ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հյուսիսկորեական «միջուկային մահակի» սպառնալիքը

Հյուսիսկորեական «միջուկային մահակի» սպառնալիքը
27.05.2014 | 00:13

Վերջերս համաշխարհային լրատվամիջոցները հաղորդեցին, որ ամերիկյան արբանյակի արած լուսանկարները ցույց են տվել, որ Հյուսիսային Կորեան երկու նորագույն ռազմանավ ունի։ Մասնագետները պնդում են, որ դրանք ունեն ուղղաթիռների թռիչքահարթակներ, հատուկ հրթիռային կայանքներ, որոնցով հնարավոր է մարտի մեջ մտնել հարավկորեական սուզանավերի հետ։ Լիովին հասկանալի է, որ այդ տեղեկությունը որոշակի անհանգստություն է առաջացել և՛ տարածաշրջանում, և՛ աշխարհում։ Չէ՞ որ մինչև հիմա բոլոր ռազմական փորձագետները պնդում էին, թե ԿԺԴՀ-ն ընդունակ չէ ստեղծելու այնպիսի նավատորմ, որը կարողանար դիմակայել հարևան որևէ երկրի ռազմածովային ուժերին։ Բացի այդ, ԿԺԴՀ-ի ստեղծած նման արդիական ռազմանավերը պետք է գնահատել նաև երկրի ռազմական հզորության աճի կարգավորմանն ուղղված պատժամիջոցների արդյունավետության տեսանկյունից։ Չէ՞ որ Ռուսաստանը՝ սպառազինությունների գծով դեռ մինչև վերջերս Փհենյանի հիմնական գործընկերը, հայտարարում է, որ վերջին տարիներին այդ երկրին ռազմանավեր չի վաճառել և ոչ մի տեխնոլոգիա չի փոխանցել։ Այնպես որ, բուն այն փաստը, որ ԿԺԴՀ-ի ռազմածովային ուժերը սպառազինության են ընդունել նորագույն ռազմանավերը, որոնք վերջին քառորդ դարում կորեացիների ստեղծած ամենամեծ ռազմանավերն են, երևի ոչ ոքի հանգիստ չի տալիս։ Առավել ևս, որ նավատորմի վերազինումը տեղի է ունենում միջուկային մշակումների, բալիստիկ հրթիռների արձակման և, դատելով տիեզերքից արված լուսանկարներից, միջուկային զենքի հերթական փորձարկման նախապատրաստության ուղղությամբ երկրի ակտիվության մեծացման պայմաններում։ ՈՒ այստեղ, նոր սրացման պայմաններում, ամենայն հավանականությամբ, վերստին քննության կառնվի Չինաստանի դերը տարածաշրջանում, նրա «բարեկամությունը» Փհենյանի հետ և Հյուսիսային Կորեային զսպելու նրա հնարավորությունը։ Թեև, հարկ է նշել, որ հարևանների հարաբերություններն էլ, և դա Պեկինի վաղեմի, համաշխարհային տերությունների լռելայն համաձայնությամբ ստանձնած գործառույթն է, վերջին ժամանակներս որոշակի սրբագրության են ենթարկվել։
Լինելով Հյուսիսային Կորեայի խոշորագույն տնտեսական խնամակալը, ՉԺՀ-ն տարիներ շարունակ վարչակազմին ցուցաբերել է տնտեսական օգնություն և դիվանագիտական պաշտպանություն է ապահովել։ Առաջին հայացքից, ԿԺԴՀ-ի հետ չինական դաշինքը կարող է սոսկ «կոմունիստական բարեկամություն» թվալ։ Սակայն, թվում է, Փհենյանին Պեկինի ցուցաբերած աջակցությունը հիմնված է մեծ մասամբ ոչ թե ընդհանուր գաղափարախոսության, ոչ էլ նույնիսկ նախընթաց տարիների համագործակցության, այլ սեփական անվտանգության առումով Պեկինի իրատեսական հաշվարկների վրա։
Կորեական թերակղզին հարում է Չինաստանի հյուսիս-արևելքին՝ Մանջուրիային, իսկ Հյուսիսային Կորեան Չինաստանից բաժանում է Յալու գետը։ Սահմանի արևմտյան ծայրի՝ լեռնային տեղանքով անցնող շրջանն անցակետի դեր է խաղում, Չինաստանը Հյուսիսային Կորեան համարում է շատ օգտակար բուֆեր ու հենց դրա համար էլ շահագրգռված է եղել նրա վարչակարգի գոյատևմամբ՝ սոսկ այն չափով, ինչ չափով Փհենյանը շարունակում է խաղալ այդ դերը։ Հյուսիսային Կորեայի համար, իր հերթին, ՉԺՀ-ն մի գործընկեր է, առանց որի ինքը յոլա գնալ չի կարող, և որը, ինչպես այստեղ հույս ունեն, այսուհետ ևս կֆինանսավորի ու կպաշտպանի Փհենյանին։ Սակայն, միաժամանակ, հյուսիսկորեացիները, հատկապես երիտասարդ ու հավակնոտ առաջնորդի գալուց հետո, վախենում են, որ ԿԺԴՀ-ն մշտապես ենթակա է սեփական ապագայի վերահսկողությունը կորցնելու վտանգին, այն զիջելով չինացիներին։ Հենց դրա համար էլ Փհենյանը, ի դեմս նոր ղեկավարության, ավելի ու ավելի արագորեն է ձգտում զարգացնել «իր ուղին»՝ ստեղծել միջուկային զսպման ուժեր, մշտապես սպառնալ այդ ուժերի գործադրմամբ, դրանով իսկ տնտեսական զիջումներ կորզել բոլոր նրանցից, ում համար թանկ են խաղաղությունն ու կայունությունը։ Եվ Չինաստանը գիտե, որ այսօր միակ բանը լուրջ կոնֆլիկտն է, որ կարող է խանգարել զարգացմանը, և եթե Հյուսիսային Կորեան կենսագործի իր սպառնալիքներից գոնե մեկը, նույնիսկ Հարավային Կորեայի հետ սահմանի վրա, ապա արևմտյան փողերի հոսքը Չինաստան սպառնալիքի տակ կհայտնվի։ Բացի այդ, չինացիներին ամենևին չի ուրախացնում նաև այն փաստը, որ անզսպելի Կիմ Չեն Ինը, երևի, որոշել է «զբաղվել շանտաժով» և օգտագործել իր ռազմավարական բուֆերը կորցնելու հնարավորության հարցում Չինաստանի վախը։ Ինչպես շատերը կարծում են Պեկինում, նա սկսել է «անթույլատրելի անձնապաստանություն» դրսևորել։ Այսպես, շատ դիտորդներ նկատում են, որ ԿԺԴՀ-ի ղեկավարության շրջանում կատարված վերջին «զտումները» և առաջին հերթին Չանի աղմկոտ մահապատիժը, ուղղված էին առավել չինամետ գործիչների դեմ, որոնք, ըստ էության, Պեկինի կողմից դիտվում էին որպես երիտասարդ նախագահի փորձառու դաստիարակներ և նրան կցվել էին իբրև «դայակներ»։ Եվ այն, որ Կիմը, որին հարկավոր էր իր ինքնուրույնությունն ապացուցել ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, որոշել է դա անել Չինաստանից իր անկախությունը վառ կերպով ցուցադրելու հաշվին, վերջնականորեն ափերից հանեց Պեկինին։ Չինացիներն սկսեցին ոչ միայն իրենց դժգոհությունն արտահայտել առաջատար ԶԼՄ-ներում, այլև «պատժել» յուանով։ Այսպես, արդեն սկսել է կրճատվել չին-հյուսիսկորեական առևտրի ծավալը, որի զգալի մասը սուբսիդավորում էր Չինաստանը (այսօր ՉԺՀ-ին է բաժին ընկնում հյուսիսկորեական ապրանքաշրջանառության գրեթե 70 %-ը)։
Սակայն երկու երկրների հարաբերությունների նոր փուլում ամենագլխավորը, թերևս, դարձել է այն, որ վերջին ժամանակներս Պեկինն սկսել է երկյուղել, որ «հին ընկերը» կարող է իրեն եթե ոչ ներքաշել պատերազմի մեջ, ապա խանգարել հասնելու իր ռազմավարական նպատակներին։ Եվ, հարկ է նկատել, անգամ եթե չինացիները երբեմն հաճույքով նայում են, թե ինչպես են հյուսիսկորեացիները «հաթաթա տալիս» թե՛ հարևաններին, թե՛ ԱՄՆ-ին, ապա նրանք, իհարկե, հանուն դրա չեն հանդուրժի աշխարհում իրենց դիրքերի վատացում։ Բացի այդ, հիմա ավելի ու ավելի պարզ է դառնում, որ եթե Չինաստանն ուզում է դառնալ համաշխարհային ազդեցության տերություն, ինչին նա, ըստ էության, համառորեն ձգտում է, ապա նա պետք է դառնա ազդեցությամբ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կենտրոն։ Այդ ճանապարհին առաջին քայլը, հավանաբար, կլինի խնդրահարույց դաշնակիցների ու հարևանների նկատմամբ երաշխավորված վերահսկողությունը։ Չինաստանը, ինչ խոսք, թույլ չի տա, որ Հյուսիսային Կորեան չափն անցնի, քանի որ չի ուզում, և գլխավորը, չի կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկը կարծի, թե ինքը ոչ միայն ընդունակ չէ վերահսկելու տարածաշրջանը, այլև նույնիսկ չի կարող գլուխ հանել իր «քթի տակ» տեղի ունեցող խնդիրներից։ Այնպես որ, այս ամենի առջև խամրում է թե՛ գաղափարախոսությունը, թե՛ «հին ընկերությունը»։ Շատ հետաքրքրական է, որ վերջին ժամանակներս չինացի որոշ փորձագետներ սկսել են նշել, թե ժողովրդավարական պետության մեջ Կորեական թերակղզու միավորումը՝ Սեուլի գլխավորությամբ, այն ավելի կկայունացնի։ «Խաղաղ Կորեական թերակղզին ներդաշնակում է Չինաստանի ազգային շահերին»,- պնդում է Չինաստանի կոմկուսի կենտկոմին առընթեր միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր Չժան Լյան Գույը և նշում, որ Կորեայի միավորումից հետո Չինաստանը ներդրումների ներգրավման ավելի մեծ հնարավորություններ կունենա։
Նշենք տարածաշրջանային հարաբերությունների ևս մեկ, նոր կողմ։ Առաջ մամուլ էին թափանցում հաղորդումներ այն մասին, թե Չինաստանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում այն հարցի շուրջ, թե ինչպես պիտի իրենց դրսևորեն ԿԺԴՀ-ում լիամասշտաբ ճգնաժամի դեպքում։ ՈՒ թեև երկու տերությունների պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվում էին լուրերը մեկնաբանել, բազմաթիվ փորձագետներ ու աղբյուրներ հաստատում էին նման երկխոսության փաստը։ Նրանք նշում էին, որ ԱՄՆ-ին խիստ հետաքրքրում է ԿԺԴՀ-ի զանգվածային ոչնչացման զենքի չտարածման հարցը, և այդ հարցում Չինաստանին առաջատար դեր է վերապահվում։ Իսկ ահա բառացիորեն օրերս ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և ՉԺՀ արտգործնախարար Վան Ին հաստատեցին իրենց երկրների մտադրությունը՝ համատեղ հասնելու Կորեական թերակղզու միջուկազերծ կարգավիճակի, և լուրջ անհանգստություն արտահայտեցին «նոր սադրանքներ սարքելու» ԿԺԴՀ-ի նոր սպառնալիքների առթիվ։ Դրա համար առիթ եղավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանը նվիրված նիստում ԿԺԴՀ ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը պատրաստ է ամեն տարի միջուկային և հրթիռային փորձարկումներ կատարելու։
«Հյուսիսային Կորեան անկայուն պետություն է։ Հասարակարգն այնտեղ կարող է հանկարծակի փուլ գալ, ինչը կհանգեցնի հասարակական աղետի կամ այլ ավելի լուրջ հետևանքների»,- ԿԺԴՀ-ում տիրող իրադրությանը նման անմխիթար գնահատական է տալիս «РЭНД Корпорейшн»-ում հրապարակված փաստաթուղթը՝ «Պատրաստվելով Հյուսիսային Կորեայի փլուզման» բնորոշ վերնագրով։ Փաստաթղթում բերվում են ԿԺԴՀ-ի կենտրոնական իշխանության հանկարծակի կործանման հնարավոր տարբեր պատճառներ՝ Կիմ Չեն Ինի սպանությունը, քաղաքացիական պատերազմը։ «Անկախ կոնկրետ պատճառներից, հետևանքները կարող են աղետալի լինել առաջին հերթին հենց Հյուսիսային Կորեայի համար, որին, ամերիկացի փորձագետների կարծիքով, հասարակական ճգնաժամ, քաոս, սով ու խառնաշփոթ են սպառնում։ Սակայն, ինչպես ընդգծվում է զեկույցում, լրջորեն կտուժեն նաև հարևան երկրները, մասնավորապես Չինաստանն ու Հարավային Կորեան։ Գիտավերլուծական կենտրոնի մասնագետների կարծիքով, հիմնական շահագրգիռ երկրները՝ ի դեմս Չինաստանի, ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի, հարկադրված կլինեն միջամտել, այնտեղ ուղարկելով իրենց զինված ուժերը։ Բայց այստեղ կարող է գլխավոր վտանգն առաջանալ։ Վատագույն դեպքում կարող են ԿԺԴՀ-ի տարածքում զինված ընդհարումներ տեղի ունենալ մի կողմից՝ Չինաստանի, մյուս կողմից, ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի զորքերի միջև»,- նշվում է փաստաթղթում։ Դրանից խուսափելու համար Պեկինին, Վաշինգտոնին և Սեուլին առաջարկվում է կանխավ նախապատրաստվել և ժամանակին սահմանել պատասխանատվության գոտիները։
Նկատենք, վաղուց արդեն Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի քաղաքական վերնախավերի շրջանում ակնկալիքներ կային, որ Պեկինը, ի վերջո, կհոգնի իր դաշնակցի «անկառավարելիությունից» և կհանգի այն հետևությանը, որ նրան աջակցելուց եկած վնասն ավելի շատ է, քան օգուտը։ Մինչև վերջին ժամանակներս, ի դեպ, փորձագետները հիմնականում ենթադրում էին, որ դա կարող է տեղի ունենալ ՉԺՀ-ի առաջնորդների հաջորդ սերնդի օրոք միայն։ Սակայն տարածաշրջանում և աշխարհում տիրող դժվարին իրավիճակը, ինչպես նաև, բացի ԱՄՆ-ից, գործընթացների լրացուցիչ նոր «գլոբալ կարգավորողի» արդեն հասունացած անհրաժեշտությունը կարող են հանգեցնել այն բանին, որ Չինաստանը ոչ թե սոսկ, ինչպես հիմա, դժգոհ կլինի Հյուսիսային Կորեայի վարքագծից, այլ կհրաժարվի Փհենյանին ցուցաբերած բազմամյա աջակցությունից։ Եթե առաջ նման քաղաքականությունը շատ արդյունավետ էր, ապա հիմա այն սկսում է ավելի ու ավելի քիչ շահ բերել։ Առավել ևս, որ հյուսիսկորեացի առաջնորդի շարունակական ագրեսիվ քայլերը, ինչպես նաև նրա կողմից «միջուկային մահակի» սպառնալիքը կարող է այնքան վախեցնել տարածաշրջանի երկրներին, որ նրանք, կամա-ակամա, կհամաձայնեն թե՛ Պեկինի գերիշխանությանը, թե՛ խաղաղարարությանը։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1810

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ