38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Տավուշյան «դժբախտ ու դժգույն» գյուղերը

Տավուշյան «դժբախտ ու դժգույն» գյուղերը
21.03.2024 | 14:48

ԱԺ-ն դիմակներ պատռելու վայր է:

Երեկվա միջադեպը մեր հիվանդ հասարակության արտացոլանքն է:

Իհարկե, ոչ մի նորություն չկար՝ նույն փողոցային վարքագիծն էր, մեր ու մանկան, հեր ու գլխի-գլխի հոր ու այլ բաների գլուխների հիշատակումն էր;

«Քուչի բազառներից» անդին, հատկանշական էր վարչապետի անկեղծ մի խոսքը, որն հնչեց ԱԺ-ի բարձր ամբիոնից:

Թե բա՝ «Կիրանց-Բաղանիս ճանապարհահատվածում ոչ մի խանութ, հյուրատուն չկա»:

Ասել կուզի՝ Աժ-ում հաստատվում է՝ Կիրանցը, Բերքաբերը, Բաղանիսն ու Ոսկեպարը «դժգույն, դժբախտ գյուղեր են»:

Ինչ խոսք՝ խայտառակ եղանք:

Տեսե՛ք, թե ի՜նչ է պարզվում. բա, ճիշտ է ասում, եթե մի հատ հյուրատուն ու ռեստորան չկա, ուրեմն էն գլխից այդ տարածքը մերը չի եղել:

Մերը լիներ ռեստորանն էլ, հյուրատունն էլ ճանապարհին կլինեին:

Իսկ եթե լուրջ, ապա սրանից խոսուն արտահայտություն դժվար թե լիներ:

Ի դեպ, շատ ծանոթ բառամթերքով դիրքորոշում է:

Սրա տակ կարելի է հասկանալ ու հենց հասկացվում է այն, որ ըստ վերջինիս այդ տարածքը հայկական չէ, որ եթե հայկական լիներ հիմա «օբյեկտներ» էին այնտեղ լինելու, ինքն էլ դրանցից մեկում գոնե մի բաժակ սուրճ էր խմելու:

Հետևաբար, Շուշիի սցենարով՝ Կիրանցը, Բաղանիսը, Բերքաբերն ու Ոսկեպարը դժգույն, դժբախտ գյուղեր են:

Դե արի ու այս մարդուն բացատրի, օրինակներ բեր, որ Վայոց Ձորի մարզից հետո դեպի Սիսիան քաղաք միջպետական ճանապարհին (65 կմ), Գորիսից Կապան, Կապանից Քաջարան, Քաջարանից Մեղրի, Գյումրիից Աշոցք, Թալինից Մարալիկ հատվածներում ևս ոչ մի խանութ անգամ բենզալցակայան չկա:

Ավելին՝ այդ միջպետական նշանակության ճանապարհներն էլ այն աստիճան անմխիթար վիճակում են, որ մարդ ամոթից գետինն է մտնում:

Այդ ճանապարհով երթևեկողի մոտ 90-ականների մութ ու ցուրտ տարիներն են աչքի առաջ գալիս, իսկ օտարերկրացին սարսափի մեջ է հայտնվում՝ վախենալով, թե շեղվել է հիմնական ճանապարհից՝ հայտնվելով անգամ ոչ թե միջհամայնքային, այլ սարերի յայլեք տանող ճանապարհներին:

Եվ հիմա ի՞նչ. ըստ այդ տրամաբանության այդ հատվածներն է՞լ են «դժբախտ ու դժգույն», հետևաբար, կարող է և հանձնվե՞ն:

Փաշինյանի դեպքում, իհարկե՛ չի բացառվում:

Ինչը, որ պետք է տա, դա իր համար դառնում է «դժբախտ ու դժգույն»:

Այնպես, որ արտառոց բան չկա, ուղղակի հերթը տավուշյան գյուղերինն է:

Վերջինիս բացահայտումներից մեկն էլ եղավ՝ «եթե կայուն և տևական խաղաղության համար պետք լինի միջազգային հայցերից հրաժարվել, ապա կարող ենք գնալ այդ քայլին» արտահայտություն:

Այս մասին նախորդ հոդվածումս անդրադարձել էի, որ չզարմանաք, եթե վարչապետը շուտով նաև այս մասին բարձրաձայնի:

Շաբաթն ուրբաթից շուտ եկավ, վերջինս էլ նման առաջարկով հանդես եկավ:

Ինչևէ, սա է այս մարդու պատկերացրած պետությունը, պետության պարամետրերը, անվտանգային համակարգի տեսլականը:

Նորություն չէ, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը բացարձակ կոմպետենտ չէ պետական կառավարման և ռազմավարական պլանավորման գործում, առաջնորդվում է բացառապես մակերեսային ամբոխահաճո կրքերով, դեմագոգիայով, շահադիտական նպատակներով և արկածախնդրությամբ։

Ի դեպ, ասեմ, որ հետո չզարմանաք. Ալիևը թքած ունենալով Ալմա-Աթայի հռչակագրի ու քարտեզների վրա, Հայաստանին է դեմ տվել 33 տարբեր քարտեզներ և ամեն տարածքային պահանջ ներկայացնում է ինչ-որ մի քարտեզի վրա հղում անելով։

ՀՀ գործող իշխանություններն էլ կատարում են բոլոր պարտադրանքները, որոնք դրվում են Ադրբեջանի կողմից։

Պատճառն էլ գիտենք՝ միակողմանի զիջումներով փորձում են խուսափել պատերազմից։

Դրա համար էլ Փաշինյանը Ալիևի սուրհանդակի գործն է անում Հայաստանում:

Նրանից լավ անգամ Ջեյհուն Բայրամովն ու Հիքմեթ Հաջիևը չեն ներկայացնում իրենց պահանջները Հայաստանին:

Իսկ իրականությունը նաև հետևյալում է. եթե Փաշինյանն ինքնակամ տարածքներ չհանձնի, Ալիևը դրանք պատերազմով չի կարող վերցնել:

Ադրբեջանը միջազգային ասպարեզում այժմ շատ դժվար է մարսում ռազմական ճանապարհով Արցախի ձեռքբերումը, հայերի էթնիկ զտումն ու ցեղասպանությունը:

Նոր պատերազմ սկսելը չափազանց ռիսկային է, այն մեծ վտանգներ է պարունակում Բաքվի համար, և նա դա քաջ գիտակցում է:

Էլ չեմ ասում, որ դրա համար չի ստացել «դաբրո» ու կանաչ լույս և չունի համապատասխան միջազգային կոնսենսուս:

Այդ իսկ պատճառով էլ նա չի դիմում ռազմական գործողությունների, անգամ այս պահին չի էլ խոսում այդ մասին:

Այդ մասին բացառապես խոսում և դրանով ժողովրդին սպառնում է Նիկոլ Փաշինյանը:

Ալիևը պատերազմելու համար լեգիտիմ որևէ հիմք չունի: Դրա համար էլ լեգիտիմ հիմքերի որոնումը գցել է Փաշինյանի վրա։

Վերջինս էլ «ճիշտ գիծը բռնած» անում է իր անելիքը:

Այնպես, որ Հայաստանի ինքինշխան տարածքները (ինչքան էլ տարբեր քարտեզներ մեր աչքը կոխեն), հնարավոր է հանձնել միան Հայաստանի ղեկավարության դավաճան կամքով:

Անգամ ադրբեջանցիներն են շշմած Փաշինյանի՝ սեփական ժողովրդին պատերազմով սպառնալու ունակությունից:

Քիչ է մնում ասեն՝ դա մեր անելիքն էր, թող մենք կսպառնանք:

Դե իսկ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ևս անդրադառնալով այս դեպքերին, ասում է որ այդկերպ Փաշինյանը ներքին խնդիրներ է լուծում, բայց և ավելացնում, որ պահանջների ցուցակն անվերջ է:

Հետո կգան «միջանցքի», Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի նկատմամբ հարցերն ու պահանջները։

Որ, օրինակ, «Սևանի (Գոյկչայի) կեսը Ադրբեջանինն է», որ երկարաժամկետ առումով Բաքուն պետք է վերահսկողություն սահմանի խմելու ջրի պաշարների հանդեպ, որ Բաքուն խորհրդային շրջանի որևէ քարտեզ չի ընդունում և որ ամեն հարցի հետ կապված պետք է տարբեր քարտեզներ կիրառել։

Եվ այստեղ շատ պարզ ու տրամաբանական հարց է առաջանում.

եթե որևէ քարտեզ չկա, ոչ մի քարտեզ չի ճանաչվում, էլ ինչի՞ հիման վրա եք վտանգում ՀՀ-ն Իրանին ու Վրաստանին կապող միջպետական ճանապարհները։

Ինչու՞ եք ձեր իսկ գլխին արհեստականորեն խնդիրներ առաջացնում, ինչու՞ եք թշնամու քմահաճույքները բավարարում, ինչու՞ եք սեփական ժողովրդին վախեցնում ու սարսափի մեջ պահում:

Իհարկե սա տրամաբանողների համար:

Այդուհանդերձ, իր անելիքն անողի համար հազար ու մի արդարացում, պատճառ ու պատրվակ կգտնվի:

Աբսուրդ է…

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ