Ով ինչ ուզում է՝ թող այսօր գրի Համո Սահյանից ու Համո Սահյանի մասին, բայց ինձ համար այս էլ երեսուն տարի հարազատ ու օրերին համահունչ է մնում շատերին քաջածանոթ «Օրը մթնեց» բանաստեղծությունը։
Կարդում եմ առանց տողերին նայելու, կարդում եմ հոգուս մեջ, ու արցունքները լճանում են աչքերումս։
Սահյանը գլուխը բարձրացներ ու տեսներ, թե ինչպես է օրը մթնել, ու մութը տարել է անցյալի մաքրամաքուր հարազատությունը, մարդահոտն ու մարդահամը, երազներն ու երազանքները, ինչպես է մարդը մարդու դեմ դուրս եկել, ինչպես են խոնարհվել իր քարափները, և ու՞ր է գնում իր հնամենի ժողովուրդը՝ մահու չափ հոգնած ու ճակատագրի քմահաճույքին հանձնված։
Երջանիկ մարդ էր Սահյանը, որ չտեսավ այս ամենը։
Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:
Կալերի մեջ ծղնոտաբույր
Թիկնոցը հագած`
Մայր էր մտնում ամառային
Օրը վաստակած։
Իջնում էին խոհուն, խոնարհ
Դեզերի ուսին
Մի կաթնահունց երկնակամար,
Մի ծերատ լուսին:
Մեկը մեկից ամաչելով,
Եվ զուսպ, և հավաք,
Նստում էին մերոնք կարգով-
Կրտսեր ու ավագ:
Նստում էին և սպասում
Մինչև պապը գար,
Մինչև բակում Ծաղիկ եզան
Զանգը ծլնգար:
Պապը գալիս, սուփրի գլխին
Նստում էր շուքով,
Եվ լցվում էր տունը դաշտի
Բույր ու շշուկով...
ՈՒ երբ տատս ձեռքն էր առնում
Շերեփը իր հին,
Գդալները բնազդաբար
Աղմկում էին:
Թանապուրի տաք գոլորշին
Գերանին առնում
Եվ սյունն ի վար գլոր-գլոր
ՈՒլունք էր դառնում:
Վայելում էր տաք թանապուր,
Լավաշ ու սամիթ
Աշխարավոր մի գերդաստան՝
Պարզ ու միամիտ...
Հիմա այդ մեծ գերդաստանից
Ոչ մեկը չկա...
Ես եմ մնում լոկ իբրև հուշ
Եվ իբրև վկա:
Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:
Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆԻ ՖԲ էջից