Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Եվ աղետվել է մեր խիղճը

Եվ աղետվել է մեր խիղճը
12.12.2008 | 00:00

ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱԼԱԲԱՇԱՑՈՒՄ
«Իրավունքը de facto»-ի անդավաճան ընթերցողը լինելով` մի քիչ էլ ինձ «անվարձ հոտաղ» (Համո Սահյան), աշխատակից եմ զգում։ Թե ով ինչ է հասկանում քննադատություն, քննադատական հոդված ասելով, դա իր գործն է, որովհետև նորություն չէ շրջանառվող, ասես էժան գնով վաճառքի հանված էն անմիտ միտքը, թե... Եվ ուղտերի քարավանների նման պիտակներ են շարվում է՛լ իշխանամետի ճակատին, է՛լ ընդդիմադիրի թիկունքին, է՛լ ոչ ձուկ է, ոչ միս` ճամբարը շուտ-շուտ փոխողների ականջներին։ Էսքան փթերով դեմ, ընդդեմ, հակընդդեմ հոդվածներ են տպագրվում` տարբեր տրամաչափի իշխանիկներից սկսած մինչև նրանք, որ կոչվում են դիմավոր կամ անդեմ առաջին դեմք, երկրորդ դեմք, երրորդ դեմք... Կան, լցված են անդիմավոր հոդեր, ասում են, որ առաջին դեմքի գործ են անում։ Հազար հուզող հարցերը թող մլլան շատերիս հոգիներում, ծուխ-ծխանի անեն, թույլ տվեք մի անտեր դիպուկահար էլ մի քանի րոպեով ես դառնամ ու նշանառուեմ ամեն կարգի չինովնիկների ճակատին. անկախ ինչ ոճով, ինչ բառամթերքի զինանոցից է օգտվում լրագրողը, նա հետապնդում է գերագույն մի նպատակ, որը մեզ արթուն պահող երազի նման է։ Ոչ մի թունոտ լրագրող ու դառը թերթ չեն կարող ասել` տապալեցինք էսինչ հանցագործ իշխանավորին, կոռուպցիայի անհաշտ կամ խաղաղ ընտանիքի անդամներից մեկի դունչը հեռացրինք համատարած կերագռից (տաշտից)։ Իմ նպատակը նույնպես մեկն է` ապրել անկախությանը վայել երկրում, նույն օրենքը թող գործի Հայաստանի Հանրապետության ամեն մի քաղաքացու համար, չլինեն հունարի և կարմիր արյան խնդիրներ։ Մարտի 1-2-ի առիթով ի՜նչ բազմատեսակ «հանցագործների» կարողացան «յուրացնել» ու կալանավայրեր քշել։ Ձերբակալվածների մեջ կան անհատներ ու անհատականություններ, որոնցից թեկուզ մի նմուշ ունենալու դեպքում բազմաթիվ ազգեր միայն կհպարտանային։ Սարսափելին էն է, որ ամեն մի ընտրության նախաշեմ, բեմել ու ավարտ... ավարտվում են ոչ միայն արյունով, այլև ցեղային թշնամանքով, որովհետև` դու ո՞ւմ մարդն ես, որովհետև` իմ փայը քիչ է, նրա փայը շատ է։ Թեկուզ ժամանակավոր` փայբաժանողների աշխատատեղ է բացվում։ Վիրավորանք պիտի համարեմ, որ գյուղապետական ընտրությունները հիմա կոչվում են ալաբաշական ընտրություններ (ականջդ կանչի, Օձունի Մելիք, որ հայտնի ես ավելի պատվանունով` պարոն Ալաբաշ)։ Հիմա ցավն էն է, որ ալաբաշացավը փոխանակ խեղդելու իր բնում, դեմը չառան, ու զարհուրելի էդ ցավը, որ թռչնագրիպից ու խոզաֆրիկաժանտախտից բեթար է, մուտք գործեց նաև քաղաքներ ու հենց մայրաքաղաք։ Ասում են` ամեն ցավ իր դարմանն ունի։ Դարմանը կա, բայց ո՞ւր է դարմանողը։
Զարմանալիորեն մենք սիրում ենք ցավ պատճառել ու հեռու փախչել ցավից։ Ցավի տերը մենք չենք, ուրիշն է։ Ցավքաշ չենք դառնում։ Այնինչ այսօր ժողովրդական պատվավոր կոչումների պիտի արժանանային նրանք, ում բոլորովին պետք չէ։ ՈՒրախանանք, որ նմանները դեռ կան ժողովրդի մեջ, բուն Հայաստանում։ Մենք այսօր իրար ուտում ենք։ Մեծն Թումանյանը հանկարծ աչք բացեր, առաջին հրամայականը կլիներ` հանգցրեք կրակը։ Կրակը հրդեհ է դառնում ու լափլիզում է ամեն ինչ։
Հանգցնենք կրակը... Բայց ինչպե՞ս հանգցնենք, երբ յուղ լցնողներն իրենց սև գործն են անում` ժողովրդին թողնելով ոչ թե երկու, այլ ոտից գլուխ կրակի մեջ։ Ասես մոռացված խոսք է արթնանում` դարդ ու բողմի մեջ ենք։ Մեր միաբանությունը, միասնականությունը կորցրինք մեր միաբանության, միասնականության, չարենցյան ուսմունք-պատգամի... բազմաձայնության ժամանակ։ Կորցրինք հրապարակներում, ամենուր։
Թումանյանն ասել է...
Նժդեհն ասել է...
Չարենցն ասել է...
Որ ասել են` ի՞նչ։ Ավետիք ու Իշխան պապերս էլ ասել են, ու ձեր պապերն են ասել` ասողին լսող է հարկավոր, մեծին չլսողի ոտքը քարին կառնի։ Հովվերգական է` ժամն է արդեն իրիկնահացի։ Ի՞նչ իրիկնահաց։ Միաբանության ժամերգությունը ո՞վ դարձրեց ատելության ժամեր։
Ամեն արհավիրք համախմբում է ժողովրդին։ Ահավոր արհավիրքը` քսանամյակ առաջվա երկրաշարժը, համախմբեց մեր ժողովրդին։ Իշխանական խաբկանքներից հետո եթե էսքան ու էսպես էլ կանք, ուրեմն` փառք մեր մեռյալներին։ Ի՞նչ երեսով են նրանք իբր հիշում կամ մտնում Գյումրի, Սպիտակ, աղետի գոտու ամեն բնակավայր։ Իբր հոնգուր-հոնգուր դարդլամիշ լինողներից և ոչ մեկի ձեռքը քարի տակ չէ, որովհետև խնամքով կերել են նաև աղետյալների բաժին տները։ Այո՛, երիցս ճիշտ են հին ու նորերը. «Մեր տունը մենք կկառուցենք»։ Կկառուցենք, իհարկե, կկառուցենք ո՛չ միայն Հայաստանում, ո՛չ միայն տան տեսքով, այլև ամենուր, ցանկացած տեղ ու նաև շվեյցարական ապահով, երաշխավոր բանկերում։ Մեր ամենամշակութային գոտին է աղետվել, և աղետվել է մեր խիղճը։ Էսքան սո՞ւտ կլինի, որ փչում են խեղճ ու կրակ աղետյալների գլխին։ Էս իշխանավորների, օլիգարխների, ամեն ինչից հացքամողների ձեռից խելքս մաղում է։ Դրա համար նստեցի, որ ի՞նչ գրեմ ու չհասկացա էլ, թե ինչո՞ւ կամ ո՞վ ծռեց սամիս։
Հիշեցի` նստեցի, որ արձագանքեմ «Իրավունքը de facto»-ի թիվ 54-ում տպագրված, լրագրող Լիլի Մարտոյանի «Այդ «Ջիպը» ես եմ նվիրել սրբազանին» հարցազրույցին։ Դրանից առաջ կարդացել էի մտածող գրիչ Լևոն Մութաֆյանի «Վիհ է առաջացել Շիրակի թեմի և հավատացյալ ժողովրդի միջև» տագնապահար նամակը` ուղղված Ն.Ս.Օ.Տ.Տ. հայոց վեհափառին։ Ճիշտ է, հիմա ամեն մեկը ձգտում է պեծը (շեղջը, կրակը) իր բլիթի տակ քաշել, բայց մեր խելքն էլ հո կրակը չե՞նք գցել կամ մեր խելքի ձեռից հո կրակը չե՞նք ընկնելու։ Տարիներ շարունակ, եթե չասեմ դարեր շարունակ, իշխանավորը ցանկանում է հլու-հնազանդ դարձնել... ազնիվ ըմբոստներին։ Մենք ունևոր ու չունևոր ենք ասում, գլխին ծածկ չունեցող ու դղյակատերեր ենք ասում, առնետների ու դոմիկաբույս սնկերի հետ քնող (քնո՞ղ) ու արևելյան պերճանքների մեջ երազամույն ենք ասում, չոր հացը բկին դեմ առած ծերունի ենք ասում ու ճոխության մեջ ուռճացած կռտածներ ենք ասում... Ամեն խավ տեսնում ենք ու ներկայացնում... Աստծո աչքին, իշխողների խղճին, բայց, ասես, մոռանում ենք մեր եկեղեցու սպասավորներին։ Կարճ ասած, կոպիտ ասած` աղոթելով փոր չի կշտանում։ ՈՒ բնավ հիմա էն ժամանակները չեն, որ... տերտեր խաբեն, թե` տերտեր, աչքդ լույս, հարևան գյուղում մարդ է մահացել, հասիր... Տերտեր, դու տերտեր, գրպանի լոբիները հաշվելով գնում է, թե ե՞րբ կգա զատիկը։ Էսպես մտածելով գնում է, թե մեռելին թաղելուց հետո պինդ կուտի, գոտին կպնդանա մեջքին, էն էլ, էն էլ, մեղա քեզ, տեր Աստված, մեռել չկա... Կատաղում է տերտերը, փորուփոշման ծռում ճամփան, էն էլ գյուղամիջում հավաքված սոված մարդկանցից մինը ձենում է, թե` տերտեր, տերտեր, հետ արի, գնալ մի, մինս քեզ համար կմեռնենք (օղորմի ասենք նաև գյուղագիր Հարություն Ճուղուրյանին)։ Այո՛, էսքան հայոց թեմեր ենք ասում ոչ միայն Հայաստանում, Արցախում, Ջավախքում, Վրաստանում, Ռուսաստանում, աշխարհում, հեռուն թողած, մոտիկից խոսենք` ինչպե՞ս են ապրում հոգևոր մեր հայրերը։ Քանի՞ գյուղ ունի Ջավախքը և քանի՞ հոգևոր սպասավոր։ Նույնը` ԼՂՀ-ում, նույնը` Վիրահայոց թեմում։ Մտնենք Ռուսաստանի Դաշնություն։ Էսպես մտնենք աշխարհի էս ծերից ու դուրս գանք... որտեղ կամենաք։ Շիրակի թեմի սրբազանը եթե մի հեռավոր բնակավայր է մեկնելու ծառայողական պարտականությունները կատարելու, կարո՞ղ է խոնարհվելու և վիզ է ծռելու մեկին, թե... ոչ թե ձիդ, գրաստդ մեկ օրով տուր, այլ մեքենադ` մի երկու ժամով, բենզինն էլ ինքը կլցնի։ Վաղուց էդպես չէ ու անպայման լավ է, որ էդպես չէ։ Ոչ մեկս դատարան ու դատավոր չենք, ոչ թե նրա համար, որ մեզանում դատարանը դատարան չէ, ու դատավորն էլ նշանակման փուչ օրից դատավոր չէ, զրկված են ինքնա«բխու»թյունից ու գործա«բխու»թյունից, անգամ էս դեպքում իրավունք չունենք ոչ ու փուչ դատարանից ու եղյալ-չեղյալ դատավորից, մանավանդ «նրա»` իբր թե վճռորոշ վճռից առաջ ընկնելու։ Սրբազանը «ահաբեկել» է, «շորթել է» 16 միլիոն դրամ... ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի։ Եվ ահա ինքնակամ հայտնվում է ոչ պատահական մեկը` հայտնի գործարար ու բարերար Համլետ Ճորոխյանն ու ո՛չ դես, ո՛չ դեն, պարզ մի հեռախոսազրույցով կտրում... գորդյան հանգույցը։ Մեկին ու երկուսին չէ, որ լավություն է արել, պատրաստ է երեք տարին մեկ փոխել Միքայել սրբազանի մեքենան։ Չտես-չտես չզարմանանք։ Շարունակենք զարմանալ, թե ի՜նչ թանկարժեք մեքենաներ են վարում պաշտոնավորների, անհայտ ծագման օլիգարխների անհայտ ծագման լակոտիկները. աշխարհը նրանցն է` վերվարածներ են, մարդ էլ կխփեն, մեքենայի դողերի տակ էլ կճխլեն` ի՜նչ պատասխան։ Համլետ Ճորոխյանին չեմ ճանաչում։ Բայց նա ինձ համար դարձավ հայ մարդու տեսակ, ափսոս, թույլ գտնվեց (ստիպված) և խոստովանեց իր բարերար լինելը։ Իսկ Ճորոխյան ազգանունը... Ինչե՜ր ենք կորցրել, Ճորոխ գետն էլ հետը, մեր, մեղմ ասած, անխոհեմության, չկամության պատճառով։ Փոխանակ` ՇՆՈՐՀԻՎ շահած-պահած լինեինք մեր էությունը, մեր երկիրը։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6888

Մեկնաբանություններ