Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Շարքային քաղաքացու մղձավանջը հայրենասիրության համապատկերում

Շարքային քաղաքացու մղձավանջը հայրենասիրության համապատկերում
30.11.2012 | 00:58

Հանկարծ արթնանում եք ու տեղեկանում, որ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրապարակել իր կայացրած որոշումը: Մնում է սպասել մի քանի օր: Հետո հաջորդ հարվածը` Լևոն Տեր-Պետրոսյանն է հրապարակելու իր որոշումը: Քիչ անց` երրորդ, համարյա ջախջախիչ հարվածը` Րաֆֆի Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, որոշել է դեկտեմբերի կեսին վերջնական որոշում կայացնել: Մինչև կեսօր մի կերպ դիմանում եք անակնկալներին ու... արթնանում եք քնից` իմանալու, որ նոյեմբերի 30-ն է և այսօր, հավանական է, Գագիկ Ծառուկյանը հրապարակի իր որոշումը: Հավանական է: Իսկ գուցե` ոչ:

Եվ` ընդհանրապես: Իբրև բարեխիղճ ու օրինապահ քաղաքացի` դուք հետաքրքրվում եք քաղաքականությամբ ու ձեզ համարում եք հայրենասեր, որովհետև անտարբեր չեք` ինչ է կատարվում ձեր հայրենիքում և ուզում եք, որ ամեն ինչ հիանալի լինի: Ճիշտ է, դուք առանձնապես չեք խորանում ո՛չ քաղաքականության մեջ, ո՛չ կատարվողի, ո՛չ էլ պատկերացնում եք` թե ինչ է նշանակում այդ «հիանալին»: Դուք ընդամենը շարքային հայրենասեր եք` առանձնապես նշանակալից իրավունքներ չունեք, և ուրեմն, չունեք նշանակալից պատասխանատվություն, հանգիստ կարող եք քնել գիշերն ու արթնանալ առանց խղճի խայթի: Եվ ուրեմն, ձեզ համար նույնքան առանձնապես մեծ նշանակություն չունի` ի՞նչ է որոշել, ե՞րբ և ինչո՞ւ ՀՀԿ-ն, ի՞նչ չի որոշել ե՞րբ և ինչո՞ւ ԲՀԿ-ն, ու ինչպե՞ս է օղակ-օղակ տրոհվում ՀԱԿ-ը, առավել ևս, ի՞նչ են ուզում ու ի՞նչ չեն ուզում քաղաքական այն ուժերը, որ շարունակ խոսում են ձեր անունից, բայց չգիտեն ձեր անունը: Այնուամենայնիվ, դուք զգում եք, որ այդ վերաբերմունքը հակահայրենասիրական է, ու ջանում եք, իսկապես ջանք եք գործադրում, որ հասկանաք` ինչո՞վ են իրարից տարբերվում քաղաքական ուժերը` բացի տարբեր մարդկանց ենթակայությունից, և ինչո՞ւ են բոլորը հավակնում ձեր ձայնին, թեպետ դուք մի կարգին երգել էլ չգիտեք: Եվ, իբրև ամենասովորական, ամենաշարքային հայրենասեր` ի՞նչ պիտի անեք դուք, բացի թերթ կարդալուց, հեռուստացույց նայելուց ու սեփական կարծիք ունենալուց: Եվ, որովհետև, այդ դաժան զբաղմունքներից ուզում եք քնել ընդամենը, տեսնում եք անկապ երազներ: Բայց այդ դաժան զբաղմունքներից չի բացառվում նաև, որ կորցնեք քունը, ու այդ ժամանակ մնում է միայն մտածելը:
Իսկ ի՞նչ մտածել: Օրինակ` ինչո՞ւ է Հրանտ Բագրատյանը համարում, որ ԲՀԿ-ին կամ այլ կուսակցության ներկայացուցչի սատարելը նշանակում է սպանել շարժումը: Մի՞թե համախմբումը սպանություն է: Եվ ովքե՞ր են այդ «մի երկու հոգին», որ ՀԱԿ-ում չեն կիսում նրա կարծիքը: Իսկ սթա՞փ մտքով ու առանց հարկադրանքի՞ է նախկին վարչապետը համարում, որ կոնգրեսը պետք է ունենա նախագահի սեփական թեկնածու: Եվ սեփական թեկնածու չունենալը մտածելու տեղիք է տալու ու ոչ միայն մտածելու, այլև «թողնել-հեռանալո՞ւ»: Ինչո՞ւ Հրանտ Բագրատյանը, ում կարելի է տասնյակ մեղադրանքներ ներկայացնել անցյալ ու ներկա գործունեության համար, բայց ում ինտելեկտը չեք կարող ժխտել, վերջին երեք ամսում ՀԱԿ-ում չի եղել: Իսկ ո՞վ է եղել ՀԱԿ-ում, և ի՞նչ կոնսենսուսով են որոշումներն ընդունվում, եթե որոշումներ ընդունողները ՀԱԿ-ում չեն լինում:

ՈՒ եթե Լևոն Տեր-Պետրոսյանից Լևոն Զուրաբյան անցնենք, ո՞վ կմնա կոնգրեսում: Նրա՞նք, ովքեր բացահայտորեն մամուլում դեմ են դուրս գալիս Լևոն Տեր-Պետրոսյանի գրավոր ու բանավոր առաջարկներին ու արդեն «մոռացել են», որ նա Լևոնն է:
Եվ ի՞նչ մտածել Գագիկ Ծառուկյանի մասին, ում հետևից է ընկել ամբողջ քաղաքական դաշտը, թե որոշում ընդունիր, որ մենք էլ որոշում ընդունենք: Ի՞նչ կա որոշելու: Գործնականում` ոչինչ: «Քաղաքականություն հանուն քաղաքականության» նշանաբանով մեկից մինչև տասը կետ կարելի է շարել, թե ինչ կա որոշելու, բայց իրական քաղաքականության մեջ ամեն ինչ վաղուց պարզ է, և Գագիկ Ծառուկյանն այնքան մեծ ընտրությունի չունի, որ այսքան երկար մտածի: Նա ընդամենը երեք տարբերակ ունի.
1. Առաջադրել իր թեկնածությունը և մինչև նախագահական ընտրություններ հերոսի կեցվածքով քննադատել ու քննադատել, ընդ որում` հաճախ միանգամայն տեղին ու արդար, նախագահական ընտրություններից հետո վերապրել պարտության դառնությունը և կուսակցության վարկն ու սեփական ունեցվածքը պահպանելու մասին մտածել, որովհետև, ճիշտ է, մեր երկրում հավասարություն է, բայց միշտ էլ հավասարների մեջ կան ավելի հավասարներ, ամենահավասարներ, հավասարների հավասարներ, որ ունեն իրենց առանձնահատուկ արտոնությունները, որոնց կորուստը կարող է նրանց իսկապես հավասարեցնել մյուսներին: Նա չի կարող մտածել միայն մի քայլի մասին, առնվազն երեք քայլ պետք է հաշվարկի: ՈՒ եթե նույնիսկ մեկ քայլի մասին մտածի, պիտի մտածի այդ մեկ քայլի հետևանքների մասին: Իսկ հետևանքներից ամենամեղմը հաղթողին շնորհավորելը և սեփական պարտությունն ընդունելն է: Համենայն դեպս` աշխարհում ընդունված կարգ է: Հետևանքներից ամենաանշնորհակալը փողոց դուրս գալն է և պայքարելը հաղթողի դեմ: Համենայն դեպս` Հայաստանում ընդունված կարգ է:
2. Պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը և մինչև նախագահական ընտրություններ դիմանալ կուսակցության հասցեին ու սեփական հասցեին ուղղվող քննադատությանը, դիմազրկման ու քաղաքականությունից հեռանալու մեղադրանքներին, գերազանցապես լինել արտասահմանում, նախագահական ընտրություններից հետո շարունակել օլիգարխի ու լավ մարդու լավ, էլ ավելի բարգավաճ կյանքը` անձնապես ու կուսակցության համար: Ի վերջո, Գագիկ Ծառուկյանի խնդիրը չէ, թե իրենց խնդիրներն ինչպես կլուծեն առաջին, երկրորդ, երրորդ նախագահները: Կլուծեն առանձին-առանձի՞ն, միմյա՞նց հետ, ներսո՞ւմ, թե՞ դրսում: Գլխավորը, որ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն մեծ խաղի մանրադրամ չդառնան ո՛չ մինչև ընտրությունները, ո՛չ հետո: Աշխարհը չի վերջանում 2012 թվականին: Նույնիսկ` մայաների օրացույցով, այնպես որ, 56 տարեկանում ֆիքսվել-մնալ ինչ-որ մեկ ընտրության վրա, պարզապես անլուրջ է:
3. Գրողի ծոցն ուղարկել բոլոր հաշվարկները, սեփական բիզնեսների, հեռուստաալիքի, լրատվամիջոցների, շարժական ու անշարժ գույքի պահպանության մտահոգությունը, այլընտրանքությունը, ու` երկու ոտքով մտնել ընդդիմադիր դաշտ` լինելու այն ուժը, որ ոչ թե ինչ-որ ծիծաղաշարժ հակակշիռներ է մտադիր ստեղծել կամ ամեն քայլը մի քանի մայրաքաղաքում համաձայնեցնել, հետո փռշտալ ու մինչև մի քանի մայրաքաղաքից չասեն «առողջություն», շունչ չքաշել, այլ իսկապես իրավիճակ փոխել, համակարգ փոխել: Բայց դա Գագիկ Ծառուկյանի համար գրեթե անհնար է, որովհետև որքան էլ նա ցանկանա, չի կարողանա մենակ գնալ համակարգի դեմ, որի մի մասն ինքն է։ Ինքնասպանության տարբերակը նա չի ընտրի, եթե նույնիսկ շատ ցանկանա:
Մտածե՞լ մյուս կուսակցությունների մասին: Օրինակ` ՀՀԿ-ի, որ հարմար տեղավորվել է իշխող կուսակցության գահավորակին և ավելի է հարմարեցնում տեղը: Որ ասում էր` «Հավատանք, որ փոխվենք», բայց չէր ասում, թե ե՞րբ, և ուրեմն, մեկ տասնամյակ կարող ենք հավատալ, մեկ տասնամյակ էլ պետք կլինի, որ իրենց փոխեն, բայց այդ ամենը չի վերաբերի մեզ: Հիշեցնեմ, որ դուք Հայաստանի Հանրապետության շարքային, սովորական քաղաքացի եք, սիրում եք ձեր երկիրը և ուզում եք նորմալ կյանքով ապրել: Այսինքն, ձեզ համար առանձնապես մեծ կարևորություն չունի, թե ո՞ր ուժը, ո՞վ է իշխանության գլուխ, դուք հարյուր տարի ապրելու երաշխիք չունեք ո՛չ հրեշտակներից, ո՛չ Աստծուց, ո՛չ էլ անգամ սատանայից, որ ապրելու ձեր ժամանակը տրոհեք ու մանրեք` հավատալու, չհավատալու, փոխվելու, չփոխվելու խաղերի վրա:
Մտածել ա՞յլ կուսակցությունների մասին: Ինչո՞ւ ոչ: Բայց մտածես-չմտածես` բոլոր կուսակցություններն էլ, ինչպես մարդիկ, ունեն գոյատևման ու կենսապահովման խնդիր: ՈՒրեմն` մանևրելու ու հնարավորինս մեծ լծակներ ձեռք բերելու: Իշխանության: ՈՒ եթե խաղի կանոններով ընդունված է, որ այդ հարցերը լուծվում են ընտրությունների միջոցով, մենք մեր փորձով գիտենք, որ այդ հարցերն իրականում ընտրություններից առաջ վաղուց լուծված են լինում: Նախ` քաղաքական կյանքի հարյուրամյակների փորձ ունեցող անգլիացիներն ասում են, որ ընտրություններին պատրաստվում են ընտրությունների ավարտին հաջորդող օրվանից, և ուրեմն` ժողովրդավարությունը պահանջում է քաղաքականությամբ զբաղվել տարվա 365, անգամ 366 օրերին: Հետո էլ` անկախության մեր համարյա պատմական փորձն է ցույց տալիս, որ մենք ժողովրդավարության խիստ անհատական, համարյա առանձնահատուկ ընկալում ունենք, օրինակ, հանուն ժողովրդավարության հաղթանակի պատրաստ ենք մարտի 1-ի, հանուն արդարադատության պատրաստ ենք դատելու արդարներին, ու էլի բազում առեղծվածներ, որ խորհրդավոր ոչինչ չունեն, ընդամենն ամենաթողության ու անտերության հետևանք են:
Եթե չհոգնեցիք մտածելուց, ընդունեք, որ խեղդվողների փրկության գործը խեղդվողների գործն է: Նախ` միայն խեղդվողն է առաջինն իմանում, որ խեղդվում է, երկրորդ` միշտ չէ, որ խեղդվողի մոտակայքում լողալ իմացողներ կան, երրորդ` միշտ չէ, որ խեղդվողի կողքի լողալ իմացողները պատրաստ են նրան փրկելու: Եվ, ուրեմն, եթե ուզում եք փոփոխություններ, մի տրվեք երազախաբության և ինքներդ գտեք ելքերը, որ հմտորեն փակում են նրանք, ովքեր կոչված են բացելու: Այլապես, ժամանակը մի օր կներկայացնի իր պարտամուրհակը, և դուք ձեզ սնանկ կգտնեք անպատեհ պահի: Եվ ընդհանրապես քաղաքականությունը շարքային քաղաքացու համար մղձավանջ է, որ նրան բոլորովին պետք չէ իր առօրյա կյանքում: Գուցե միայն իբրև զբաղմունք, որովհետև մնացած ժամանակ դուք հարկադրված եք մտածելու ոչ թե քաղաքականության, այլ ապրելու միջոցների մասին: Եվ ձեր մեղքը չէ, որ քաղաքականությունն ու կյանքը իրար հետ չեն հատվում ու գնալով հեռանում են միմյանցից: Ձեր մեղքը չէ, որ քաղաքականությունը կենսական ոչինչ չի տալիս ձեզ, այլ միայն մնում է ինչ-որ մարդկանց անհասկանալի զբաղմունք, մարդկանց, որ խոսում են, խոսում են, խոսում են, համոզում են, ապացուցում են, հորդորում են, բայց ոչ ձեզ, այլ իրենք իրենց: Ինչպես նաև ձեր մեղքը չէ, որ ձեր երկրի բոլոր նախագահներն ուզում են նախագահ դառնալ, բայց բարձրաձայնել է միայն մեկը, իսկ մյուսները պատրաստ են ամեն ինչ անելու, բայց ձեզ վրա հույս չեն դնում: Եվ դա միակ ճիշտ քայլն է, որ այս ընթացքում արվել է, որովհետև այս խաղը փոխադարձություն է ենթադրում` հույսի, հավատի, հաղթանակի: ՈՒ` մանավանդ ընտրության մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Քնարական, բայց ոչ քաղաքական զեղումների մեջ չմեղադրվելու համար հույժ քաղաքական հիշեցում. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակել է մինչև տարեվերջ իր արտասահմանյան այցերի ցանկը` Թուրքիա, Թուրքմենստան, Բելգիա, Հնդկաստան: Հոկտեմբերի 5-ից, երբ կայացավ նրա այցը Տաջիկստան, նրա աշխատանքային ու պաշտոնական այցերը կա՛մ չեն կայացել, կա՛մ հետաձգվել են. նա չգնաց Պակիստան, Թուրքիա, Կամբոջա: Նա Հայաստան էլ չեկավ:

Դիտվել է՝ 3086

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ