Իսկ դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ աշխարհը մոռացավ ՈՒկրաինային: Ի՞նչ է այսօր կատարվում ՈՒկրաինայում, ոչ մեկին չի հետաքրքրում, բոլորին հետաքրքրում է` ի՞նչ է կատարվում ռուս-ուկրաինական առանցքով ձևավորված Ռուսաստան-Արևմուտք դիմակայության հարթության մեջ: Ո՞վ ո՞ւմ այս հարթության մեջ կհաղթի: Իհարկե, սա նաև պատասխանն է «Ի՞նչ է կատարվելու ՈՒկրաինայում» հարցի, բայց, ակնհայտորեն, ՈՒկրաինան մղվեց երկրորդ ու երրորդ պլան, և առաջին գծում հայտնվեց Ռուսաստանը: Համաշխարհային մամուլը քննարկում է, թե Արևմուտքը ինչպե՞ս ու ինչո՞վ կպատասխանի Ռուսաստանին, և ի՞նչ կանի Ռուսաստանը: Իսկ Ռուսաստանը զորքեր մտցրեց Ղրիմ ու հիմա սպասում է: Կլինի՞ պատերազմ, թե՞ ոչ: Իրականում, որքան էլ իրավիճակը պայթյունավտանգ է, պատերազմի հավանականությունը քիչ է: Որքան էլ անհավանական թվա, Ռուսաստանին ընդամենը պետք է, որ ՈՒկրաինայի նոր իշխանությունները կատարեն Վիկտոր Յանուկովիչի օրոք կնքված համաձայնագրերի պահանջները: Պատմությունը պտտվում է ռուսական նավատորմի Սև ծովում մնալու և ՈՒկրաինայի տարածքում ռազմաբազաները պահելու առանցքի շուրջը: Կգնա՞ ՈՒկրաինան դեպի Եվրամիություն, թե՞ ոչ հարցը, կարծես, փակված է: Ռուսաստանը պատրաստ է վճարել իր նավատորմի ու իր ռազմաբազաների համար: Եվ դա գործարք է, որով Ռուսաստանը նպատակ ունի պահպանել Եվրամիության հետ ՈՒկրաինայի ասոցացման համաձայնագրում ռազմական դաշինքներին (որքան ՆԱՏՕ-ին, նույնքան ՀԱՊԿ-ին) չմիանալու որոշումը: Սա սկզբունքային դիրքորոշում է Կրեմլի համար, որ նույնիսկ քննարկման ենթակա չէ: ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը կամ երկու, գուցե երեք պետությունների կազմավորումը նույնպես այս որոշումից է կախված:
Ի վերջո, որքան էլ Արևմուտքի առաջին դեմքերը անարգանքի սյունին գամեն Ռուսաստանի նախագահին, իսկ լրատվամիջոցներում նրա ձեռնարկած քայլերը համեմատեն Ադոլֆ Հիտլերի եվրոպական նվաճումների հետ, նրանք էլ շատ լավ հասկանում են, որ դա հրապարակային քաղաքականության շրջանակներում սեփական իմիջի պահպանություն է, Ռուսաստանը պատրաստ է պարտվել մի քանի ճակատամարտերում ու չպարտվել պատերազմում: Արևմուտքը գերադասում է հաղթանակները ճակատամարտերում և բանակցությունները պատերազմից հետո: Ռուսաստանում լավ հիշում ու հիշեցնում են Մոսկվա մտած Նապոլեոնի ու Մոսկվա չմտած Հիտլերի քաղաքական ճակատագրերը: Նույնիսկ Արևմուտքն է ընդունում, որ քանի դեռ իրենք խոսում էին, խոսում ու խոսում, «ռուսական արջը» արթնացել ու գործում էր: Իսկ որ Եվրոպան սիրում է խոսել, նոր չի պարզվել: Խոսել երկար ու գեղեցիկ, բայց անգամ ամենահմայիչ ու ամենաազդեցիկ խոսքից հետո ուտել, միևնույն է, ուզում ես, իսկ հացի խնդիրը զորեղ է խոսքից: Նույնիսկ եթե խոսքը հացի մասին է: Ինքնահիացումի պոռթկումներում ամենահամոզիչը ամերիկացիներն էին: Նրանք Ղրիմում հայտնված ռուս զինվորականներին ի պատասխան կոչ էին անում անհապաղ պատժամիջոցներ սկսել ռուսական պետական ֆինանսական հաստատությունների նկատմամբ, ընդլայնել Մագնիցկու օրենքի գործարկումը Պուտինի և նրա մերձավոր շրջապատի վրա, դադարեցնել Ռուսաստանի հետ առևտրային համագործակցության խորացման բանակցությունները, ՆԱՏՕ-ի երկրների խորհրդի արտահերթ նիստ հրավիրել և մոբիլիզացնել զորքերը ՈՒկրաինայի հարևան երկրներում, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը գործուղել Սև ծով, դատապարտել ռուսական ագրեսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ձեռնարկել «Մեծ ութնյակից» Ռուսաստանի հեռացումն ու կասեցնել Սոչիում հունիսյան սամմիթի անցկացումը: Նրանք, սակայն, ավելի շատ մտածում էին իրենց պետության մասին. Freedom House-ի նախագահ Դևիդ Կրամերը, օրինակ, գրում էր. «ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը առանց այդ էլ թուլացել է` Սիրիայի իրավիճակի կարգավորման հարցում Օբամայի անվստահ դիրքորոշման հետևանքով: Եթե ավտորիտար տիրան Պուտինին թույլատրվի անպատիժ հարձակվել հարևան երկրի վրա, վստահությունն ընդհանրապես կվերանա: Դաշնակիցները կդադարեն մեզ հավատալ, թշնամիները` մեզնից վախենալ, և աշխարհը կդառնա շատ ավելի նվազ անվտանգ վայր»:
Այնուամենայնիվ, նրանք էլ ընդունում են, որ բոլոր պատժամիջոցները միասին կամ առանձին-առանձին արդյունավետ չեն, ու, սրելով կամ զրոյացնելով երկկողմանի հարաբերությունները, ոչինչ չեն փոխելու ուկրաինական կտրվածքով: Այդ ամենն արդեն եղել է ռուս-վրացական պատերազմի օրերին, և Կրեմլն ապացուցել է, որ Ռուսաստանը պատրաստ է հաշտվել հետևանքների հետ, եթե խոսքն իր շահերի մասին է: Թեպետ նույնքան թեթև հաղթանակ, որքան 2008-ին Վրաստանում, Կրեմլը 2014-ին ՈՒկրաինայում չի ունենա: Կսկսվի՞ «սառը պատերազմ», թե՞ ոչ` այս հարցը երկրորդն է հիմնական հարցերի մեջ: Բայց այս հարցը ևս պատասխանների բազմազանության մեջ կարիք է զգում նոր սահմանման` իսկ ի՞նչ է նշանակում «սառը պատերազմ» 21-րդ դարում: Երկաթե վարագո՞ւյր: Տնտեսական մեկուսացո՞ւմ: Քաղաքական չեզոքացո՞ւմ: Քարոզչական պատերազմ, որ կոշտ ուժով, փափուկ ուժով, խելոք ուժով կամ դրանց հերթագայությամբ երբեք էլ չի դադարել: Գլոբալացված աշխարհում «սառը պատերազմը» չի ունենալու նախկինի հզորությունը, և Պուտինը դա հիանալի հաշվարկել է: Ֆինանսական կորուստները, ռուբլու անկումը նա մեծ աղետ չի համարում, թեպետ հրապարակային քաղաքականության մեջ այդպես էլ պետք է ասվեր: Արդյո՞ք այս ընթացքը աշխարհը կտանի դեպի 1968 թիվ: Միանշանակ` ո՛չ: Եվրամիությունն իր 28 արտգործնախարարներով հիշեցրեց Ռուսաստանին միջազգային պայմանագրերն ու ակտերը, որոնցով Ռուսաստանը ճանաչել է ՈՒկրաինայի ամբողջականությունը` համաձայնելով, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը կարող է հանրաքվե անցկացնել միայն տեղական խնդիրների վերաբերյալ, այլ ոչ թե այնպիսի հարցերով, որոնք կարող են փոփոխել ՈՒկրաինայի տարածքային կառուցվածքը: Կոչ արեց անմիջապես հետ քաշել իր զինված ուժերը ՈՒկրաինայի տարածքից և խորհրդակցություններ սկսել ՈՒկրաինայի հետ` համաձայն Բուդապեշտի հուշագրի պայմանների: Եվ ի՞նչ: Սպառնաց դադարեցնել վիզային բանակցությունները Ռուսաստանի հետ, կիրառել նպատակային պատժամիջոցներ: Հետո՞: Կսառեցնի նրանց ֆինանսական ակտիվները, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար: ՈՒ` վե՞րջ: Բրիտանացիները կհասկանան Ռուսաստանի անհանգստությունը Ղրիմում իր ռազմաբազաների և ռուսալեզու բնակչության համար, բայց կասեն, որ դա Մոսկվային քարտ-բլանշ չի տալիս նացիստական ոգով անշլյուսի համա՞ր: Նրանք լավ ծանոթ են ռուսական ստանդարտ մարտավարությանը` շեշտը դրվում է մեքենայությունների, անսպասելիության և սադրանքի վրա, սրվում է ճգնաժամի զգացումը, որին հետևում է օգնության խնդրանքը: Հետո ամեն ինչ կարվի ուկրաինական նոր իշխանության հեղինակությունը խարխլելու համար` թույլ և տրոհված ՈՒկրաինան ձեռնտու է Պուտինին:
Զգացի՞ք ծանոթ ձեռագիրը, հիշեցի՞ք Հայաստանի 1998-ը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց ոչ առանց Բորիս Ելցինի միջամտության, Հայաստանի 1999-ը, երբ մայիսյան խորհրդարանական ընտրություններով Հայաստանը անսպասելի սկսեց հեռանալ ռուսական ուղեծրից, անկասելի մոտենալ Արևմուտքին ու Ղարաբաղի հարցի լուծմանը, վերջապես հայկական 2008-ը, երբ քաղաքական պասի տասնամյակը լրացրած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն ու շատ արագ` նույն Ռուսաստանի գիրկը, վերջապես հայկական 2013-ը, երբ Հայաստանը հերթական անգամ խաչմերուկում թեքվեց դեպի Ռուսաստան` շեշտադրելով ազգային անվտանգության խնդիրը: Շատ չե՞ն պատահականությունները, եթե նույնիսկ պատահական համարենք համընկնումները: Գործում է նույն օրինաչափությունը: Եվ եթե Հարավային Կովկասում իր սահմանների մեջ «կոճկված» Հայաստանն աշխարհը արագ մոռացավ, Եվրոպայի կենտրոնում գտնվող մեծ ՈՒկրաինան կմոռանա ավելի դանդաղ, ավելի քինախնդիր ու ավելի ուշ: Մեկ վերապահությամբ` եթե ուկրաինացիները նահանջեն, եթե նրանք էլ ընդունեն «Որտեղ հաց, էնտեղ կաց»-ի հայկական պարտվողական իմաստնությունը: Մենք մեզ արդարացնելու համար գերադասում ենք պատճառաբանությունների թիկունքում թաքնվել, մենք չենք ուզում խոստովանել, որ չենք պայքարում, որ վախենում ենք, որ գերադասում ենք գետափին նստած սպասել մինչև գետը կբերի մեր թշնամու դիակը` ինչպես չինական իմաստնությունն է ուսուցանում: Բայց այդ սպասումն իրենց կարող են թույլ տալ չինացիները` նրանց գետերը հորդահոս են, նրանք շատ են, եթե ոչ իրենք, իրենց զավակները այդ պահը կապրեն: Մենք այդ ժամանակը չունենք: Բոլորովին պատահական չէ, որ հայկական քաղաքական էլիտան իր իշխանական հատվածով ակնածալից լռություն է պահպանում ուկրաինական իրադարձությունների առնչությամբ` չկողմնորոշվելով նույնիսկ ձևակերպումների մեջ` ի՞նչ կատարվեց` հեղափոխությո՞ւն, թե՞ զինված իշխանափոխություն: Որովհետև, եթե ասեն հեղափոխություն, նշանակում է ՈՒկրաինայի հետ են, եթե ասեն զինված իշխանափոխություն, նշանակում է ՈՒկրաինայի դեմ են: Ինքներդ էլ հասկանում եք, որ ՈՒկրաինայի հետ լինելը կպատժվի, ՈՒկրաինայի դեմ լինելը վտանգավոր է:
Եվրասիական տնտեսական տարածքի ձևավորման հնարավորությունները այս մի քանի օրերին շատ ավելի նվազեցին, քան կորուստներ ունեցավ ՈՒկրաինան: Վանկուվերից Վլադիվոստոկը դարձավ համարյա թե Մարսից Յուպիտեր: Միմյանց ուղղված բոլոր կոչերից, հորդորներից, սպառնալիքներից հետո կողմերը դադար պետք է վերցնեն սեփական իմիջը պահպանելով քաղաքական, տնտեսական ու ֆինանսական կապիտալի վերահաշվարկի համար: Սնանկացումներ չեն լինի, բայց ակնհայտորեն Եվրոպայի կենտրոնում Արևմուտքը ստանալու է մի պետություն, որը Ռուսաստանն այլևս չի պահի: Քաղաքական առևտրից հետո տարածքային ամբողջականության սպառնալիքի դեմ հանդիման Կիևը մայիսից հետո կգնա Կրեմլի հետ բանակցությունների, և Պուտինը կստանա իր ցանկացածը լրիվ կամ գլխավորը: Իսկ աշխարհը կվերահաշվարկի որքան ռուսական, այնքան սեփական կորուստները հանուն ՈՒկրաինայի եվրաասոցացման և ընդդեմ Ռուսաստանի: Սա է ՌԴ նախագահի քաղաքական հաշվարկը: Որքան էլ տարօրինակ է, Վլադիմիր Պուտինը, ի տարբերություն պետությունների այլ ղեկավարների, չունի իմիջի խնդիր: Եթե նրանք ընտրվում են, ինքը վերընտրվում է: Վերջապես եթե Յանուկովիչը պարտվեց իր Մայդանում, Պուտինն իր Բոլոտնայայում հաղթեց: Ճի՞շտ են նրա հաշվարկները, թե՞ ոչ: Ցույց կտա կլասիցիզմի եռամիասնության դասական օրենքը` տեղի, ժամանակի ու գործողության միասնականության:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Իսկ դուք նկատեցի՞ք, թե Հայաստանն ինչպես էր մի օրում հայտնվելու ԱՄՆ-ի ու Եվրամիության թշնամու դերում, եթե Ռուսաստանը շարունակեր խորացնել իր ռազմական ներկայությունը ՈՒկրաինայի տարածքում, իսկ ՈՒկրաինայի հարևան երկրները, որ ՆԱՏՕ-ի անդամ են, դիմեին ՆԱՏՕ-ին` ՈՒկրաինա մտնելու առաջարկով: Մենք միշտ պահանջում ենք ՀԱՊԿ-ից կատարել իր ստանձնած քաղաքական ու ռազմական պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, իսկ եթե Ռուսաստանը մեզնից պահանջե՞ր: Ռազմական աջակցության մասին մոռանանք խոհեմորեն, քաղաքականապես ի՞նչ էինք անելու: Սպասելու էինք Բելառուսն իր խոսքն ասեր: Ղազախստա՞նը: Ժամանակը չէ՞ հասկանալու, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավոր է ճիշտ այնքան, որքան ինքն է այդ վտանգը ստեղծում: ՈՒկրաինական իրադարձությունները հաստատեցին, որ Ռուսաստանը նույնքան ու ավելի վտանգավոր է իբրև դաշնակից: Մայդանը Ազատության հրապարակ պրոյեկտելու տարբերակները հաշվարկելու փոխարեն ավելի խելամիտ կլիներ հաշվարկել Կրեմլից պորտալարը կտրելու տարբերակները: Հնարավորինս անցավ: Անպատիժ: Շահավետ: Դա անհրաժեշտ է: Նույնիսկ եթե Ռուսաստանում հայերն ավելի շատ են, քան մնացել են Հայաստանում: