ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՋԱՎԱԽՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ

ՋԱՎԱԽՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ
24.03.2009 | 00:00

ՏԱԳՆԱՊ
Մարտի 20-ին Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունները հրապարակեցին երկրամասում ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարություն, ուր մասնավորապես ասված է. «Վերջին ժամանակներս Ջավախքում գոյություն ունեցող հիմնախնդիրների շուրջ ակտիվացել են հասարակական-քաղաքական քննարկումները: Հայտնվել են ինչ-որ ուժերի կողմից ուղղորդվող մարդիկ, որոնք կազմակերպված ձևով փորձում են հասարակության ուշադրությունը շեղել Ջավախքում գոյություն ունեցող բուն հիմնախնդիրներից: Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունները մշտապես քննարկել և բազմիցս Վրաստանի կենտրոնական իշխանությանն են ներկայացրել այն հիմնախնդիրները, որոնց լուծումից է կախված հայ ազգաբնակչության հետագա գոյատևումը Ջավախքում և հայ-վրացական բարեկամության ամրապնդումը:
Այս հիմնախնդիրներին են պատկանում ազգային ինքնության պահպանման, քաղաքական, հոգևոր-մշակութային, կրթական և սոցիալ-տնտեսական բնույթի հարցերը: Մասնավորապես, մեզ համար կենսական նշանակություն ունեն տեղական իշխանության մարմիններին ավելի լայն լիազորություններով օժտելը, վրաց պետական լեզվին զուգահեռ հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տրամադրելը, մարդու և համախումբ բնակվող ազգային փոքրամասնության իրավունքների պաշտպանությունն ապահովելը, վրացական իշխանությունների կողմից տարածաշրջանում ժողովրդագրական կազմի արհեստական փոփոխությանը միտված քաղաքականության, Ջավախք-Հայաստան բազմակողմանի կապերը միտումնավոր խոչընդոտելու քաղաքականության բացառումը, տարածաշրջանի հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ ապօրինի հետապնդումների ու հալածանքների բացառումը, հայ-վրացական պետական սահմանի Ջավախքի հատվածում սահմանի անցման արհեստական խոչընդոտների վերացումը, պետական կրթական համակարգի օպտիմալ համակարգումը հայկական ազգային կրթության հետ, տարածաշրջանում հայկական ազգային մշակույթի պահպանման և զարգացման միջոցառումների մշակումը և իրագործումը, Ջավախքում ներդրումային և հումանիտար քաղաքականությանը նպաստող օրենսդրական փաթեթի մշակումը:
Համոզված ենք, որ առանց այս խնդիրների լուծման, Ջավախքում կպահպանվի մշտական լարվածություն, և այդ պատճառով էլ մենք պայքարում ենք դրանց լուծման համար: Խնդիրները վերանում են դրանք լուծելով, ոչ թե դրանց բարձրացնողներին լռեցնելով: Մենք համագործակցում ենք այս խնդիրները բարձրացնող և նրանց լուծմանը նպաստող բոլոր հասարակական և քաղաքական կազմակերպությունների ու անհատների հետ և պայքարելու ենք բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում են անձնական նպատակներով հասարակության ուշադրությունը շեղել դրանից: Համոզված ենք, որ այս խնդիրների լուծման ուղղությամբ համընկնում են Հայաստանի և Վրաստանի պետական շահերը: Իսկական հայ-վրացական բարեկամություն կհաստատվի միայն բարձրացրած խնդիրների լուծման արդյունքում»: Հայտարարությունը ստորագրել են «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը, «Ակունք» միության նախագահ Մելս Թորոսյանը, «Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանը և Ջավախքի մտավորականների միության ղեկավար Ազատ Շիպակցյանը։
Վ. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1773

Մեկնաբանություններ