38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-7

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-7
05.10.2024 | 19:20

(սկիզբը` այստեղ)

Ինչպես մենք այս հոդվածաշարի նախորդած հրապարակումներում, ռազմական փորձագետ Անդրեյ Կոշկինը նույնպես նախազգուշացնում է Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմի հավանականության մասին՝ նշելով, որ Թել Ավիվը պատասխան հարվածներ է պատրաստում Իրանի ռազմավարական օբյեկտների ուղղությամբ:

Ինչպես «Info24»- ին հայտարարել է Գ. Վ. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ, ռազմական փորձագետ Անդրեյ Կոշկինը, Իսրայելի ուղղությամբ իրանական հրթիռային հարձակումը կարող է խոշոր հակամարտության պատճառ դառնալ Մերձավոր Արևելքում:

Ըստ փորձագետի, հոկտեմբերի 1- ին Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումը հենց շրջադարձային կետ է։

«Ոչ Իրանը, ոչ էլ Միացյալ Նահանգները չեն ցանկանում ներքաշվել պատերազմի մեջ, սակայն կարող են դառնալ իրավիճակի պատանդը,- ասել է Կոշկինը:- Բացի այդ, մենք տեսնում ենք, որ Իսրայելն անընդհատ շիկացնում է մթնոլորտը, որպեսզի այդ հակամարտությունը վերածվի լայնամասշտաբ հակամարտության»։

Փորձագետի խոսքով՝ Իսրայելը շուտով կսկսի նախապատրաստվել հարձակմանը պատասխանելուն, որը, հավանաբար, կներառի ավիահարվածներ Իրանի տարածքում առանցքային օբյեկտներին:

«Այժմ հրեաները կնշեն իրենց Նոր տարին հրեական օրացույցով (հոկտեմբերի 4- ին.- Ա.Հ.), որից հետո Թել Ավիվը կպատրաստվի և պատասխան հարված կհասցնի,- հայտարարել է Կոշկինը։- Այդ գործողությանը կներգրավվեն կործանիչներ, որոնք կհարվածեն էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչպես նաև իրանական միջուկային հետազոտությունների կենտրոններին։ Ընդհանուր առմամբ, Իրանը լավ ուսումնասիրված է Իսրայելի կողմից, իսրայելցի զինվորականները գիտեն բոլոր խոցելի տեղերը, որոնց կարելի է շոշափելի հարվածներ հասցնել»:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն Իրանի հարձակումն անվանել է «մեծ սխալ» և խոստացել, որ Իրանը դրա համար «կվճարի»: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին սպառնացել է էլ ավելի հզոր հարվածներով, եթե Իսրայելը պատասխանի:

Այսօր էլ Իրանի հերթական սպառնալիքով կամ նախազգուշացմամբ հանդես է եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ, ծովակալ Ալի Ֆադավին: Իրանական «Mehr» գործակալության տեղեկացմամբ, Ֆադավին հայտարարել է, որ Իրանը կհարվածի Իսրայելի էներգետիկ ենթակառուցվածքի բոլոր օբյեկտներին, եթե վերջինս հարձակվի Իսլամական Հանրապետության վրա:

«Եթե օկուպանտները սխալ թույլ տան, մենք հարված կհասցնենք նրանց էներգիայի բոլոր աղբյուրներին, բոլոր նավթավերամշակման գործարաններին և գազի հանքավայրերին»,- ասել է ԻՀՊԿ- ի հրամանատարի տեղակալը:

Ֆադավին ընդգծել է, որ Իրանը մեծ երկիր է՝ բազմաթիվ տնտեսական կենտրոններով, այն դեպքում, երբ Իսրայելն ունի ընդամենը երեք էլեկտրակայան և մի քանի նավթավերամշակման գործարան, որոնց Թեհրանը կարող է միաժամանակ հարվածել:

Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ վերջերս Իսրայելին ուղղված Իրանի հրթիռային հարվածը նվազագույն պատիժն է նրա հանցագործությունների համար: Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Թեհրանն իր բոլոր պարտավորությունները կկատարի հզոր կերպով ու վճռականորեն, ընդ որում, «ոչ հապաղելու է, ոչ էլ շտապելու»:

Ներկայիս շիկացած իրավիճակում ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենը, ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հաստատել է Իսրայելին ու նրա ժողովրդին Միացյալ Նահանգների աջակցությունը: Բայդենն ավելի վաղ հրամայել էր ամերիկացի զինվորականներին օգնություն ցուցաբերել Իսրայելին Իրանի հարձակումը հետ մղելու և հրթիռները խոցելու հարցում:

Ինչպես եվրոպացի դիվանագետներին վկայակոչելով, գրել է «Financial Times» թերթը, Եվրամիությունում խոստովանել են, որ գրեթե չեն կարող ազդել Իսրայելի իշխանությունների՝ Իրանի հարձակմանը պատասխան միջոցներ ձեռնարկելու որոշման վրա, ոչ մի երաշխիք չկա, որ Իսրայելը զերծ կմնա իրանական նավթային կամ միջուկային ենթակառուցվածքներին հարվածելուց, ինչպես դա խնդրում է Արևմուտքը:

ԵՄ- ի կամ Արևմուտքի այս դիրքորոշումը, հիշյալ «խնդրանքը» ոչ այլ ինչ է, եթե ոչ հրեշավոր կեղծավորություն: Իսրայելի իշխանությունների նշված որոշման վրա նրանց ի՞նչ ազդեցության փորձի կամ դրա իրական ցանկության, Իրանի նավթային կամ միջուկային ենթակառուցվածքներին հարվածելուց զերծ մնալու ի՞նչ խնդրանքի մասին կարող է խոսք լինել, երբ Արևմուտքը գլխավորող ԱՄՆ- ը ռազմական առումով շարունակում է աջակցել Իսրայելին, խոստանում օգնության հասնել իր գլխավոր մերձավորարևելյան դաշնակցին:

Թող Արևմուտքի «պապան» հրապարակավ հայտարարի Իսրայելին ռազմական աջակցությունից հրաժարվելու մասին և իրականում էլ դրանից հրաժարվի, որպեսզի Իսրայելը լավ մտածի Իրանի նավթային կամ միջուկային օբյեկտներին հարվածելուց առաջ և, հնարավոր է, հրաժարվի տվյալ որոշումից, այլապես մնացյալը փարիսեցիություն է:

Ավելի վաղ «New Yorker» ամսագիրը նշել է, որ իսրայելական օդուժը կարող է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու փորձ կատարել:

Ռուսաստանը մտահոգված է Իսրայելի էսկլացիոն ազդանշաններով՝ կապված Իրանին հնարավոր պատասխան հարվածի հետ, որը կարող է ներառել իրանական միջուկային օբյեկտները, անթույլատրելի է նույնիսկ նման սցենարների քննարկումը, «РИА Новости»- ին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Մենք լուրջ մտահոգության առիթ ենք տեսնում,- ասել է Ռյաբկովը:- Սկզբունքորեն հասկանալի է, որ ներկայիս հակամարտության ցանկացած էսկալացիա հղի է ծանրագույն հետևանքներով։ Ես նաև ուզում եմ ասել, որ միջուկային օբյեկտները, որպես այդպիսին, ամեն դեպքում, միշտ պետք է դուրս բերվեն ցանկացած հակամարտության ցանկացած շրջանակից։ Մենք այդ մասին խոսում ենք Զապարոժիեի ատոմային էլեկտրակայանի, Կուրսկի էլեկտրակայանի հետ կապված երկար ժամանակ։

ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ այժմ, «այն պայմաններում, երբ Իսրայելից շատ տագնապալի էսկալացիոն ազդանշաններ են լսվում, միջազգային հանրությանը, ներառյալ ՄԱԳԱՏԷ- ին և նրա ղեկավարությանը, պետք է ձայն բարձրացնել՝ ընդգծելով նույնիսկ նման սցենարների դիտարկման անթույլատրելիությունը»:

«Ցանկացած միջուկային օբյեկտի վրա հարձակման աղետալի հետևանքները գրեթե երաշխավորված են, էկոլոգիայի, հանրային առողջապահության տեսանկյունից դա ակնհայտ է բոլորի համար»,- հավելել է Ռյաբկովը:

Էկոլոգիայի, հանրային առողջապահության տեսանկյունից վերոնշյալ աղետալի հետևանքները Իրանի բնակչությունից և Իրանից բացի, սպառնում են նաև մեզ բոլորիս, եթե ոչ ամբողջ Հայաստանին, ապա Սյունիքի և Արարատի մարզերին, Երևանին, ինչին հանգամանորեն անդրադարձել ենք դեռ 2023թ. փետրվարին հրապարակված մեր «Իսրայելա- իրանական պատերազմն աղետալի կլինի նաև Հայաստանի համար. 4» հոդվածաշարով :

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ