ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մոդայիկ է դարձել տաճարների կառուցումը, իսկ արվեստի տանիքը փուլ է գալիս»

«Մոդայիկ է դարձել տաճարների կառուցումը, իսկ արվեստի տանիքը փուլ է գալիս»
03.02.2009 | 00:00

«ԵՍ ՇԱՏ ԵՄ ՊՈԵՏԻԿ, ՔԻՉ ԵՄ ԿԻՆ»
Գրական աշխարհում առկա վեճերը հասարակության ուշադրության կենտրոնում են։ Ընթերցողի և ստեղծագործողի միջև անտարբերության մշուշը գնալով խորանում է։ Գրողն ու հասարակությունը հեռանում են իրարից։
Ժամանակավո՞ր է այս վիճակը, թե՞ մնայուն, իրոք, մտահոգիչ է։ «Իրավունքը de facto»-ի հյուրն է բանաստեղծուհի ՀՌԻՓՍԻՄԷՆ, «Ցոլքեր» հասարակական կազմակերպության ղեկավարը և համանուն ամսագրի գլխավոր խմբագիրը։
-Այսօր ո՞վ է Ձեր ընթերցողը։

-Ով դեռ գիրք է որոնում... Անտարբերության համաճարակը գնալով ծավալվում է։ Այն հազար ու մի ենթադրելի և իրական վիճակներ ունի։ Արդյունքում ստեղծագործողը կորցնում է իր թռիչքի թևերը... Ժամանակները հակամշակութային են։ Այն խոր և հեռագնա արմատներ ունի։ Շնչելի թթվածնի մեջ պակասել է հոգեկերտման բաղադրիչը։ Կա մի բանաձև. գրողը պիտի դերա զրկվի և միջնորդ չդառնա ժողովրդի և պետության միջև։
-Տարբերվո՞ւմ է կին ստեղծագործողն իր ձեռագրով։
-Հիմա փոխվել է ամեն ինչ։ Երբևէ չեմ պատկերացրել, որ նահանջներ պիտի ունենամ իմ սկզբունքների մեջ։ Աշխատել եմ թռիչքս լինի երամին համահունչ։
-Հիշեցի Ձեր տողերը. «Ես շատ եմ պոետիկ, քիչ եմ կին»։ Մի քիչ բացեք այդ աշխարհը։
-Արվեստագետը ճակատին մի անջնջելի խարան ունի, որը տեսակի բնորոշիչ է։ Նրա զգայական և հուզական աշխարհը ստիպում է երբեմն իր դուռը փակել աշխարհի առաջ, որ աղմուկը չթափանցի ներս, հայացքը չբախվի անցանկալիին։ Գրականությունը չի կարելի տարանջատել։ ՈՒրիշ խնդիր է, որ կանացիությունը, այն էլ փոքր չափաբաժնով, նրբացնում է պոեզիան։
-Այսօր ի՞նչ տենդենցներ կան։ Ինչո՞ւ են քիչ կարդում:
-Ցավալիորեն, պիտի ասեմ, խախտվել է արժեքների համակարգը։ Այսօր կանայք են աշխուժացել։ Չկա գրքի վերահսկողություն, ցավոք, այն դարձել է գրպանի խնդիր։ Գրամոլությունն իշխում է շուկայի վրա։ Հաճախ հուսահատությունից, մենակությունից ելնելով` կանայք սկսում են ստեղծագործել։ Հոգու ճիչը չի դառնում պոեզիա։ Բարեբախտաբար, այդ բանակում քիչ են տղամարդիկ։ Ավելի գերադասելի չէ՞ր լինի, որ նրանք սևեռվեին իրենց կենցաղի վրա։ Փորձում է թռչել, բայց դառնում է թպրտոց։ Մինչդեռ քարով խփում են ընթերցողի հավատին, և ճաքերն անխուսափելի են դառնում։
-Կպատմե՞ք «Ցոլքերի» մասին։
-Այն նպատակ է ու ճամփա։ Եկել է օժտվածների մի սերունդ, մի հերթափոխ և ուզում է իր խոսքն ասել։ Ես չէի կարող չկանգնել նրանց կողքին։ ՈՒթ տարի է գրողների միությունում գործում է այդ կառույցը։ «Ցոլքերը» ժամանակավոր իր առկայծումից պիտի ստանա այն հոգևոր ուժը, որը ստիպելու է տեղ տալ իրեն։ Շատերը գրքեր ունեն։ Միջավայրն օգնում է, որ քիչ-քիչ պարզացող դառնա երևույթը, յուրաքանչյուրն իր կշռույթը բերի գրականություն, թեև քչերը կդիմանան ժամանակի որձաքարին։
-Այդ ասում եք նրա՞նց։
-Ոչ։ Անկանխատեսելի են վիճակների տեղաշարժերը։ Մեկ էլ տեսար ամենաթույլը, չնախատեսվածը վերջից գալիս է, կանգնում իր տեղում կամ հակառակն է լինում։ Գրականությունը շարժում է սիրում։ Լճացումն աղետ է։ Կարևորվում է ներսի ուժը, որը երբեմն չի երևում կամ ուշ է երևան գալիս, ինչպես կորիզի միջուկը, երբ հեղուկից դառնում է ամուր տեսակ։ Մենք պաշտպանիչ կեղև ենք այս պահին, որ եկվորները մի վիճակից անցնեն մյուսին։
-Դուք ինչպե՞ս եք որակում այսօր գրողների միությունում տիրող վիճակը։
-Աղմուկն ավելի շատ է, քան իրողությունը։ Նախահամագումարյան վեճեր են, ուրիշ ոչինչ։ Ինձ հաճախ են հարցնում. «Ի՞նչ է կատարվում ձեզ մոտ»։ Այնպես մտահոգիչ է հարցադրումը, որ չեմ կարող չզարմանալ։ Կարծես մեծ բախումների մասին է խոսքը։ Այդպես չէ... Շենքում այնքան խաղաղ է, որ երբեմն ոտնաձայների արձագանքը դառնում է ցանկալի։ Կռիվը մնում է դրսում, որը քիչ-քիչ վերափոխվում է շոուի։ Ի՞նչ է պատահել։ Յուրաքանչյուրն իրավունք ունի նախագահ դառնալու ցանկություն ունենալ։ Թող հայտ ներկայացնեն։ Եթե կանցնեն, բրավո։ Ես չեմ ընդունում այս քարանետումները։ Առանց այն էլ վիճակներս մի բան չի։
-Ի՞նչ թերություններ եք տեսնում այսօր։ Բոլոր դեպքերում, աղմուկը կա։
-Լևոն Անանյանն աշխատող տեսակ է։ Ինչ-որ տեղ խոցելի է մրցանակների շնորհման հարցում։ Չեմ ընդունում այն տենդենցը, երբ գրողը դուռ ու պատուհան ծեծելով` ուզում է ասել, հիշեցնել իր բերածի մասին և մտնում է մրցավազքի մեջ։ Ստիպում է իր եսը, կարծես ուզում է դիմացինի գլխարկը թռցնել և, ինչու չէ, ստացվում է երբեմն...
-Դուք ի՞նչ մրցանակներ ունեք։
-Ես ոչ մի անգամ իմ գրքերը ժյուրիին չեմ ներկայացրել, թող գրական իմ ընտանիքն առաջարկի այդ։ Ես սիրում եմ ինձ, գիտեմ իմ արժեքը և սպասում եմ, որ մի օր բախելու են իմ դուռը։ Ազնիվ պիտի լինեմ, ուզում են նշել իմ 60-ամյակը, հրաժարվում եմ։ Քաղցր-մեղցր խոսքերի կարիք չունեմ։ Հումորով ասում եմ. «Անմրցանակ գրողի հոբելյանը չեն նշում»։ Կարծում եմ, ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ։ Ներկայանալու կարիք չունեմ, կա գործը, կա մարդը։
-Ի՞նչ կասեք Ձեր տպագրվող գրքերի մասին։ Հովանավոր ունե՞ք։ Դժվար չէ՞ խնդրի լուծումը։
-Բարեբախտաբար, այդ ուղղությամբ դեռ մատս չեմ շարժել։ Պետական պատվերի շրջանակներում եմ միշտ եղել։ Այսօր, երբ գիրքն ապրանք է, առավել ևս հոգածության կարիք է զգում։ Այն քիչ է հայտնվում վաճառասեղանին։ Հաճախ մնում է պահեստներում, կորցնում է իր Ժամանակը։ Գրքերի այդ «գերեզմանոցում» արժեքներ էլ կան։ Չգիտեմ` ինչո՞ւ արևերես դուրս չեն բերում։ Առանց այն էլ տպագրվող հինգ հարյուր օրինակը մի խղճուկ թիվ է գրողի համար։ Օրինակ, փորձում եմ 2008-ին տպագրված իմ գրքից մի քանի օրինակ գնել, չի ստացվում։ Պատճառաբանվում է, որ գինը դեռ որոշված չէ։ Մեկ տարի հետո, թիվը փոխված, փոշին կապոցների վրա` կփորձեն գրախանութներ ուղարկել։ Այն կդառնա հին հաց։ Կամ կմնա այդպես մթության մեջ, պահեստներում, ո՞վ իմանա, թե ինչ ճակատագիր կունենա հետո։
-Ի՞նչն է պատճառը նման վերաբերմունքի։
-Անտարբերությունը։ Պատկան իշխանավորների անդիմակ արհամարհանքը։ Մինչդեռ աղքատ ազգականի վիճակը տխուր բան է, այն էլ` ստեղծագործողի համար։ Այդ փոքրիկ բաժակով մեզ մատուցված օշարակի մեջ չի կարելի դառնություն խառնել։
-Հաճախ է խոսվում հնաոճ մտածողության մասին։ Ինչպե՞ս է գրողն իր ստեղծագործություններում արտացոլում ժամանակի պահանջները։
-Արվեստը մի հայելի է, որի մեջ պիտի նայես ամեն օր, զննես ինքդ քեզ, արդյոք վերափոխման կարիք ունե՞ս` սկսած սանրվածքից մինչև կոշիկը։ Կարո՞ղ ես ներդաշնակ լինել ժամանակին։ Ինչո՞ւ չէ, ժանյակներն ու թավիշն էլ հնանալ գիտեն։ Այսօր շատ ու շատ արժեքներ չեն դիմանում հնի ու նորի բախումներին։ Եկել է մի սերունդ, որը միշտ առաջ է նայում։ Դասականը համարվում է ժամանակավրեպ։ Նրանք բերել են իրենց պահանջները, իրենց հոգեկերտման ընկալումները դնում են սեղանին։ Փոխվել է բառի կշռույթի արժևորումը։ Հոգեփոխված այս սերունդը նոր պահանջներ ունի։ Նրան չես զարմացնի կարոտաբաղձությամբ, քնարերգության նրբերանգներով։ Իրատես է, սրահայացք, ներուժով լի։ Հոգու հեղաշրջում է ենթադրում։ Եվ դեռ հարց է` կորցնո՞ղն է, թե՞ գտնողը։ Զգայական կանաչ դաշտի վրա այս սերունդը փորձում է պատվաստներ անել։ Բերել է նաև իր գրականությունը, իր խոսքը և ուզում է իր տարածքի տերը լինել։ Խութերը ծանոթ են։ Այդ ճամփով անցել ենք նաև մենք...
-Ի՞նչը կփոխեիք Ձեր կյանքում և գրականության մեջ։
-Իմ մեջ ապրում է երեք Հռիփսիմէ։ Նրանք նման չեն իրար։ Միշտ մեկը հերքում է մյուսին։ Մի լուսանկարը նման չէ երկրորդին։ Բայց բոլորն էլ խոցելիության չափ շատ են հավատացող, ռոմանտիկ։ Չկարծրացան։ Մի քիչ էլ կուզենայի ապրել հակառակ բևեռում։ Այն պահվում է գուցե երկրորդ շնչառության համար։ Ինչ վերաբերում է գրականությանը, կասեմ. ստեղծագործողն իր ապրանքի տերն է։ Չի կարող նոր տարածք հորինել իր համար, թեպետ միշտ սպասում է հրաշքի։ Գույները կարող է փոխել, ոճը, բայց էությունը` երբեք։
Այն, ինչ կա, կա։ Կասեմ նաև` երբեմն արժանիք է այդ կայունությունը։ Նույն ջուրը մտնողը չի կարող անընդհատ լողազգեստ փոխել։ Մի բան կուզենայի, շա՜տ կուզենայի... ՈՒնենալ հնարավորություն բարեգործությունների համար, գրքեր տպագրել։ Մինչդեռ մականունավոր մեր անհատականությունները հեռու են այդ առաքելությունից և իրենց գրպանները փակ են պահում մշակույթի առաջ։ Մոդայիկ է դարձել տաճարների կառուցումը, իսկ արվեստի տանիքը փուլ է գալիս։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3970

Մեկնաբանություններ