«Հայաստանի թիվ մեկ խնդիրներից մեկը ընդլայնվող արտագաղթն է: Երևի 2,8 միլիոն մարդ է մնացել Հայաստանում, այն դեպքում, որ աշխարհում 6,5 միլիոն հայ կա: Ահա այս համատեքստում ես առաջարկում եմ խորհրդարանական երկրորդ պալատ ստեղծել՝ սփյուռքահայության համար: Այս տեսանկյունից չեմ կարող չկարևորել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը Սփյուռքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովրդավարական դաշինք կուսակցության նախագահ Արշակ ՍԱԴՈՅԱՆԸ:
Անդրադառնալով հետընտրական իրադարձություններին և դրանց լուծումներին` Սադոյանն ասաց, որ ստեղծված ծանր դրությունից դուրս գալու միակ ճանապարհը միավորվելն է. «Ազգային նպատակների շուրջ համախմբվելու համար պետք է այդ նպատակները ձևակերպված լինեն: Եթե այդ նպատակները հստակ ձևակերպված չեն, ավելին,մի կողմը շեշտը դնում է պահպանողական, մյուսը` ազատական մոտեցումների վրա, դա համախմբման ռեալ հնարավորություն չի տա»:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի ձևավորած շարժմանը, բանախոսը կարծում է, որ այն շուտով կմարի.
«Շատ քաղաքական ուժեր հումորային տրամադրությունների մթնոլորտ են ստեղծել, դա նպատակահարմար չէ: Հուսով եմ, որ կձևավորվի մի վիրտուալ ուժ՝ պարտադրելու բոլոր քաղաքական կուսակցություններին ինքնակազմակերպվել»:
Իսկ թե երկրում գլուխ բարձրացրած այս պայքարի ինչպիսի ավարտ է տեսնում Արշակ Սադոյանը, վերջինս պատասխանեց. «Տեսնում եմ այն, ինչ որ եղավ եղավ 1993-ին, 1998-ին, ինչո՞ւ չէ, նաև 1996-ին: Րաֆֆի Հովհաննիսյանը որդեգրել է «բարևի քաղաքականություն», նա կոնֆլիկտային ճանապարհը հազիվ թե որդեգրի մինչև վերջ: Տվյալ դեպքում սպասումը, թե վարչակազմը կամավոր կզիջի շխանությունը, շատ քիչ ռեալ է: Այսպես կշարունակվի և կամաց-կամաց կմարի»,-կանխատեսեց բանախոսը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ