ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆԸ այսօր հրավիրած ասուլիսում նախ շնորհավորեց լրագրողներին մամուլի օրվա կապակցությամբ և ասաց, որ չի կարելի նեղանալ մամուլից, չի կարելի հայհոյել, այլ կարելի է ուղղակի պատասխանել, և որ ինքը հենց այդպես էլ անում է: Նրա փոխանցմամբ, մամուլը պետք է հասարակական երևույթ դարձնել, քանզի սպառողը քիչ է, իսկ դրա մեկենասները պիտի լինեն լրագրողները: «Մամուլի ամբողջ մարմինը կա, մնացել է գլուխը, որպեսզի տեսքը կարողանանք ձևավորել, իսկ դա ԶԼՄ ներկայացուցիչներից է կախված»,-ասաց ՀՀԿ պատգամավորը, ում ձևակերպմամբ մամուլը միայն կարողանում է ճիշտ գրել, թե երբ է Կառավարության նիստ լինելու կամ ԱԺ-ն քառօրյա լինելու: «Մնացած բաները էնքան են խուճուճացնում, որ կարողանան մի քիչ տեսքի բերել, ընդդիմադիր սարքել: Իսկ դա նշանակում է, որ հասաակությունը դեռևս չի նպաստում մամուլին»,-ասաց նա:
Այնուհետև բանախոսը ներկայացրեց երկրում տիրող քաղաքական իրավիճակը, ասաց, որ երկրին անհրաժեշտ է ընդդիմություն. «Այսօր, վերջին հաշվով, իշխանությունն ու հասարակությունը համագործակցեցին և բոլոր դարպասները բացեցին: Ես չեմ կարծում, որ վիճակը ծայրահեղ է: Ես կարծում եմ, որ անելիքները շատ են և պետք է որոշակի քայլեր կատարել անելիքների նկատմամբ»,-նշեց Գ.Սահակյանը`շեշտելով, որ լուծում պահանջող խնդիրների մեծ մասը ՀՀԿ-ն է բարձրացնում և չի կարելի հարցերը «տեսնել շատ լարված»:
Ըստ նրա, քանի երկիրը պատերազմական իրավիճակի մեջ է, ՀՀԿ-ն կմնա իշխանության ղեկին, որովհետև «ՀՀԿ-ի գաղափարական մոտեցումները երկրի պահակի դրսևորում ունեն: Իսկ «ընդդիմություն» ձևակերպումը այն է, որը անհրաժեշտ է հասարակությանը, այսինքն` ընդդիմությունը պետք է վերահսկողության դեր կատարի իշխանության նկատմամբ»: Գ.Սահակյանի խոսքով` որևէ հարցի լուծման համար պետք չէ գնալ պրիմիտիվ ճանապարհով`պատժելով այս կամ այն նախարարին. «Մենք ասում ենք գլոբալ խնդիրներ կան, օրինակ կոռուպցիա, մոնոպոլիա և պետք է պայքարել դրանց դեմ...Ընդդիմությունը չպիտի գնա «թագավոր լինելուց լավ բան չկա» երգի ճանապարհով, կենտրոնանալով միայն նախագահական ընտրությունների վրա, այլ պետք է բանակցելու ճանապարհ ստեղծեն, որ մարդիկ բանակցեն»,- հստակեցրեց բանախոսը:
Գալուստ Սահակյանն նշեց նաև, որ Կառավարության կազմում մասնակի փոփոխություններ են սպասվում:
Իսկ թե կառավարության կազմում ներգրավվելո՞ւ են ընդդիմադիր ներկայացուցիչներ, վերջինս այսպես պատասխանեց.
«Ընդդիմության ներկայացուցիչը, եթե մարզպետ կամ քաղաքապետ դառնա, այլևս ընդդիմություն չի կարող լինել, դառնալու է կառավարության անդամ և պետք է կատարի կառավարության ծրագիրը»:
Հարցին` ներկա քաղաքական դաշտին նոր ուժեր հարկավոր են թե ոչ, Գ.Սահակյանը ասաց. «Կողմերը կոալիցիա ինքնանպատակ չեն կազմում: Դա երկրում ծառացած երևույթների համատեղ ջանքերով լուծում տալու նպատակ ունի: Սակայն հաճախ, ընտրությունից կես տարի առաջ դուրս են գալիս կոալիցիայից և հարվածում իշխանությանը: Այդպես վարվում են ադեի փեշի տակից դուրս եկողները, որոնք անընդհատ կոնֆետից օգտվում են, հետո ասում են` ինչո՞ւ թաքուն ադեի շորի տակից վերցնենք, միանգամից դուրս գանք: Հետո էլ հուսախաբվում են և փորձում համաձայնության գալ», -մանրամասնեց ՀՀԿ փոխնախագահը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ