Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Նիկոլն իրականում Վանոյի՛ հոգեզավակն է, ոչ թե Լևոնի

Նիկոլն իրականում Վանոյի՛  հոգեզավակն է, ոչ թե Լևոնի
28.07.2023 | 14:15

Վանոն ուրիշ տեղ չէր կարող գնալ ու դառնալ անհասանելի, միակ երկիրը Թուրքիան էր, նա էլ եղել էր Ներքին գործերի նախարար... Ինչքա՜ն բան կիմանար Վանոն: Ասաց՝ ես չեմ ուզում քավության նոխազ լինել... Սխալ էր նրան հետապնդելը, բայց դա չհասկացան, նա էլ մի տեղ պիտի գտներ էս աշխարհում, պիտի զզվեր ու վրեժը հաներ: Սկսեց Նիկոլ Փաշինյանի թերթում գրել գյադաների ժամանակի մասին, և իրոք, դրանք գյադաների ժամանակներ էին: Բայց Վանոն պատրաստեց այնտեղի հրահանգներով այս սերունդը. Նիկոլը իրականում նրա՛ հոգեզավակն է, ոչ թե Լևոնի: Նիկոլը Վանոյի զավակն է՝ որպես վրեժ Թուրքիայից նետված՝ ղարաբաղցիներին ուղղակի ոչնչի վերածելու և ստորացնելու: Ես այդ ամենը խորը հասկանում եմ, որովհետև Վանոյին ճանաչել եմ տասը վայրկյանում, նրա լավն ու ուժեղը գիտեմ, բայց նաև նրա կատաղության ու վրեժի հետ եմ տասը վայրկյանում ծանոթացել:

Հիմա Նիկոլը լավ է անում, որովհետև իսկապես լավ է անում, քանզի և վասնզի այլ բան նա չունի անելու, նրա ողջ ատելությունը ղարաբաղցիների վրա է, ողջ թույնը, որովհետև Վանոն նրան դա կոբրայի պես իր հոգուց ներարկեց ու մեծացրեց նրան: Ռոբերտը պիտի Վանոյին չկպչեր, դա պետական սխալ եղավ, և Վանոն հեռացավ, կարծում եմ, ընդամենը մեկ երկիր, սաղ ասաց այնտեղ, ու սկսվեց Հայաստանում այս սերնդի աճեցումը, որից ոչ մեկը չի փրկվելու, մինչև էս աշխարհի վերջը գա... Խնդիրն այստեղ ատելությունն է և վրեժը: Վազգեն Սարգսյանը հեռացավ Վանոյից ու հանձնեց Ռոբերտին, բայց Վանոն վրեժը հանեց, նա դա չէր կարող ներել, որովհետև հազար անգամ Վազգենին նամակներով աղաչեց և զգուշացրեց, բայց լսող չեղավ: Ու ահա սա է հիմա՝ Նիկոլը, իր ղարաբաղյան ատելությամբ, որ դեռ ութ թվին էր ճչում Մյասնիկյանի արձանի տակից:

Հիմա ես ցերեկով՝ տանս, Հոլիվուդի շոգի մեջ, մահճակալիս պառկած եմ, ուզեմ-չուզեմ՝ իմ մտքերը սրանք են, իմ երկրի մասին են, իմ ազգի մասին, ու ես գնում եմ է՜ հազար դարերը և տեսնում, որ իմ ազգի մեջ միշտ այս սխալն է եղել, մի՛շտ: Դրա համար էլ բոլոր ազգերը ծով ունեն, իմ ազգը չունի, բոլոր ազգերը իրենց ներսում հզոր են, իմ ազգը քանդվում է, բոլոր ազգերի իննսուն տոկոսը իրենց հայրենիքում է, իմ ազգի իննսուն տոկոսը՝ դրսում ցիրուցան, ավելի շատ հայ կա Ամերիկա, քան՝ Հայաստան, ավելի շատ հայ կա Ֆրանսիա, քան՝ Հայաստան, Արգենտինա, քան՝ Հայաստան, Ռուսաստան, քան՝ Հայաստան, Ավստրալիա, քան՝ Հայաստան, Իտալիա, Իսպանիա, Թուրքիա, Հունաստան, Բուլղարիա, Գերմանիա, նույնիսկ՝ Չինաստան, Ճապոնիա, մի երկիր է մնացել՝ Հարավային Կորեա, բայց վայ թե այնտեղ էլ իմ ազգը կգնա, միայն՝ իր հայրենիքից դուրս, զզված ու կարոտած, կատաղած ու սիրտը լիքը սեր, իմ աննման, աչքերով մեկ ակնթարթում հեռուներից զգացվող իմ ազգը...

Բան չկա, ես երբեք հուսահատված չեմ ու երբեք հուսահատված չեմ լինի, Իմ Հովհաննես Թումանյանը հետս է, Տերյանը հետս է, հայրս հետս է, մայրս հետս է, չիմ, ում սիրում եմ, հետս են, Վիլյամ Սարոյանը, Հրանտը, Համո Սահյանը, Լյուդվիգ Դուրյանը, Սմբատ Բունիաթյանը, է՜, որ թվարկեմ՝ էս աշխարհը չի պրծնի: Բոլորը հետս են, էն իմ չտեսած-չիմացած տատերի տատերը հետս են, էն, որ համ երեխա են ծնել հնձի վախտ, համ գրկել, փաթաթել ու էլի խուրձը կազմել, որ ձմեռը տանը մի կտոր հաց ունենան, մի էծ ունենան, մի կիթ ու մի բաղի դամբլի չիր տան իրենց հոգնած ալևոր մարդին...

Հիմա՝ Հոլիվուդ, տանս ցերեկով պառկած եմ, սաղ գիտեմ, էլ էս երկրի վրա իմանալու բան չունեմ: Դեմքիս մի ահավոր ժպիտ կա, մի սոսկալի ահավոր, անդրջրհեղեղյան ժպիտ, մի սիրուն տղամարդու, մի հզոր տղամարդու, մի վերջին մոհիկանի ժպիտ: Կուզեի տեսնել մի յոթ հարյուր տարի առաջ իմ նախապապին ու նախատատին. նստած են մարդուկնիկ իրենց դռանը, թութը կաթում է, իմ նախապապ եսիմ ով դեռ փսլնքոտ տղա է, վազում է, հողոտ թութը տանում բերանը, ու այդպես մի տրիլիոն տարի հետո էս անտեր աշխարհում հայտնվում եմ ես, որ մտածեմ իմ չեղած անգինների մասին, հող դառած իմ անանուն պապ ու տատերի մասին: Ես ձեզ դեռ հանդիպելու եմ, իմ աննմաններ, իմ մեծ սերեր, իմ արյուն ու իմ ոսկորներ, դուք իմ սրտում եք, իմ մեջ եք՝ թեկուզ էս աշխարհը տիեզերքից չքվի:

Վարդան Խարազյան

Դիտվել է՝ 7214

Մեկնաբանություններ