ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Չի կարելի հայրենիքը փոխադրել մի տեղից մյուս տեղ. Լեո (1860-1932), պատմաբան

Չի կարելի հայրենիքը փոխադրել մի տեղից մյուս տեղ. Լեո (1860-1932), պատմաբան
21.10.2022 | 07:34

Հայաստանի հողի վրա 11-րդ դարի առաջին կեսում իրար պիտի հանդիպեին, իրար հետ ընդհարվեին Բյուզանդիան և Արևմտյան Ասիայում առաջ եկած նոր հզոր ուժը՝ սելջուկները:
Եվ նրանց մի շունչը բավական պիտի լիներ, որ հայ ֆեոդալականության ստեղծած Վասպուրականի, Շիրակի, Կարսի, Սյունյաց, Աղվանից և Լոռու մանր-մունր թագավորությունները, որոնց միջև ոչ մի միացնող կապ չկար, տապալվեին խաղաթղթից շինած տնակների նման:


Առաջին ընկնողը Վասպուրականն էր: Տեսնելով, որ սեփական ուժով անկարելի է դիմագրավել սելջուկներին, Արծրունիների գահն շտապեց ընկնել Բյուզանդիայի գիրկը: Իշխող տոհմը կարծեց, թե մեծ իմաստությամբ է գործում՝ իր ազատության համար մի առուծախ առաջարկելով բյուզանդացիներին: Վասպուրականը փոխանակվեց Սեբաստիայի հետ:
Արծրունիները իրանց ժողովրդի, իրանց գահի հետ վեր կացան գնացին իրանց գնած տեղը:
Նրանք չգիտեին, որ կարելի է ժողովուրդ գաղթեցնել, բայց չէ կարելի հայրենիք փոխադրել մի տեղից մյուս տեղ, թագով պսակված գլխի մեջ չկար այն հասկացողությունը, որ թագը ուրիշ ազգերի ողորմությամբ չէ կարելի պահել, այլ պետք է հենված լինի սեփական ուժի վրա:
Բյուզանդիան գրավեց հայ ֆեոդալներին իր ներսը և արագ մարսեց նրանց:


...Վասպուրականից հետո հերթը հասավ Շիրակին, որտեղ սաստիկ էր բյուզանդական ազդեցությունը: Հունամոլության ամենածայրահեղ մի ներկայացուցիչ՝ Վեստ Սարգիսը, մեծ ազդեցություն ուներ գահը ժառանգած դանդաղաշարժ, անընդունակ, վախկոտ, բայց գրասեր և հոգեսեր Հովհաննես Սմբատի վրա:
Սարգիսը վախկոտ թագավորին համոզում է, որ փրկությունը հունաց քրիստոնյա կայսրին անձնատուր լինելն է: Նրա աջակիցն է դառնում ժամանակի հայոց Պետրոս կաթողիկոսը՝ մի ընչաքաղց ու փառամոլ անձ, որն անձամբ էլ Անին նվիրելու թուղթը տանում և հանձնում է Վասիլ կայսրին:


Վերջինս այնքան է շողոքորթում Պետրոսի փառասիրությունը, որ անձամբ ներկա է լինում ջրօրհնեքի արարողությանը և նպաստում, որ տարածվի այն առասպելը, թե երբ Պետրոսը հայոց մեռոնը կաթեցրեց գետի մեջ, գետը կանգ առավ:
Այսպիսով, մի անպատիվ պատվիրակություն կատարած հայոց կաթողիկոսը դեռ վարձատրվեց պատմության մեջ «Գետադարձ» տիտղոսով, որ հրաշագործ սրբություն է ցույց տալիս:


1903
«Անի, հուշագրություն», Եր., «Առեդիտ» հրատ., 2014)
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 12383

Մեկնաբանություններ