ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՎԱՏԱԼ, ՈՐ, ԻՐՈՔ, ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՎԱԿԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՎԱՏԱԼ, ՈՐ, ԻՐՈՔ, ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՎԱԿԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
02.04.2010 | 00:00

Չորս տարի է, ինչ ես դիմում եմ տարբեր ատյանների, գրելով բացահայտ հանցագործության` յուրացումների մասին, որոնք կատարել է առողջապահության ազգային ինստիտուտի թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Գայանե Բաբաջանյանը, և որի զոհն եմ դարձել ես։ Այդ մասին գիտեն շատ շատերը, բայց շարունակ կոծկում են։ Պատճառն այն է, որ ապօրինի գործողություններ կատարած այդ կինն ունի հովանավոր։ Առայսօր նրա ապօրինությունները ոչ մի գնահատականի չեն արժանացել, այսինքն, ցանկացած պահի նա նորից կարող է ինչ-որ մեկի կամ մի քանիսի ճակատագրի հետ կամայականորեն խաղալ, եթե այդ նոր թիրախն էլ ինձ նման իր յուրացումների համար «ավելորդ վկայի» կարգավիճակում հայտնվի, և նա նորից կարող է ցանկացած երիտասարդ կադրի գիտական աշխատանքները տապալել` պոտենցիալ «պրոֆեսիոնալ վտանգներին» իր ճանապարհից ցանկացած գնով հեռացնելով։
Իմ գործով զբաղվող ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչը տեսավ և համոզվեց, որ ասածներս ճշմարտություն են։ Զարմացավ, երբ ծանոթացավ աշխատավարձերի վճարման փաստաթղթերին, բայց շրջանի նախկին դատախազի ցուցումով, որն այս գործով շահագրգռված էր, հանցագործությունը չբացահայտելու նպատակով դատաձեռագրաբանական փորձաքննության ուղարկեց ոչ թե կեղծված, այլ միանգամայն օրինական ու իմ կողմից երբեք չվիճարկված դրույքային աշխատավարձերով աշխատավարձի վճարման ցուցակները։ Ես պարզորոշ նշել եմ, որ առողջապահության ազգային ինստիտուտում, որտեղ աշխատել եմ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնում որպես ասիստենտ, աշխատավարձի վճարման ցուցակներից բացի, գոյություն ունեն նաև հավելավճարների բաշխման ցուցակներ, որոնք հիմք են հանդիսանում աշխատավարձերի հաշվարկման տեղեկագրերում հավելավճարի հաշվարկման համար (հավելավճարները միացվում են դրույքային աշխատավարձերին)։ Հավելավճարների բաշխման ցուցակներում Գ. Բաբաջանյանն իմ անունով հավելավճարներ է դուրս գրել, որոնք ստացել ու յուրացրել է հենց ինքը։ Պարզորոշ գրել եմ նաև, որ աշխատավարձի վճարման ցուցակներով դրույքային աշխատավարձերն իսկապես վճարվել են, ու ստորագրություններն այդ ցուցակներում իսկապես իմն են, ու որ ես վիճարկում եմ ոչ թե գործերի մեջ դրված դրույքային աշխատավարձերի ցուցակները, այլ գործերի մեջ դիտավորյալ չդրված հավելավճարների ցուցակները` նշելով, որ կոնկրետ ամիսների հավելավճարների վճարման տեղեկագրերում ստորագրությունները կեղծված են։
Տարբեր ատյաններին, այդ թվում նաև` ՀՀ գլխավոր դատախազությանը հղած իմ բողոք-դիմումներում ես գրել եմ, որ բողոքարկում եմ ոստիկանության Արաբկիրի բաժնի 20.04.07 թ.` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ապօրինի որոշումը։ Առաջին հայացքից որոշումը, իրոք, թվում է հիմնավոր և, ըստ էության, նյութերում եղած տվյալներին համապատասխան, բայց խնդիրն այն է, որ ես բողոքում եմ ոչ թե նյութերում եղած ապացույցների և որոշման ենթադրվող անհամապատասխանության, այլ այն փաստի դեմ, որ կեղծված փաստաթղթերը գործի միջից դիտավորյալ հանվել են, փորձաքննության չեն ենթարկվել և վերադարձվել են հանցագործություն կատարողին։ Փորձագետին ուղարկված և փորձաքննության ենթարկված փաստաթղթերի պատճեններից (որոնք մեծ դժվարությամբ ներկայացրին ինձ) ակնհայտ երևում է, որ փորձագետի դրոշմակնիքով այդ ցուցակներում միայն դրույքային աշխատավարձերն են, ու ոչ մի հավելավճար չկա։ Տեղի ունեցած քննչական կեղծիքից հետո էլ դիտավորյալ գործերին չեն կցել իմ` բազմիցս նշած 11 ամիսների հավելավճարների բաշխման ցուցակները (2001 թ. հունվար, սեպտեմբեր, հոկտեմբեր, դետեմբեր ամիսների, 2002 թ. հունվար, փետրվար, ապրիլ, մայիս, հունիս, հոկտեմբեր և 2003 թ. դեկտեմբեր ամսվա), որոնց առկայության դեպքում բացահայտ կերևա յուրացումը։ Այս ամենը կատարվել է Գայանե Բաբաջանյանի յուրացումն ու կեղծիքը կոծկելու նպատակով, որպեսզի վերադասը, նյութերն ուսումնասիրելով, գրի, որ որոշումն օրինական է, բխում է նյութերով ձեռք բերված տվյալներից և այն վերացնելու հիմքեր չկան։ Իսկ այդ ապացույցները կոչնչացվեն վաղեմության ժամկետն անցնելու կապակցությամբ։
Ի դեպ, իմ բողոքներն այն մասին, որ փորձաքննության չեն ենթարկվել նշած աշխատավարձի կեղծված ցուցակները, ոչ մի պատասխանում չեն հերքվել։ Թեկուզ ձևի համար չի նշվել, որ այդ ստորագրությունները կեղծված չեն, իմ այդ հարցադրման կապակցությամբ լռում են։
Խնդրանքս է, որ դատաձեռագրաբանական փորձաքննության ենթարկվեն ոչ թե օրինական, աշխատավարձի չկեղծված վճարման ցուցակները, այլ կեղծվածները, և որ կեղծված ցուցակներն ու 11 ամիսների հավելավճարների բաշխման ցուցակները կցվեն գործերին։ Խնդրում եմ նաև դատախազությունից պահանջել կոնկրետ պատասխան, թե արդյոք իմ մատնանշած ցուցակնե՞րն են ենթարկվել փորձաքննության, քանի որ դատախազության աշխատակիցը «խորամանկում է» և գրում` արդեն պատասխանել ենք, առանց նշելու, թե այդ պատասխանը վերաբերո՞ւմ է իմ մատնանշած կեղծ տեղեկագրերին, թե՞ ոչ։
ՈՒզում եմ հավատալ, որ, իրոք, ապրում ենք իրավական, ժողովրդավարական պետությունում, որտեղ մարդիկ հավասար են օրենքի առջև, և հուսով եմ, որ կատարվող բարեփոխումների շնորհիվ ծիծաղելի չի հնչի, որ ես 5 գյուտերի հեղինակ եմ, այդ թվում` անալոգ չունեցող մի բժշկական սարքի, և բազմաթիվ գիտական հրապարակումներ ունեմ։ ՈՒ որ երիտասարդ մասնագետներն ստիպված չեն լինի բռնել արտագաղթի ճանապարհը, այլ կաշխատեն ու կստեղծագործեն իրենց հայրենիքում` պետության կողմից իրենց պաշտպանված զգալով։
Նունե ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1971

Մեկնաբանություններ