ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՆՐԱՆՑ ՊԱՊԵՐԻՑ ԵԿԱԾ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ
Երբ անցյալ ամիս հայտարարվեցին Իրանի նախագահական ընտրության վիճահարույց արդյունքները, Թուրքիան առաջին երկրներից էր, որ շնորհավորեց Մահմուդ Ահմադինեժադին: Հաշվի առնելով փողոց դուրս եկած բողոքարար իրանցիների նկատմամբ կիրառված բռնաճնշումները (և մահվան դեպքերը)` Թուրքիայի այս քայլը զարմացրեց եվրոպացիներին ու ամերիկացիներին: Դա նույնիսկ վեր հանեց այն հին ու ծեծված հարցը, թե արդյոք Թուրքիան երե՞ս է թեքում Արևմուտքից:
«Մարդիկ այս հարցի միայն մի կողմն են տեսնում»,- մի հարցազրույցի ժամանակ գանգատվել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն` չմանրամասնելով իր միտքը: Սակայն իսլամական այդ հանրապետության հետ Թուրքիայի բարեկամությունը նաև օգտակար է եղել Արևմուտքի համար: Դրա շնորհիվ հնարավոր դարձավ հետկուլիսային միջնորդությամբ վերջերս ապահովել Թեհրանում բրիտանական դեսպանության աշխատակիցների ազատ արձակումը: Այդ բարեկամությունն օգտակար է նաև Իրանի համար. հինգ իրանցի դիվանագետներին, որոնց ամերիկացիները ձերբակալել էին 2007-ին Իրաքում, ազատ արձակեցին այս ամսվա սկզբին, Թուրքիայի հորդորով:
Տարբեր աշխարհների հետ (լինեն դրանք արաբներ, հրեաներ, մահմեդականներ, թե եվրոպացիներ) հեշտությամբ լեզու գտնելու Թուրքիայի հմտության պատճառով է, որ Հիլարի Քլինթոնն այդ երկիրն անվանեց «ծագող համաշխարհային գերտերություն»: Իսրայելի հետ Թուրքիայի սերտ հարաբերությունները կարևոր են երկու երկրների համար էլ. դա պարզ դարձավ, երբ այդ հարաբերությունները սառեցին հունվարին, Գազայի վրա (Իսրայելի) հարձակման ժամանակ: Նորերս էր, որ Թուրքիան պետական բարձր մակարդակով վեճ ունեցավ Չինաստանի հետ այն պատճառով, թե ինչպես է վերջինս վարվել Սինցզյան նահանգի ույղուրների հետ, որոնց թուրքերը ցեղակից են համարում: Հասկանալի է, թե ինչու Թուրքիան առաջին երկրներից մեկն էր, ուր այցելեց Բարաք Օբաման` որպես նախագահ:
Հաջողությունների դափնին մասամբ պատկանում է պարոն Դավուդօղլուին, որը, նախքան մայիսին արտգործնախարար դառնալը, յոթ տարի շարունակ եղել է վարչապետ Ռեջեբ Թաիփ Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականը: Գիտական ասպարեզից եկած այս ակտիվ մարդը ճարտարապետն է Թուրքիայի «փափուկ ուժի», որը մեկտեղում է «ռեալպոլիտիկն» ու կատաղի հպարտությունը: Բարեպաշտ մահմեդական և բարոյական սկզբունքներով առաջնորդվելուն հակված Դավուդօղլուն Թուրքիայի հանրապետության պատմության մեջ ամենաազդեցիկ արտգործնախարարներից է:
Նրա (քաղաքական) մոտեցման երկու հենասյուներն են` «զրո խնդիրներ» հարևանների հետ, որոնցից շատերը կա՛մ իրենք խնդիրներ ունեն, կա՛մ հարուցում են խնդիրներ, մյուսը «ռազմավարական խորքն է». սրա հիմքում ընկած գաղափարը Թուրքիայի` քաղաքական, տնտեսական և մշակութային ազդեցության գոտու ստեղծումն է, առաջին հերթին` հարևանների շրջանում (որոնց մեծ մասը նախկինում Օսմանյան կայսրության հպատակ է եղել)` Բալկաններում, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում:
Դավուդօղլուն ասում է, որ այս մոտեցումներից ոչ մեկը չի շեղում Թուրքիային Եվրամիությանը միանալու իր մտադրությունից: Հակառակը` դրանք խթանում են Թուրքիայի անդամակցության հայտը: Նա անդրդվելի է թվում Ֆրանսիայից ու Գերմանիայից հնչող ոչ բարեկամական աղմուկի նկատմամբ: Ե՛վ Նիկոլա Սարկոզին, և՛ Անգելա Մերկելը լոբբինգ են անում` Թուրքիային «արտոնյալ կարգավիճակ», այլ ոչ թե լիիրավ անդամություն շնորհելու համար: Դավուդօղլուն ասում է, որ նրանք պարզապես հաճոյանում են իրենց ընտրազանգվածներին: «Բողոքելու, բարկանալու փոխարեն մենք պետք է աշխատենք միասին»,- ասում է նա: Թուրքիայի մասով դա նշանակում է` կենդանություն տալ բարեփոխումների մարող գործընթացին, որի շնորհիվ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկը տրվեց 2005-ին: Պարոն Դավուդօղլուն հույս ունի, օրինակ, որ Ստամբուլին մերձակա Հալկի կղզում գտնվող հունական ուղղափառ ճեմարանը շուտով կվերաբացվի:
Սակայն Եվրամիության դիվանագետներն ասում են, որ այդ միջոցառումներից և ոչ մեկը չի կարող Թուրքիային ազատել Կիպրոսի խնդրից: Դավուդօղլուն համաձայն է այն մտքին, որ խաղաղության հաստատման համար Կիպրոսի թուրքական և հունական հատվածների առաջնորդների միջև տասնամյակներ ձգվող բանակցություններն անժամկետ չպետք է լինեն: Իրոք, անհրաժեշտ է համաձայնության գալ մինչև այս տարվա վերջը: Որպեսզի դա տեղի ունենա, ԵՄ-ն և ԱՄՆ-ը պետք է լրջության կոչեն կիպրացի հույներին (թեև, վերջիններս արդեն ԵՄ անդամ լինելով` համագործակցելու մեծ շահագրգռություն չունեն): Կարգավորումը կկանխեր Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերություններում հնարավոր «վթարը», որը, հակառակ դեպքում, թերևս անխուսափելի լինի դեկտեմբերին: Տեսականորեն, Թուրքիան մինչ այդ պետք է բացի Կիպրոսի հունական հատվածի օդային և ծովային կայանները, սակայն հրաժարվում է անել դա, մինչև ԵՄ-ն չվերացնի առևտրային սահմանափակումները Թուրքիայի կողմից վերահսկվող Կիպրոսի հյուսիսային հատվածի նկատմամբ:
Հնարավո՞ր է, արդյոք, որ Ֆրանսիան և Թուրքիայի մյուս թշնամիները սա որպես պատրվակ օգտագործեն` ԵՄ անդամակցության բանակցություններն ամբողջությամբ սառեցնելու համար (ութ ուղղությամբ դրանք արդեն իսկ սառեցվել են): Թուրքիայի առաջնորդներն ուզում են հավատալ, որ Եվրոպան ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Թուրքիան` Եվրոպայի: Նա էլ ավելի կարևոր է դարձել որպես պոտենցիալ տարանցիկ երկիր` էներգետիկ պաշարներով հարուստ Ադրբեջանից ու Կենտրոնական Ասիայից, ինչպես նաև Իրաքից (և, ի վերջո, նաև Իրանից) դեպի Եվրոպա գնալիք բնական գազի համար: Պարոն Դավուդօղլուն հպարտորեն մատնանշում է Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Ավստրիայի միջև «Նաբուկո» գազատարի նախագծի շուրջ վերջերս կնքված պայմանագիրը, որի համաձայն գազը հոսելու է նշված երկրների տարածքով` նվազեցնելով Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից:
Այնուամենայնիվ, կան կարծիքներ, թե Թուրքիան գերագնահատում է իր ազդեցիկ դիրքը: Նրա էներգետիկ երազանքները սերտորեն կապված են իր էթնիկ զարմիկների` ադրբեջանցիների հետ: Այս երկու թյուրք դաշնակիցների միջև հարաբերություններն անկում ապրեցին ապրիլին, երբ Թուրքիան գաղտնազերծեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու շուրջ պայմանագրի նախագիծը: Այս կտրուկ շրջադարձի ընթացքում Թուրքիան նույնիսկ հետ կանգնեց իր բազմամյա նախապայմանից, թե Հայաստանը պետք է դուրս բերի զորքերն այն տարածքներից, որ բռնազավթել է մեծ մասամբ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի անկլավի համար 1990-ականներին Ադրբեջանի դեմ մղած պատերազմի արդյունքում:
Զայրացած Ադրբեջանն անմիջապես սպառնաց շրջվել դեպի Ռուսաստան: Հունիսին նա պայմանագիր կնքեց Ռուսաստանի հետ, վերջինիս` 2010 թվականից սկսած գազ վաճառելու վերաբերյալ: Այդ պատճառով Թուրքիան ևս մեկ շրջադարձ կատարեց. պարոն Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի հետ բարեկամանալն այլևս անհնար կլինի, մինչև վերջինս դուրս չգա Լեռնային Ղարաբաղից: Պարոն Դավուդօղլուն պնդում է, թե Թուրքիան խաղաղություն է ուզում Հայաստանի հետ: Սակայն արևմտյան մի դիվանագետ ասում է, որ «Հայաստանի հետ մերձեցման գործընթացը տապալման եզրին է»:
Այս ամենի պատճառով գլուխ է բարձրացրել Թուրքիայի և նրա ամենահզոր դաշնակից Ամերիկայի միջև վեճի ուրվականը: Ամերիկահայերը ցանկանում են, որ պարոն Օբաման հարգի իր նախընտրական խոստումը և պնդի, որ 1915-ին օսմանյան ուժերի կողմից իրենց (հայերի- խմբ.) ավելի քան մեկ միլիոն նախնիների կոտորածը ցեղասպանություն է եղել: Անհեթեթությունը, որ տեղի ունեցավ ապրիլին, այն էր, որ պարոն Օբաման ասաց, թե հարցի նկատմամբ իր տեսակետները չեն փոխվել, սակայն նա ընդամենն օգտագործեց հայերեն Մեծ եղեռն արտահայտությունը: Նա չցանկացավ ցեղասպանություն բառի գործածմամբ խափանել թուրք-հայկական մերձեցումը:
Թուրքիայի ռազմավարական դիրքը ևս մեկ անգամ վճռորոշ դեր ունեցավ: Իրաքից ամերիկյան զորքերի դուրս գալուց հետո Թուրքիան ցանկանում է կասեցնել արաբների և քրդերի միջև (հատկապես վիճահարույց Քիրքուք քաղաքի համար) ահագնացող հակամարտությունը: 2005-ին Թուրքիան հորդորել էր Իրաքի սուննի մահմեդականներին` չբոյկոտել ընտրությունները: Դավուդօղլուն դարձյալ լոբբինգ է անում, որպեսզի Իրաքում ապահովվի բոլոր խմբերի մասնակցությունը 2010-ի հունվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: «Մենք բոլոր մակարդակներում գերազանց հարաբերություններ ունենք Միացյալ Նահանգների հետ», - ասում է նա: Իսկ արևմտյան մի պաշտոնյա նշում է. «Երբ հարցը վերաբերում է Թուրքիային և Հայաստանին, Թուրքիան ամեն անգամ հաղթող է դուրս գալիս»:
«ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունը
Սա բրիտանական հեղինակավոր «Էկոնոմիստ» շաբաթաթերթի հերթական թուրքամետ հրապարակումն է, ավելի շուտ` հերթական հիվանդագին ձոնը Թուրքիային, նրա արտաքին քաղաքականությանն ու անձամբ արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուին։ Հրապարակումն այնքան ակնհայտորեն դրական է ներկայացնում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը, որ նրա անանուն հեղինակը («Էկոնոմիստ»-ի հեղինակների անձը, որպես կանոն, չի բացահայտվում) կարող է լինել նաև Լոնդոնում Թուրքիայի դեսպանության քաղաքական բաժինը։ Պարզվում է, օրինակ, որ Թուրքիան անկայուն տարածաշրջանում ներքին խնդիրներ չունեցող մի երկիր է, կայունության մի պատվար, իսկ նրա հարևաններից «շատերը կա՛մ իրենք խնդիրներ ունեն, կա՛մ հարուցում են խնդիրներ»: Իսկ Թուրքիան բոլորին միայն օգուտ է բերում, ուղղակի խաղաղարար առաքելությամբ է տարված։
Թուրքիան «խաղաղության աղավնու» կերպարի մեջ դնելուց հետո «Էկոնոմիստ»-ն արդեն չի զլանում որպես միանգամայն ընդունելի սցենար ներկայացնել Թուրքիայի ծավալապաշտական, նոր (նեո) օսմանյան նպատակը` իր համար ստեղծել «ռազմավարական խորք», պարզ ասած` «քաղաքական, տնտեսական և մշակութային ազդեցության գոտի Բալկաններում, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում»։ «Էկոնոմիստ»-ին բոլորովին չի հուզում, որ «Թուրքիայի հարևանների մեծ մասը նախկինում Օսմանյան կայսրության հպատակ է եղել»։ Բնականաբար, հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը, որ Օսմանյան կայսրությունն իրականացրել է (և այժմ էլ ժխտում է), «Էկոնոմիստ»-ի համար պարզապես անկարևոր մանրուք է, ինչպես և այդ ժողովուրդների կարծիքն ու անհանգստությունը ժխտողական ու ծավալապաշտ Թուրքիայի նկատմամբ:
«Էկոնոմիստ»-ը չի պարզաբանում, որ Դավուդօղլուի` իր հարևանների հետ «զրո խնդիրներ» ունենալու սկզբունքը նշանակում է, որ եղած խնդիրները պետք է լուծվեն միայն Թուրքիայի պատկերացրած և, եթե հարկ լինի, նույնիսկ ռազմական ճանապարհով։ Դավուդօղլուն այդ մասին գրել է նաև իր գրքում։
«Էկոնոմիստ»-ի կողմնակալությունը պարզ երևում է թեկուզ նրանից, որ Արցախի ազատագրումն անվանվում է «բռնազավթում», մինչդեռ Թուրքիայի կողմից բռնազավթված Կիպրոսի հյուսիսային մասը չեզոք և քաղաքավարի տերմինով` «Թուրքիայի կողմից վերահսկվող» տարածք (Turkish-controlled north Cyprus)։
Ադրբեջան-Թուրքիա «գժտության» խաղին «Էկոնոմիստ»-ը հավատում է անվերապահորեն, այդպիսով, փաստորեն, արդարացնելով Հայաստանի բազմամյա շրջափակումը։ Սա նույնպես թուրք-ադրբեջանական քարոզչության տարր է։
Հոդվածը համարյա ամբողջովին շրջանցում է Թուրքիայի ներքին ու արտաքին սուր խնդիրներն ու խոցելի կողմերը։ Ստացվում է, որ Թուրքիայի գրեթե միակ գլխացավանքը Հայաստանն է, իսկ «երբ հարցը վերաբերում է Թուրքիային և Հայաստանին, Թուրքիան ամեն անգամ հաղթող է դուրս գալիս»։ Սա էլ սպառնալից մի վերջնահանգում է` ի լուր հայերի…
Գոնե այս նախազգուշացումն ի գիտություն ընդունեն Հայաստանի իշխանությունները` հայ-թուրքական «հարաբերություններ» կառուցելու ֆուտբոլային մոլուցքում…
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի արտասահմանյան մամուլի տեսություն էջից