ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ-6

ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ-6
20.02.2012 | 00:00

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

(սկիզբը` նախորդ համարում)

Շավարշյանը լուռ լսելուց հետո վերցրեց լսափողը և կապվեց Հայաստանի կենտրոնական կոմիտեի երկրորդ քարտուղարի հետ:
Երկրորդ քարտուղարը, իրավասու չլինելով ինքնուրույն որոշում կայացնելու, ինքն էլ իր հերթին զեկուցեց Կրեմլ: Այնտեղից պատասխան ստացվեց, որ առաջնորդի արձանն իրենից պատմամշակութային արժեք է ներկայացնում, որ այն ամեն գնով պետք է պահպանել գալիք սերունդների համար: Վերջում ավելացրել էին, որ պատմամշակութային արժեքի համար շրջանի ղեկավարությունը գլխով ու կուսակցական տոմսով է պատասխանատու:
Շավարշյանն առաջնորդի արձանը տեսնելուց հետո լրիվ այլայլվեց: Նրա տեսածը շատ ավելի դաժան էր, քան Հայկազունու ներկայացրածը:
-Ի՞նչ ենք անելու, ընկերնե՛ր, կենտկոմից հրահանգ ունենք ամեն գնով վերականգնելու առաջնորդի արձանը:
Տեսնելով, որ Անդրանիկյանն ու Հայկազունին լռում են, Շավարշյանը խստացրեց խոսելու եղանակը.
-Ընկեր Անդրանիկյան, Դուք Ձեր կուսակցական տոմսով եք պատասխանատու արձանի վերականգնման համար։ Ինձ ոչ մի պատճառաբանություն չի հետաքրքրում: Դուք մեկ օր ունեք, որպեսզի առաջնորդը բարվոք տեսքով կանգնած լինի պատվանդանի վրա: Ժամանակին եթե տիրություն անեիք, կոթողն այս վիճակում չէր հայտնվի:
Խոսքն ավարտելուն պես Շավարշյանը, հաշվի չառնելով կոշիկների մեջ լցվող ջուրը, կտրեց անցավ պուրակը և նստեց մեքենան:
-Այսպիսի պատմություն, բարեկա՛մս, մի քանի տարի էր մնում թոշակիս, էս մի հոգավորը իր վերջին վատությունն արեց ինձ: Չհամբերեց անաստվածը, հրեշի վերածվեց շան որդին,- հառաչեց Անդրանիկյանը շփոթված ու նեղսրտած:
-Ես սրա ճարը գիտեմ,- հանգիստ ասաց Հայկազունին:- Հիմա կկանչեմ վարպետ Հրահատին, նա չնայած քարտաշ է, բայց ցանկացած քանդակագործի չի զիջի:
Մինչ Ազատը կբերեր քարտաշ Հրահատին, պուրակը լցվեց շրջկոմի բաժնի վարիչներով: Ամենայն հավանականությամբ, ՀԿԿ-ն պատասխանատվությունը դրել էր Շավարշյանի վրա:
Քիչ անց ՆԳԲ-ի օպերատիվ հերթապահը Հայկազունուն փոխանցեց Շավարշյանի կարգադրությունը, որպեսզի Հայկազունին անձամբ զբաղվի արձանի վերականգնողական աշխատանքով և պարբերաբար զեկուցի կատարվածի մասին:
Ակումբի աշխղեկը պատվանդանի բարձրության չափով փայտից մի հարթակ պատրաստեց, որպեսզի Հրահատը կարողանար աշխատել:
Վարպետ Հրահատը մոտ յոթանասուն տարեկան, միջահասակ, ամրակազմ, դեռ լրիվ չսպիտակած մազերով, արևից սևացած դեմքով, ամեն ինչի մասին իր ուրույն կարծիքն ունեցող, արդարամիտ, պարզունակ, իսկական սարեցի մի տղամարդ էր: Նա որքան լավ մասնագետ, այնքան էլ դյուրագրգիռ մարդ էր:
Մեկ ժամ անց Հրահատը, քթի տակ մռթմռթալով, իր գործիքներով արդեն հարթակի վրա էր:
Նա մի երկու անգամ առաջնորդի գլուխն ուսումնասիրելուց հետո հարթակի վրայից դժկամորեն հայտարարեց.
-Ըստուց բան դուրս չի գա, ընկեր պետ, ձեռք տվեցի թե չէ՝ ես էլ կրակը կընկնեմ, Դուք էլ:
Հայկազունին կարգադրեց նրան անհապաղ գործի անցնել:
-Դե լավ, ոնց կասեք, ընկեր պետ, ես չեմ ճանաչում էն արհեստավորին, որ ըստուց գլուխ կհանի:
Հրահատն իր կարճ ու հաստ, երկաթյա մատներով բռնեց առաջնորդի գլխի մեջ ցցված ցողունի ներքևի մասից և դուրս քաշեց այն առանց դժվարության։ Արմատները մի քանի անգամ ավելի մեծ էին, քան ցողունը: Կարելի էր մտածել, որ դրանք քաղցկեղի ճյուղերի նման տարածվել են առաջնորդի մարմնով մեկ, որից փրկություն չկար: Արմատի մեծությունը տեսնելուն պես, շրջանային ակտիվի ներքևում կանգնած անդամները, որ հավասարապես վախենում էին պատասխանատվությունից, խոր հառաչեցին և վայնասուն բարձրացրին։ Դա ազդեց վարպետ Հրահատի վրա, և նա հարթակի վրայից նյարդայնացած արձագանքեց.
-Ընկեր պե՛տ, կամ ես եմ աշխատում, ըտոնք լռում են, կամ էլ իջնում եմ, թող գան՝ սրա գլուխը իրանք շինեն:- Հարթակի տակ ծանր լռություն տիրեց, ամենքին էլ պարզ էր, որ Հրահատն իրեն լավագույն կողմով չդրսևորեց: Նա նույնիսկ համարձակվեց անհարգալից դիմել առաջնորդի արձանին, ուղղակի ավելի քան անհարգալից վերաբերվել շրջանի ակտիվին: Ներքևում կանգնածներից յուրաքանչյուրին էլ պարզ էր, որ Հրահատին փոխարինող չկա։ Հարկավոր էր լռել։
Հրահատն ամեն անգամ ուղղակի դիմում էր Հայկազունուն՝ անտեսելով Անդրանիկյանին:
-Դու ուշադրությունդ մի՛ շեղիր, վարպետ Հրահատ, մենք կլռենք, միայն թե գործդ ավարտիր,- այս ասելով՝ Հայկազունին դիմեց հավաքվածներին,- ձեզ հայտնի է վարպետի անհաշտ բնավորությունը, եկեք լռենք, թողնենք, որ նա հանգիստ աշխատի:
Մինչ Հայկազունին կարգադրություններ էր անում, Հրահատը բրիչով մի ցեխի կույտ հանեց արձանի գլխից: Հավաքվածները նորից արձագանքեցին՝ առաջինից ոչ պակաս լսելի հոգոցներով: Հրահատն անմիջապես հարթակից արձագանքեց ակտիվի հոգոցին.
-Ես չեմ աշխատի, ընկեր պե՛տ, կամ ըստոնք, կամ ես:
Այստեղ Հրահատը մտածելու ոչինչ չթողեց. իհարկե` նա, այլ ոչ թե ներկաները:
-Ընկերնե՛ր, կներեք, բայց հասկանում եք գործի կարևորությունը, խնդրում եմ ազատեք պուրակի տարածքը, շուտով ես էլ ընկեր Անդրանիկյանի հետ կգամ, որպեսզի մեր ներկայությամբ չխանգարենք վարպետ Հրահատին:
Ակտիվին ոչինչ չէր մնում անելու, եթե ոչ թողնել պուրակի տարածքը:
Հայկազունին և Անդրանիկյանը մնացին ներքևում, իսկ նրանցից քիչ հեռու կանգնած էր Ազատը:
Հարթակից լսվեց Հրահատի աշխույժ ձայնը.
-Ընկեր պե՛տ, չես հավատա, ըստու գլուխը համ էլ որդնուկ ա:
Մինչ Հայկազունին կհասցներ նկատողություն անել, Հրահատն առաջնորդի գլխից մի մեծ անձրևորդ հանեց, մանկան ուրախություն ապրելով։
-Իսկապես որ որդնած է,- կիսաձայն ասաց Անդրանիկյանը:
-Լավ էր ժամանակին ակտիվին ուղարկեցինք, էս անձրևաորդի պատմությունը մարսել չէր լինի,- կամաց ասաց Հայկազունին Ազատի կողմը շրջվելով։ - Ազատ, ինչո՞ւ ես ժպտում:
-Ընկեր պե՛տ, ես ոչինչ չեմ տեսել:
Հարթակից նորից լսվեց վարպետ Հրահատի խզված ձայնը.
-Ինձ սրբիչ, երկաթի մեկմետրանոց լար, գիպս, ամանով ջուր ու ալյումինի փոշի ա հարկավոր:
Հայկազունին շրջվեց դեպի իր վարորդը, իսկ վերջինս կես հայացքից հասկանալով նրան, անմիջապես շարժվեց դեպի մեքենան՝ Հրահատի պահանջը բավարարելու:
-Ազա՛տ, - ձայն տվեց Հայկազունին,- սրբիչը կարող ես իմ հանգստի սենյակից վերցնել:
Ազատն իրեն երկար սպասել չտվեց, կես ժամից Հրահատի պահանջածը հարթակի վրա էր:
Վարպետ Հրահատը սրբիչը չալմայի նման փաթաթեց առաջնորդի գլխին, սրբիչի վրայով ձգեց երկաթե լարը, մուրճի կոթն անցկացրեց լարի հանգույցի միջով և սկսեց մուրճի կոթը կամաց պտտեցնել ժամացույցի սլաքի ուղղությամբ: Պուրակում պարզ լսվում էր չոր գիպսի ճռթճռթոցը: Առաջնորդի ճակատի ճեղքվածքը սկսեց տեղի տալ, աչքերը դանդաղորեն մոտեցան քթին: Անդրշիրիմյան հրեշը կամաց-կամաց մարդու կերպարանք էր ստանում: Վարպետ Հրահատը մի պահ կանգնեց, ձեռքի ափով սրբեց ճակատի քրտինքը և նորից սկսեց պտտեցնել մուրճի կոթը: Արձանի պարանոցից շռնդալից մի մեծ կտոր գիպս պոկվեց և հարվածեց Հրահատի ուսին: Սակայն խնդիրը պոկված գիպսի կտորը չէր, այլ արձանի պարանոցից նոր դուրս ցցված երկաթալարը: Հրահատը լուռ կատաղությամբ փորձեց այն իր տեղը հրել։
Երկաթալարի կտորը աստիճանաբար մտնում էր իր տեղը: Մնում էր մի քանի սանտիմ, և լարը կկորչեր պարանոցի մեջ, բայց առաջնորդի աջ ձեռքը կոտրվեց արմունկից և կախվեց դեպի ամորձիները:
-Ընկե՛ր պետ, ես սկզբից զգուշացրի, որ սա փթուկ ա, ինձ չլսեցիք, հիմա ես ի՞նչ անեմ, ինձ էլ Ձեզ հետ խայտառակ արեցի:
-Վարպետ Հրահա՛տ, մենք միտք անգամ չունենք քեզ մեղադրելու, հասկանալի է, որ գիպսը իր դարն արդեն ապրել է: Դու գործդ վերջացրու, աշխատիր պարանոցն ու թևը կպցնել, մենք քիչ հետո կգանք: Ազատը կմնա քեզ մոտ, եթե հարց ունենաս, դիմիր նրան,- ասաց Հայկազունին, ապա անցավ Անդրանիկյանին հուսադրելու.
-Չվհատվես, ընկերդ գտել է փրկությունը, գնանք Շավարշյանի մոտ, կասեմ:
Անդրանիկյանի դեմքին գույն չէր մնացել, նրա խոսելն անգամ չէր գալիս:
(շարունակելի)

Դիտվել է՝ 19698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ