ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Շանթն ու նրա ընկերները ԵԽԽՎ չափանիշներով քաղբանտարկյալներ են

Շանթն ու նրա ընկերները ԵԽԽՎ չափանիշներով քաղբանտարկյալներ են
12.09.2014 | 15:48

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Գևորգ Գևորգյանը սեպտեմբերի 8-ին հրապարակել է նախորդ տարվա նոյեմբերի 5-ի գործով մեղադրական ճառը:

Դատախազը պահանջել է Շանթ Հարությունյանի համար 7 տարի ժամկետով ազատազրկում, Վարդան Վարդանյանի, Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի համար` 6,5 տարի, Ալեք Պողոսյանի, Հայկ Հարությունյանի համար` 6 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանի համար` 5,5 , Վահե Մկրտչյանի համար` 8,5 տարի, Ալբերտ Մարգարյանի համար` 8 տարի, Սևակ Մնացականյանի, Տիգրան Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի համար` 4 տարի ժամկետով: Դատախազը Շանթ Հարությունյանի որդու` Շահեն Հարությունյանի համար պահանջեց 5 տարի ազատազրկում, իսկ Միսակ Առաքելյանի համար սահմանեց տուգանք` 50 000 դրամի չափով:
Հիշեցնենք, որ անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում գործով անցնող անձինք իրականացրել էին հեղափոխության ակցիա: Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով («Խուլիգանություն»): Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում Շանթ Հարությունյանին և նրա համախոհներին ճանաչել են որպես քաղբանտարկյալ և պահանջել են ազատ արձակել նրանց:
ԱԺ աշնանային ճեպազրույցների ժամանակ irates.am-ը ԱԺ խմբակցությունները ներկայացնող պատգամավորներից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են վերաբերվում Շանթ Հարությունյանի և նրա համախոհների նկատմամբ մեղադրող կողմի առաջարկած պատժաչափին:
«Կարծում եմ, որ այն պատժաչափերը, որոնք պահանջել է ՀՀ գլխավոր դատախազությունը, չափազանց մեծ և անընդունելի պատժաչափեր են: Այն արարքները, որոնք կատարվել են, չեմ կարծում, թե նման պատժի են արժանի»,- ասաց ԱԺ դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը:
ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ կարծիք կհայտնեն այն ժամանակ, երբ կլինի դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած դատավճիռը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ ինքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մասնակցել է ԵԽԽՎ-ի կողմից «քաղբանտարկյալ»-ի սահմանման բանաձևի ընդունմանը, որի նպատակն էր, որ ԵԽԽՎ-ն վերջնական սահմանի, թե որ դեպքում են համարվում քաղբանտարկյալ: Ըստ ԵԽԽՎ չափանիշներից մեկի էլ՝ քաղբանտարկյալ է համարվում այն անձը, որի արարքների համար սահմանվում է անհամաչափ պատիժ: Լևոն Զուրաբյանն ասաց, որ լավագույն երևակայություն ունենալու դեպքում էլ չի կարող ասել, որ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործողությունների մեջ չի եղել հակաիրավական քայլ, քանի որ կան տեսաժապավեններ, որոնցում ամեն ինչ ցուցադրված է: Սակայն առաջարկված պատժաչափը, ըստ նրա, խոսում է իշխանությունների՝ Շանթ Հարությունյանի և նրա համախոհների նկատմամբ քաղաքական հալածանքներ իրականացնելու մասին, և դրանք համապատասխանում են ԵԽԽՎ-ի չափանիշներին:
«Առանց վարանելու, այդ անհամաչափ պատիժն առաջարկելուց հետո, կարող եմ ասել, որ Շանթ Հարությունյանին ու նրա ընկերներին կարելի է համարել քաղբանտարկյալներ»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը չափազանց անհասկանալի և անընդունելի է համարում այն պատժաչափը, որն առաջարկում է մեղադրող կողմը Շանթ Հարությունյանի և նրա համախոհների նկատմամբ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ նշված հարցին կարող է պատասխանել դատարանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1982

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ