ՀՀ կառավարության ծրագիրն ընդունվեց: Սա է փաստը: Ով ինչպես քվեարկեց, մանրամասն է, որ պատկերը չի փոխում: Ով ինչ ասաց մինչև քվեարկելը, նույնպես մանրամասն է, որ իմիջի խնդիր ունի ու պատկերը չի փոխում բնավ: ՀՀ 13-րդ կառավարությունը սկսում է իրականացնել իր ծրագիրը: Դա հավասարազոր է սխրանքի, թեպետ ընդամենը աշխատանք է: Հին Հունաստանի հայտնի հերոսներից մեկը կյանքում հարկադրված էր 13 սխրանք գործել: Նա հավատում էր, որ սխրանքները կգործի, ցանկալի ազատությունը կստանա ու կսկսի ապրել: Չստացվեց: Սխրանքները գործեց նախատեսված 10-ի փոխարեն 12 ու 13, ու… Կռահեցիք: Նրա անունը Հերակլես էր, համարյա Հովհաննես: Նա ապրում ու սխրանքներ էր գործում Հին աշխարհում, որտեղ գործարարները երկիր չէին պահում ու չէին քանդում, որտեղ արտագաղթ ու ներգաղթ չկային, որտեղ կոռուպցիան ընդամենը ապրանքափոխանակություն էր մի կողմի համար ավելի ձեռնտու, որտեղ հողագործությունը բոլորին հավասար եկամուտ էր բերում, իսկ եթե չէր բերում` դարձյալ բոլորին հավասար: Որտեղ ոչ խաղաղություն, ոչ պատերազմը սովորական վիճակ էր` բոլորը բոլորի դեմ պատերազմում էին, բոլորը բոլորին հաղթում ու պարտվում, որ կարճ ժամանակից նորից սկսեն ստատուս քվոն ու հրադադարի ռեժիմը խախտել: Որտեղ կանայք ու տղամարդիկ ունեին համարյա հավասար իրավունքներ. զենքը ձեռքին կռվում էին, խարդավում, ատում ու սիրում, վրեժ լուծում ու ամուսնանում, դավում էին իրար ու սպանում, որտեղ Հերան Զևսին հավասար իշխանություն ուներ աստվածների ու նույնիսկ Զևսի վրա: Բայց նրանց բախտը, այնուամենայնիվ, խորապես բերել էր. չկային լրագրողներ` ոչ բարոյական, ոչ անբարոյական: Ընդամենը մի քանի գրողներ էին, որ ոչ ամեն ինչ կարող էին բոլորին հայտնի դարձնել իրենց օրերում: Հավերժության մասին Հին Հունաստանում առանձնապես չէին մտածում, իրենց ժամանակը նրանց հենց հավերժություն էր թվում: Հետո ժամանակներն աղավաղվեցին, մարդիկ այլակերպվեցին, և ի հայտ եկած լրագրողներն ամեն ինչ ոչ միայն սկսեցին հարցականի տակ դնել, այլև հերքել ու կասկածել, հավատալ ու չհավատալ, մի խոսքով` թշնամություն երկրի ու ժողովրդի նկատմամբ: Ամեն օր ու առանց որևէ պատճառի: Ասում էին` մեր գործն ենք անում, և ո՞վ է այդպիսի աննպատակ գործ հնարել` մեկի մասին պատմել բոլորին: Իսկապես մանրացան ու անկարևորվեցին ոչ միայն ժամանակները, այլև հերոսներն ու նրանց գործերը:
Հայաստանի Հանրապետության 13-րդ կառավարության «իրատեսական, խստապահանջ, ականջալուր» ծրագրին չեմ անդրադառնալու: Հայաստանի Հանրապետության ոչ մի կառավարություն անիրատեսական, ոչ խստապահանջ, ականջախույս ծրագիր չի ունեցել: Դատելով բյուջեի կատարողականներից` որոշ կառավարություններ նաև կատարել են այդ ծրագիրը, ճիշտ է` ավելի շատ թղթի վրա, որ կենսամակարդակում չի արտահայտվել վերընթաց կորով, բայց վարընթաց կորի հաստատում դարձել են գործազրկությունն ու արտագաղթը: Եղել է նաև վարչապետ, որ, իր տարբերություն նախորդների, առաջին օրից սկսել է պետության ունեցվածքի գույքագրումը ու քաղաքական որոշում է կայացրել մեծ արդյունաբերության վերագործարկումը պետության համաֆինանսավորմամբ, ուրեմն և նոր աշխատատեղերի ստեղծումը, վարչապետ, որ կարողացել է մի քանի ամիս երկիրը պահել բացառապես ինքնաֆինանսավորմամբ, վերջին հեռուստաելույթն էլ կոռուպցիայի դեմ էր: Որ նա ասածը կաներ, որևէ մեկը չէր կասկածում: Նա ութերորդ վարչապետն էր: Իններորդ վարչապետը շարունակեց նրա գործը: Մի քանի ամիս, ավելին երկրին պետք չէր, որովհետև երկիրը պարտադիր ու պարտադրված պիտի վերադառնար կազմակերպված պետության մոդելին ու քրեաօլիգարխիկ կառավարման այն համակարգին, որ այսօրվա 13-րդ վարչապետը հայտարարում է այլևս անվավեր ու պահանջում է, որ իրեն հավատան: Սիրով ու անվերապահ: Բայց ինչի՞ն հավատան: Գեղեցիկ մտադրությունների հռչակագրի՞ն` կառավարության ծրագրի տեսքով, որն անգամ իբրև այդպիսին թերի է, աղքատիկ ու ժլատ` անտեսելով բազում անհրաժեշտություններ: Կառավարության ծրագիրը իրականացման մեխանիզմի մասով համարժեք է պետական գաղտնիքին, որի մասին գիտեն բոլորը, բայց որը հրապարակելը քրեորեն պատժելի է: Խոստացել էի կառավարության ծրագրին չանդրադառնալ, բայց չեմ կարող չանդրադառնալ այն մթնոլորտին, որով ծրագիրը քննարկվում էր խորհրդարանում: Գաղջ մթնոլորտ, որ լիովին համարժեք է ապահով Հայաստանի իրական պատկերին:
Նույնիսկ այն սակավաթիվ պատգամավորները, որ փորձում էին բովանդակային հարցեր տալ, ըստ էության ելույթներ ունենալ, հասկանում էին, որ իրենց արածը հողմաղացների դեմ հայտնի իսպանացու մենամարտն է: Օվալաձև դահլիճն իր ձևավորմամբ ու կահավորմամբ սքանչելի պառլամենտ է առանց օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչների, որ իրենց ներկայությամբ ու բացակայությամբ, ելույթներով ու հակաելույթներով հերքում են պառլամենտի գոյությունը` ամեն պահ հաստատելով հասարակության ներսում գոյություն ունեցող անհաշտ հակասությունները: Անհաշտ, բայց ոչ գաղափարական, որովհետև բոլորն ուզում են նույնը` իշխանություն լինել, որ շարունակեն նույնպես նույնը: Եթե խորհրդարանի ոչիշխանական փոքրամասնությունը դառնա իշխանական մեծամասնություն, որևէ փոփոխություն չի լինելու հակառակ հավաստիացումների ու հայտարարությունների, որովհետև չկա ամենակարևորը` համակարգային փոփոխության պատկերացումը` ինչը ինչո՞վ է փոխարինվելու: Ո՞վ ումո՞վ հարցը ամենահեշտն է լուծվելու, տարբերակները շատ են, և այդ հարցում մրցակցային պայքարը ևս նույն մեխանիզմով է ավարտվելու` ո՞վ ո՞ւմ հովանավորյալն է, ո՞վ ո՞ւմ կնշանակի, քաղաքական պայքարը հաջողություն կունենա կամ կձախողվի` նայած ով ում հավատարիմ կմնա ու ով ում կդավաճանի: Քաղաքական մեծամասնությունն ու փոքրամասնությունը խիստ հարաբերական են, որովհետև իրականում խորհրդարանից դուրս մեծամասնությունն էլ, փոքրամասնությունն էլ այլևս չունեն քաղաքական հենարան: Իսկ քաղաքական ստատուս քվոն պահպանվում է, որովհետև այդպես է որոշված երկրից դուրս: Հայաստանում առայժմ իշխանափոխության խնդիր չկա ու արտահերթ որևէ գործընթաց չի նախատեսվում` աշխարհաքաղաքական վերադասավորումների այս փուլում: Իսկ թե հայերն իրենց երկրի ներսում ինչ կանեն, թող իրենք որոշեն: Առժամանակ: Պահը գա` կասվի ու կարվի: ՈՒ ստացվում է, որ ականջալուր հայկական խորհրդարանում իրականում նշանակում է ականջախուլ, որովհետև չպատվիրված հարցադրումները ստանում ու կարող են ստանալ միայն բառակույտ, բայց ոչ պատասխան: Իսկ տասնամյակներով բարձրաձայնված բառակույտի հետևանքը արդեն բառակույտի հեղինակներին է ստիպում սեփական խաղի կանոնները սեփական ձեռքով փոխել: Սինգապուրի վարչապետի օրինակով Հայաստանի վարչապետն էլ որոշել է փոփոխությունները սկսել մերձավորներից, ու դա համարում է երաշխիք, որ կառավարությունը հաջողության կհասնի: Հովիկ Աբրահամյանը հերքելով հերքում է, որ կառավարությունում գործարարներ կան ու զարմանում է, որ իրեն չեն հավատում: Բայց հավատում է պաշտոնյաներին, որ ասում են` բիզնես չունեն, որ մեգաՀայաստան չկա ու չի եղել: Հովիկ Աբրահամյանը հանդիպում է գործարարների հետ, նրանց առաջարկում ստվերից դուրս գալ ու զայրանում է, որ իրեն մեղադրում են քրեաօլիգարխիկ համակարգը պաշտպանելու մեջ: Որ չեն հասկանում իր ազնիվ ցանկությունները: Իսկ չեն հասկանում, որովհետև անհասկանալի է, երբ վարչապետի մակարդակով ընդունվում է, որ կա ստվեր, ու այդ ստվերի դեմ պայքարը ընդամենը փաստաթղթավորումն է, այսինքն` ինչ արել արել եք: Չեն հասկանում, որովհետև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ վարչապետին չվերապահված լիազորություններ է Հովիկ Աբրահամյանը փորձում իրականացնել` իրեն հայտարարելով համարյա թե Սահմանադրության երաշխավոր, դատավոր, դատախազ ու համաներում շնորհող, արտոնություն տվող ու բեկանող: Անօրինականությամբ հաստատված օրինականության հավանականությանը հավատալը միայն արտոնյալների մենաշնորհն է: Հայաստանում արտոնյալները միշտ փոքրամասնություն են, նաև այս դեպքում:
«Ես ինչ որ ասում եմ, նախ դուք հավատացեք իմ ասածներին, ես ձեզ խնդրում եմ: Ժամանակ տվեք, երբ կտեսնեք, որ մեր ասածներն իրականություն չեն դառնում, այն ժամանակ կասեք»` վարչապետի խոսքերն են: Նա սկսել է գնահատել ժամանակը: Լավ, իսկ որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե «այն ժամանակ կասեք»-ը ինչ գին է ունենալու երկրի համար: Հերակլեսի սխրանքները մոռացել են, միայն թիվն են հիշում` 13, մեկ էլ ավգյան ախոռները մաքրելը, որ նրա 6-րդ սխրանքն էր: Միկենեի արքա Էվրիսթևսը 12 սխրանք գործել էր հանձնարարել, որպեսզի ազատ արձակի: Հերակլեսն ո՞վ էր: Մա՞րդ, թե՞ աստված: Երբեմն մարդ, երբեմն աստված: Հերակլեսի մայրը Ալկմենեն էր, հայրը` Զևսը: Երբ Հերակլեսը պիտի ծնվեր, խանդոտ Հերան ստիպեց Զևսին երդվել, որ Պերսևսների տոհմում այդ օրը ծնվողը կդառնա թագավոր: Զևսը ուրախությամբ երդվեց, իսկ Հերան այնպես արեց, որ լույս աշխարհ եկավ Էվրիսթևսը: Զևսին մնում էր Հերայի հետ պայմանագիր կնքել, որ Հերակլեսը այնքան կծառայի Էվրիսթևսին, մինչև 12 սխրանք գործի: Ծնունդով արդեն աստվածներից խաբված Հերակլեսին Պյութիան հրամայել էր 10 սխրանք գործել, բայց տասից Էվրիսթևսը երկուսը չհաշվեց, ու նա ստիպված էր ևս երկուսը գործել: 8 տարի ու 10 ամսում նա սխրանք սխրանքի հետևից էր գործում, որ վերջապես ազատություն ստանա ու ապրի իր կյանքը, 12 տարում` 12 սխրանք: Նա խեղդեց Նեմեյան առյուծին, սպանեց Լեռնեյան հիդրային, ոչնչացրեց Ստիմփալոսյան թռչուններին, բռնեց Կերինյան եղջերուին, սանձեց Էրիմանթոսյան վարազին ու հաղթեց կենտավրոսներին, մաքրեց ավգյան ախոռները, սանձեց Կրետեի ցլին, հաղթեց Դիոմեդես արքային, եռագլուխ հսկա Գերիոնի կովերն առևանգեց, Հեսպերիդների այգիներից ոսկե խնձորները գողացավ, սանձեց Հադեսի դռան պահակ Կերբերոսին: Իսկ 13-րդ սխրանքը, որ այդպես էլ չհաշվեցին, մի գիշերում 54 որդի ունենալն էր: Երբ խորհրդարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարցրել են. «Կարո՞ղ ենք արձանագրել, որ Դուք խափանել եք քառյակի գործունեությունը», պատասխանել է. «Ես որևէ գործ խափանելու տրամադրություն, մտադրություն չունեմ, իմ բոլոր մտադրությունները լավ գործեր անելուն են ուղղված», իսկ հաջորդ` «Իշխանափոխության կհասնի՞ քառյակը» հարցին տվել է արդեն անկեղծ պատասխան. «Նման նպատակ ունե՞ն, ես չգիտեի»: Երկու կարճլիկ հարց ու պատասխան, որ ամփոփում են Հայաստանում գործող իշխանական արժեհամակարգը` խափանելու որևէ մտադրություն չունենալով խափանել, լավ գործեր անելու մտադրություններով` վատն անել: Իսկ հասարակությունը իր գերակշիռ մասով լավագույն դեպքում անտարբեր է, վատագույն դեպքում հեռանում է: ՈՒ պարզ է, թե ինչու Հերակլեսի 13 սխրանքներից մարդկությունը գերազանցապես հիշում է Ավգիաս արքայի ախոռները մաքրելը: Մի օրում, միանգամից, գետի հունը փոխելով ու ախոռների հանդիպակաց երկու պատերը քանդելով: Կա՞, թե՞ չկա Հայաստանում ավգյան ախոռները մաքրելու անհրաժեշտություն: Բոլոր նրանց, ովքեր կասեն` կա, կհավելեմ, որ այդ ավգյան ախոռները վաղուց արդեն միայն իշխանական չեն, որովհետև իշխանությանը Հայաստանում, և դա անուրանալի ձեռքբերում է, հաջողվել է ներթափանցել ամենուր: Եվ դա բնավ էլ կառավարման ֆունկցիայի հետևանքը չէ, հետևանք է լավի ու վատի, մտադրության ու գործողության, օրենքի ու պաշտոնյայի, քաղաքացու ու հարկատուի, իշխանության ու ընդդիմության հասկացությունների փոխատեղման, իսկ ավելի ստույգ` բովանդակափոխման:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Կկատարի՞ Հովիկ Աբրահամյանի 13-րդ կառավարությունն իր ծրագիրը: Լավ: Չի՞ կատարի: Մեկ տարուց կամ մեկուկես, ի հայտ կգան այն կառավարությունն ու այն վարչապետը, որ օժտված կլինեն հերթական պետական գաղտնիքը կյանքի կոչել` «Իրավահաջորդ» ծածկանունով: Իսկ մենք բոլորս այդ ներկայացման մեջ ունենք առավելագույնը դեկորի դեր, որովհետև հանդիսասրահի տոմսերը կամ չեն վաճառվել, կամ վաճառվել են ինչպես Շառլ Ազնավուրի մենահամերգի տոմսերը: Ի՞նչ կապ ուներ Հերակլեսը: ՈՒղղակի: Սխրանքների անհրաժեշտությունը մնում է, բովանդակությունը նույնն է, փոխվում են գործող անձինք, ու նրանց երբեմն թվում է, որ իրենք կարող են ոչ միայն սխրանք գործել, այլև նոր բովանդակություն հաղորդել հասկացությանը: Բայց դա արդեն Հերակլեսի 13-րդ սխրանքն է: