ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մանկությունը ձեռքով է անում. Կարլ Յալանուզյան

Մանկությունը ձեռքով է անում. Կարլ Յալանուզյան
13.11.2022 | 10:40

Դեռ հունիս - հուլիս ամիսներին հայրս անտառում փնտրում - գտնում էր որևէ ամուր ծառատեսակի հաստ ճյուղեր, տեղափոխում նախ գյուղի սղոցարան, տախտակներ կտրել տալիս, ապա՝ տուն:
Տախտակներն առանց շտապելու կացնով, դուրով, փայտի խարտոցով մշակում էր: Եվ երբ դրանց ծայրերը դահուկի ձև էին ընդունում, ես նոր հասկանում էի, որ ձմեռը ինքն էլ, ես էլ դահուկ ենք ունենալու:
Ծայրերն ամրացնում էր մի բարձր տեղ, և երբ դրանք ճկած վիճակում մնում էին մի 20 - 25 օր, վերջնականապես դահուկի նման կորություն էին ձեռք բերում: Իր դահուկներն ավելի երկար էին և նեղ, իմը՝ ըստ հասակի կարճ և լայն, որ ձյան մեջ չխրվեն:


Վերջում մնում էր կաշվե փոկեր կտրել - հարմարեցնել կոշիկներին և, իհարկե, պատրաստի դահուկներն առատորեն յուղել խոզի ճարպով, որպեսզի թարմ ձյունը չկպչի փայտին:
Ավելի հեշտ էր դահուկի ձողերի գործը. արագ չափում էր երկարությունը, սրում ծայրերը, և ձողերը պատրաստ էին:
Բացի դահուկներից, հայրս ծառի ճկած շիվերին կլոր տեսք տալով և «թութունի թեռով» կապկպելով՝ կոշիկի վրայից հագնելու մեծ, կլոր հարմարանքներ էր սարքում, որոնց անունը մեր բարբառով «հաբիգա» է, և որոնք թույլ են տալիս դեռևս փափուկ ձյան վրա քայլել՝ առանց խրվելու:
Այդ ամենը հայրս տեղավորում էր տանիքի և առաստաղի միջև գտնվող տարածությունում, որին մենք «թավոն» ենք ասում: Ի դեպ, թավոնում կարելի էր պահել ձմեռվա եգիպտացորենը, պարկով ընկույզ - կաղինը, այլ բարիքներ, որոնք, իհարկե, պետք էր մկների ճանկը չգցել:
...Եվ ահա նոյեմբերի մի գիշեր սկսում է ձյուն տեղալ, սկզբում նոսր, հետո ավելի ու ավելի խիտ, և մենք կանխավայելում ենք հաջորդ օրվա հաճույքը...


Երբ մենք առավոտ վեր ենք կենում, հայրս արդեն վաղուց մաքրած է լինում բակի ձյունը, բացած՝ դեպի գյուղամեջ տանող արահետները (մեր բարբառով՝ չըղըր), մայրս կովը կթած է լինում և արդեն կերակրում է մի երեք տասնյակի հասնող հավ - ճիվը:
Ես տաք հագնվում եմ, նորից ու նորից փայլեցնում ճտքավոր կոշիկներս և հորս հիշեցնում, որ դուրս գալու ժամանակն է:
Նախորդ օրը նա արդեն թավոնից իջեցրել է դահուկներն ու հաբիգաները, և երբ իմ համբերությունն արդեն սպառվելու վրա է, վերջապես բացում է տան դուռը:
Մենք տղամարդավարի, առանց շտապելու դուրս ենք գալիս, անցնում բակը և հայտնվում մեր եգիպտացորենի արտում, որն ամբողջովին ձյունածածկ է, մի-փոքր էլ թեքություն ունի:
Հայրս նախ իմ դահուկներն է «գործի գցում», և երբ համոզվում է, որ ամուր եմ կանգնած ոտքի վրա, ինքն էլ սապոգներին է ամրացնում դահուկները և ինձ հրավիրում դանդաղ առաջ շարժվել:


Կուրացուցիչ սպիտակությունը կլանում է մեզ, և երբ ստեպ - ստեպ հետ ենք նայում, հազիվհազ նշմարում ենք պատուհանից մեզ ձեռքով անող մորս և քրոջս:
...«Երբեմն մի ակնթարթը բավական է, որ կյանքդ մոռացության մատնես, երբեմն էլ կյանքդ չի բավականացնում, որպեսզի մոռանաս ակնթարթը»,- ասել է Մորիսոն ազգանունով մի մարդ: Եվ դժվար է չհամաձայնել այդ մտքին:

Դիտվել է՝ 12194

Մեկնաբանություններ