ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նրանք չեն տեսնում երկիրը

Նրանք չեն  տեսնում երկիրը
08.07.2014 | 00:06

1829-1837 թթ. ԱՄՆ-ի նախագահ Էնդրյու Ջեքսոնը ասում էր. «Դադար առեք քննարկելու և մտածելու համար, բայց երբ գալիս է գործելու ժամանակը, դադարեք մտածել և գործի անցեք»: ՈՒթ տարի անընդմեջ համապետական որոշումներ ընդունած և կենսագործած մարդը գիտի ավելին որոշումների ընդունման մեխանիզմների մասին, քան մենք, որ կամ մտածում ենք որոշել, կամ որոշում ենք մտածել: Այդ մտածելու ու որոշելու միջակայքը մեզ համար այնքան տարտղնված է, որ միախառնվում են որոշելու ու որոշումն իրականացնելու ժամանակ վերստին մտածելու ընթացքները, ահա և դոփում ենք տեղում: Եվրասիական միությանը Հայաստանի միանալու ժամկետը հերթական անգամ հետաձգվեց մինչև տարեվերջ: Հազիվ թե վարչապետ Հովիկ Աբրահամյանի հուլիսի 13-ին Մոսկվա այցը ու ՌԴ վարչապետի հետ հանդիպումը իրավիճակ փոխի, որովհետև նման խնդիր չունի, միայն իրավիճակի պարզաբանումներ կլինեն կամ չեն էլ լինի: Մինչև տարեվերջ մենք նորից ստացել ենք մտածելու ժամանակ ու հին հայկական ավանդույթով կարող ենք այդ ընթացքը օգտագործել որոշում փոխելու վրա: Եթե ընդհանրական քաղաքական միտքը ու քաղաքական կամքը կարողանան իրավիճակի ադեկվատ գնահատական տալ: Եթե չկարողանան էլ, այս ընթացքը հիանալի ժամանակ է ինքնագնահատականի ու որոշում կայացնելու` հասարակության ներսում: Հայաստանի իշխանությունների ու քաղաքական ուժերի գաղափարական տեսադաշտից չափազանց շատ իրողություններ են դուրս մնում, իրադարձություններ, դեպքեր, դեմքեր, փաստեր, որ չեն պատճառաբանվում, չեն ըմբռնվում ու չեն իմաստավորվում: Նույնիսկ եթե ընդունենք, որ իշխանությունն ապրում է իր պատկերացրած ու ինքն իր համար ստեղծած վիրտուալ Հայաստանում, որտեղ սոցիալական խնդիրներ չկան, գործազրկություն չկա, համատարած արդարություն է, կարկուտ ու ձյուն չի գալիս, առավելագույն բարդությունը ներիշխանական հակասություններն են, որ այս կամ այն կերպ հաղթահարելի են, իշխանությունը պարտավոր է իր քաղաքականությունը մեկնաբանել ու հասարակությանը հասկանալի դառնալ ոչ թե պաշտոնական տեղեկատվության ու հարցազրույցների միջնորդավորված ճանապարհով, այլ ուղղակի խոսքով: Հայաստանում միայն նախկին նախագահներն են դա հաճույքով անում. Լևոն Տեր-Պետրոսյանն առավել հաճախ ու գիտականորեն հիմնավորված, Ռոբերտ Քոչարյանը` ընտրովի ու անկանխատեսելի: Փաստորեն առաջին նախագահի «Լրջանալու պահից» հետո հասարակությանն ուղղված անմիջական խոսք եղել են միայն նախագահների պաշտոնակալության ելույթները, հետո տարեմուտի և այլ տոների առիթով պաշտոնական ուղերձները` տարեցտարի կրկնվող բովանդակությամբ: Միակ բացառությունը վարչապետ Վազգեն Սարգսյանի հեռուստաելույթներն էին, որ ոչ միայն ծրագիր էին ներկայացնում, այլև այդ ծրագրի կատարման կամք, ու վստահություն էին ներշնչում, հավատ, արժևորում էին պետությունն ու յուրաքանչյուր քաղաքացու: Մինչդեռ, իշխանությունից բացի, կան քաղաքական ուժեր, որոնց առաքելությունն է` իրավիճակի համակողմանի գնահատումը ու փոփոխությունների ծրագրի առաջադրումը. չէ որ նրանք ուզում են իշխանության գալ: Բայց Հայաստանում դա էլ է խախտված: Քաղաքական գնահատականի ի զորու է միայն քաղաքացիական հասարակությունը: Փաստորեն: Բայց քաղաքացիական հասարակությունը ունի այլ խնդիրներ և չի կարող կայացնել քաղաքական որոշումներ: Նպաստել` այո, ուղղորդել` այո, կայացնել` ոչ: Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում մնում է որակյալ փոքրամասնություն, որ չունի ընդհանրական խնդիրներ, ունի և փորձում է լուծել լոկալ խնդիրներ:

Տրանսպորտի գնի բարձրացումը կանխելուց հետո հերթով ծագած խնդիրները չեն լուծվել ու չեն լուծվում, որովհետև իներտ մեծամասնությունը չի միանում որակյալ փոքրամասնությանը: Այդպես քանդվում են Երևանի, ուրեմն և երևանցիներիս, պատմությունը խորհրդանշող շենքերը, որոնց տեղում ոչ միայն ավերակներ են մնում, այլև նույնիսկ կառուցված ու ապագայում կառուցվելիք շինությունները մնում են քաղաքին, ուրեմն և քաղաքացիներիս, անհաղորդ: Որովհետև այդ շենքերն ընդամենը անցյալ ու նախանցյալ դարերի շինություններ չէին, պատմությունից բացի, նրանցում ամփոփված էներգետիկա կար, որ մենք փորձում ենք փոխարկել մեր օրերի էներգետիկայով` չհասկանալով, որ այդ պարագայում ֆիզիկայի օրենքները կամ չեն գործում, կամ բոլորովին այլ կերպ են գործում: Կենսաթոշակային բարեփոխումը ևս ձախողվեց, պարտադիր բաղադրիչը, հակառակ օրենսդրական, տրամաբանական, իրավական, քաղաքական, տնտեսական, մարդկային բոլոր հիմնավորումների դարձավ պարտադրված, որովհետև վերստին մնաց լոկալ հարթության մեջ, 1974 ու հետագա թվականներին ծնվածների պայքար իսկ չդարձավ: Հասարակությունը տրոհվեց երկու մասի` պետական կառույցներում աշխատողների, որ վախեցան աշխատանքը կորցնելուց, և պետական կառույցներից դուրս աշխատողների, որ նույնքան խոցելի վիճակում էին դնում իրենց ղեկավարներին: Ընդհանրության մեջ նրանք չկարողացան պարտադրել կառավարությանը կատարել իր իսկ որոշումները: Որովհետև Հայաստանում բոլորովին այլ հարթության մեջ են օրենքն ու օրենքի կատարումը, որոշումն ու որոշման կատարումը: Որովհետև այդ հարթությունները համատեղելու համար միշտ պակասում են հասարակության ընդհանրական գիտակցությունը ու սկսած գործը համատեղ մինչև վերջ հասցնելու կամքը: Էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացմանը վերստին առաջինն արձագանքեց քաղաքացիական հասարակությունը: Հետո՞: Ի՞նչ է լինելու այս դեպքում, երբ պետությունը, ի դեմս նախագահի, առաջարկել է աջակցել սոցիալապես անապահով խավերին, կառավարությունը, ի դեմս վարչապետի, արձագանքել է` հազար դրամով բարձրացնելով 105 հազար նպաստառուների ամսավճարը: Հասարակության 30 տոկոս աղքատության պայմաններում աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարարն էլ ուրախանում է, որ «ընտանիքները Հայաստանում, փառք Աստծո, այդքան շատ չեն» ու ամեն մեկը մի կերպ իր ճարը կտեսնի: Ի՞նչ կերպ` մի կերպ: Դա սոցիալական ապահովության խնդի՞ր է, թե՞ սոցիալական ապահովության նախարարության աշխատակիցների պաշտոնական պարտականությունների համապատասխանության: Համակարգային համապատասխանության, ոչ անձնական, որովհետև պաշտոնյային փոխարինած պաշտոնյան ոչինչ չի փոխելու, եթե պետական կառավարման համակարգը նույն տրամաբանությամբ է գործելու: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը անխոնջ բարձրացնում է էլեկտրաէներգիայի սակագինը ու սպառնում հովհարային անջատումներով չբարձրացնելու դեպքում, իսկ կառավարությունը շարունակում է շեշտադրել գազի հիմքով ստացվող էլեկտրաէներգիան ու շրջանցել հէկերից ստացվող ավելի էժան էլեկտրաէներգիայի ձեռքբերման հնարավորությունը, նույն համառությամբ` նաև էժան գազ գնելու: Իսկ հասարակության որակյալ փոքրամասնությունը փորձում է պայքարել հետևանքների դեմ, լինելով հատվածական ու առանձին խնդիրների շուրջ ձևավորվող, չի զորում պատճառները գտնել ու խոչընդոտները վերացնել: Որովհետև քաղաքական դաշտը բոլորովին այլ հարթության մեջ է խրամատավորվել ու ամեն մի առանձին քաղաքական ուժ Հայաստանը տեսնում է միայն իր ղեկավարի աչքերով, սեփական հավակնությունների, անձնական շահախնդրությունների ու գրպանի բեկված անդրադարձով: Նրանք տեսնում են ոչ թե երկիրն ու մարդկանց, այլ ինչպես իրավիճակը ծառայեցնել իրենց այս ու այն խնդրի լուծմանը: ՈՒ դա արդեն ախտորոշում է, թե ինչու Հայաստանում չի կայանում ընդդիմադիր դաշտը, ինչու Հայաստանի ընդդիմությունը երկրում պաշտպանում է այլ երկրի շահերը ու մրցակցում իշխանության հետ այդ ասպարեզում հնարավորինս ինքնաբավ լինելու ու հետագա ներկայությունը երաշխավորված տեսնելու գործողությունների մեջ: Այդ մրցակցության մեջ նրանք տեսնում են առավելագույնը միմյանց, բայց ոչ պրոբլեմներն ու պետությունը: ՈՒ նրանց ասելիքը ուղղված է միմյանց, բայց ոչ մեզ, որ դեռ չենք արտագաղթել, հարկատու ենք, պահում ենք իրենց ու անտեսում ենք պատասխան պահանջելու մեր իրավունքը` խրված երկիր պահելու մեր պարտականությունների մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- ՈՒ քանի որ Եվրասիական տնտեսական միությունը պաշտոնապես համարվում է Հայաստանի անխուսափելի ապագա, մի քանի մեջբերում «The Financial Times»-ից:
«Եթե ընդվզումները Մայդանում իրենց հետևանքներով Կրեմլին չեն ձերբազատել ՈՒկրաինան ԵՏՄ-ի կազմում տեսնելու ցանկությունից, ԵՄ-ի հետ ասոցացման ստորագրված համաձայնագրերը ՈՒկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի հետ պետք է դա անեին: Նախագահ Վլադիմիր Պուտինը բացահայտում է, որ «ռուսական աշխարհը», որին այդքան հաճախ է հղումներ անում, փափուկ ուժի կատեգորիա է, առավել աշխարհամշակութային, քան աշխարհաքաղաքական կամ աշխարհատնտեսական, և ուկրաինացիներն ու ռուսները «մեկ ժողովուրդ» չեն:
Կորուստները հաշվելու փոխարեն Մոսկվան պետք է ձեռք բերածն ամրապնդի: Ռուսաստանը կարողացավ վերադարձնել Ղրիմը` հետխորհրդային ՈՒկրաինայի միակ տարածքը, որտեղ կար ռուսական պետությանը սերտ կապվածություն: Ռուսաստանը հիմա պետք է այդ թերակղզին վերածի ծաղկուն տարածքի և Ղրիմը ցուցափեղկ դարձնի, որտեղ կարտացոլվի` ինչպես է Կրեմլը զարգացնում հետամնաց տարածքները ու կարողանում կատարել բնակչության պահանջները: Ռուսաստանի ռազմավարական գլխավոր խնդիրը ՈՒկրաինան ՆԱՏՕ-ից հեռու պահելն է: Վաշինգտոնը հարկադրված է հավասարակշռություն պահպանել իր գլոբալ պարտավորությունների միջև Հարավ-չինական ծովից մինչև Իրաք, ՈՒկրաինան այդ ցանկում չկա: Բեռլինն ու Փարիզը համոզված են, որ ՈՒկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ՆԱՏՕ չպետք է մտնեն: Լոնդոնը ՆԱՏՕ-ի սահմանները Ռուսաստանին մոտեցնելու պատճառներ չի տեսնում: Այսինքն` խնդիրը լուծելի է:
Մոսկվան պետք է Կիևի հետ առավել երկարաժամկետ ծրագրեր կազմի և Դոնբասում զինված ապստամբության փոխարեն մտածի ամբողջ ՈՒկրաինան իր շահերի պաշտպանության մեջ ընդգրկելու ռազմավարական քաղաքականության մասին: Ռուսական պաշտպանական արդյունաբերության կապերը ուկրաինացի մատակարարների հետ այլևս հուսալի չեն, և Կրեմլը պետք է կենսունակ պաշտպանական ինդուստրիա ստեղծի երկրի ներսում ու կարգավորի իր առևտրական հարաբերությունները Կիևի հետ ԱՀԿ-ի նորմերին համապատասխան: Ղրիմի հետ բացահայտ ձեռքբերում են և ուկրաինացիները, որ հատում են սահմանն ու անցնում Ռուսաստան: Լրացուցիչ հողեր հավաքելու փոխարեն Կրեմլը պետք է հավաքի մարդկանց, որ կօգնեն ստեղծել երիտասարդ ու նպատակային աշխատուժ ու կընդլայնեն սպառողական բազան: Այդ քաղաքականությունը նախապատվություն պետք է տա նրանց, ովքեր առավել մեծ բարեկեցություն են բերում` ինժեներներին ու այն աշխատակիցներին, որ ինքնաթիռների ու հրթիռների համար շարժիչներ էին արտադրում, բայց կարող են գործազուրկ դառնալ, երբ ՈՒկրաինան սկսի ղեկավարվել ԵՄ-ի առևտրային պահանջներով: ՌԴ-ն պետք է շարունակի կայսրությունից ազգային պետության անցումը: Ռուսաստանին պետք են նոր մարդիկ, բայց նոր հողեր պետք չեն: Կրեմլը ԵՏՄ-ն պետք է համարի ոչ թե ԵՄ-ի պատճենը, այլ ազատ առևտրի վերաբերյալ Հյուսիսամերիկյան համաձայնագրի տարբերակ` տնտեսական շահեր, ոչ թե ընդհանուր էթնիկ պատկանելություն: Մոսկվան վերջին 25 տարիներին ձգտում էր ընդունվել Արևմուտքում, բայց ձախողվեց, ու այդ փաստը պետք է ընդունի իբրև անախորժություն, որ բարիք է բերում: Արևմտյան վեկտորը փակ է: Եթե Կրեմլը ընտրի «Ռուսաստանն իբրև ամրոց» հայեցակարգը և վարի տնտեսական մեկուսացման ու քաղաքական ճնշումների քաղաքականություն, կհանգի նույնպիսի մեծ աղետի, ինչպես ԽՍՀՄ-ը: Եթե Կրեմլը շրջվի դեպի Արևելք, կդառնա Չինաստանի հումքային կցորդ` կործանելով ռազմավարորեն անկախ պետության իր իդեալական կերպարը: Եթե Կրեմլը ցանկանում է մնալ գլոբալ մրցակցության մեջ, այլ ընտրություն չունի, քան քաղաքացիական պետության ստեղծումը` օրենքների վրա հիմնված հասարակարգով ու ժամանակակից տնտեսությամբ: Երկրները մարդկանց նման են` ճիշտ քայլեր անում են, երբ այլ տարբերակները սպառված են: Ռուսաստանի համար այդ ընտրությունը երբեք այսքան պարզ չի եղել»: Եզրակացությունները թողնում եմ ձեզ: Հավարտ հավելեմ, որ 1989 թ. պատմության ավարտը կանխատեսած Ֆրենսիս Ֆուկույաման 25 տարի հետո հայտնագործել է, որ պատմության ավարտից հետո վերստին սկսվում է ժողովրդավարությունը:

Դիտվել է՝ 1714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ