ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հաջողության նախապայմանը գոյապայքարում

Հաջողության նախապայմանը գոյապայքարում
03.02.2024 | 19:14

Կրթական համակարգի բարեփոխումների մարտահրավերներին հանդիման ՝ 21-րդ դարն իրականության իր իրավունքով ցրեց հետանկախական մեր ողջ ռոմանտիզմն առ այն, թե մենք, թոթափելով խորհրդային համակարգը, պիտի սիրվենք ու փայփայվենք։

Այս դաժան աշխարհը կրկին վերահաստատեց գոյության դաժան պայքարի ողջ տրամաբանությունը։

ՈՒստի կրթական համակարգն առաջին հերթին պիտի նպատակմղված լինի՝ ակնառու հաջողության հասնելու գոյության պայքարում։

Հատկապես, եթե հաշվի առնենք բազմաքանակ թշնամական էթնոսով շրջապատված լինելու և էթնիկ թշնամության հանգամանքներով ոչնչացվելու վտանգները, ապա, բնականաբար, առաջնային է դառնում նոր սերնդի ֆիզիկական, հոգևոր, գիտական գերպատրաստվածության մակարդակը, ռազմարդյունաբերական կոմպլեքսի ձևավորման անհրաժեշտ բարձրորակ մասնագետների պատրաստումը բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ պաշտպանական և հարձակվողական զենքերին գերհմուտ տիրապետմամբ։ Հետևապես, իմ կարծիքով, ազգ- բանակ գաղափարախոսության շրջանակներում պիտի գործի ողջ կրթական համակարգը։ Հատկապես 2020 թվականի չարաղետ պատերազմից հետո մենք այլևս այլընտրանք չունենք։ Այլընտրանքը հավասարազոր է ինքնասպառման կամ ինքնասպանության։
Իհարկե, այն պիտի գործի հստակ մեխանիզմներով, և ոչ թե լինի պլակատային բովանդակության, ինչպիսին էր նախորդ իշխանության ժամանակ։
Նաև անչափ կարևոր է մատաղ սերնդին փոքրուց սովորեցնել աշխատանքային հմտություններ։ Այսօր տեսնում ենք, թե ինչպես հազարավոր բուհական դիպլոմավորներ պահանջարկի բացակայության պատճառով իրենց տեղը չեն գտնում, և լինելով նաև առանց արհեստների, չեն կայանում։
Ընդհանրապես, ինչպես ասել է Հովհաննես Շիրազը․

«Արհեստն է մարդուն ոսկյա բիլազուկ»։

Խոր իմաստ ունի Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը։ Իմաստուն թագուհին (դեռ հարսնացու աղջիկ) թագավորին (դեռևս փեսացու արքայազն) ստիպում էր արհեստ սովորելու, ինչն էլ հետագայում փրկեց Վաչագան թագավորին։
Յուրաքանչյուր հայ տղամարդ և կին, բացի իրենց հիմնական մասնագիտություններից, պարտավոր են լավից վատից տիրապետել, գոնե մեկ արհեստի։

Լենկ Թեմուրի մասին մի պատմություն կա, թե Հայաստանի արհեստագործ մի քաղաքում, ցանկանալով վարպետներին գերեվարել և տանել իր մայրաքաղաք Սամարղանդ, իսկ մյուսներին սպանել, հրամայում է, որ ովքեր արհեստ գիտեն՝ մի քայլ առաջ գան։ Եվ ողջ բնակչությունն է մի քայլ առաջ գալիս: Բարկացած Թեմուրը, որը, ի սարսափ իր թշնամիների, բոլոր գրավված քաղաքներում սպանդ է կազմակերպել, կրկին հրամայում է, որ ովքեր երկու արհեստ գիտեն՝ թող նրանք առաջ գան։ Եվ կրկին ողջ քաղաքն է առաջ գալիս։ Իհարկե, քոչվոր Թեմուրը չէր իմանում, որ մի արհեստի իմացությունը մյուս արհեստի բանալին է նաև տալիս։ Ստիպված այդ քաղաքի բնակչությանը չի կոտորում։ Որովհետև իր խոսքն օրենք էր և արհեստավորներին չսպանելու իր հայտարարությունը, խոստումը տիրակալը չէր դրժում։
Հայրենաճանաչության և ազգային մշակույթի բազմակողմանի խորությամբ իմանալը ևս պարտադիր պայման է։

Ամբողջ աշխարհն է Հայաստանի տարածքը համարում Դրախտի տեղանքը, իսկ մենք զլանում ենք իմանալ ու ճանաչել, լինել մեր սարերում և անտառներում, խմել մեր աղբյուրների սառնորակ ակունքներից, հանգստանալ մեր ծառերի ստվերներում։

Երկիրը ճանաչելով են սիրում։

Բնականաբար, մեր հնությունների, պատմության, լեզվի և գրականության, երգ ու պարի, տարազների, ավանդույթների, նույնիսկ խոհանոցի իմացությունը կարող է ձևավորել ապագայի հայրենասեր քաղաքացուն։

Աշխարհը հայ մանուկի համար պիտի սկսվի Հայաստանից, աշխարհը հայ պատանու համար պիտի լինի Հայաստանակենտրոն, աշխարհը հայ երիտասարդի համար պիտի լինի Հայաստանաչափում:
Մենք լեռնական ժողովուրդ ենք, իսկ լեռնային ապարը սեղմվելուց, հալվելուց կարծր ադամադի վերածվելու հատկանիշն ունի։

Պիտի դա ապացուցենք ի հեճուկս մեր բոլոր թշնամիների և անբարյացակամների։
ՀՀ քաղաքացու, հայ մարդու բարոյական կոդեքսի ուսուցումը պարտադիր է։ Որպեսզի հետագա բոլոր սերունդները զինված լինեն անհրաժեշտ տաբուներով և երբեք թույլ չտան, օրինակ, նիկոլիզմի նման խայտառակ երևույթի տարածվելուն և ընդարձակվելուն:

Մենք պարտավոր ենք աշխարհին ներկայանալ որպես բարձր և հստակ բարոյական նկարագրի տեր ժողովուրդ։ Դրանով մենք աշխարհի կողմից իսկապես կհարգվենք և կընկալվենք ըստ արժանվույն։
Այս պարագայում անչափ կարևոր է դառնում նաև ուսուցիչների ատեստացիան պետական մտածողության վերաբերյալ: Բացի մասնագիտական ուսուցումից, ուսուցիչը պարտավոր է խոսքով և գործով հայրենապաշտության օրինակ լինել մատաղ սերնդի համար։

Բոլոր «իզմ»- երը պիտի անհապաղ բացառվեն դպրոցից:
Մեզ հայրենանվեր սպարտացիների ժուժկալ սերունդներ են հարկավոր: Որպեսզի կարողանանք և՛ կառուցել, շենացնել երկիրը, և՛ պաշտպանել այն թուրանական անհագուրդ գայլից։ Անցած ավելի քան երեսուն տարիների տխուր փորձն ապացուցեց, որ սպառողական հասարակությունը իր բարոյազրկված արժեքներով չի ապահովում ՀՀ-ի անվտանգության համակարգի կայացումը , ՀՀ-ի տնտեսական զարգացումը և ժողովրդագրության վիճակի բարելավումը: Գիշատիչ կապիտալիզմի ճիրաններում, մի խումբ օլիգարխների և խոշոր պաշտոնյաների կողմից շահագործված, հարստահարված երկիրը ցավալի պարտություն կրեց 2020 թվականի 44-օրյա պատերազմում:
Մեր Գոյաբանական կոդն ամբողջությամբ ներծծված է արիականությամբ։

Արարել՝ ի հեճուկս ամբողջ աշխարհի:

Միմյանց օժանդակել, արարելու պայմաններ ընձեռնել յուրաքանչյուրի համար։

Միմյանց նկատմամբ հանդուրժող և բարի լինել։

Քաջ, անվեհեր և արի մնալ կյանքի բոլոր մարտահրավերների դեմ։

Եվ դրանց իրագործմանը կօգնի գիտելիքով, իմացությամբ, ճանաչելով զինավառվելը։
Դրանով իսկ ողջ կրթական համակարգը պիտի նպատակուղղված լինի երկրի, ժողովրդի և անհատի պաշտպանական համակարգի ստեղծմանը։ Այդ խնդիրը լուծելով մենք արդեն իրավունք կունենանք մտածելու թե ինչպիսի տնտեսական համակարգ ենք ցանկանում ունենալ։

Եվ ըստ այդմ էլ կարող ենք պլանավորել, ծրագրավորել անհրաժեշտ մասնագետների քանակը։ Համապատասխան բուհերում համապատասխան քանակի մանսնագետներ պատրաստել։
Գուցե տարօրինակ թվա, բայց կրթական համակարգի մասին խոսելիս հաճախ վերհիշում եմ միջնադարյան ասպետության դաստիարակության դասական օրինակը։

Ասպետական յոթ առաքինություններն էին.

1. ձիավարություն,

2. սուսերամարտ,

3. լող,

4. նիզակ նետել,

5. որսորդություն,

6. շախմատ խաղալ,

7. բանաստեղծություններ հորինել և քնար նվագել։

Միջնադարյան ռազմիկի՝ ասպետի համար ձիավարությունը, լողն ու նիզակ նետելը իր տարածքը պաշտպանելու, նոր տարածքներ նվաճելու անհրաժեշտ միջոցներն էին։ Որսորդությունը հարկ եղած դեպքում ապրուստը հոգալու միջոց էր։ Շախմատին տիրապետելը մտածողությունը կատարելագործելու, տրամաբանելու մակարդակին հասցնել էր նշանակում։ Իսկ բանաստեղծելն ու քնար նվագելը միշտ էլ հարսնացուներին հմայելու լավագույն միջոցներն են համարվել։ Այս էր միջնադարյան ասպետների վերարտադրության մեխանիզմը՝ ընտանիք կազմելու, կերակրելու և պաշտպանելու, անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների շտեմարանը։ Այն իրեն արդարացրել է մի քանի հարյուրամյակ շարունակ, մինչև կապիտալիստական հարաբերությունների ձևավորումը։
Գուցե արժե՞ մտածել մատաղ սերնդի մոտ արդի պահանջներին համապատասխան նման հմտությունների զարգացման, արմատավորման մասին։
Այս առումով, թերևս, միտքս որքան էլ չարչարեմ, խորհրդային կրթական համակարգն էր բնական, տեխնիկական և հումանիտար կողմնորոշումներով ամենարդյունավետն ու ամենից ներդաշնակ հագեցվածը։
Բնականաբար, լուրջ խնդիր է նաև կրթական գործընթացի՝ դասաժամերի արդյունավետությունը։ Որովհետև դպրոցը սովորեցնելու համար է, այլ ոչ թե հանձնարարություններ տալու։ Աշակերտը, ուսանողը պիտի դասի ընթացքում թեման յուրացնեն, ոչ թե այն տանը սովորեն։ Դրանով նրանք ազատ ժամանակ են ունեում խաղերի և տնտեսությանն օգնելու համար։ Որոնք նույնպես ոչ պակաս կարևոր են մարդու ձևավորման առումով։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Հ.Գ.

Սույն հոդվածում ես մտածված չանդրադարձա վերջին երեսուն տարում ՀՀ-ի կրթական համակարգում կատարված բոլոր «բարեփոխումներին», և ընդհանրապես չքննարկեցի դրանք, որովհետև, ինչպես տեսանք, դրանց նպատակայնությունը ես առաջնահերթ շաղկապում եմ մեր երկրի և մեր հասարակության խնդիրներին։

Իսկ այն բարեփոխումները, որոնք չեն առնչվում մեր խնդիրներին և թելադրված են աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից, ամենևին մեր երկրի և ժողովրդի կայացման, զարգացման նպատակին չեն ուղղված, այլ միտված են մեր տարածաշրջանում այդ կենտրոնների ունեցած խնդիրների լուծմանը։

Դիտվել է՝ 4739

Մեկնաբանություններ