Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Ինչպես Շահ Աբասի պատկերը մեկ գիշերում հայտնվեց Մայր տաճարի պատին

Ինչպես Շահ Աբասի պատկերը մեկ գիշերում հայտնվեց Մայր տաճարի պատին
26.09.2024 | 07:19

Ըստ հորինվածքի՝ Շահ Աբասի դիմանկարը տաճարի պատին որոշվել է քանդակել շատ արագ, իսկ պատկերը քանդակվել է ընդամենը մեկ գիշերվա ընթացքում:

1604 թ. Շահ Աբասը, խախտելով խաղաղության պայմանագիրը, արշավի է դուրս գալիս դեպի Հայաստան: Գրավում է Հին Ջուղան և իր հետ տանում է մեծ թվով հայերի: Շահ Աբասը մտադիր էր տեղահանված հայերի ձեռքերով շենացնել իր երկիրը: Տեղահանված հայերին տեղավորեցին Սպահանում, սակայն շատ շատերը նույնիսկ տարիներ անց երազում էին Հայաստան վերադառնալու մասին: Շահ Աբասը հասկանում է, որ մարդկանց ձգում են հավատն ու Էջմիածինը: Նա որոշում է հայերի համար նոր հոգևոր կենտրոն կառուցել՝ մտածելով, թե հավաքատեղի ունենալը կլռեցնի հայերի՝ հայրենիք վերադառնալու պոռթկումը: Շահ Աբասը իր զինվորներին հրամայում է գնալ Էջմիածին, քանդել Մայր տաճարը և համարակալած քարերը տեղափոխելով Պարսկաստան՝ Սպահանում կառուցել նոր տաճար: Նա հրամայում է Սպահան բերել նաև սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, որը նույնպես Էջմիածնում էր, իսկ սա կնշանակեր, որ Առաքելական եկեղեցին ինչ-որ չափով կդադարեցներ իր գործունեությունը:

Բանն այն է, որ հենց սուրբ Գրիգոր Լուսավորչի աջով է կատարվում առաքելական եկեղեցու ամենակարևոր իրադարձություններից մեկը` սուրբ մեռոնի օրհնությունը, որը և ամբողջացնում է ողջ հայ ժողովուրդը և եկեղեցին:

Շահ Աբասի սարսափելի մտադրության մասին լուրը հասնում է Հայաստան: Հայ վանականները գիտեին պարսկական սովորույթներից մեկի մասին` երբեք չքանդել այն շինությունը, որի վրա կլինի պարսից շահի պատկերը: Իսկապես, այդպես էլ լինում է: Որոշում է կայացվում հնարավորինս արագ քանդակել շահի պատկերը տաճարի պատին, ինչը և փրկում է Մայր տաճարը ավերումից: Իսկ սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը կաթողիկոս Փիլիպոս Աղբակեցու անասելի ջանքերի շնորհիվ, հնարավոր է լինում մի վաճառականի օգնությամբ գաղտնի վերադարձնել Էջմիածին:

Մեկ այլ վարկածի համաձայն միանշանակ Շահ Աբասը չէ: Նախ նրա արշավանքները եղան 1600-ական թվականներին, իսկ մինչեւ 1680-ական թթ. Շահ Աբասը վաղուց մահացել էր: Համաձայն գրավոր վկայությունների, զանգակատները՝ հյուսիսայինը, հարավայինը եւ արևելյանը կառուցվել են Եղիազար Այնթափցի ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության տարիներին և բնականաբար՝ Շահ Աբասի խնդիր չկար:

Այս պատմությունը շինծու պատմություն է: Արխիվային նյութերի ուսումնասիրման արդյունքում պարզել ենք, որ այդ հարթաքանդակում պատկերվածը Եղիազար Այնթափցին է՝ տաճարի զանգակատները կառուցող բարերարը: Եթե ուշադիր նայեք նկարին, կտեսնեք, որ նրա ձեռքին կլոր մի առարկա կա, որն էլ ենթադրաբար այն դրամն է, որ ինքը տվել է տաճարին:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 1987

Մեկնաբանություններ