ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

«Հայաստանը չի հանգստանալու, քանի դեռ կան քաղբանտարկյալներ»

«Հայաստանը չի հանգստանալու,  քանի դեռ կան  քաղբանտարկյալներ»
06.06.2008 | 00:00

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՑ Է ԲԽՈՒՄ, ՈՐ ԱՄՍԻ 20-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԻՐԱԶԵԿՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎԻ»
Հարցազրույց Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ հետ
-Պարոն Զուրաբյան, ըստ Ձեզ, ի՞նչ իրավիճակ է այսօր Հայաստանում:
-Քաղաքական խոր ճգնաժամ, որն առաջացել է ընտրությունների զանգվածային կեղծման, խաղաղ ցույցերի դուրս եկած մարդկանց բռնությամբ ցրելու և սպանդի արդյունքում. մոտ յոթ հարյուր մարդ այսօր գտնվում է բանտերում, այդ թվում և քաղբանտարկյալներ, որոնք ազատազրկված են բացառապես իրենց քաղաքական հայացքների համար: Մենք չենք համակերպվելու այս վիճակի հետ:
-Երկխոսության Ձեր մոդելը:
-Դա մեր մոդելը չէ, այլ այն է, ինչ ԵԽԽՎ-ն նկատի ունի. բանակցություններ ընդդիմության և իշխանության լիազոր ներկայացուցիչների միջև` քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիների վերաբերյալ, ինչը նշանակում է` ընդդիմությունը և իշխանությունը նստում են նույն սեղանի շուրջը և գտնում ճգնաժամից դուրս գալու ելքերը:
-Հանրային խորհուրդը նման երկխոսություն կարո՞ղ է ապահովել:
-Ոչ. հանրային խորհուրդն ընդամենն առաջարկ է իշխանությունների կողմից` քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: Մենք պատրաստ ենք ցանկացած առաջարկ քննարկելու, բայց դրա համար պետք է նախ բանակցություններ սկսել, իսկ բանակցություններ կարող են սկսվել միայն այն պահից, երբ ազատ կարձակվեն բոլոր քաղբանտարկյալները:
-Քաղբանտարկյալներ ասելով դուք նկատի ունեք բոլո՞ր ձերբակալվածներին։ Ի դեպ, որտե՞ղ է այդ սահմանը:
-Գոյություն ունի շատ պարզ սահման, իսկ իրականում ցուցակ, որը կարող եք գտնել մեր գրասենյակում. քաղբանտարկյալները 96-ն են:
-Այսինքն` մարտի մեկի ո՞չ բոլոր ձերբակալվածները պետք է ազատվեն:
-Իհարկե. այդ դեպքերի շրջանակում կարող է և ձերբակալել են մեկին, որն, ասենք, խանութ է կողոպտել կամ մեքենա է այրել (դրանք մեզ հետ ոչ մի կապ չունեն, դրանք կամ սադրիչներ են, կամ օգտվել են առաջացած իրարանցումից): Այդ մարդկանց նկատմամբ թող քրեական հետապնդում իրականացնեն, բայց մարդիկ, ովքեր ընդամենը հանդիսացել են Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ կամ կազմակերպել են մեր քաղաքական գործունեությունն ու դրա համար են գտնվում բանտում, անհապաղ պետք է ազատվեն:
-Ինչո՞ւ չեն ազատում:
-Շա՜տ պարզ պատճառով. իշխանություններին պետք են պատանդներ ընդդիմության հետ բանակցություններում «փոխանակելու» համար` քաղաքական զիջումների դիմաց:
-Բայց ոմանց նաև ազատում են, չէ՞: Ավելին` տեսակետ կա, որ մինչև 20-ը բոլորին բաց կթողնեն:
-Ես դատում եմ միայն կատարված քայլերով: ԵԽԽՎ բանաձևի ընդունման պահին` ապրիլի 17-ին, 94 քաղբանտարկյալ է եղել, ութին ազատել են, փոխարենը ձերբակալել են տասին, կրկնում եմ` այսօր ունենք 96 քաղբանտարկյալ. սա կարելի՞ է համարել «ազատման» պրոցես: Ո՛չ: Կրկնում եմ` Հայաստանը չի հանգստանալու, քանի դեռ կան քաղբանտարկյալներ, Հայաստանի ժողովուրդը պայքարելու է մինչև վերջին քաղբանտարկյալի ազատումը:
-Իսկ եթե մինչև ամսի 20-ն ազատեցին, միտինգ չե՞ք անելու:
-20-ի միտինգը որևէ կապ չունի քաղբանտարկյալների հետ, իհարկե, այդ հարցն էլ է օրակարգում, սակայն 20-ի միտինգն ազատ հանրահավաքի մեր իրավունքի վերականգնման նպատակն է հետապնդում. մարտի 21-ից սկսած 42 դիմում ենք ներկայացրել քաղաքապետարան, բոլորը մերժվել են: Այդ մերժումները բողոքարկել ենք դատարանում: Անգամ դիմել ենք սահմանադրական դատարան, վերջինս արհեստական պատճառաբանությամբ չի ընդունել մեր հայցը: Պարզ է մեկ բան. իշխանություններն արտակարգ դրությունից հետո էլ, ըստ էության, արգելել են հանրահավաքները երկրում: Մենք չենք կարծում, որ հայ ժողովուրդը կհանդուժի իրավունքի նման մերժում, որովհետև այն դեմոկրատական հիմնարար իրավունք է: Եվ չնայած այն հանգամանքին, որ հանրահավաքների մասին օրենքը հակասահմանադրական է, մենք, բոլոր դեպքերում, այդ օրենքի սահմաններում համբերատար դիմում ենք հանրահավաքի թույլտվության համար: Բայց այդ համբերությունն ունի սահման, ու մենք հարցնում ենք իշխանություններին` ինչքա՞ն ժամանակ հայ ժողովուրդը պետք է հանդուրժի այդ ապօրինությունը: Դրել ենք սահման, որն ինչ-որ չափով առնչվում է ԵԽԽՎ-ի վերջնաժամկետի հետ, և եթե մինչև հունիսի 20-ը հանրահավաքի որևէ դիմում չընդունվի իշխանությունների կողմից, նշանակում է ժողովուրդն ինքը պետք է վաստակի հանրահավաք անցկացնելու իրավունքը` հավաքվելով Ազատության հրապարակում:
-Քննարկենք զարգացումներից ամենաանցանկալին. եթե այդ օրն Ազատության հրապարակը շրջափակված է լինում ոստիկանական զորքերով, ի՞նչ է տեղի ունենում:
-Կարծում եմ` իշխանությունների շահերից է բխում, որ ամսի 20-ի հանրահավաքի իրազեկումն ընդունվի. մի բան է, երբ ԵԽԽՎ նստաշրջանից առաջ լինում են անախորժություններ, և ամբողջ աշխարհին պարզ է դառնում, որ Հայաստանում իշխանությունն իրավիճակը վերահսկում է ոստիկանական բռնի մեթոդներով: Այլ բան է, երբ իշխանությունն ստանձնում է պատասխանատվություն` հանրահավաքի օրինականության համար: Այդ դեպքում ընդամենը տեղի կունենա հանրահավաք, այսինքն` մի բան, որը ցանկացած ժողովրդավարական պետության բաղկացուցիչն է:
-Իսկ ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն է լինելու ընդդիմության մարտավարությունը հունիսի 20-ից հետո:
-Մեր մարտավարությունը կախված կլինի իշխանությունների մարտավարությունից: Եթե իշխանություններն ընդունեն ժողովրդի իրավունքը և թույլ տան անցկացնել հանրահավաք, այն կլինի ուղղակի մի հանրահավաք:
-Որից հետո՞...
-Որից հետո մենք ազատ ենք պայքարի միջոցներ ընտրելու մեջ. հնարավոր է մի քանի օր հետո ցանկանանք ևս մեկ հանրահավաք անցկացնել:
-Շուրջօրյա՞... Ի դեպ. ԱԺ-ն դեռ չի ընդունել վեցժամյա սահմանափակման դրույթը:
-Նման նպատակ մենք չունենք. բացարձակապես առճակատման գնալու նպատակ չունենք, եթե, իհարկե, իշխանությունները չեն ցանկանում առճակատման գնալ: Բացարձակապես չունենք: Մեզ հուզում են մեր դեմոկրատական իրավունքները: Ի դեպ, առճակատումը չի բխում ո՛չ իշխանությունների, ո՛չ ընդդիմության շահերից:
-Իսկ ինչ-ինչ զարգացումների դեպքում որքանո՞վ եք հնարավոր համարում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը:
-Բացառում եմ: Եթե այլ մարդկանց պատասխանատվության չափը պարզ չէ մարտի դեպքերի առնչությամբ, ապա իրենը պարզ է ու պարզ, և հայ ժողովուրդը դա երբեք չի ներելու նրան:
-Աղասի Ենոքյանը մեր թերթին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ իշխանությունները կարծես սկսել են մատնանշել մարտի մեկի դեպքերի պատասխանատուներին` ի դեմս պաշտոնից ազատված պահպանության և ոստիկանության պետերի, և հեռու չէ այն ժամանակը, երբ բուն պատասխանատուն ևս կհայտնվի հանրության «ուշադրության կենտրոնում»: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
-Մեզ «կարծեսներ» չեն հետաքրքրում, մեզ հետաքրքրում են կոնկրետ-վստահություն ներշնչող հետաքննություն և արդյունքներ: Մեզ հետաքրքում է, որ տրվեն մարտի մեկի իրադարձությունների բոլոր պատասխանատուների անունները, և եթե կա քաղաքական կամք, դա դժվար չէ:
-Ի դեպ, իր վերջին ելույթում Տեր-Պետրոսյանը կարծես սահմանազատեց Սերժ Սարգսյանին Քոչարյանից: Ինչո՞ւ:
-Պարզ ասված էր հետևյալ միտքը. եթե Սերժ Սարգսյանը չպատժի բոլոր պատասխանատուներին, ապա ինքը ևս մինչև կյանքի վերջը մնալու է պատասխանատու այդ իրադարձությունների համար:
-Մեկ գաղափարական հարց, և անցնենք բլիցի. «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթն առժամանակ առաջ տեսակետ էր հայտնել, որ կենտրոնամետ ուժ դառնալով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նահանջում է լիբերալ դիրքերից:
-Պետք է հասկանալ մի կարևոր բան. ամենևին պատահական չի ընտրված Հայ ազգային կոնգրես անվանումը: Ե՛վ Հնդկաստանում, և՛ Հարավային Աֆրիկայում Կոնգրեսը կուսակցությունների մի այնպիսի միավորում էր, որը թույլ տվեց գաղափարախոսական տարբերությունները մի կողմ դնել ու պայքարել ամենակարևոր նպատակի համար. Հնդկաստանում` ընդդեմ բրիտանական իմպերիալիզմի, Հարավային Աֆրիկայում` ընդդեմ ապարտեիդի: Հայաստանում մենք այսօր ունենք մեկ ընդհանուր խնդիր, որը միավորում է բազմաթիվ կուսակցությունների, այն է` ազատվել բռնապետությունից, ընդ որում` արյունոտ բռնապետությունից, և վերականգնել սահմանադրական կարգը: Այդ նպատակն իրականացնելու համար մեզ հետ միավորվել են և՛ լիբերալները, և՛ պահպանողականները, և՛ մարքսիստները...
-Բա հետո՞ ոնց եք անելու. ամենադժվարը միշտ «հետոն» է լինում:
-Գլխավոր խնդիրը կլուծենք, դրանից հետո կբացվի դաշտը` գաղափարախոսական պայքարի համար, այդ ժամանակ կլինի խոշորացում գաղափարախոսական կենտրոնների շուրջը:
-Դուք դա իրատեսակա՞ն եք համարում:
-Անչափ իրատեսական. ընդ որում` և՛ առաջին, և՛ երկրորդ խնդրի լուծումներն էլ:
-Անցանք բլիցին. այս օրերին դուք եղել եք Մոսկվայում, այո՞:
-Եղել եմ:
- Ի՞նչ էիք անում Մոսկվայում:
-Թույլ տվեք չմեկնաբանել:
-Դուք դեմոկրատ չե՞ք. հրապարակային-բաց գործունեություն չե՞ք վարում:
-Իսկ ի՞նչ է` իմ պատասխանից կարելի է ենթադրել, որ ես դեմոկրատ չե՞մ: Պատասխանել-չպատասխանելն իմ իրավունքն է, ի վերջո:
-Չէ, օրինակ, երբ 2003-ից հետո Ստեփան Դեմիրճյանն անչափ հաճախ գնում էր Մոսկվա, ասվում էր` «մասնավոր այցով մեկնել է Մոսկվա»: Դուք է՞լ էիք «մասնավորով»: Հա, ի դեպ, թերթերից մեկը գրել էր, որ գնացել էիք «գունավոր» հեղափոխության առաջնորդների հետ հանդիպման:
-Գնահատում եմ այդ թերթի երևակայությունը:
-Իսկ Պոտեխի՞նը` «գունավոր» հեղափոխության «համակարգողն» ու «մթության քողի տակ» Վրաստանով Հայաստան եկողը և նույն քողի տակով մեկնողը...
-Ձեր մատնանշած լրատվամիջոցի հարապարակումները կառուցված են ինչ-որ պոլիտտեխնոլոգների լարված երևակայության աշխատանքի վրա, և անիմաստ է այն մեկնաբանելը. դրանով թող զբաղվեն գեղարվեստի սիրահարները:
-Իսկ հրեա-մասոնական «դավադրությո՞ւնը»:
-Նույն արիայից է:
-Տեր-Պետրոսյանի և իր ընտանիքի «մեկնումները» նո՞ւյնպես:
-Նույնպես:
-Է՜հ, պարոն Զուրաբյան, չեք գնահատում, էլի, իշխանությունների «տիտանական աշխատանքը». իսկ նրանք ահա վերցրին ու կարճեցին Ձեր նկատմամբ վարչական վարույթը:
-Կարճեցին, որովհետև պիտի գային ու խայտառակվեին դատարանում:
-Դե` չէ. նոր ոստիկանապե՜տ է եկել, նոր բարքե՜ր են, էլ կոպիտ չէ դարը... ոչ մի բան, ոչ մի լավ բան չեք «գնահատում» այս երկրում. գուցե գնահատեիք, հա՞:
-Թող մի քիչ էլ լավ ապացուցեն ձեր ասած «լավը»: Ես էլ խոստանում եմ պատշաճորեն գնահատել։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 7481

Մեկնաբանություններ