ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

«Ազգը չեն ճանաչում ժողովրդով, ղեկավարներով, ազգը ճանաչում են անհատներով»

«Ազգը չեն ճանաչում ժողովրդով, ղեկավարներով, ազգը ճանաչում են անհատներով»
20.04.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ:

«ԵՍ ՏԵՍԱԿՈՎ ՆԵՈՌԵԱԼԻՍՏ ԵՄ. ՍԻՐՈՒՄ ԵՄ ԴԱՌԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

-Պարո՛ն Ջանիբեկյան, Ձեր նկարահանած «Համլետ» ֆիլմը հաջողություններ է ունեցել արտասահմանում: Մասնակցել է Նյու Յորք-Մայամի-Լոս Անջելես կինոփառատոնին: Նյու Յորքում մրցանակի է արժանացել «Լավագույն արտիստ», Լոս Անջելեսում` «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում, սակայն լայն ճանաչում չի գտել հայ հանդիսատեսի շրջանում: Ինչո՞ւ: Հասարակությո՞ւնն է անտարբեր նման ֆիլմերի նկատմամբ, թե՞ վատ են աշխատում դրանք հասարակությանը հասու դարձնելու խողովակները:

-Նախ` ասեմ, որ ես ինձ ռեժիսոր չեմ համարում: Ես դերասան եմ, իսկ արել եմ ռեժիսորություն, որովհետև իմ փոխարեն ուրիշ անող չկար: Արեցի և տեսա, որ ձեռագիր ունեմ: Բայց եթե հանկարծ իմանամ, որ մեկն իմ տեսակի մտածող է, կխնդրեմ, որ իրար հետ ֆիլմ անենք: Աստղային հիվանդությամբ տառապելն ինձ հետ կապ չունի: Աստված ինձ խելք է տվել այնքան, որ կարողանամ հասկանալ իմ չափը: Ես կարող եմ երկար ժամանակ գործ չանել, ու դա ինձ հունից չի հանի: Կարող եմ տարիներով լուռ նստել ու մնալ ստվերում: Ես չեմ մտահոգվում, որ պետք է եթերում երևամ, որպեսզի ինձ չմոռանան:

-Ձեզ չեն մոռանում:

-Մի՛ ասեք, մի՛ ասեք: Երբեմն զարմանում եմ, որ ինձ հիշում են, որովհետև կարող են և չհիշել: Ինչ վերաբերում է «Համլետ» ֆիլմիս մասին հասարակության անտեղյակությանը, պիտի նկատեմ, որ դա իմ ճակատին է գրված: Չգիտեմ` ինչ է կատարվում: Թեև երբ ինքս ինձ եմ թաքուն այդ հարցը տալիս, պատասխան ստանում եմ: ՈՒղղակի ես արդեն համակերպվել եմ այն մտքին, որ այդպես էլ պիտի լինի: Երբ ուրիշ մեկը որևէ մրցանակ է ստանում, այդ մասին անվերջ խոսում են, շեփորում, հոդվածներ տպագրում: Իհարկե, իմ դեպքում էլ ինչ-որ արձագանք եղավ, բայց` հավուր պատշաճի: Երբ առաջին մրցանակն ստացել էի, լուրեր էին պտտվում, թե նման բան չկա, ոչ մի մրցանակ էլ չի եղել: Երբ փաստը հաստատվեց, սկսեցին խոսել, թե եղածը մի աննշան բան է, ընդամենը «ստից նյույորքյան» մրցանակ է: ՈՒ ես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ: Իսկ թե ինչն այն չէ, անկեղծ ասած, ինձ չի էլ հետաքրքրում: Կարևորն այն է, որ ես շարունակեցի ֆիլմ նկարել:

-Եվ նկարեցիք «Ավելորդը»:

-Ինձ համար դա շատ թանկ ֆիլմ է: Ես այն չեմ նկարել, որ մեկ-երկու հոգի գովի կամ փնովի: Ես արել եմ` ապագա սերնդին պատմություն թողնելու համար: Ես տեսակով նեոռեալիստ եմ. սիրում եմ դառը ճշմարտությունը: Այդպիսի բաներ էլ պիտի ցուցադրվեն: Պարտադիր չէ միայն ցուցադրել երգ-պար-տաշի-տուշի` «ինչքան լավն է մեր հայրենիքը» տրամադրությամբ: Եթե մենք մեր թերությունները չտեսնենք ու ցույց չտանք, չենք կարող քաղաքակիրթ լինել, առաջ շարժվել:

-Այդ ֆիլմի հերոսը ֆիզիկոս է` հայի բացառիկ, ոչնչացող տեսակ, որը Տիրոջ կամոք հրաշքով վերածնվում է: Սա մեր ազգի հարատևության մասին ունեցած Ձեր իրական հավատի՞, թե՞ ինչ-որ գեղեցիկ պատրանքի, իդեալիստական մոտեցման դրսևորում է:

-Երկուսը` միաժամանակ: Այն ծանր տարիներին` 1992-93 թվականներին, երբ ամեն ինչ փակվում էր, կործանվում, նախկին Սովետմիությունում գոյություն ուներ երկու ֆիզիկայի ինստիտուտ` Մոսկվայում և Երևանում: (Ավելի ուշ մեկն էլ ստեղծվեց, կարծեմ, Նովոսիբիրսկում): Գուցե ինձ հետ շատերը չհամաձայնեն, բայց ես վստահ կարող եմ ասել, որ հսկայական, բազմազգ այդ երկրում երկու ազգ է աշխատել` հայ և հրեա: Ըստ որում, թե՛ այստեղ` մեզ մոտ էին շատ հրեաները, թե՛ Մոսկվայում էին շատ հայերն ու հրեաները: Անվիճելի է, որ մեր ազգը ֆիզիկայի բնագավառում մեծ ներուժ ունեցող ազգ է: Ավելորդ եմ համարում խոսել ինձ համար հանճարեղ, վիթխարի մեր հայրենակցի` ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի դերի մասին: Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի տնօրենը նրա մահվան կապակցությամբ հղված հեռագրում նշել է, որ Արտեմ Ալիխանյանի մահով աղքատացել է ֆիզիկա գիտությունը` համաշխարհային մասշտաբով: Եվ իմ ֆիլմը նկարահանվում էր այն օրերին, երբ փակվում էր Երևանի ֆիզիկայի ինստիտուտը: Հիմա էլ մի լավ վիճակում չէ, իհարկե: Բայց այն ժամանակ առանձնապես ցավոտ էր հարցը: Իմ հերոսը` Հայկը, միակն էր, որ անուն ուներ: Մյուսները պարզապես հանդես էին գալիս երրորդ դեմքով: Ես այդ հերոսին անվանակոչելով` նկատի եմ ունեցել Հայկյան ցեղը: Իմ հերոսը, չլինելով հանճարեղ, լինելով շատ սովորական մի մարդ` և՛ բնավորությամբ, և՛ իմացությամբ, այնքա՜ն կարևոր մարդ էր մարդկության, ոչ թե միայն հայ ազգի համար: Իր մահից հետո ոչինչ չէր թողել այդ մարդը: Եվ Տերը, ոչ թե վերամարմնավորման միջոցով, այլ այդ տեսակի պահանջը շատ կարևոր համարելով, մի նոր Հայկ է ուղարկում, որպեսզի մարդկության հույսը չվերանա աշխարհի երեսից: Իհարկե, ֆիլմը քրեական թեմայով է, ես նկարել եմ դառը բաներ: Մոտ մի տասնհինգ րոպեն անդրադարձ է կռվին: Իսկական տղերքը կռվում են պատերազմի դաշտում, երբ նույն այդ ժամանակ օլիգարխները հավակնում են թե՛ պետական, թե՛ հանցագործ ուժերն իրենց ձեռքը վերցնել: Ես նկարել էի, թե ինչպես չի կարելի ապրել: Բայց ականջիս լուրեր հասան, որ իմ արածը բարբարոսություն է, որ մենք ներկայացված ենք թուրքի նմանությամբ: Իսկ ի՞նչ է, նման բաներ չե՞ն եղել: Ես մտքով ու արտիստական խաղով մի տեսակ եմ ներկայացրել, որի նմանը չէի խաղացել: Իմ ֆիլմը ազգի, ժողովրդի 70 տոկոսին է վերաբերում, որոնք շատ բան կարող էին մարդկությանը տալ, բայց խեղճուկրակ, իրենք իրենց մեջ փակված, ամեն ինչից հեռու, անտեսված ապրեցին իրենց կյանքը:

«ԱՅՆ ԱԶԳԸ, ՈՐԸ ՀԱՆՃԱՐՆԵՐ ՉԻ ԾՆՈՒՄ, ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՈՉՆՉԱՑՄԱՆ»

-Ճգնաժամային իրավիճակներից ելքը գտնողը, փակուղին հաղթահարողը միշտ էլ խելացի, բանական մարդն է լինում, բայց հենց նույն այդ մարդն է առաջին հարվածն իր վրա կրում, հենց նա է դառնում «ավելորդ»: Ինչո՞ւ:

-Ես մի ծանոթ բժշկուհի ունեմ, որ «Ավելորդը» ֆիլմի պրեմիերայից հետո երկու օր լռում էր, ու ես մտածում էի, թե նա էլ շատերի նման չի ընկալել ֆիլմս: Բայց հետո զանգահարեց և լաց լինելով խոստովանեց, որ ֆիլմը դիտելով` զգացել է, որ ինքն էլ այդ ավելորդներից մեկն է: Մարդն ինչքան բարձր ինտելեկտ պիտի ունենա լավն ու վատը տարբերելու համար: Ամենահետին մարդուն էլ թվում է, թե ինքն առաջինն է: Հազվագյուտ մարդիկ են իրենց համարում ավելորդ` լինելով չափազանց պիտանի մարդկությանը: Այդ բառը` «ավելորդ», հենց այնպես չի հնարվել: Մի մարդ, որ տաղանդավոր ֆիզիկոս է, հասնում է բոմժի մակարդակի ու գնում է ինչ-որ հեռավոր տեղ` արտ ջրելու: Այսօր քանի՜ քանիսն են մեր երկրից գնացել դուրս` երկու կոպեկ աշխատելու, ընտանիք կերակրելու: Սրանք դառը բաներ են, բայց ժամանակն է, որ մենք այս մասին խոսենք, ոչ թե ինքնախաբեությամբ զբաղվենք: Մենք երևի կոմպլեքսավորված ենք, սիրում ենք, որ մեզ գովեն, համարեն անթերի: Բայց անթերի էր միայն Տիրոջ Որդին` Հիսուսը: Բոլորս էլ թերություններ ունենք, և մեր թերությունների, սխալների վրա ենք կառուցում ճշմարտությունը: Սա է պետք հասկանալ: Այլապես մեր հակառակորդ ազգի` թուրքի պես, պարտակելով, ուրանալով ամեն ինչ, ոչ մի լավ բանի չենք հասնի: Եթե գերմանացի ազգը մի նոր Հիտլեր ծներ, ես մի կերպ կընկալեի դա, որովհետև գերմանացիներն աշխարհին այնքա՜ն հանճարներ, փիլիսոփաներ, կոմպոզիտորներ են տվել, որ հնարավոր չէ այդ ազգը չսիրել: Մեկ Հիտլերով աշխարհը չի վերջանում: Նույնը կարող եմ ասել պարսիկների մասին. Օմար Խայամ ու Նիզամի են տվել մարդկությանը: Թուրքը ոչինչ չի տվել: Դա սարսափելի է: Դա արդեն ազգ չէ, ինչ-որ ամբոխ է: Այն ազգը, որը հանճարներ չի ծնում, դատապարտված է ոչնչացման: Իսկ թուրքերն իսկապես ոչինչ չեն տվել: Մենակ թալանելով, մորթելով, արածը պարտակելով ազգ չեն դառնում: Ես ազգայնամոլ չեմ: Տեսակով կոսմոպոլիտ եմ: ՈՒ չեմ վախենում, իմ ազգի լավից բացի, նաև վատի, կեղտի մասին խոսելուց: Պիտի ընդունենք նաև այդ վատը, շտկենք, որ առաջ ընթանանք: Մի անգամ Իտալիայում հյուրախաղերի էինք: Մի փոքրիկ խանութ մտա, ասացի, որ հայ եմ, չհասկացան, թե ինչ ասել է հայ: Շատ վատ զգացի, սկսեցի խոսել Արարատից, Բիբլիայից, Նոյյան տապանից. էլի ոչ մի արձագանք: Բարկացած բացեցի դուռը, որ դուրս գամ ու անկախ ինձնից ասացի` Արամ Խաչատրյան: Եվ մի ամբողջ ազգի մասին պատկերացում չունեցող մարդը Արամ Խաչատրյանով ճանաչեց, թե ով է հայը: Միշտ է այդպես: Ազգը չեն ճանաչում ժողովրդով, ղեկավարներով: Ազգը ճանաչում են անհատներով. մի դերասան, մի նկարիչ, մի կոմպոզիտոր, մի գիտնական, մի սպորտսմեն կարող են ամբողջ ազգ ներկայացնել: Պետության մեջ, զինուժից բացի, պիտի կարևորեն նաև մշակույթը: Բաբելոնն էլ հզոր էր, բայց քանի որ իր կռիվը միայն ուժով էր, միայն տարածքի համար էր, ոչնչացավ-գնաց: Իսկ մեր խեղճուկրակ, փոքր ազգն ապրում է, որովհետև ապավինեց մշակույթին: Հայ կանայք, փոխանակ իրենց ոսկեղենն ու արդուզարդը մեջքներին տանեին, մագաղաթներն էին տանում, լեզուն էին փրկում: Ես համոզված եմ, որ գիտությունն ու մշակույթը կարող են համագործակցել: Հանճարեղ Էյնշտեյնը խոստովանել է, որ իրեն ֆիզիկոս դառնալու հարցում մաթեմատիկայի արքա Գաուսից ավելի շատ բան տվեց Դոստոևսկին: Մշակույթի, գիտության ուժը անչափելի է, ամեն մեկը չի գնում զոհաբերության հանուն դրանց, ինչպես, օրինակ, Ջորդանո Բրունոն: Ի՞նչ արեց Գալիլեո Գալիլեյը. ընդամենը առաջարկեց նայել ու տեսնել: Չարեցին: Սա տոտալիտար աշխարհի նկարագիրն է: Մարդ կա` չգիտի, բայց ուզում է իմանալ: Մարդ էլ կա` չգիտի, չի էլ ուզում իմանալ: Վերջինը մարդկության ամենավատ տեսակն է: Եվ Գալիլեյի տապանագիրը հանճարեղ է. «Նա կուրացավ, քանի որ բնության մեջ էլ ոչինչ չէր մնացել, որ տեսած չլիներ»: Այսպիսի մտքերը, բառերը կարող են մարդուն պահել, ապրեցնել, թույլ չտալ, որ նրա տեսակը վերանա աշխարհի երեսից:

«ԵՍ ԻՄ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԵՏ ԽՈՍՈՒՄ ԵՄ ՄԻՆՉԵՎ ՆՐԱՆՑ ՍՏԵՂԾԵԼԸ»

-Անդրադառնանք Սունդուկյանի անվան թատրոնի բեմում մարմնավորած Ձեր երկու կերպարներին, որոնք խիստ հակասական են, միմյանցից արմատապես տարբեր: Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայում խաղում եք կույր վանական, Թեննեսի ՈՒիլյամսի «Տրամվայ «Ցանկություն»»-ում` Ստենլի Կովալսկի: Իբրև ստեղծագործող` ո՞ր ամպլուայում եք Ձեզ առավել լիարժեք զգում, ո՞ր կերպարն է ավելի նպաստում Ձեր դերասանական ձիրքերի բացահայտմանը:

-Երկու կերպարներն էլ շատ տարբեր, բայց հավասարաչափ թանկ են ինձ համար: Ես իմ հերոսների հետ խոսում եմ մինչև նրանց ստեղծելը: Գիշերները զրուցում եմ նրանց հետ, կիսվում, որպեսզի իրենք էլ ինձ ինչ-որ բան տան` իրենց ստեղծելու համար: Իհարկե, կույր վանականն ինչ-որ եթերային թռիչք է հանդիսատեսի համար: Շատ անգամ եմ ներկայացումից հետո լսել հաճելի կարծիքներ: Դա մի տեսակ իդեալական կերպար է: Եվ Լևոն Շանթի թոռն էր հիացական կարծիք գրել այդ կերպարի մասին` ներկայացումը դիտելուց հետո: Ինչ վերաբերում է Թեննեսի ՈՒիլյամսի պիեսում խաղացած կերպարին, պիտի ասեմ, որ ինձ համար տարօրինակ դեր է: Ես հնարել եմ այդ կերպարը որպես տեսակ: Դա այն եզակի դերերից է, որ ես չեմ բարձրանում բեմ` խաղալու: Կարծես հերոսն արյանս մեջ լինի, կարծես օրգանիզմումս նստած լինի այդ կերպարը: Այդպես է կառուցվել դերը: Ոչ թե ես եմ այդ տեսակի, այլ դերն է այդ տեսակ կառուցվել: Կարիք չկա ինչ-որ ավելորդ բան անելու. բարձրանում ես բեմ, ու ինքդ քեզ հետ ես: Ես երկուսին էլ շատ եմ սիրում` կույր վանականին էլ, Ստենլի Կովալսկուն էլ: Երկուսն էլ իրենց տեսակի մեջ լավն են, ասելիքով հարուստ են:


Զրույցը վարեց

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2640

Մեկնաբանություններ