Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Կյանքն ու մահը Արարչի ձեռքում են

Կյանքն ու մահը Արարչի ձեռքում են
04.09.2009 | 00:00

ԽԱՉՎԵՐԱՑ
Խաչվերացը, որը ժողովուրդը կոչում է Սբխեչ, Սուրբ Խաչի տոնի պարզեցված արտահայտությունն է։ Այս տոնը մեր հայոց ազգի մեծամասնությունը հիմնովին կապում է իր ննջեցյալների, այսինքն` անցած-գնացած հոգիների հիշատակման հետ։ Եվ շատ էլ լավ է անում, որ այդպես է վարվում, որովհետև Հիսուսի Խաչով է, որ քրիստոնյաները հաղթեցին ամենակուլ մահվանը, որպես դրա ապացույց Ինքը` Տերը, խաչելությունից երեք օր հետո հարություն առավ մեռելներից, որպես ապացույց համայն աշխարհին, որ Աստված ի զորու է մեռածին կենդանացնելու, քանզի կյանքն ու մահը Արարչի ձեռքում են։
Ննջեցյալներին հիշելը և նրանց հոգիների համար աղոթելը լավ է, բայց նաև օգտակար է, որ մենք այդ տոնակատարության բուն իմաստն իմանանք, որպեսզի առավել խորությամբ ըմբռնենք սուրբ Խաչի խորհուրդը։ Եվ թող ընթերցողը սխալ չհամարի, որ Տիրոջ Խաչը մեծատառով է գրվում, որովհետև մեր փրկությունը Հիսուսի Խաչով է կայացել, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Նա (Հիսուսը) ներեց մեզ մեր բոլոր հանցանքները և ոչնչացրեց հրամաններով հաստատված այն պարտամուրհակը, որ մեր դեմ էր, վերացրեց այն մեջտեղից և մեխեց Խաչափայտին» (Ա Կորնթ. 1.5)։
Եվ դարձյալ. «Կորստյան մատնվածների համար Խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն» (Կողոս. 2.17):
Իսկ հիմա, երբ ծանոթանանք տոնի պատմական ակունքներին, այդժամ կհասկանանք, թե ինչու է այն Խաչվերաց կոչվում։
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆ
614 թվականին պարսիկները գրավում են Երուսաղեմ քաղաքը և բարբարոսաբար կողոպտում թանկարժեք իրերը, սուրբ մասունքները, այդ թվում` որպես անարգանք քրիստոնյա աշխարհին, իրենց հետ գերության են տանում Քրիստոսի Խաչափայտը՝ Զաքարիա պատրիարքի հետ։ Մահմեդականների արարքը խոցի նման ցավ էր պատճառում քրիստոնեական աշխարհին, բայց զորավոր պարսիկների դեմ ոչ ոք չէր համարձակվում պատերազմել, մինչև որ 14 տարի անց՝ 628 թվին, Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակի գլուխն անցած, հարձակվում է պարսիկների վրա, պարտության մատնում նրանց և ազատագրում սուրբ Խաչն ու տուն վերադարձնում Զաքարիա պատրիարքի ուղեկցությամբ, որը մեկ տարի անց վախճանվում է։
Որպես պատմական փաստ նշենք, որ այդ բանակի հետ կռվում էին նաև հայ քաջորդիները՝ նախարար Մժեժ Գնունու հրամանատարությամբ։ Խաչը տուն էր վերադարձվում Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանի միջով նույնպես, իսկ ավելի ճշգրիտ՝ Կարին, այսինքն` Էրզրում քաղաքի միջով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում այդ պատվին կառուցվեց Խաչավանքի եկեղեցին, որովհետև այնտեղ Խաչի դրված տեղում վճիտ աղբյուր է բխում, և այդ տեղն իր ժամանակին մեծ ուխտավայր էր դարձել։
Հետո այն բերվեց Կոստանդնուպոլիս, որտեղ առժամանակ մնալուց հետո, Հերակլ կայսրը, անձամբ այն իր ուսի վրա վերցնելով, տարավ Երուսաղեմ և զետեղեց Գողգոթայի վրա։ Այդ պատճառով էլ այս տոնը կոչվեց Խաչվերաց, այսինքն՝ սուրբ Խաչի վերադարձն ու բարձրացումը իր նախկին տեղը։
ՀԱՑՈՒՆՅԱՑ ՍՈՒՐԲ ՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ
Երբ Բյուզանդիայի Հերակլ կայսրը գերությունից ազատում է սուրբ Խաչափայտը, վերադարձին օթևանում է հայոց Արտազում։ Սյունյաց տիկինը՝ Բյուրեղը, դիմավորելով կայսրին` մեծամեծ թանկագին ընծաներ է տալիս։ Կայսրը, վարձահատույց լինելու համար, նրան նվիրում է Խաչափայտից հրաշքով պոկված մի փոքրիկ մասունք։
Նա էլ սրտի բերկրությամբ առնելով սուրբ Նշանի մասը` շտապում է հետ։ Բայց ճանապարհին, որ կոչվում էր Հացունյաց, հանկարծ ջորին, որի վրա էր սուրբ մասունքը, նստում է և չի ուզում տեղից շարժվել։ Նրան բարձրացնելու բոլոր ջանքերը զուր են լինում, մինչև որ տեղի մի ճգնավոր է գալիս և հայտարարում, որ Աստծո կամքն է, որ սուրբ մասունքն այդ տեղում մնա։
ՈՒստի տիկինը հրամայում է այդ վայրում մի վանք կառուցել և եկեղեցում պահել սուրբ Նշանի մասունքը:
Մի քանի դար հետո Եսայի Նչեցի վարդապետը այդ մասին գրում է. «Հատեալ մասն ի կենդանարարն փայտէ աստուածութեանն Խաչէ. նշան Հացունեաց, մխեալն արեամբ Աստուծոյ, հրախառն վտակուք»։
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
Մեր ժողովուրդն այդ օրը նշում է իր հին ու նոր ննջեցյալների հիշատակի տոնը, որպես թաքուն հավատք այն բանի, որ, ըստ Սուրբ Գրքի, Տիրոջ սուրբ Խաչի երևալու ժամանակ իրենց ննջեցյալները Քրիստոսով պիտի գան ու խառնվեն կենդանիներին, որպեսզի դառնան մեկ հոտ, մեկ հովիվ (Ա. Թես. 4:13): Այդ պատճառով Սուրբ Խաչի տոնը նշելու հաջորդ օրը, որ կոչվում է «Մեռելոց հիշատակի օր», մարդիկ գնում են գերեզմանատներ, խնկարկում, աղոթում կամ օրհնել են տալիս իրենց հարազատ ննջեցյալների շիրիմները:
Խաչվերացի վերաբերյալ Կիլիկյան Հայաստանում մի այսպիսի պատմական հուշ է մնացել։ Թորոս մեծ իշխանի մահից հետո սելջուկ թուրքերը` մի կողմից, խաչակիրների թափթփուկները` մյուս կողմից (թափթփուկ մականվանեցի այդ զորքին, որովհետև իսկական ասպետ խաչակիրները նման բան չէին անի), հարձակվեցին Կիլիկիայի վրա, քանզի ամբողջ արևելքում միայն Կիլիկիայի հայերը զորավիգ և օգնական եղան խաչակիրներին, որպեսզի ջլատված ուժերը վերականգնելով` համախմբվեն, որ կարողանան Երուսաղեմը գրավել։
Թշնամու զորաբանակները մի քանի գյուղ ավերելուց ու թալանելուց ավելի բան չկարողացան անել, քանզի հայերն ուժգին հակահարված հասցրին։ ՈՒ թշնամին տեսնելով, որ առանձին-առանձին չի կարողանում կոտրել հայերի դիմադրությունը, որոշեց միաբանվել ու սեպտեմբերի 13-ին մեկտեղ հարձակվել։ Լսելով այդ մասին Թորոս իշխանի հետնորդը` Լևոնը, որոշում է ռազմական խորամանկություն բանեցնել. իր մոտ է կանչում մի քանի ծանոթ խաչակիրների և, նրանց մեծ գումարներ տալով, ասում է, որ գնան իրենց բանակում այս լուրը տարածեն. «Քրիստոնյա Աստվածապաշտ զինվորներ, մեր դքսերն ու մարքիզները հրամայում են, որպեսզի հայերի վրա հարձակվենք սեպտեմբերի 13-ին։ Դա քրիստոնյավայել բան չի, քանի որ դրա հաջորդ օրը` 14-ին Խաչվերացի տոնն է, ու բանից դուրս է գալիս, որ մենք անհավատ թուրքերի հետ պետք է այդ տոնի նախօրեին դուրս գանք կռվելու քրիստոնյա հայերի դեմ։ Այդ մեր չար արարքի համար Աստված մեր հոգիները դժոխք կուղարկի։ Ավելի լավ է մենք չմասնակցենք այդ պատերազմին»։
Այդ լուրերի շնորհիվ Աստված քրիստոնյաների սիրտը հետ դարձրեց պատերազմելու ցանկությունից, և խաչակիրները հրաժարվեցին միաբանվել թուրքերի հետ։ Արդյունքը եղավ այն, որ Լևոնն իր ունեցած զորքով կարողացավ ջախջախել թուրքերին և Խաչի ամենահաղթ զորությամբ երկրից դուրս վանել թշնամու զորաբանակներին։
ՈՒ իր իշխանության մատենագրության մեջ նա գրել տվեց. «Եթե թուրքերին ու խաչակիրներին չանջատեին իրարից, չէի կարող հաղթել նրանց»։
Ահա այս պատմական դրվագը ևս մեկ ապացույց է այն բանի, որ Խաչվերացը մեծ ու հիշատակելի տոն է, և հարկ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հայորդի մասնակցի այդ տոնի սուրբ Պատարագին, մեղա գա ու մաքրվի իր մեղքերից Խաչի վրա թափված Հիսուսի սուրբ Արյան քավչարար զորությամբ և սուրբ Հաղորդությամբ անմահացնի իր հոգին, քանզի կգա օր (որը միայն Աստված գիտի, թե երբ), մենք էլ ննջեցյալների շարքը կդասվենք, այդ պատճառով հարկ է, որ հոգեպես պատրաստ լինենք այդ հաշվետու օրվան, երբ յուրաքանչյուրս պետք է հաշիվ տանք Արարիչ Աստծուն մեր բոլոր արարքների համար, որպեսզի Նրանից էլ ստանանք մեր վարձքը թե չարի և թե բարու համար։
Աստված օգնական լինի բոլորիս անդատապարտ կանգնելու երկնային Դատավորի առջև. ամեն։
ՈՒ քանի որ գրվածքի բուն էությունը Խաչի մասին է, լավ է, որ լրացուցիչ գիտություն ունենանք սուրբ Խաչի փրկարար էության վերաբերյալ ևս, եկեղեցու սուրբ հայրերի մեկնաբանությամբ.
ՀԱՐՑ - Երևալո՞ւ է Խաչը աշխարհի վախճանից առաջ։
ՊԱՏԱՍԽԱՆ - Այո՛, ճշմարտությունը հաստատում է` ասելով. «Կերևա Մարդու Որդու Նշանը երկնքում»։ Եվ ոչ միայն Խաչը, այլև չարչարանքների ամեն գործիք, այսինքն` գամերը, գեղարդը և այլն, որոնք բերեցին դատավորի առաջ և Նրա մարմնին երևացին Նրա խոցվածքների սպիները՝ ըստ Զաքարիայի. «Նայեցին Նրան, ում խոցեցին»։ Եվ այս` երկու պատճառով։ Նախ՝ հավատացյալների պարծանքի համար, որ բերկրեն, ուրախանան Խաչին երկրպագելով։ Եվ երկրորդ՝ որ կործանվեն ուրացողները և խաչողները։
ՀԱՐՑ - Ո՞ր օրը կերևա Խաչը.
ՊԱՏԱՍԽԱՆ -Ոմանք ասում են, թե ուրբաթ, այն օրը, որ Քրիստոսը խաչվեց, իսկ ոմանք՝ կիրակի։ Քանզի, ինչպես արեգակն է ելնում արևելքից, լուսեղեն ամպերի վրա, և քառաձև լույսով աշխարհի չորս կողմը լցնում և հաստատվում է Գողգոթայի վրա, որտեղ խաչվեց Տերը։ Որից հետո կհնչեն փողերը, և մեռելները հարություն կառնեն։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1888

Մեկնաբանություններ