ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ոճիրները վաղեմության ժամկետ չունեն

Ոճիրները վաղեմության ժամկետ չունեն
09.08.2023 | 08:15

Հիշում ենք, դատապարտում ենք, հատուցելու են:

Ամեն տարի `օգոստոսի 7-ին նշվում է ասորի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակության օրը: Մեկ դար առաջ թուրքական իշխանությունների կողմից հայերի դեմ վաղուց պետականորեն ծրագրված ցեղասպան քաղաքականության անմիջական շարունակությունը դարձավ ասորի ժողովրդի նկատմամբ տարվող ջարդերի և կոտորածների հետևողական քաղաքականությունը, որին զոհ գնացին 750 հազար ասորիներ: Արևելքն առանց քրիստոնյաների՝ այս հրեշավոր բանաձևն էր ընկած թշնամու ցեղասպան քաղաքականության հիմքում:

Հայերն ու ասորիները միասին անցան Ցեղասպանության արհավիրքով: Եվ մեկ դար առաջ ցեղասպանության զոհ դարձած ասորիների սերունդներն այսօր պայքարում են պատմական արդարության՝ մարդկության դեմ իրականացված ոճրագործությունների միջազգային ճանաչման ու դատապարտման համար:

Պայքարում են՝ ձայն բարձրացնելով, որ չդատապարտված ցեղասպանությունները ծնում են նոր ոճիրներ, որոնց արձագանքն այսօր արդեն լսելի է ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև աշխարհի խոշոր տերությունների մայրաքաղաքներում՝ կապված միջազգային ահաբեկչության հետ:

Այս մասին միշտ ենք հիշեցնելու։

Այսօր էլ Մերձավոր Արևեքլում ՝ Սիրիայում վտանգված է ասորի ժողովուրդը. ընդամենը մի քանի տարի առաջ՝ մեր բոլորի աչքի առաջ թուրքական պետության հովանավորությունը վայելող ահաբեկչական խմբավորումները ոչնչացրին արամեախոս ասորիների բնակավայրը՝ Մաալուլան:

Հրո ճարակ դարձան եկեղեցիներն ու սրբապատկերները, սպանեցին միանձնուհիներին:

Չի մոռացվել, թե ինչպես էին ահաբեկչական խմբավորումները պայթեցնում ու ոչնչացնում հնագույն պատմա-մշակութային հուշարձանները, որոնք աշխարհի մարդկային քաղաքակրթության ակունքներում կանգնած հնագույն ազգերից մեկի՝ ասորիների պատմության վկաներն էին:

Իսկ որևէ ազգի մշակույթը ոչնչացնելը ևս ցեղասպանության բաղադրիչ է:

Թշնամու ձեռագիրը նույնն էր:

Եվ այս ամենը դարձյալ կատարվեց «քաղաքակիրթ» աշխարհի լուռ ու անտարբեր հայացքի ներքո. նույն հայացքը, ինչպես 100 տարի առաջ…

Աշխարհի համար ընդունված պրակտիկա է մոռանալ մեծ ոճիրները։

Սակայն, պատմությունը չի՛ մոռանա, որովհետև ցեղասպանությունը մեր երկու ազգերի համար գենետիկ հիշողություն է, որը սերունդներին պիտի մղի պայքարի` արդար Հատուցման հասնելու համար։

Ամեն տարվա օգոստոսի 7-ին մենք պարտավոր ենք հիշել ցեղասպանությանը զոհ գնացած 750 հազար ասորի նահատակներին: Մեկ դար առաջ մենք միասին անցանք նույն տառապանքների միջով:

Հայ և ասորի ժողովուրդների համար կորստյան ցավը ազգային պատկանելություն չունի:

Այսօր մեր երկրում պատերազմ է:

Եվ ասորի ժողովրդի զավակները հանուն Արցախի և Հայաստանի` մեր զինվորների հետ կռվեցին ընդդեմ թշնամու: Նրանք ևս իրենց կյանքը տվեցին հանուն Արցախի ու Հայաստանի:

Պատմության էջերում գրվելու են ասորի հերոսների անունները նույնպես ՝ Նարեկ Դավթյան, Թորգոմ Սայադյան, Ռուդիկ Սարխոշև, Վիտալի Յակուբով …

Եվ երբ երկար ու ծանր պայքարից հետո գրվեն Հայոց պատմության նորագույն էջերը, մեր սերունդները կարդալու են նաև հայ ազգի ասորի զավակների սխրանքի մասին։

Նրանց պատմվելու է, թե ինչպես տասնամյակներ ի վեր, երբ մենք աշխարհի տարբեր մայրաքաղաքներում պայքարել ենք Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար, մեր կողքին են եղել ասորիները` իրենց ինքնության դրոշով, որովհետև մենք աշխարհի հնագույն քաղաքակրթության կենդանի վկա ազգերն ենք, և մեր միջև դաշինքը կնքվել է պատմության երթում։

Այսօր ասորիները նույնպես ապրում են Հայաստանի ու Արցախի ճակատագրով։

Անգամ Սիրիայում և Իրաքում, որտեղ երեկվանից տեղի են ունեցել ոգեկոչման միջոցառումներ, ասորիները դարձյալ հոգով ու մտքով Արցախում են։

Դրա վկայությունը ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Զեմֆիրա Միրզոևայի` իր էջում գրած հիշատակի այս ուղերձն է, որը մեջբերում եմ ամբողջությամբ.

«Այսօր՝ օգոստոսի 7-ին, ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է։ Օրը պատահական չի ընտրված. 1933-ի օգոստոսի 7-ին Հյուսիսային Իրաքում գտնվող Սըմել քաղաքում մեկ օրում ավելի քան 5000 ասորի ենթարկվեց դաժան սպանությունների ու տեղահանումների: Ցավոք, ասորիների Ցեղասպանությունը չէր սկսվել ու չավարտվեց 1933-ի օգոստոսի 7-ին...

1914-1924 թթ-ին Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության զոհ դարձավ 750 000 ասորի, իսկ 2014-ին այդ սև գործը շարունակեց Իսլամական պետություն կոչվող ահաբեկչական խմբավորումը:

Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցագործություններից է, մարդկության մեծագույն արատներից մեկը։ Միայն այդ դժոխային իրականությամբ անցած ժողովուրդները գիտեն դրա իրական ցավը, անբուժելի ցավը:

Այժմ Իրաքի Սըմել քաղաքում եմ։ Մասնակցեցի օրվա միջոցառումներին, Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագին։ Անցյալի մասին մտքերն ու ներկայի իրականությունը հանգիստ չեն տալիս։ Մտքով ու սրտով հիմա Արցախում եմ 120 000 հայերի կողքին, ովքեր 21-րդ դարում զրկված են մարդու տարրական իրավունքներից, ապրում են հումանիտար աղետի պայմաններում անմիջականորեն զգալով տեղահանվելու, ցեղասպանվելու վտանգը։ Եվ այս ամենը իրեն քաղաքակիրթ հռչակած միջազգային հանրության աչքի առաջ:

Այսօր, առավել քան երբևէ, բոլորս պիտի կանգնենք Արցախի ու արցախցու կողքին, պիտի խփենք բոլոր զանգերը, պիտի պայքարենք թույլ չտալու համար նոր ցեղասպանություն։ Եվ պիտի հիշենք մի շատ կարևոր ճշմարտություն այսօրվա ամենաթողությունը նախկին հանցանքների համար չպատժվելու արդյունք է, և քանի դեռ աշխարհը հրաժարվում է ճանաչել ու դապարտել

20-րդ դարի սկզբի ցեղասպանությունները, դրանք շարունակվելու են` ավելի անմարդկային ու դաժան գույներով:

Խոնարհումս Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին»։

Այո։ Մեր պայքարն ավարտված չէ: Եվ ոգեկոչելով ցեղասպանությանը զոհ դարձած

750 հազար ասորիների հիշատակը՝ ուզում եմ, որ մի օր աշխարհն իսկապես դառնա քաղաքակիրթ և միջազգային իրավունքի գերակա նորմ դառնա թղթի վրա գրված, բայց դեռ երբեք որևէ տեղ չկիրառված մի կարևոր սկզբունք ՝ «պատմական արդարության սկզբունքը», որ իրականություն դառնա ասորի ժողովրդի՝ սեփական պատմական հայրենիքում ազգային ինքնավարություն ունենալու իղձը։

Իսկ Արցախը պիտի վերաազատագրվի, որ շարունակենք մեր կիսատ մնացած պայքարը մեր պատմական մյուս տարածքները վերամիավորելու համար։ Հատուցման ժամը գալու է։ Երկու հնագույն ազգեր պիտի շարունակեն քայլել դարերում:

Խոնարհվում ենք ցեղասպանությանը զոհ գնացած ասորիների հիշատակի առաջ:

ՈՒժ և կորով ցեղասպանությունը վերապրածների սերունդներին, ովքեր ամեն տարի՝ ապրիլի 24-ին աշխարհի բոլոր երկրների խոշոր մայրաքաղաքներում մեր՝ հայերիս կողքին պայքարում են պատմական արդարության համար: Մենք էլ մեր ասորի եղբայրների կողքին ենք:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3527

Մեկնաբանություններ