Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Երկաթի կտորին հիշողություններ չեն կպչում

Երկաթի կտորին հիշողություններ չեն կպչում
14.03.2024 | 07:28

Մեր հեռախոսապաշտ հասարակության մեջ դարաշրջանն այֆոնի մոդելով է որոշվում՝ այֆոն 1-ի դարաշրջան, այֆոն 5-ի դարաշրջան և այլն։ Երևի մի հիսուն տարի հետո տատը թոռներին կպատմի, որ դեռ այֆոն 9-ի օրոք է ամուսնացել, ու հենց առաջին գիշերն անկողնում ամուսինը հեռախոսը ձեռքից վերցրել է, որովհետև պարզվել է, որ առանց հեռախոսի էլ կարելի է իրար հետ շփվել։ Իսկ թոռները կասեն՝ ա՛յ տատ, դու էդ ի՜նչ նախնադարյան ժամանակներում ես ապրել, ուրեմն, էդ ծանր երկաթի կտորը ձեռներդ փողոց էիք դուրս գալիս, հա՞։

Իսկ էն տարիներին, երբ մենք դեռ չգիտեինք, որ հեռախոսի անունն այֆոն է, ու հեռախոսները կապած էինք պահում, դարաշրջանը որոշվում էր նոր լույս տեսած գրքերով։ Դուրս էր գալիս «Հաղթական կամարը», ու ամբողջ ազգը սկսում էր «Հաղթական կամար» կարդալ, զբոսնել երևակայական Փարիզներում ու կալվադոս խմել՝ պորտվեյնի շշով։ Ով էլ չէր կարդում, ձև էր անում, թե կարդում է, որ մարդու տեղ դնեին։ Հետո՝ Բյոլ էր հայտնվում, ու բոլորը սկսում էին ծաղրածուի աչքերով նայել աշխարհին, մեկ էլ՝ Բյորնս, ու տղերքը, աղջիկների պատուհանների տակ սուլելով, նրանց դուրս էին կանչում։

Գրքերի դարաշրջանը փոխադարձ հարստացման դարաշրջան էր։ Այֆոնն ուրիշին չես տա, իսկ գիրքը ձեռքից ձեռք էր անցնում՝ էնքան, մինչև մաշվում, քրքրվում էր։ Մաշված գիրքը պատկառանք էր առաջացնում։ Նշանակում էր՝ էնքան հետաքրքիր է, որ իր ֆիզիկական կյանքից երկար է ապրել։ Հա՛, մաշված գիրքը մաշված եկեղեցու նման էր, դրա մաշված էջերին բազմաթիվ աղոթքներ էին մնացել, մտքեր էին սառել-մնացել, հայացքներ։ Մաշված գիրքը կենդանի մարդու նման էր՝ խոսում էր հետդ։

Իսկ պատահում՝ էր մի երկու տարի առաջ կարդացած գիրքը վերընթերցում էիր, ու ստացվում էր իսկական պոլիֆոնիա՝ Յոհան Սեբաստիան Բախ։ Գրքի պատմած պատմությանը զուգահեռ՝ ամեն էջի հետ բացվում էր քո սեփական պատմությունը՝ հիշում էիր, թե անցյալ անգամ ոնց էիր կարդում էդ էջը, ինչ էիր մտածում, ինչ էիր զգում, որ տողի վրա հեռախոսը զանգեց, որ էջի վրա գիրքն ափսոսանքով փակեցիր, որ քնես։ Իսկ եթե ինչ-որ էջի վրա սուրճ էր կաթացել, էդ սուրճի կաթիլը, ոնց էլ լիներ, մտնում էր գրքի սյուժեի մեջ ու գրքի հետ անմահանում։

Եթե այֆոնի վրա սուրճ կաթա, կմաքրես ու կմոռանաս։ Ա՛յ, էդ սուրճի նման էլ մնացած ամեն ինչն է մաքրվում ու մոռացվում, որովհետև երկաթի կտորին հիշողություններ չեն կպչում, սայթաքում են փայլուն ապակյա երեսին, ընկնում գետնին ու կորում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 4480

Մեկնաբանություններ