Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ես խորապես գիտակցում եմ կատարված հանցանքի մեջ մեղքի իմ բաժինը

Ես խորապես գիտակցում եմ կատարված հանցանքի մեջ մեղքի իմ բաժինը
03.06.2014 | 11:47

Ես՝ Ստեփան Արտյուշայի Գրիգորյանս, ձերբակալվել եմ դեռևս 1996 թվականի ապրիլի 26-ին: 1997-ի դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի որոշմամբ, դատապարտվել եմ մահապատժի: 2003 թվականի օգոստոսի 1-ին, ՀՀ-ում մահապատժի վերացումից հետո, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «ներում շնորհելով», մահապատիժը փոխարինեց ցմահ ազատազրկմամբ: Արդեն 19 տարի և 2 ամիս է՝ կրում եմ պատիժս: Բազմիցս ներման խնդրագրով դիմել եմ երկրի ղեկավարին, սակայն դիմումներս մնացել են անպատասխան: Ցանկանում եմ նշել, որ, ըստ մեղադրական եզրակացության և դատավճռի, մահապատժի եմ դատապարտվել նախկին քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի առաջին և յոթերորդ կետերով՝ որպես սպանության մասնակից. ինքս ոչ մեկի կյանքից չեմ զրկել: Ես ամուսնացած եմ, ունեմ սիրող, համերաշխ ընտանիք: Որդիս, ավարտելով ծառայությունը ԼՂՀ-ում, այս տարի ավարտում է ուսումը ԵՊԲՀ-ում: Դուստրս, ավարտելով ուսումը ԵԿՏԱ-ի մագիստրատուրայում, ընտանիք է կազմել: Կինս մասնագիտությամբ դեղագետ է:
Պարոն նախագահ, մեկուսացված լինելով հասարակությունից, մշտապես ապրել եմ ընտանիքիս հոգսերով, եղել եմ հարազատներիս ջերմ հոգատարության և ուշադրության կենտրոնում: Բացի բարեկամներիս և հարազատներիս հետ շփվելուց, ազատազրկման տարիներին եղել եմ ակտիվ քաղաքացիական կողմնորոշում ունեցող մարդ, ԶԼՄ-ների միջոցով և ծանոթ հասարակական-քաղաքական գործիչների հետ շփվելով՝ հետևել եմ մեր պետության առաջընթացին, ուրախացել եմ տնտեսական ու քաղաքական բարեփոխումներով՝ ցանկանալով, որ ՀՀ-ում լինի կայուն և խաղաղ մթնոլորտ: Այս տարիներին, որոնցից տասնինն անցկացրել եմ վանդակաճաղերի հետևում, անժխտելի է հայ ժողովրդի առաջընթացը, իսկ կենսապայմանների բարելավումը զգացել ենք նաև մենք՝ կալանավորներս: Այժմ հնարավորություն ունենք ավելի հաճախ շփվելու մեր հարազատների հետ, մեզ հուզող հարցերով դիմելու տարբեր ատյանների: Այսօր ընտանիքիս միակ խնդիրն իմ ֆիզիկական բացակայությունն է: Ես խորապես գիտակցում եմ կատարված հանցանքի մեջ մեղքի իմ բաժինը, հասկանում, որ մութ ու ցուրտ տարիներին ընտանիքիս կարիքները հոգալու համար սխալ քայլի եմ դիմել: Ներկայումս ամաչում եմ կարգավիճակիս համար, քանի որ դա նաև ազդում է երեխաներիս ներկայի ու ապագայի վրա:
Մեծարգո պարոն նախագահ, խնդրում եմ ընդառաջել 19 տարի պատիժ կրած մի հայ տղամարդու, երջանկացնել ևս մի հայ ընտանիքի, որն իր ուժն ու կորովը կներդնի հայրենիքի բարգավաճմանը:


Խորին հարգանքներով՝
Ստեփան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1584

Մեկնաբանություններ