչ է ուզում իրականում: Եթե ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին աշնանը, այնուամենայնիվ, գա Հայաստան, շատ մեծ է լինելու հայ-իրանական օրակարգը, որ կարող է տարածաշրջանում իրավիճակ փոխել: Հենց այդ պատճառով Ռուսաստանը մինչ այդ փորձելու է ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, միայն թե հայ-իրանական հարաբերությունները չկայանան: Ոչիշխանական ուժերը կարող են ակամա գործիք դառնալ այդ խաղում, պահանջելով նախագահի հրաժարական, որը, իհարկե, չեն ստանա, բայց Ռուհանիին կապացուցեն, որ Հայաստանը կայուն երկիր չէ, հուսալի գործընկեր լինել չի կարողանում, և Ռուսաստանը վերջնականապես կփակի Հայաստանի դուռը, որ դեռ կիսաբաց է: Իսկ դուք դեռ քննարկում եք՝ ե՞րբ ու ի՞նչ պայմաններով Հայաստանը ԵՏՄ կմտնի: Անլուրջ է:

Դիտվել է՝ 1828

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ